(քաղաքական թրիլեր հատված)
Քաղաքականությունը մեզ վերցնում է ուժով, մենք բոլորս խրված ենք նրա մեջ, ուզում ենք դա, թե՝ ոչ:
– Կլինի՞ ես ուղղակի մի արկղիկի մեջ հավաքեմ աշխատասենյակումս գտնվող իրերն ու չքվեմ էստեղից:
– Դու մնալու ես այնքան, որքան որ պետք է մնալու համար… այլևս չենք շարունակում,- Կարմիր Փողկապավորը մաքրեց քրտինքն ու նստեց բազմոցին: Նրա դիմաց կանգնած դատարկ արկղիկը ձեռքին երիտասարդ Սև Փողկապավորը, որը մոտ 33 կլիներ, ետ ու առաջ էր անում սենյակում: Սենյակը նեղ էր ու ճնշում էր նրան այնպես, ինչպես քիչ առաջ Ազգային Ժողովի Նախագահի հետ վիճաբանելիս ճնշեց վերջինիս, հայհոյեց, հետո ուղղակի լքեց դահլիճը:
– Խնդրո՜ւմ եմ, էլ չեմ դիմանում,- Սև Փողկապավորը աղերսող աչքեր ուներ, բայց այն կարծես թե չշարժեց Կարմիրի գութը, այլ, ընդհակառակը, բարկություն առաջացրեց:
– Ես ոչինչ չեմ կարող անել,- գոռաց Կարմիր Փողակապավորը,- ես իրավունք չունեմ որոշելու, եթե նրանք որոշել են, որ պիտի ստորագրես, ուրեմն խելոք պիտի ստորագրես ու կատարես բոլոր հրամանները:
– Ես պարտավոր չեմ անել այն, ինչ չեմ ուզում:
– Ես էլ, բայց գլխիցդ չթողնելու համար՝ հետևիր ԿԱՐԳԻՆ ու չշեղվես հանկարծ:
– Նույնիսկ չգիտես՝ ի՜նչ հրամանի տակ պիտի ստորագրեմ:
– Չեմ էլ ուզում իմանալ, բայց կարևորը հրամանը կատարելն է, ու կապ չունի՝ ինչ բնույթի կլինի այն:
Կարմիր Փողկապավորը վիսկիից մեծ կում արեց, բաժակը դրեց սեղանին ու մոտենալով դռանը՝ շրջվեց երիտասարդի կողմը:
– Բոլորն են էս փորձության միջով անցել. խոնարհները ողջ են մնացել, ընդվզողները…
– Սպանվել են…
Կարմիրը լկտիաբար քմծիծաղեց.
– ԻՆՔՆԱՍՊԱՆ են եղել, սիրելի՜ս, ԻՆՔՆԱՍՊԱՆ,- նա դուրս եկավ սենյակից:
«Ինքնասպանության են դրդել»,- ինքնաբերաբար եկավ այս միտքը, բայց այն քիչ էր տանջում ինձ: Հրամա՜ն, շա՜տ արյունոտ հրաման, որի կատարումից հետո ճակատագրորեն փոխվելու էր ՆՐԱՆՑ՝ ա՜յդ թշվառների, հերթում խցանված խեղճերի, անհույս ու հոգսերի մեջ մտազբաղ անկենդանների կյանքը: Մահն արագացնելու «լավագույն» հրամանն էր, որի մեկնարկը հենց ես պիտի տամ: Կարծում էի, որ համարձակությունս կներեր՝ բարձրաձայնելու այդ անիծյալ հրամանի մասին, բայց ինչ-որ մի բան ինձ ետ պահեց, փակեց բերանս, շղթայեց ձեռքերս, պապանձեց լեզուս: Չարաբաստիկ մտքերը արդեն վրա էին հասնում, երբ բջջայինիս զանգը սթափեցրեց լարված նյարդերս ու ստիպեց պատասխանել.
– Հենց հիմա արի աշխատասենյակ, ա՜յ խեղկատակ,- Ազգային Ժողովի Նախագահն էր: Հասցրել էի լավ բարկացնել:
– Կգամ միայն այն ժամանակ, երբ նման բառերը կվերացնեք ինձ հետ խոսելիս:
– Դու դեռ համարձակությունս ունես էսքանից հետո ինձ ուղղություն ցույց տալու:
– Ունեմ:
– Արի, ու կտեսնենք՝ ով ինչ կունենա ու ով ինչից կզրկվի:
Անիմաստ էր շարունակելը: Ինքնասիրությունս թույլ չտվեց շտապելու Ազգային Ժողովի Նախագահի աշխատասենյակ: Ի հեճուկս նրա՝ ես դանդաղ վեր կացա, մոտեցա հայելուն, ուղղեցի փողկապս ու ծանր հոգոց հանեցի: Կրկին զանգահարեց բջջայինս: Էկրանին կարդացի՝ «Հոգիս»:
– Արագ խոսիր, պիտի դուրս գամ:
– Խնդրում եմ՝ ասա, որ այն, ինչ նոր լսեցի, սուտ էր, հնարանք:
– Ի՞նչը:
– Հրամանը:
– Որտեղի՞ց գիտես հրամանի մասին։
– Կարևոր չի։ Բոլորն են զգում, բոլորը գիտեն՝ ինչ է սպասվում իրենց։
– Բջջայինով չեմ կարող խոսել: Կհանդիպենք, կխոսենք:
– Փաստորեն ճիշտ է…,- Հոգին ծանր հոգոց հանեց:
– Փաստորեն: Բայց դու գիտես՝ ինչ մարդ եմ ես ու տվյալ պահին ելքեր եմ փնտրում:
– Դու համաձայնվել ես այդ զեղծարարությանը… դա է կարևորը: Իսկ այն, թե ելքեր կփնտրես կամ կկորցնես՝ էական չէ:
– Ես քեզ սիրում եմ…
– Ես էլ էի սիրում, բայց քեզ չէ, այլ նրան, ում մի ժամանակ ավելի լավ էի ճանաչում…
Խոսակցությունը ընդհատվեց դռան թակոցից: Բացեցի։ Ազգային Ժողովի Նախագահի Օգնականն էր: Նրա դեմքը այլայլված ու կարմրած էր: Նրա հայացքում տագնապ նկատեցի:
– Խնդրում եմ, արի: Կատաղած քեզ է սպասում,- շունչը կտրվում էր: Բառերը կուլ տալով էր արտաբերում: Ես թեթև խփեցի նրա ուսին՝ հանգստացնելու հույսով, բայց նա ավելի շփոթվեց։
– Մոտը մարդ կա՞։
Գլխով արեց։ Եվ իմ հարցին, թե «ովքե՞ր են», պատասխանեց.
– Մի երկու փոխնախարար ու էն ճարպակալած վզով առնե՜տը… է՜ն….,- անունն էր փորձում հիշել:
– Մելիքյա՜նը…
– Հա՛, ապրես, լավ հիշեցրիր։
– Էդ ինչի՞ է կպել Նախագահի բկից։
– Չգիտեմ, բայց առավոտվանից՝ պոչից կպած ման է գալիս։
Գիտեի, որ հույս ուներ ինչ-որ պաշտոն զբաղեցնելու, բայց որ նմանկերպ էր մոտիվացրել իրեն՝ Նախագահի հետույքին սոսնձվելու, զարմանալի էր ու զվարճալի։
– Դե արի, սպասում են,- մտքերիցս շեղեց Օգնականի դողացող ձայնը։
– Փոխանցիր Նախագահիդ, որ ես կուշանամ,- Օգնականի հայացքում վախն ու տագնապը գագաթնակետի հասան։
– Նա հատուկ քեզ համար դուրս չի գալիս շենքից։
– Ուրեմն թող «հատուկ ինձ համար» մի քիչ էլ սպասի։
– Եղավ։ Բայց Նախագահին գիտես՝ չի ներելու քեզ։
Ես թույլ ժպտացի ու ձեռքով ցույց տվեցի դռան կողմը։ Օգնականը դուրս եկավ։ Ամեն բան որոշված էր ու հստակ. գործել, քանի դեռ հնարավորություն կա հարձակվելու։ Գայլը չի սիրում սպասել հարմար առիթի, նա ուղղակի հարձակվում է այն ժամանակ, երբ զոհը պատրաստ չէ պաշտպանվելու։