ՀԳՄ վարչությունը
շնորհավորում է
արձակագիր, դրամատուրգ
ՆՈՐԱՅՐ ԱԴԱԼՅԱՆԻՆ ծննդյան 85-ամյակի առթիվ
«Գրական թերթը» միանում է շնորհավորանքին
ԳՐԻ ԱՆԽՈՆՋ ՔՈՒՐՄԸ
Ի՜նչ դյուրին է գրել Նորայր Ադալյանի մասին: Նա, իմ կարծիքով, գրողի այն դասական տեսակն է, որ երբեք չի տառապել ինքնագովությամբ, ինքնագոհությամբ, գրել է արձակ, գրականագիտություն, հուշեր, խոհագրություն, արվեստագիտական (հատկապես նկարչության մասին) նյութեր և այլն, և այլն:
Հիշում եմ, թե երբ եմ կարդացել նրա «Շոգ ամառ» գիրքը, դա 60-ականի սկիզբն էր, և ուրախացել, որ ինձ ծանոթ Շիլաչիի կամ Դավայաթաղի մասին էլ կարելի է գրել ու պարզ կյանքը վերածել գեղարվեստի:
Հետագայում նրա արձակի «Կապույտ Երզնկան» կսեպվի հիշողությանս մեջ, և հիմա այս տողերը գրելիս ասես շնորհակալություն եմ հայտնում իր և մեր Երզնկայի կենսագիրը լինելու համար: Արվեստագետ Ադալյան տոհմին մեզ պարգևելու շռայլությունը հայոց հին քաղաքի հիշատակելի բնույթի գեղեցիկ արարքներից է:
Նորայր Ադալյանը Գրողների միության ընթացքին մշտապես աջակցող տաղանդավոր անհատներից է և, այո՛, պրոզայիկ թող հնչի՝ ուսանելի վարք ու բարքով, վարպետության դասերով ու չպարտադրող լռությամբ:
Նա իր մեջ կրում է մեր մեծերի հետ (Իսահակյան, Դեմիրճյան, Մահարի…) շփումներից ընկալած շողշողուն առկայծումները, շնորհի շողքը, գրի հանդեպ խոնարհությունը:
Շնորհավոր 85-ամյակդ, ավա՛գ գրչեղբայր:
Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ
***
ՆՈՐԱՅՐ ԱԴԱԼՅԱՆ- 85
Նորայր Ադալյանը մտավ երիտասարդ արձակագիրների ընտանիքը «Ետ մի նայիր» պատմվածքների ժողովածուով` 1963 թվականին: Հենց առաջին այս գիրքը հուսադրումի մուրհակ էր գալիք վալյուտային վճարումների դիմաց: «Շոգ ամառ»-ը և՛ վճարում է, և՛ մի նոր, ավելի պատասխանատու մուրհակ: Վիլյամ Սարոյանի և մեր նոր արձակի երկու վարպետների ազդեցությունը վկայում է, որ Ադալյանը ոչ միայն ետ չի գնում, այլև ուզում է շարունակել ճանապարհն այն կետից, որտեղ կանգնել են Չարենցն ու Բակունցը: Այս ավելի դժվար գործ է, քան քայլել Պռոշյանի, անգամ Շիրվանզադեի ու Նար-Դոսի ոտնահետքերով: «Շոգ ամառ»-ը լեցուն է լույսով, արևով և կենսահաստատ ջերմությամբ:
Գուրգեն Մահարի
Գրական թերթ, 1965 թ.
***
Աշխարհի վրա անհայտ կետ մը հայտնի դարձնելը դյուրին գործ չէ: Որոշ շնորհ և նույնիսկ տաղանդ կենթադրե: Այդ անհայտ կետերեն մեկը հայ գրականության քարտեզի վրա «Շոգ ամառ»-ի Հարթագյուղն է ցարդ: Նորայր Ադալյանի գրչով հայտնագործված է անիկա: Որովհետև հիմա կասկած չկա, որ «Հարթագյուղը ինչ – որ չափով աշխարհի մեջ է, աշխարհը ինչ – որ չափով` Հարթագյուղի մեջ»:
Պողոս Սնապյան
«Բագին», Բեյրութ, 1966 թ., թիվ 3
***
Ժամանակի զգացողությունն է մշտապես ուղեկից եղել Նորայր Ադալյանին, ուստի՝ նրա արձակը երբեք չի կորցրել իր նկատմամբ ձևավորված հետաքրքրությունը… Գրողն ունի հրաշալի տեսունակություն, սակայն նա գրականություն է բերում ոչ թե դրա շնորհիվ մտապահածը, այլ դրանց անհանգիստ գրգիռներն ու հոգեբանական դրդապատճառները, հոգեբանական կատարսիսների անատոմիան, որը հնարավորություն է տալիս նրա արձակը դիտել որպես նոր երևույթ, որպես համաշխարհային արձակում տիրապետող դարձած սկզբունքների գեղարվեստական արտացոլում:
ԼԵՎոն Մութաֆյան
«Մասիս» շաբաթաթերթ, Լոս Անջելես, 1999 թ.
***
Նորայր Ադալյանը պատկանում է հայաստանյան արձակագիրների այն սերնդին, որը գրականություն մտավ 60-ական թվականներին` իր հետ բերելով թարմ շունչ և գեղագիտական նոր մտածելակերպ: Սերունդ ասելով պետք է ընդգծել, որ Ադալյանը չմնաց «երգչախմբի» մեջ, ձայնը հնչեց առանձին, եթե կարելի է ասել` ադալյանավարի: Այսօր նա հայ գրականության ավանգարդում է, մեր լավագույն արձակագիրներից մեկը, որը, մեկ այլ առիթով արված Սևակի բնորոշմամբ, նայում է նույն ուղղությամբ, որով ընթանում է համաշխարհային արվեստը:
Պերճ Զեյթունցյան
«Ասպարեզ», Լոս Անջելես, 1999 թ.
***
Ծնունդդ-հիմքդ ղրիմյան,
Իսկ հոգիդ-միտքդ` Խրիմյան
Գրել ես «Կապույտ Երզնկա»,
Իսկ մեջդ` ինչքան երազ կա:
Փոքրամարմին ես, բայց… հսկա,
Դոկտոր ես, բայց գրող քեզ զգա:
Այսօր Հայաստանում շատ կա վանդալ,
Իսկ դու` միշտ արդար, պարոն Ադալ…
Արամայիս Սահակյան
«Ոզնի», 2001 թ.
***
Նորայր Ադալյան գրողի անունը քաջածանոթ է Հայաստանի և Սփյուռքի ընթերցասեր հասարակությանը: Դուք ժամանակակից հայ անվանի գրողներից եք: Թատրոնի համար ծանր ժամանակներում Դուք ձեռք մեկնեցիք դրամատուրգիայի ժանրին: Ձեր պիեսները` «Ներկաներ և բացականեր», «Սպանության վկաները», «Կինը և տղամարդը» բեմադրվել են Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում` արժանանալով հանդիսատեսի ջերմ ընդունելությանը:
Երվանդ Ղազանչյան
***
Նորայր Ադալյանը, ըստ էության, իմ ավագ եղբայրն է: Այդ գեղեցիկ երևույթն ունի երկու հիմնասյուն պատճառ` իր մարդկային տեսակը և իր գրողի տեսակը: Յուրահատուկ մարդկային էություն է ամեն ինչում, նաև այն գիտակցությամբ, որ ինչպես գրել է. «Եթե մարդը չկա` բառը մահանում է»: Եվ մեկ այլ շատ յուրովի, մտածելու տեղիք տվող իր արտահայտությունը. «Իմ ներսում անձրև է գալիս»:
Որպես գրող, դրամատուրգ, հրապարակագիր՝ նույնպես բացառիկ արժեք ունեցող մտավորական է, շատ գործունյա, աշխատասեր, բարձրամակարդակ, ինքնատիպ մտածելակերպ ունեցող իր ստեղծագործական բոլոր ժանրերում: Ունի նաև մի յուրահատուկ բնավորության գիծ, որը քչերին է տրված, նա երբեք չի սովորեցնում, պարտադրում… Պարզապես Նորայր Ադալյանից կարելի է շատ բան սովորել` եթե դու ընդունակ ես տեսնել, զգալ մեկ այլ էության դրական բնույթը: Իսկ Ադալյանը շատ դրական էություն է: Ինչ վերաբերում է մեր թատրոնին, որտեղ որպես գրական բաժնի վարիչ նա աշխատում է տասնյակ տարիներ, ապա մեր խաղացանկում տեղ գտած նրա թատերգությունները նույնպես յուրօրինակ են հատկապես իրենց մտածողությամբ, որը մասնավորապես առնչվում է աբսուրդի թատրոնի ժանրին: Նորայր Ադալյանը նաև իր անհատական աբսուրդային մտածողությամբ է կերտել այդ գործերը: Սա նույնպես բացառիկ ստեղծագործական օժտվածություն է:
Ես, մեր թատրոնը ողջունում ենք սիրելի, հարգելի Նորայր Ադալյանի ծննդյան հոբելյանը՝ մաղթելով նորանոր ստեղծագործական վերելքներ:
Արմեն Խանդիկյան
2021 թ.
***
ԻՇԽԱՆԱԿԱՆ ԺԱՆՐԻ ԱՍՊԵՏԸ
Դրամատուրգիան իշխանական ժանր է, ցավոք սրտի, ընթերցվում է քիչ և բեմադրվում սակավ, թատրոնները հաճախ խուսափում են նույնիսկ հաջողված և ինքնատիպ պիեսներից: Պատճառը մյուս ժանրերի համեմատությամբ դրամատուրգիայի ավելի բարդ բնույթն է, այն առավելապես ցուցադրում է մարդու արարքները, քան արձակագրի գրչով պատմություն անում նրանց մասին: Լինել դրամատուրգ՝ նշանակում է լինել ցուցադրող նկարիչ և ո՛չ պատմասաց: Դրամատուրգիական երկխոսությունը պետք է գործողություն ձևավորի և չդառնա զրուցարան:
Կա ևս մի պատճառ՝ մեր գետնաքարշ, կենցաղային հոգեբանությունն ու գիտակցությունը, որ անջրպետ է մեր և թատրոն-դրամատուրգիայի միջև: Ռիչարդը, Կասիոսը, Զիմզիմովը ես չեմ. մեզ գիտակցաբար խաբում ենք, թե մենք ուրիշ ենք, Աստծո և ո՛չ սատանայի զավակներ, և գիշերը մեր հանցագործ գլուխները դնում ենք բարձին և մեղավոր հոգով հանգիստ քնանում մինչև լուսաբաց:
Դրամատուրգիան ու թատրոնն ունեն ածխածնով հագեցած հասարակական մթնոլորտը մաքրող բացառիկ հզոր ուժ՝ Հին Հունաստանից ի վեր: Ժամանակակից հասարակությանը, գուցե ավելի, քան անցյալներում, թթվածին է անհրաժեշտ:
Նորայր Ադալյանը սա գրել է 2013 թվականին, որպես «Դրամատուրգիա» հանդեսում տպագրված «Ադամ» պիեսի (կամ ինչպես ինքն է նշել՝ տարօրինակ խաղի) նախախոսք: Եվ հերթական ու ամեն անգամվա հանգույն՝ նրա Խոսքը ժամանակից դուրս է և հայ թատրոնում հայ դրամատուրգիայի (և ընդհանրապես՝ դրամատուրգիայի) դերն ու նշանակությունը ախտորոշող յուրօրինակ ուղեցույց: Ասել, որ նա գիտե մեր թատերական իրականությունը, ասել, որ նա ներսից է ծանոթ բեմ-կուլիսային աշխարհին, ասել, որ նա գիտե՝ ինչպես գրել պիես՝ ժամանակակից և ժամանակի համար, նշանակում է ոչինչ չասել: Կամ՝ համարյա ոչինչ չասել: Որովհետև Նորայր Ադալյանը ստեղծել ու ստեղծում է ի՛ր թատրոնը:
Դրամատուրգներ կան, որ գրում են թատրոնների համար, և կան դրամատուրգներ, որոնք գրում են իրե՛նց թատրոնի համար: Նորայր Ադալյանը գրում է ի՛ր թատրոնի համար. դժվարին ընտրություն և գրասեղանից բեմ տանող դժվարին ճանապարհ: Բայց Նորայր Ադալյանի համար, ով մոտ երկու տասնյակ պիեսների հեղինակ է և բազմիցս բեմադրված դրամատուրգ, նման դժվարությունները առ ոչինչ են: Որովհետև նա գրելով խաղո՛ւմ է՝ իր հերոսներով, նրանց ճակատագրերով, արարքներով: Բավական է մեկ-երկու պիես կարդաս՝ ու կզգաս անպայման, թե ի՜նչ ոգևորությամբ, արտիստիկ ինչպիսի՜ կուրաժով է «բեմադրում» հերթական պատմությունը, որն ինչի մասին էլ որ լինի՝ հիմքում և անպայման սիրո մասին է լինելու… Նրա պիես-խաղ-պատմությունները, հաճախ իրականի ու աներևակայելի երևակայության սահմանագծին փխրուն հոգեբանական հավասարակշռություն պահպանելով, ադալյանական բեմատարածքի ընձեռած հերթական անսպասելի հնարքով են գրավում, հետաքրքրում, նաև՝ զգուշավորում, անգամ՝ վանում, բայց… պահելով իրենց ձգողական դաշտում: Ադալյանական խաղին հատուկ է անկանխատեսելիությունը՝ կերպարների, նրանց արարքների, ծավալվող ու զարգացող գործողությունների: Անգամ ներքին «պորտալարով» միացված «Ադամ», «Եվա» և «Օձը» պիեսները որքան ներհյուսված, նույնքան անկախ են և ինտրիգային. Ադալյան-ցուցադրող նկարիչը օրիգինալություն չի՛ խաղում, նա այդպես մտածում-գործում է, և կտակարանային նրա հերոսները ավելի քան արդիական են, եթե չասեմ՝ գերժամանակակից… Եվ նույնչափ հոգեբանորեն համոզիչ:
Նորայր Ադալյանը «Դրամատուրգիա» հանդեսի կայացման, ինչպես ընդունված է ասել՝ ակունքներում է կանգնած. նրա «Բորենու ժամանակը» պիեսը տպագրվել է հանդեսի 3-րդ համարում, 2001 թվականին: Պիեսը գրել էր 1994-ին, և իր իսկ խոստովանությամբ, տպագրության պատրաստելիս կշռադատել է ամեն բառը… Ձեռագիրը ինձ հանձնելու օրը հիմք դրվեց մեր «դրամատուրգիական» անկեղծ ու ամուր բարեկամությանը, որով հպարտ եմ ու շնորհակալ իմ ավագ գրչընկերոջը և, որպես հանդեսի խմբագիր, կարող եմ «թիթիզանալ» ի լուր աշխարհի, որ մի քանի պիեսների «առաջնաբեմ-տպագրությունը» նա վստահել է հանդեսին՝ այդ կերպ ավելացնելով սիրո չափաբաժինը ոչ միայն Երկիր մոլորակի վրա, այլև «Դրամատուրգիայում»: Եվ շնորհավորելով հարգարժան հոբելյարին, իմ լավ բարեկամ Նորայր Ադալյանին, որպես հաստատում վերն ասվածի և վերնագրի, մեջբերեմ նրա նախախոսքը՝ գրված «Բորենու ժամանակը» պիեսի համար:
Ի՞նչ է երգում թատրոնը, որը, գուցե, ավելի իրական է: Կարծում եմ, այդ ամենում հնչում է մի գերագույն դրամա՝ անհուն սերը, որը ծնվում է մարդու հետ, ապրում և նրա հետ չի մեռնում, այլ հավերժորեն թևածում է երկնքում՝ իբրև լուսավոր հոգի, գոյության մեկ ու միակ պայման: Ես ուրիշ պայման չգիտեմ, գուցե դո՞ւք գիտեք, և դուք էլ ձեր տեսանկյունից եք ճշմարիտ:
Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ
***
ՆՈՐԱՅՐ ԱԴԱԼՅԱՆԻ ՄՏՈՐՈՒՄՆԵՐԻՑ
***
Գիտակցենք` հայոց լեզուն հայրենիք է:
***
Եթե զգացմունքները չլինեն ճշմարիտ, մեր ամբողջ բանականությունը կլինի սուտ ու կեղծ:
***
Գրողի նպատակը մարդու դրաման է:
***
Սխալվելու իրավունք և հնարավորություն ունեն նրանք, ովքեր որոնում են, իսկ որոնում են ոչ այլ ինչ, քան ճշմարտությունը:
***
Թատրոնի գլխավոր հերոսը դիմակն է` անցյալ ու գալիք հազարամյակներին անթարթորեն նայող իր արձակ աչքերի խորհրդավորությամբ: Նա լուռ է, հաճախ բացակայում է առարկայական բեմից, սակայն միշտ ներկա է ինչ-որ կարևոր կետում: Մենք լսում ենք նրա անվերծանելի գաղտնիքը` մենակության, հավերժական սպասումի քարացած բառերով: Ոչ մի տեղ բառն այնքան արտահայտիչ չէ, որքան դիմակի վրա:
***
Տաղանդավոր գրականությունը առնչվում է գլխավորապես
սիրո հետ:
***
Ես չեմ սիրում պատասխաններ թելադրել ընթերցողին, նրան կանգնեցնելով այս կամ այն հարցի առջև և չպատասխանելով, ես նրան մտածելու ավելի մեծ ազատություն եմ տալիս:
***
Պատասխանի բացակայությունը պատասխան է:
***
Նա, ով սկսում է զրոյից, հանգում է զրոյին:
***
Ազգայինը երկիրն է` թռիչքադաշտ դեպի երկինք:
