Ձեր վերջին շնչից երկնառաք
ծաղիկներ ծաղկեցին լեռներում,
որպեսզի մոռանանք
հոտը վառոդի,
որպեսզի չընկճվենք երբեք:
Ձեր բաժին արևի լույսը
թողեցիք, որ մենք վայելենք,
բայց դեղնակարմիր
շողերից կիսատ
մեր հոգիները հավետ խոցվեցին:
Երբ ինքնաձիգն էր ձեր ձեռքին՝
Հայրենյաց սահմանին կանգնած,
հաղթում էր սերը անսահման,
հաղթում էր աննահանջ ոգին,
որի լիցքերից հրացայտ
մոլորակներ են բախվում միմյանց
օազիսներում խուլ տիեզերքի,
ու նոր աստղեր են
ծնվում լուսացիր՝
նոր արևների առաքելությամբ:
Եվ արթնանում է ոգին վերստին
մեր մաքուր
գենի առկայծումներում,
ու տրոփում է մարդկանց Երկիրը
ընդվզումներով Սուրբ
Մարտակոչի,
զի մենք ամեն տեղ ու ամենուր ենք՝
բոլոր փոքր ու մեծ
մայրցամաքներում:
Մեր աչքերի մեջ միշտ լույսն է
վառվում
տիեզերածին ու նոր աստղերի,
խառնվում հավետ սուրբ
նահատակաց
հոգու խոյանքին,
պայծառ լույսերին:
Եվ սարսռում է ոսոխը վախկոտ,
պարտված է զգում իր
հոգու ներսում
անգամ հարձակման
«խելագար» պահին:
Արդեն անզոր է դառնում,
անիմաստ
ամեն հարձակում, ոտնձգություն,
«անզոր, ինչպես
Արարատին նետված քար»: