ՌՈՄԻԿ ՍԱՐԴԱՐՅԱՆ – 70

ՌՈՄԻԿ ՍԱՐԴԱՐՅԱՆՍենտիմենտալ…
Աշխարհը մի օր սենտիմենտալության
սով պիտի զգա…
Վիլյամ Սարոյան
Ա
Մեռնելիս
Պառկած լինեի
Այգուս ամենամեծ
խնձորենու տակ,
Որի տերևները ցածից
Քո աչքերի պես էին,
Բայց թափանցիկ:
Քո՜, որ ապրում ես
Հեռո՜ւ մի տեղ իմ կրակից,
Աղջի՛կ իմ:

Օ՜, ամպեղեն տեսլավայրեր,
Ուր տարիներ ի վեր
Ճամփորդում է հոգիս:

Բ
Ահա՛ իմ գլուխը,
Տե՜ր իմ,
Դրված Ավետյաց երկրի
Ճիշտ կենտրոնում,
Որտեղից միայն կարելի է
Տեսնել Քեզ:

Տեսանեի՜ Քեզ-
Խոսեի՜
Համատարած ծղրիդների գաղտնագրերով,
Որոնք հաստատում են
Լռությունը հավիտենական:

Աղջի՜կ իմ,
Մոտեցի՜ր իմ կրակին:

Գ
«Մազերիդ միջո՛վ է
Երևում երկինքը»,- մրմնջում էր
Մեկը մթի մեջ, և
Թարգմանվում էր ծղրիդների
Խմբերգը:

Տե՛ր Աստված,
Որքա՞ն երկար կարելի է
Ապրել Քո խնձորենու ներքո՝
Ավետյաց երկրի
Ճի՛շտ այս տեղում,
Տեսանողի տեղում: –
Միայնա՛կ:

Աղջի՜կ իմ,
Մոտեցիր իմ կրակին:

Արդեն-
Երկինքը և երկրագունդը,
Սրբերի պես՝
Ամենքս
Պսակված ենք
Հրացոլքով:

Ինչո՞ւ աստղերիդ վրա
Ծղրիդներ չկան,
Որոնց երգով, արդեն,
Ես բարձրանում եմ,
Տե՜ր իմ,
Շողարձակված
Երկինք:
Աղջի՜կ իմ,
Մոտեցի՜ր իմ կրակին:
…Պառկա՜ծ լինեի
Այգուս
Ամենամեծ
Խնձորենու տակ,
Անգիտակ,
Ինչպես
Ծնվելիս:

ԵՐԵՔ ՏՐԻՈԼԵՏ
***
Գիշերը դռներս ես ծեծում,
Ցերեկը փախչում ես – ինձնից.
Տարե՜րք ենք – մութից ու լույսից,-
Գիշերը դռներս ես ծեծում:

Իմ լույսը այրվում է ցավից,
Խավարս՝ անլույս հեծեծում,-
Գիշերը դռներս ես ծեծում,
Ցերեկը փախչում ես – ինձնից:

***
Ես իմ էս հին մարմնին – էնքա՜ն էլ տեր չեղա,
Ո՛րբ թողեցի, անտե՛ր- ասես՝ չկա՛ր,
Աստծո Աջից հեռո՜ւ- երբ լույսն
իր կա՛ր,-
Ես իմ էս հին մարմնին-
էնքա՜ն էլ տեր չեղա:

Չհոգացի, անգամ, հոգո՜ւս համար,
Եվ կյանքերս անցյալ-
համարեցի եղյա՛լ: –
Ես իմ էս հին մարմնին –
էնքա՜ն էլ տեր չեղա,
Ո՛րբ թողեցի, անտե՛ր- ասես՝ չկա՛ր:

***
Փայտփորի՛կ, մոտեցար սրտի՛ս,
Փայտփորի՛կ, չդիպչե՛ս նրան,
Չե՞ս տեսնում- ճաքեր կան վրան,-
Փայտփորի՛կ, մոտեցար սրտի՛ս:

Չամրացա՜ կեղևիս նման,
Ավիշ չէ՜ – արյո՜ւն կհոսի,-
Փայտփորի՛կ, մոտեցար սրտի՛ս,
Փայտփորի՛կ, չդիպչե՛ս նրան:

ՀԱՆԴԻՊՈՒՄ
Ես որտեղի՞ց գտնեմ մանուշակներ կապույտ,
Որ ձյուներին այս պաղ նրանց
բույրը խառնեմ:
Այսօր դու եկել ես: Ձմռան
երկինքը մութ
Անցած գարունների մեր
աստղերն է վառել:

Դու հիշո՞ւմ ես. անշուշտ, քո աչքերում հիմա
Այն անցած օրերի հուզումներն են հառնել:
Բայց ինչո՞ւ ենք հիշում,
որ մեր սիրո համար
Մենք՝ ջահել ու հպարտ՝
կարող էինք մեռնել:

Նույնն են շուրթերը մեր, և նույն հայացքն է տաք,
Եվ նույն ուժն է հիմա
ճամփաներս հատել,
Բայց ա՛յլ կերպ է ճոճվում
երկրագունդը ձյան տակ,
Թվում է՝ իր բոլոր
գարուններն է վատնել:

Եվ որտեղի՞ց գտնեմ մանուշակներ կապույտ,
Որ ձյուներին այս պաղ
նրանց բույրը խառնեմ:
Այսօր դու եկել ես: Ուշ է դրսում
ու ցուրտ,
Եվ մարմիններն են մեր
ցրտից սառել:
ՀԱՅՐԵՆԻՔԻՍ
Դու իմ սրտում պիտի չլինե՜ս-
Հիվա՜նդ է սիրտս,
Չի՜ տրոփում:

Դու իմ գլխում չպիտի՜ լինես-
Անհաղորդ է
Միտքս:

Մնա՜ վերում, քանզի Աստծո
ամպն ես-
Գլխիցս վեր,
Որ հույսի
Մեծամեծ կարկուտներ է թափում
Գլխի՛ս,
Ուսերի՛ս,
Կրծքի՛ս:

ԸՆԿԵՐՆԵՐՍ
Ազատամարտիկ Բերդաձորի Անդրանիկին

… Ե՛վս մի պինդ քայլ,
Ե՛վս մի պինդ վերք-
Ու էլ չե՛նք լինի,
Լսո՞ւմ եք,
Տղե՛ րք…

Անմահ մահերն են
Խուժել մեջներս,-
Գնում ենք, տղե՛րք:

Հայե՛նք Երկնային
Անդունդն ամեհի,
Խմե՛նք ամենից շողշողուն գինին,
Դիմե՛նք զենքերից ազնվագույնին,-
Մենք հի՛ն ենք, տղե՛րք՝
Մեր Երկի՛նքն է հին:

Մահը խուժել է մեջնե՛րս,
Տղե՛րք,-
Ե՛վս մի պինդ քայլ,
Ե՛վս մի պինդ վերք…
Ու կանմահանա՜նք…

Էդպե՛ս է, տղե՛րք:

Ձոն
Ես կանգ չառա՜ երբեք,
Ես կանգ չառա՜-
Ո՛չ մահի դեմ իմ անհեթեթ,
Ո՛չ կյանքիս դեմ` սառած:

Չեղա՜վ ուղեկիցս` Սերը իմ Մեծ,
Սակայն թևեցի՜ ես իր մեծ հետքով,
Մարմինս կե՜ղծ եղավ,
Սիրտս` անեղծ,
Կյանքը էսպե՛ս անցավ:
Հենց ի՛մ կողքով:

Ես կանգ չառա՜ երբեք,
ես կանգ չառա՜,
Մահի-կյանքի առջև իմ անհեթեթ-
Կապրե՞մ մյուս կյանքում:
Ապրե՛մ եթե,
Ովքե՜ր պիտի իմ Սիրուց կառչեն:

ԿԱՐՈՏ
Կարոտը Անուն չունի:
– Անունդ ի՞նչ է, կարո՛տ,
Օ՜, հանկարծ Աստված չանի,
Անունով ելնես, գաս մոտ:

Մո՜տ արի, բա՜ց է դուռս,
Լա՜վ շոյվիր՝ շնավարի՜,
Բացում եմ նաև բուռս,
Տե՛ս, ի՞նչ կա – կեր՝ չսառի՜:

Մի՜ խորշիր, սիրտ եմ պարզել,
Քո շնչից հաշմված սիրտ,
Հակված եմ դեմդ – անզեն.
Վայելի՜ր ուշիմ ու կիրթ:

Սպասք է ու սկուտեղ
Իմ ափը – կե՜ր, ի՛մ անտուն,
Կե՜ր սիրտս – միայն սերտեմ
Անո՜ւնդ – օ՜, Անանուն:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։