ՕՏԱՐԻ ՀՈՂՈՒՄ
Ուրի՞շ տեղ ապրել. ձևականորեն,
Չարչարել հոգիդ, կեղծել ինքդ քեզ,
Սրբե՞լ ուրիշի ոտնահետքերը,
Ուրիշի քրտինքն ու թուքը սրբել,
Ցածրանալ այնքան`
Անճարությունից գիշերն հեկեկալ:
Հպարտությունդ բթացրել է քեզ,
Կամ կուրացել ես հոգուդ մեղքերից,
Ջրի տեղ թույն ես խմում ամեն օր,
Նրա մեջ փնտրում
Սեփական հողիդ մի կաթիլ փոշին:
Ահով ապրում ես ուրիշի տան մեջ.
Դողում, որ մեկը քեզ չխրատի,
Չքաշեն-տանեն քեզնից քո հոգին:
Օրենքն օրենքով աչքդ են հանում,
Առանց հայրենիք շունչդ է կտրվում.
Մրմուռ է հոգիդ` ցավից իրական
Տե՞ս ուր ես հասել.
Թե կուզես փոխել ինչ-որ բան կյանքում`
Օգնիր ինքդ քեզ ապրել նոր ձևով:
Թող հպարտությունդ ուրիշին նվեր,
Ետ դարձիր տունդ՝ քեզ չխաբելով,
Քաղցր է կյանքը ազատության մեջ,
Գերի մի՛ թողնիր հոգիդ ուրիշ տեղ:
ՄՈՐՍ ՍԻՐՏԸ
Ձյունն իջնում է շնչակտուր,
Ինձ պարուրում իր զգեստով:
Մորս սիրտը` ձյունից
հյուսված սառը քամի,
Պտտվում է գլխիս վերև
Ու հեռանում իր հմայքով:
Դող է անցնում մարմնիս միջով,
Սառը բուքն է ինձ սղոցում,
Չեմ դիմանում խաչմերուկում:
Մորս սիրտը՝ հեռու գարուն
Եվ անավարտ աղոտ մի օր,
Եվ մատները շոյող, քնքուշ,
Ու երեսը խավարի մեջ` ինձ է նայում:
Բուքն աներես չի նահանջում.
Համառորեն ընկերանում,
Քայքայում է հոգիս անվերջ,
Կյանքիս նման թափառական:
Ու քաղաքը խոնավ ու ցուրտ
Ինձ իր ներսից դուրս է մղում,
Սառը քամին ոսկորներս է
հաշվում հերթով,
Ես քայլում եմ ու աղոթում
Սառցե մարդկանց փողոցներում:
Աղոթքներիս զորությունից
Մորս ձյունե սիրտն է հալվում:
Տե՛ր, ողորմյա՛, ինձ ողորմյա՛…
Մորս հոգին դարձի թող գա:
ԾՈՎԱՑԱԾ ԳԻՆԻՆ
Խմել եմ ուզում ծովը ես այսօր,
Օրը ծովացած գինի է դարձել,
Հեքիաթ երկինքը իմ ներսն է մտել
Ու թաթախվել է էությանս հետ:
Խմել եմ ուզում օրը ես այսօր,
Գինու պես քաղցր երակս է մտել
Ծովի ալիքը` փոթորկված, ահեղ,
Ներշնչում է ինձ ապրելու հնարք`
Իր նոր գույներով:
Խմել եմ ուզում ծովը երակով,
Արբենալ կյանքի գինու մեջ բոսոր
Ու չհագենալ, ծարավել ընդմիշտ:
Խմել եմ ուզում օրն իր հմայքով:
ՄԱՐԴ ՄՆԱ
Գայլերի մեջ է կյանքս անցել,
Ինձ խրատել է ամեն գիշատիչ.
Սիրո տեղ ապտակն է փայփայել հոգիս,
Ահն ու սարսափն են ընկերս եղել`
Ինձնից անբաժան խաղացել հետս,
Իսկ ես ապրել եմ նրանց թիկունքում,
Նրանց պես մի օր ես էլ քարկոծել
Եվ պայքարել եմ նոր օրվա համար:
Ինչպես մարդ մնաս` սուտ ու կեղծիքով,
Զրկված հեքիաթից ու մանկությունից:
Ինչպես գերին է ապրում անհավատ,
Զզված ամենքից ու կերած հացից,
Փնտրելով ես-ը, տառապել օրվա
Ճշմարտությունը գտնելու հույսով.
Արի մարդ մնա` առանց երազի,
Հրաշք է կյանքում առանց սեր ժայթքել.
Անապատի մեջ մարդանալ նորից,
Հզոր կամք ու զորեղ միտք է պետք՝
Անքեն նայել մարդկանց աչքերին:
Աստծո հրաշքն ու հզոր թևերն են
Նստել հոգուս ու կամքիս վրա,
Որ ես ապրում եմ, արարում իրավ,
Աշխարհին ի տես, թշնամիս վկա:
ՕՐԸ ԿԱՐՄԻՐ Է
Օրը կարմիր է, երկինքը՝ հեքիաթ,
Թվում է՝ հիմա դու պիտի ըմպես
Աշնան գինու պես սերը երկնքի,
Թևերդ փռես ամպերի գորգին,
Մարմինդ հալվի կապույտ եզերքում:
Թվում է՝ քեզնով են անցնում բոլոր
Ճանապարհները ճակատագրի,
Տարածությունը քո սիրտն է արդեն
Ու թափառում է լուրթ տիեզերքում:
Դու այն կարմիրն ես, որ նոր խմեցիր,
Արդեն նայում ես երկնքից ներքև,
Եվ ամպերն, ասես տեսիլքներ կյանքի,
Հսկում են վերից, որ չմոլորվես:
Դու պտույտ գործիր անծայր վայրէջքում
Ու կարմիր հագած իջիր դեպի կյանք:
Օրը կարմիր է, գինու պես քաղցր,
Եվ ես ըմպում եմ ամեն օր նրան:
Ես օ՛ր եմ, երկի՛նք, անծայր տիեզե՛րք
Ու կյանքի գինով արբած բանաստեղծ:
ԻՄ ԵՐԵՎԱՆ
Ոտքերիս տակ պողոտան է Հյուսիսային,
Ու լայնարձակ փողոցը նոր
Հրաշքների դուռն է տանում,
Արևը լույս վերից նայում.
Եթերային գույներ հագած`
Ջերմացնում է իմ հոգին:
Կիսակարմիր տերևները
Շաղ են տված մայթերին.
Կարծես ոսկի փռված լինի
Հին քաղաքի շուրթերին:
Դո՛ւ, Երևան, սիրո քաղաք,
Հոգիս քեզ հետ հարսնացած,
Քո կարոտը հեռուներից
Քաշեց-բերեց հույսի տուն,
Ես հզոր եմ, քեզնով հարուստ,
Ամուր խրված սրտիդ մեջ:
Երանության գիրկն եմ ընկնում,
Երբ քայլում եմ քո ներսում…
Վերադարձե՛ք հեռուներից,
Վերադարձե՛ք սիրո տուն:
ԵՐԱՆԵԼԻ ԾՈՎԸ
Ծովում կանգնել եմ, նայում երկնին,
Մարմինս լուծվել է ալիքվող ջրին,
Նոր մարդ եմ այնտեղ, ուրիշ գույներով,
Եվ աղոթում եմ մաքրված հոգով:
Ծովը հյուսվել է իմ երակներին,
Ես ծո՛վ եմ, քամի՛ և նոր տիեզեր՛ք,
Շրթունքներիս աղոթք` նայում եմ երկնին,
Ծովը ծփում է լազուր երազով,
Հպվում է թեթև նորահարս քամի,
Կապում թևերով, տանում է ընդերք,
Գերում հմայքով, ափ նետում նորեն:
Ծովը հնազանդ հարսի է նման,
Նորակերտ տուն է, նոր աղոթարան,
Իսկ դու խաբվում ես խաղով ալիքի,
Մոռանում կյանքի քո ժամանակը: