Արտեմ Հարությունյան / ՌԱԶՄԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ՍՈՍԿԱՀԱՐ ՍՐՃԱՐԱՆԸ

Artem Harutiunyan
ՌԱԶՄԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ՍՈՍԿԱՀԱՐ ՍՐՃԱՐԱՆԸ
Այս սրճարանը Ստեփանակերտի սրտում
անմեղ էր` հանց նորածնի դեմք,
պուրակը սեղմվել էր նրա շուրջը
ծնողի պես, թեքվել ծառերի սաղարթով
աթոռից աթոռ ձգված-ընկած ստվերների վրա`
ռազմական օդը քողարկելով ցրտող եղանակով£
Այստեղ զրուցողների խոսքը հնչում է`
հանց ամպրոպին դիմադրող շանթարգել,

հեռվում լեռները պտտվում են՝
տխրության թիկնոցի մեջ կոլոլված
հաստ ծալքերի մեջ զենքի,
պատերազմը քողարկվել է ցեցի պես,
ամեն ոք սպասում է իր ճակատագրին՝
չարիքի դեպքում մեղքը գցելով դիմացինի վրա£
Այստեղ գալիս է ամեն ոք,
և հենց նա է կռվում պատերազմի ծանր, ցեխոտ դաշտում,
բայց վախ կար մարդկանց աչքաբիբում,
և «վոենկոմատը» աշխատում էր հանց ավտոմատ…

Եվ պատերազմը գիշատչի փշփշոտ լեզվով
լիզում-շոշափում էր Ստեփանակերտի
և Արցախի սահմանները՝
թուրքը չի ընդունում իր պարտությունը
և ցնկնում է նորից բոզ գայլի մռութից
դաշույն և ասկյար…

ՍՐՃԱՐԱՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ` ՄԱՄՈՒԼԻ ԿՈՄԻՏԵԻ «ՍՏԱԼԻՆԿԱ» ՇԵՆՔԻ ԴԻՄԱՑ
(դիտարկումներ մեռնող հասարակարգի սրճարանում)
1
Երևանում՝
մամուլի կոմիտեի «ստալինկա» շենքի դիմաց
սփռված այդ սրճարանից
երևում էր «գրաքննության նախարարության»
չեչոտ շենքը,
որ վխտում էր ծախվող կանանց հաստ գավակներով,
որ կրտում էին՝
Պարույր Սևակի նոր գրած գրքից դուրս թողնում,
խարտոցում, ահռելի չուգունե մկրատով կտրում-կցմցում
նրա հատորի լավագույն մասերը,
որ իբր ժողովրդին հեռու պահեն,
փրկեն աչքաբաց ապագայի գայթակղությունից,
գրքից դուրս թողնելով բուն նյութը,
«Եղիցի լույսը»,
որի ամբողջ տպաքանակը տարան
Սովետաշենի փարթամ բանտի ուղղությամբ`
հեղինակին թողնելով ալկոհոլի ճիրաններում
և «Ավրորա» կոչվող մախորկա ծխախոտի թունդ ծխում£

Սրճարանում՝
այսքանից հետո դառնում էի սառը արև,
որ մեկ է՝ լուսավորում էր իմ, քո, նրա,
անցնող մարդկանց սոսկահար ընդերքը,
միաչքանի կիկլոպի պես նկարելով
քաղաքականության վայրագ ցատկերը,
թշվառ բնակչության հաշմված մարմնի վրա,
որ վաղը փողոցում էլ չի երևա,
այնքան ծանր է գնաճը մթերքների,
որ հաշմված մարդկանց հավաքում էին հանց մորեխների…
և փչում-քշում որպես վառելու համար պիտանի տաշեղ
գերեզմանոց հիշեցնող ջերմակայանի (ջէկ)
գորշ, մթամած տեղանքի ուղղությամբ,
որտեղ, ասում են, նրանց կմշակեն
հատուկ լուծույթով վախ-սարսափի…

Երևանում՝
գրաքննության շենքի դիմաց
սփռված սրճարանի օրեցօր թանձրացող
վերհուշ-պատկերներ, տեսիլքներ էին հայտնվում,
որ ինձ հետապնդում են մինչ հիմա,
ասես ժամանակաշրջանը բաց է թողել իր սոված շներին,
որ անպաշտպան ազգ են փնտրում հոշոտելու,
բոլոր ինքնաբավ պետությունների աչքի առաջ,
որ բանակցությունների ծանր, մահագոնե փայտից
սարքած ընտիր սեղանների առաջ
բրազիլական սուրճ են խմում
բիսկվիտով համեմված,
ծուլորեն «դատապարտելով» մոտեցող վաղ ձմռան
անհաճո, տմարդի ցրտերը,
հանկարծ «մոռանալով»
համաեվրոպական հավաքի բուն օրակարգը…
և նույն Եվրոպայի «բարոյական նոր» կոդեքսը…
նորագույն գրականության դաժան իրականության համար
և մեկ էլ կոմկուսի «բարոյական ռեալիզմի» ձեռքը չընկնելու,
նա մշակում էր մարդուն գրաքննության սուրսայր ասեղներով,
որ մատուցում էին նրանց խաբարբզիկները գրական,
բայց պոեզիայի իրական նյութ դառնալու
օրեցօր խորացող այս ճիգերը,
այս փթթող քաոսի պարագայում,
ինձ տալիս էր պատկերի և
մարդկանց փխրուն նախահիմքեր,
բայց գիշերը գրված տողի տեսիլքը
պայթեցնում էր ամեն ինչ,
խոռոչներ բացում,
քաղքենու բարձի մոտ…

2
Եվ բացի այդ, դրանք այն սերիալների մասն են,
որով հեղեղված են «թիվիի» էկրանները,
այդ արյան հոսքին են սպասում
«բեզարած», բայց արյունռուշտ մեծերը
(փոքրերն առավել), որ իր Աստծո ձեռքը թողած,
գաղտնի ուզում են սատանայի կճղակ հագնել,
կոտորած տեսնել, կանոնավոր,
բայց հավատարմագրված
սատանայի դեմքը պագնել,
տասը րոպեի ընթացքում էկրանի վրա
28 զգայացունց սպանություն ըմբոշխնել,
որի համար առատ, իրական,
պճպճան արյունը տակառների մեջ
լցոնված ժամանում էր մի երկրից,
ուր իբրև հարատև հեղափոխություն էր ընթանում
և արյան գաղտնի արտահանում-բիզնես…

Այո՛, ես պահում էի ինձ զուսպ,
բայց չէ՞ որ ինձ հազար աչք է հետևում՝
նախանձ և չարակամ,
ես բարձրյալ ինտելիգենտ եմ,
դոկտոր և գրականագետ,
գրականության ինստիտուտ
կոչվող գերեզմանոցի աչալուրջ «պետպահակ»,
որտեղ անդամ-ուրվականները
վաղուց երկնային գերեզմանոցի
քնքուշ ծաղիկներ են դարձել
և ռաբիզի տավիղ նվագելով
շրջում են Մասիսի թեք լանջերին,
գովերգում կեղծ պոեզիայի տատրակներին
և կեղծ լիրիկական պոստմոդեռնիզմը
վաճառքի հանում չեչոտ պանրի
և գրքի կիսակույր խանութներում…

3
Եվ սրճարանում
(ուր ի մի էին բերվում ստալինիզմի
վերջին «նվաճումները»),
ուր քրիստոնյա մարդասպանները սպասում էին
Քրիստոսի պատգամների լիակատար
հատորի հայտնությանը,
«Դժոխքի» լուրերի թերթը հայտնվեց,
որ պատմում էր ամեն ինչ բացեիբաց,
չամաչելով անգամ իր խղճուկ տպաքանակից՝
ԿԳԲ-ն պահակներ էր դնում ամենուրեք,
որ տպաքանակը չտարածվի,
«կոմունիզմի ուրվականին» արդեն սկսում էին ծեծել
Պետանվտանգության շենքի գաղտնածին նկուղում,
իբր գժերը քիչ են, սա էլ Մարքսից է մեջբերում,
մարդ, որի հետ մենք կապ չունենք,
ասում էր ստալինյան բեղ-մորուքով գնդապետը,
որի տղան հետո բանկ թալանեց
և հիմա ապրում է Գլենդելում՝
ծիծաղախիտ, կանաչ թավուտներից մեկում,
ուր կլոր տարին ծիծղուն շող կա և
կանաչ դոլարից ծնվող քնքշաթև անձրև,
որի համար ծիածանը բաց են թողնում
երկրին մոտակա հաստաբեստ բանկի պահոցներից£

4
Ես հագնում եմ լավագույն շորերս (երկրորդ ձեռք)
դրսի պատահական հանդիպման համար,
դրսի ամբոխը պահանջում է զգայացունց լիրիկա,
«լիրիկական ծիծիկակա»,
բայց նրանք արժանի չէին
կերպարանափոխման իմ ճիգին,
բայց իրականությունը գեղից եկած տատմոր պես
հոտոտում էր ամեն ինչ,
տեղը թողնելով նորածնի բարուր
և հագեցած դեմքի սոսկահար մնացորդներ,
որ միավորվում էր հետո, դառնում
կենդանակերպի սափրված դեմք…
խոյի կարծր կճղակ,
որով իբր մեր կյանքն է որոշվում,
եթե հարված ստանանք ինչ-որ մեկից,
գուշակները հիմա ավելի շատ են, քան ապրողները
(նրանք չկան, կորան-գնացին
Սովետաշենի դամբանադաշտի ուղղությամբ)…

5
Հասարակարգը ցավագին ճռռոցով փոխվում էր,
և ոչ ոք չէր գիտակցում,
միայն Սիբիրից եկող սառը քամին էր երբեմն շարժում
սմքած ուղեղների խորշակը,
մտավորականներին դարձրել էին չոր ցախի կապուկ,
որն ուզած րոպեին կարելի էր վառել,
ամայի փողոցներ ստեղծելով…
խորշակը մոտենում էր Հայաստանին,
իսկ ռեստորաններում
ֆուտբոլի դաշտի երկարության բանկետի
սեղաններ էին շտապ դասավորում-շտկում.
այդ օր ծնունդն էր գրաքննության նախարարի£

6
Այդ վտանգված, փտող հասարակարգում
(Արցախից արդեն լսվում էր հայերի
խուլ մռնչոցը ընդդեմ դեռ իշխող թուրք ասկյարների)
ես ինձ պահում էի զուսպ և հավասարակշռված,
երբեմն միտումնավոր կոմիզմի հասցնելով
ինձ հանձնված դերերը,
որ լի էին ռաբլեիզմի տեսականիով,
զգում էի, որ ինձ հետևում են
հազար ու մի «քոռ-քաչալ» աչքաբիբ,
կյանքը սերիալ էր, ուր ամեն հանցագործ
վերջում ստանում էր իր բանտի բաժինը
և չքվում, ասես չէր եղել,
ոչ էլ հանցանք էր գործել ընտիր կաբինետում,
ուր քարտուղարուհու ազդրը դեռ թրթռում էր
շեֆի սեղանի վրա՝ սև տրիկոյում…
երբեմն ինֆարկտ բերելով իրեն ստրկացնող
նախարարին, որի կինը հետո
ստիպված էր հաց մուրալ
հացի գործարանի մութ խոռոչում,
(«խալխի աչքից հեռու»,-
ասում էր նա ընկերուհուն՝
նույնպես բանտ ընկած ամուսնու զոհի)£

7
Ես արքայազն Համլետի դերն էի խաղում`
չունենալով խոստովանահայր
և ոչ էլ Օֆելիային բարակիրան,
ամեն ոք իմ դեմ դավ էր նյութում,
անգամ ընկերս «նվիրական»,
ամեն ոք պատրաստ էր մատնագիր գրել
մատնության գաղտնի (կաղնե)
դռների հետևում,
հասարակության կողմից դրված մատնիչ սևաչվի
դառնալով մի ակնթարթում,
մինչև որ Ստալին մարդագայլի արձանը
նոր ժամանակի թուջե հսկա գնդի հարվածով փշրվեց,
որի փոշին քաղբանտարկյալների
անհայտ գերեզմաններից
բարձրացող միգամածություն դարձավ,
դա գաղտնի խոշտանգված
աճյունի փոշին էր ծայրեծայր,
որ հետո նստեց ձյան պես հաստ շերտով
եկող սերնդի կքված ուսերին…

8
Ո՛չ, ես հենց լորդ Համլետն եմ,
պարոն Թ. Էլիոթ,
արքայազն Համլետը, որի ամեն մի խոսքը
հետո կազդարարի իմաստասերների
դափնեպսակի ամենաթունդ մասը կանաչող,
ես լորդ Համլետն եմ՝
XX դարի խաժամուժ հասարակարգի
անգղածին ճիրանների արանքում,
որից թվում է` փրկություն չկա,
նավթի հրեշավոր, ամեն ինչ խժռող շիթը
սուր դանակի պես հասել է մարդու կոկորդին,
և ուր որ է կոկորդի ադամախնձորը
դուրս կցատկի բանկերի հետ միասին՝
«ավետելու» իսլամիստների խայտառակ շքերթը
օդում կախված այս երերուն գնդի սև խոռոչներում,
օդում կախված մարդկանց սև շարքի հետ միասին£
Մեզ մնում է միայն ասել՝
բայց «լինե՞լ, թե՞ չլինել»,
այդ հարցը արդեն լուծել են մեր փոխարեն`
ուրիշ տարբերակ չթողնելով
մեզնից ոչ մեկին…,
քանզի կորպորացիաները հենց
ճշգրիտ տերերն են երկրագնդի£

9
Սա է հասարակական պուրակում թեք
ընկած սրճարանի տեսադաշտի տեսիլքը…
Եվ կույր, կնճռոտ գլխով, մազաթափ գուշակ կանանց
կանխատեսումները հիմա ավելի իրական են,
քան «Նյու Յորք թայմսի»
քաղաքական առաջնորդողի «աքսիոմները»,
որոնցից միշտ նավթի և մեզի հոտ է փչում,
ի նշան քաղաքական կյանքից բուրող ազնվության…

10
Երևանի օրեցօր խստացող
ձմռան շեմին
սրճարանատերը քոչում էր Բեռլին,
ուր սիրուհի ուներ՝ ֆրոյլեն Կետրին Էլքին,
որ միշտ պճնված էր՝ կեղծամը ճաղատ գլխին£

Այս սրճարանի երկրորդ հարկից
պոետ Չիլոն ընկավ առաջին հարկ
ու կնքեց մահկանացուն,
պոետ Չիլոն՝ հուսահատ հարբած,
փշրեց ողնաշարը տասը տեղից,
նրա մահը նշան էր՝ ուղարկված վերևից,
որ մոտենում են դժնի ժամանակներ,
որոնց հետ ոչ ոք չի կարող մրցել…

11
Այդ ժամանակները
կոչ են անում բնակչությանը՝ դիմադրել
օլիգարխների հղփացած կանանց,
որոնց նորաձևության վերջին ճիչից
մի կերպ կառչած գլխարկները
բարդ են, ահռելի ու շինշիլայի մորթով
այնքան առատորեն եզրափակ,
որ թվում էր, թե հանրապետությունը
կտեղավորվի այնտեղ,
հետն էլ բանկային գիլդիայի և
տարադրամի պահոցների ղեկավարի
բրոնզաձույլ, ճաղատ գլուխը՝ ահռելիորեն գիրացած,
ցուլի խոշոր ռունգերը՝ կիսաբաց£
Նրան է ապավինում աղքատության մեջ պլպլացող
մեր հանրապետությունը,
նրանից փող են ակնկալում
այլևս աշխատավարձ չտվող հիմնարկներում,
ուր իբր աշխատող կանայք
դադարել են երեխա ունենալ,
ծնելիությունը հասցնելով զրոյի
(փող չկա, կաթ չկա, տուն չկա, ամուսին՝ չիք,
էլ ում համար ծնեն անտեր երեխա)…
բանկերի ցուլն է հիմա իշխող օլիգարխը,
նրա ամեն ռունգից ժայթքում է
տարադրամի գույնզգույն շքերթ…
Ասում են՝ անգամ այդ մարդը գոյություն չունի,
կինն է կառավարում նրա գործերը խեցբեկագույն…

12
Ահա այդ սրճարանում,
ուր ղժժում էին մարդկային հոգու չնչին մասնիկները,
հյուլե դարձած փքուն հոգիները՝
լցոնված, խոցոտված
փառասիրության հսկա կտորներով,
ես դիտակետ էի դրել
և ըմբոշխնում-ամրագրում էի
մարդկային հոգու վայրիվերումները,
ասես ափիս մեջ գուշակվող-վազվզող գծեր
օրեցօր խամրող մարդկային ճակատագրերի,
որոնց քշող քամին ինքն էլ չգիտեր
որտեղից որտեղ հայտնվեց հանկարծակի՝
պատռելով հյուսվածքը անխախտ թվացող կյանքի,
ցույց տալով հասարակության զառանցող ըղձանքի
փշրված ոսկորների ցավից ծխացող մի կույտ…,
որ նորից հավաքելու համար առողջ մարմնում
աստվածային վիրաբույժ էր պետք
և հրեշտակային՝ ամեն ինչ ամոքող
վիրաբուժական Ամենափրկիչ սեղան…

13
Եվ փետրվարը գորշանում է՝
հանց տիղմը ջրի խորքում,
բարձրացնում է իր թևը՝ անձրևի թռիչքը՝
մի կերպ մաքառող քաղաքում…
Այդ մաքառումը տևում է առ այսօր.
մարդիկ պուպրիկներ են սոցքարտով,
ամեն մի արարք՝ բզկտված բումերանգ,
որ հարվածում է թեք սահքով
հիմարացված քաղաքացու ծուռ գլխին£
Միայն արևն է վերուվար անում,
ստուգելով երկրի գոյությունը,
օրերը պարկուճի պես ցփնելով,
այդ հարվածներից մարդը չքվում է,
և ես տեսնում եմ
փետրվարի թեփուկը պատուհանիս վրա,
ամիսը թեփուկաթափվում է
հանց փողոշը դանակի ներքո,
ես խմում եմ ծանր հյութը
մեռնող անձրևների,
ուր գորշ էր ամեն ինչ.
մարդը դարձել էր քաղաքական պտուտակ,
քաղաքական պուպրիկ և անտես կոնդակ…
Այսպես վերջանում է չուգունագլուխ փետրվարը`
ասես թարմ խոտի ուրվական…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։