ԳՐԱՌՈՒՄ ԲԱՐԻ ՇԱՆ ՄԱՍԻՆ / Ռադոմիր ԱՆԴՐԻՉ (Սերբիա)

Ռադոմիր ԱՆԴՐԻՉ

Արյունը նրա դեռ չէր լերդացել ասֆալտի վրա –
ո՞վ էր սպանել – իհարկե նրանք

ում վրա նա չէր
ցանկանում հաչել

ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՊԻՍ ՄԱՍԻՆ
Երբ նրանք պապիս ծածկեցին հողով
ես նրա մարմնի բույրն առա հողից

Ու երբ գիշերը պայծառ է լինում
գիտեմ ինչից է –
նրա ճերմակած հերքն է ծածանում
քամին դաշտերում

Եվ բարեբեր է երբ լինում տարին
գիտեմ ինչից է –
նրա սերմն առողջ
բազմապատկում է շողը բարեբեր

Երբ հայտնվում է
թռչունը դեղնած արտի երկնքում
թե որ թռչունն է ե՜ս գիտեմ միայն –
դա նրա բարի սիրտն է թևածում
փոխված արտույտի

ՌՆԳԵՂՋՅՈՒՐԻ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Ռադիոն հույժ կարևոր լուր հաղորդեց –
Գազանանոց կոչվող այգում Բելգրադի
ինքնասպան է եղել ռնգեղջյուրը որ այստեղ էր հեռու երկրից մի բարեկամ
Էգը դեռ չպարզված պատճառներով
չհանդուրժեց որձին
Մի շարք մասնագետներ
փորձեր էին անում բացատրելու
ռնգեղջյուրի վարքը տարօրինակ –
նա գլուխը անվերջ պատերին էր զարկում համառորեն
Հայտնի մասնագետը ռնգեղջյուրի
հաստատում էր –
էգի մասին պետք չէ մտահոգվել
մենությունից դեռ չի մեռել և ոչ մի ռնգեղջյուր
Կենդանին խորշանքով ետ էր հրում
ձեռքերը պահակների
որ կեր էին մեկնում շքեղ իր վանդակի արանքներից
Տնօրինությունը հայտարարեց –
անկեղծ ցավ ենք ապրում
ռնգեղջյուրի մահվան կապակցությամբ
Իսկ Գլխավոր բժիշկն իր կարծիքին մնաց –
ինքնասպանը չուներ ուրիշ հնար
հսկայական որդը որ գլուխն էր մտել
կիզիչ սավաննայում աֆրիկական –
քրքրում էր ներսից
Եվ ռնգեղջյուրն ահա գանգը փշրեց
որ լույս աշխարհ ելնի նա վերջապես

ԵՂԲԱՅՐ ԼԻՆԵՄ ԳՈՆԵ
ԱԳՌԱՎԻ ՀԵՏ
Այսօր առավոտյան իմ դարպասի դիմաց
ոչ թե ինչ – որ մեկը այլ ագռավը
ագռավային լեզվով կռռա՜ – կռռա՜
կռռաց
այսինքն թե եղբայր
քեզ բարի լույս

Եվ ինձ ուրախացրեց անկեղծորեն
այսքան տարիների հոլովույթում
միակ այս ողջույնը – զերծ կասկածից
և ով գիտի էլ ինչ չար մտքերից հետին –
համ էլ ինչ կարող է ավելի լավ լինել
քան այն համոզմունքը որ մեկը քեզ
իր եղբայրն է կոչում թեկուզ ագռավ լինի
ու ես էլ իր նման կռռում եմ ակամա
բառռև՜ – բառռև՜ եղբայր իմ թևավոր
թող այս առավոտը բարի լինի թե քեզ թե ինձ համար
չէ որ ոչ ես ոչ դու փառք աստծու
սև չենք որքան բացվող այս օրը սև

ՆԱՄԱԿԻ ԴԱՏԱՐԿ ԷՋԸ
Ելքը միևնույնն է – խոսո՞ւմ ենք թե՝ լռում
խավարն սքողում է հանցավորին
իսկ զոհն իր սեփական արյունով է գրում
դատավորի վճիռն անբեկելի
թե չէ
ընթերցողը հազիվ բավարարվի

Բախտը նույն տանջանքից ծնված եղբորն հղված
նամակի մեջ նախատեսում է միշտ դատարկ մի էջ –
հայացքի դեմ Տիրոջ ում անսահման ափում
և օրորոցն է մեր և դագաղը

ՊԱՐԱԿԱՆՈՆ 1
Ե՛ս եմ ծնել մորս –
օրորում եմ նրա նախնիներին
ոսկորներիս չորուկ օրորոցում

պապիս շշնջում եմ –
մարում է քո լեզուն
իսկ քո ծխամորճում քո բառերի հուրն է անմարելի

ե՛ս եմ ծնել մորը զավակներիս
որ սերվելուց առաջ դատապարտված էին
մահանալու

Նորոգչուհի՜
ցավերը երկունքիդ ձգվեն պիտի այնքան
որքան և իմ կյանքը պիտի ձգվի

ՊԱՐԱԿԱՆՈՆ 2
Պատասխանատվություն
հազիվ արտաբերված խոսքի առաջ –
ածելի չէ՞ միթե
պարանոցի վրա
խոսքարարչի

Թարգմանությունը՝  Գագիկ ԴԱՎԹՅԱՆԻ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։