I
Չե՞ս տեսնում
Հեռուներն այն անհայտ հորիզոնների,
Որտեղ քաղցր է այնպես շշնջոցը քամու
Սաղարթների մեջ ծառերի,
Սվսվոցը լվացված խոտերի,
Եվ երաժշտությունը թիթեռնիկների թևերի։
Չե՞ս տեսնում
Եղնիկներին, որ պոկում են սաղարթը կանաչ ծառի՝
Օրհներգելով գեղեցկությունդ երանելի:
II
Սիրում եմ, սիրում եմ, երանելի՛,
Եվ գաղտնիքներն ինձ բացվում են միանգամից:
Աղմուկը երազներիս
Սիրում է շոյել լռությունն անհարթ,
Ուր թափառում են իմ սպասումները ոչնչի:
Այսպես սիրում են երևի
Ալիքները ափերին թաց,
Որ չունեն տարիք,
Չունեն խոստումներ հեռացումի:
Լսել է քո մասին անգամ
Լռությունն ու դարձել անկառավարելի,
Զի խոսել եմ նրա հետ քո մասին
Խոսքերով անհայտ լեզուների:
III
Քո մասին խոսել եմ նաև եղնիկների հետ,
Հարցրել եմ տեղդ, ու չկաս դու:
Ահա և բլուրը, տեսնո՞ւմ ես,
Որտեղ հանգստանում են եղնիկները
Մի կում ջուր խմելուց հետո:
Որոնեմ քեզ նաև առվակի մոտ՝
Բլրի հետևում, որտեղ գուցե սարքել ես տնակը քո:
Այդ ի՜նչ սադափե երազներ են ծառերին,
Որ պոկոտում են եղնիկները լուռ.
Մոտեցա, փախան նրանք՝
Կիսատ թողնելով անուրջներն իրենց:
IV
Դեռ չի հասունացրել մեզ ժամանակը՝
Քնելուց առաջ,
Եվ ճանապարհը օրերի
Դեռ չի տարել մեզ ոլորաններով գաղտնի,
Այլ կերպ եղնիկներին կկանչեինք մեզ մոտ,
Ու նրանք չէին փախչի:
Տալիս եմ անունդ մտքումս, գաղտնի,
Եվ բաղեղները փաթաթվում են ոտքերիս,
Ուզում են լսել երգդ անպատմելի:
Արեգակը երազում է փայլը աչքերիդ՝
Երգը առվակի ձայնիդ է կարոտ:
Մի տավիղ ունեմ ձեռքիս,
Որ նվիրեցին թռչունները երկնքի:
Չի նվագում տավիղը ձեռքիս,
Զի մատներդ միայն գիտեն
Շարժումները երանելի,
Մատներդ, որ լուծվել են
Երազների մեջ քնած եղնիկների:
V
Ե՛կ, սիրեցյա՛լդ իմ, ե՛կ հետքով քամիների,
Որ համբույրներ են դաջել թաց խոտերին:
Մեզ պետք չէ հիմա առագաստը լուսնի.
Արեգակը խոստացել է մահիճն իր:
Հրեշտակները, որ տեսել են գիշերով
Համբույրները գինեբույր,
Հարբեցին երևի
Ու քնած են թևերին երազների:
Ինչո՞ւ է լալիս ցողը յասամաններին,
Թռչունը շարժում է թևերն իր – ո՞ւր է չվելու:
Լսում եմ հիմա շնչառությունն իմ իսկ ստվերի,
Ասես ձայնն է թռչնի թևերի:
Բերկրանքներ են թափվում թևերից թռչունների,
Ե՛կ, սիրեցյա՛լդ իմ, ե՛կ նրանց հարցնենք,
Թե որտե՛ղ են աճում զանգակածաղիկներն այն կարմիր,
Որոնց բաժակները լցված են բերնեբերան
Նեկտարաբույր սիրով անմատչելի:
VI
Մի ճակատագիր, որ տարավ մեզ հեռու,
Մինչև ոլորտները անհայտի,
Ցույց տվեց ճառագայթները արևի՝
Սփռված մամուռներին քարերի,
Ու խորհուրդը նրանց անմեկնելի:
Այսպես ես քեզ եմ երգում՝
Առանց բառերի,
Միմիայն խորքերում իմ,
Ինչպես անտեսանելի է բացվելը ծաղիկների:
Այսպես եմ ես քեզ սիրում,
Ինչպես սիրում են երևի
Ալիքները՝ թաց ափերին ծովի,
Ինչպես ծաղիկները ծիրանենու՝
Նախքան վերածվելը քաղցրաբույր ծիրանի: