Էդուարդ ՀԱՐԵՆՑ

Ներկայացված է ՀԳՄ և ՀՀ ՊՆ համատեղ ամենամյա մրցանակաբաշխությանը

Պատերազմ, 1993
Ես այդ առավոտ
արթնացա միայն այն բանից հետո,
երբ մեր անատամ լուսամուտների շուրթերի միջով
արևն ընդհատեց համբույրը
իմ թարթիչների…

Շուրջս փռված կանանց անփույթ
«ապրեսներից»
ես հասկացա, որ
օրը ապրիլյան յոթերորդ օրն էր:
Ու որովհետև աղքատ էինք մենք,
իբրև ընծա`
որոշեցի մորս պատմել
կեսգիշերվա երազը իմ,
որտեղ գանգիս ճեղքի միջով
իմ ուղեղի հյութն էր հարբում`
որպես կոնյակ,-
քաղաքապետի`
նախորդ օրն արած
պոռնիկ ուղերձը,
թե`
«Կարող է` դպրոցները
փակվեն այսու»:
Ու ես այլևս ստիպված չեմ լինի
«երեք» ստանալ նկարչությունից:
Ու երբ մեծանամ,
կարող եմ դառնալ Մեծն Անգրագետ…

Շնորհակալություն հայտնելու նման
մայրս համբուրեց դողը կոպերիս
ու հրամայեց.
– Անցնե՛լ լվացվելու: –
Լվացվելիս հավատացի,
որ մի ձեռքը ծափ չի տալիս:
Նախաճաշին
կրկին անգամ հիշեցի, որ
երկրիս ՀԷԿ-երը շնչում են այնպես,
ինչպես նորածին երեխան`
լացի անտրակտի պահին…

Այնուհետև տնից մինչև դպրոց
ընկած ճանապարհի`
ընտրությունների կարոտից հալվող
ասֆալտի շուրթին
ես նկատեցի,
թե ինչպես
թաղիս «գողական» շներն արդեն
լիզում են
կրիմինալ գրաքննադատների
կողմից քայքայված`
քաղաքապետի արյան հետքերը…

Այդ օրերին դեռ
գյուղատնտեսության նախարարություն
երկրիս մեջ չկար…
Իսկ նկարչության իմ ուսուցչուհին,
որ ֆիզիկայից գաղափար չուներ,
ուղիղ քառասուն րոպե փորձում էր
մեզ բացատրել, թե
Նյուտոնի կինը ի՞նչ անկյան
տակ էր կծում խնձորը…

Բայց որովհետև մայրության գեղաչ
տոնն էր այդ օրը,
քաղաքապետարանի շենքի բարձրությամբ
ու մեր դպրոցի հարկերի թվով
ես սրտանց մի լա՜վ «շնորհավորեցի»
Նյուտոնի կնոջ, մոր, զոքանչի
և
Ալիևի մոր
Ապրիլի յոթը…
(մտքիս մեջ)…

L’anniversaire de ma mՌre
Լուսաբացը երեսունյոթերորդ հայացքն էր
այն լուսաբացի,
որի կոկորդում հանգավորվել էր
աշխարհի լավագույն բանաստեղծությունը`
առաջին ճիչը նորածին մորս:

Եվ քանզի այդօր
նրան սիրելուց ավելի շատ
հարգում էի,
ուստի (կյանքումս առաջին անգամ)
վճռեցի խաբել.
չնայած որ ես արթնացել էի
սովորականից ավելի արթուն,-
լվացվում էի սովորականից ավելի
երկար,
որ նա չտեսնի աղե հուզմունքիս
պտղաջրերը…
(Հետո այտով համբուրում եմ
մորս ուսը)…

Տնից մինչ դպրոց մոտ հարյուր
մետր տևելուց հետո
ահա կանգնած եմ օրվա
Մեծագույն անակնկալի ուղիղ թիրախին:
(Անակնկալի մասին` քիչ հետո)…
Հարբած եմ այնքան,
որքան չէ՛ր կարող Գարինչան հարբել…
Դասս պատմում եմ
շնորհավորական ուղերձի նման:
Ու ձախ մատներիս կավճապարերով
Պյութագորասին ու Էսքիլեսին
ստիպում եմ`
մորս ծննդյան առթիվ –
երկրաչափական բաժակաճառե՛ր
շնչել աքսիոմիկ –
գրատախտակի ռելիեֆներն ի վար…
Չգիտեի, որ թուրքերը նույնպես
որոշել էին շնորհավորե՛լ ինձ:
Իսկ ես ծննդյան հրավառություն
դեռ չէի տեսել:
Ուստի առաջին հարվածից հետո
հրավիրեցի ամբողջ դպրոցին`
դուրս գալ փողոց և
Տոնն այդ ըմբոշխնե՛լ…

Մայրս ինձ գրկեց`
ոնց կո՛ւյրն է գրկում բրայլյան տառը:
Ասի` «Մա՛մ, նայի՛ր,
բոլոր լույսե՛րն այս` հոգուդ համար են»:
Իմ աջ ձեռքով նա սրբեց արցունքն իր`
ասելով` «Վերև մի՛ նայիր, տղա՛ս,
թե չէ` աչքերդ կարող են ցավել»:

Հաջորդ առավոտ
դասարան չկա՛ր:
Ու տեսա` ինչպես
թուրքի գրադը վառել-անցել էր
որբ նստարանս`
իմ աջ արմունկի տրամագծով:

Երջանի՜կ էի…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։