1.1. Ես Ագորայի Կենսագիրն եմ՝ «Փող և Արժանապատվություն» բարեգործական հիմնադրամի համահիմնադիրը։ Երբ Ագորայի պատվավոր գյուղաքաղաքացի պարոն Ֆուֆուն քսան տարի առաջ ինձ ներկայացրեց հիմնադրամի ստեղծման անհրաժեշտության փիլիսոփայությունը և նրա գործունեության գաղափարական կոնտեքստը, ես հասկացա, որ Աստված Բարի Լուր է ուղարկել ինձ համար։ Երբեք չեմ մոռանա փետրվարի 4-ի՝ այդ սառնաշունչ ու արևաշող կեսօրը.
– Ի՞նչ եք կարծում, պարո՛ն Ֆուֆու, Հիմնադրամի ռազմավարությունը չի՞ հակասում Ձեր այն հաստատակամ Դոկտրինային, որ անաչառ ու ազնիվ Կենսագիր կոչվելու համար պետք է ունենալ անվրդով Տարադրամ և վերամարմնավորվել որպես դասական Մուրացիկ…
– Ո՛չ, ոչ միայն չի հակասում, այլև հնարավորություն է ստեղծում նոր կապուղիների միջոցով ավելի շատ ռեսուրսներ ազատագրել բազմապրոֆիլ ծրագրերի իրականացման համար։ Ի վերջո, եթե կա անվրդով Տարադրամ ու ոչ չարաճճի փող, կա՛ հաստատագրված Արժանապատվություն։ Եթե կա հաստատագրված Արժանապատվություն, կա նաև փաստագրված Կենսագրություն։ Ագորան, հիշի՛ր, կենսագրությունների գյուղաքաղաք է։ Եթե ագորացին չի կարողացել փաստագրել իր կենսագրությունը, ուրեմն՝ նա աղքատ է ու ձախողակ, և Կենսագիրն այդ պարագայում անզոր է շտկելու իրավիճակը։ Ահա այստեղ է, որ Հիմնադրամը հասնում է օգնության ու վերականգնում այդ ագորացու Արժանապատվությունը…
– Կյանքդ երկա՛ր լինի, պարո՛ն Ֆուֆու, ամեն ինչ պարզ է… Ագորացինե՛ր բոլոր երկրների, Հիմնադրամի հաշվեհամարը նույնն է՝ «Ագորաշինբանկ» (ք/հ 4454300003258313)։
1.2. Ես գնդապետ Գասպարն եմ՝ Ագորայի Անվտանգության խորհրդի քարտուղարն ու Ինքնապաշտպանության ուժերի շտաբի պետը։ Երկու օր առաջ Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստում՝ որպես զեկույց, ներկայացրի քիմիական զենքից պաշտպանվելու նոր կանոնագրքի՝ «Գազարձակելու մարտավարության» վերափոխված հիմնադրույթները։ Զեկույցին հաջորդած կարճատև քննարկման ժամանակ զինվորականին բնորոշ անկեղծությամբ խոստովանեցի, որ նոր կանոնագիրքը բավականին տարողունակ է, տերմիններով լեցուն, և որ ես ինքս էլ դեռևս չեմ կարողացել տիրապետել, սերտել և կիրառելի դարձնել յուրաքանչյուր հիմնադրույթ։ Այս ամենով հանդերձ՝ որպես մեղմացուցիչ հանգամանք, պարզաբանեցի, որ իմ նյարդամկանային համակարգը հաճախ է ենթարկվում սպային ոչ հարիր գայթակղության, չի կարողանում մերժել իրեն համակող այդ անբացատրելի թմրեցնող զգացողությունը. գազարձակում եմ ամենուր, որտեղ պատահի, ինչպես պատահի՝ անտեսելով համակեցության՝ սերունդների կողմից ընդունված, գրավոր արձանագրություններում փաստագրված բոլոր ավանդույթները։
– Պարոնա՛յք, ընդլայնված նիստի հարգարժա՛ն մասնակիցներ, խնդրում եմ, ինձ ճիշտ հասկացեք։ Ես, իհարկե, զինվորական եմ և ճշտապահ ու խստաբարո մարդ, սակայն իմ այս վարմունքը պետք է և անհրաժեշտ է բացատրել էվոլյուցիայի փիլիսոփայությանը համահունչ։ Մեր նախահայրը նույնպես ազատ ու անկաշկանդ գազարձակման կողմնակից է եղել և այդ երևույթը համարել է ամուսինների մտերմության և ընտանեկան օջախի ամրության չափանիշ։ Մի անչափ կարևոր գործոն ևս, որ ես հասկացել եմ մի շարք նախադեպերից հետո. Տիեզերքն անմիջական մասնակցություն ունի գազարձակման արարողակարգի հանրահռչակման գործում։ Բազմաչք Գալակտիկայից նեյրոնային խողովակներով երկիր է սլանում ահագնացող Ակնթարթը։ Շրջապատի համար անտեսանելի նրբությամբ աննշան բարձրացնում եմ ձախ ոտքս, թախծոտ հայացքս բազմանշանակ ուղղում եմ դեպի Ագորան շրջապատող լեռները ու միայն նուրբ լսողություն ունեցող ականջին հասու դեցիբալով իրականացնում գազային ինտերվենցիան։ Սիրելի գարեջրատանը բնորոշ թույլ ու ալիքվող սխտորահոտ եմ տարածում շրջապատում, բոլորը տարակուսած ու վախվորած իրար են նայում։
– Մի՞թե գազային, սպեցիֆիկ հարձակում է,- կարդում եմ նրանց շփոթված հայացքներում։
– Առանց խուճապի, ժողովո՛ւրդ,- հորդորում եմ ես վճռական ձայնով,- Ագորան անվերապահ միացել է քիմիական զենքի համապարփակ արգելման Կոնվենցիային…
1.3. Ես Ռաֆն եմ՝ Ագորայի գյուղաքաղաքային կենտրոնական գրադարանի կառավարիչը։ Անվերապահ համաձայն եմ Մեծ Կույրի հանրահայտ դիտարկմանը, որ Ագորան մի անպարագիծ գրադարան է բաց երկնքի տակ։ Եվ, իրո՛ք, որոնողական կայքը Ագորան նախ և առաջ բնորոշում է որպես բազմաշերտ գրադարանների մի գյուղաքաղաք, որպես բազմահազար գրքերի կրիչ, եզակի ձեռագրերի և բացառիկ ու ըմբոստ գրքերի ապաստարան։
Յուրաքանչյուր ագորացի երդվյալ ընթերցող է, գրքապաշտ և միաժամանակ խորագիտակ գրադարանավար։ Նայե՛ք տիեզերքից, բոլոր գյուղաքաղաքային ճանապարհները հատվում են կենտրոնական գրադարանի հարակից հրապարակում։ Սա կարմայական մի ուղերձ է, որն ըստ պարոն Ֆուֆուի վերծանման՝ ձևակերպվում է այսպես.
– Ագորացինե՛ր բոլոր երկրների, ձեր միակ փրկությունը գրքերի ընթերցանության մեջ է…
Առավոտյան, երբ արևի կենսատու ճառագայթները ողողել են Ագորայի ամեն մի անկյուն, հոգու ջերմացնող թրթիռով բացում եմ գրադարանի մուտքի դուռը, և եթե հանկարծ թույլ մի սխտորահոտ ալիքվում է միջանցիկ քամուց, վկայում է, որ նախորդ օրը՝ ժամը 17։00-ից մինչև 18։00-ն, երկրորդ հարկի ընթերցարանում իր սիրելի գիրքն է ըմբոշխնել գնդապետ Գասպարը։ Նա հաճախ է գալիս գրադարան և մինչ ընթերցասրահ բարձրանալն իջնում է ներքնահարկ, որտեղ հիանալի ու կոկիկ պետքարան է գործում։ Որպես սկզբունք՝ միմիայն միզում է և պատշաճ տեսքի բերելով համազգեստը՝ բարձրանում է ընթերցասրահ, սիրալիր բարևում է բոլորին, առանձնահատուկ ժպտում է հետազոտող գրադարանավարուհի տիկին Լաուրային, որ պատասխանատու է առավել նախաձեռնող ընթերցողների շրջանում անցկացված հարցումների արդյունքում ձևավորված առավել պահանջված 10 գրքերի ռեյտինգային սանդղակի ձևավորման և ինքնատիպ ցուցատախտակին երկաթագիր տառերով պատկերելու համար։
– BRAVO, տիկի՛ն Լաուրա,- մոտենալով նրան՝ առանձնահատուկ քնքշանքով ողջունում է և աննկատ բարձրացնում է ձախ ոտքը ու.- տիկի՛ն Լաուրա, այս շաբաթ կա՞ փոփոխություն սանդղակում։
– Պարո՛ն գնդապետ, շնորհակալ ենք, որ այդչափ ուշադիր եք մեր գրադարանի օրակարգի և տեղի ունեցող միջոցառումների հանդեպ,- ամոթխած ոգևորությամբ պատասխանում է տիկին Լաուրան։- Այո՛, կա որոշակի փոքրիկ տեղաշարժ սանդղակում։ Ձեր սիրելի գիրքը, ինչպես տեսնում եք, մեկ ցուցանիշով առաջադիմել է և զբաղեցնում է պատվավոր երրորդ հորիզոնականը։ Տասնյակում է հայտնվել աֆորիստիկ մտածողության բազմաշնորհ բանաստեղծ, մեր գրադարանի երկարամյա հարգարժան կառավարիչ Ռաֆի նոր, հերթական բանաստեղծական ժողովածուն՝ «13 րոպե անընդմեջ»-ը։ Դե իսկ առաջին հորիզոնականը, ինչպես տեսնում եք, արդեն վեց շաբաթ անփոփոխ զբաղեցնում է «8 ագորացի» ինքնակենսագրական դրաման։
– Այո՛, տիկի՛ն Լաուրա, Ռաֆը հրաշալի պոետ է, հետազոտող ու ջանադիր տնօրեն, ահա՛ և նա,- նկատելով ինձ՝ ողջունում է։- Պարո՛ն Ռաֆ, ուրախ եմ Ձեզ կրկին տեսնելու համար, ինչպե՞ս եք, տեսնում եմ՝ գործերը գերազանց են, գրադարանը բարգավաճում է։ Նորից եմ ցանկանում ուշադրություն հրավիրել այն հանգամանքին, որ պետք չէ անհանգստանալ թույլ սխտորահոտի առկայությունից հասարակական տարբեր վայրերում։ Պաշտոնապես վերահաստատում եմ՝ բացարձակ անվտանգ իրողություն է, մանավանդ, նորից եմ կրկնում՝ մենք անվերապահ միացել ենք «Քիմիական զենքի չտարածման» կոնվենցիային։
– Այո՛, իհա՛րկե, պարո՛ն գնդապետ, ամեն ինչ առավել քան հասկանալի է,- բարեկրթության բոլոր ընդունված ստանդարտները պահպանելով՝ արձագանքում եմ ես։- Գրադարանը, պարո՛ն Գասպար, օրինակելի ինքնապաշտպանված կենսատարածք է իր բազմաշերտ կենսակայուն համակարգերով։ Սկսենք կարևորագույն բաղադրիչից՝ Ներքնահարկից, որտեղ տեղակայված է կենսագործունեության մի անփոխարինելի ատրիբուտ՝ պետքարանը։ Այն սովորական մի զուգարան չէ, այն Արհեստական Բանականությամբ օժտված, բարձրակարգ կերամիկական սանտեխնիկայով հագեցված սմարթ կենսապահովման տարածք է, որը կառավարվում է երրորդ հարկում տեղակայված ուղեղային կենտրոնի կողմից։ Պարո՛ն գնդապետ, որպես խստագույն գաղտնիք՝ Ձեզ տեղեկացնեմ, որ պետքարանում տեղադրված զուգարանակոնքերը, լվացարանները և մյուս պարագաները մոդելավորված են նորագույն չափանիշներին համահունչ և վերահսկվում են աննկատ տեղադրված 3D տեսախցիկների միջոցով։ Իհա՛րկե, ստացվող ինֆորմացիան խիստ կոնֆիդենցիալ մակարդակով մուտքագրվում է տվյալների բազա, որտեղ հասանելիություն ունեն երկու անձնավորություն՝ ես և Արհեստական Բանականությունը։ Օդափոխման նորագույն համակարգը նույնպես գործում է անթերի։ Այնպես որ, պարո՛ն գնդապետ, անհո՛գ եղեք, գրադարանը մի ինքնատիպ, ինքնաբավ ինքնապաշտպանվող ամրոց է, որտեղ որևէ մակարդակի թույլ սխտորահոտ չի կարող խաթարել ընթերցանության աննկարագրելի բերկրանքը։ Պարո՛ն գնդապետ, մեր մյուս հանդիպումների ընթացքում կշարունակեմ Ձեզ ներկայացնել գրադարանի մյուս անվտանգային համակարգերը…
1.4. Ես Մանուչարն եմ՝ Ագորայի համալսարանի պրոֆեսոր, «Պարականոն գրականագիտություն» դասագրքի հեղինակը։ Եթե գրականությունը Պլացեբո է և ոչ ստանդարտացված Դեղահաբ, և այն հաճախ է ստեղծում պատրանք, որ կարող ես խուսանավել Կյանքդ կառավարելու վիրահատական միջամտությունից, ուրեմն՝ գրականագիտությունը՝ որպես խիստ հայեցակարգային գիտություն, տալիս է անձնական ընտրության իրավունք, գործիքակազմ՝ ինչպես վերահսկել այդ անկառավարելի միջամտությունը։ Ես երիկամներ քննող գրականության փորձագետ եմ, բարձրակարգ հերձող ու գրական երթուղիների ծրագրավորող։ Ինձ համար գրողն ընդամենը կապուղի է Տեքստի և ընթերցողի միջև։ Որքան տարողունակ է գեղարվեստական ինֆորմացիայով հագեցած Տեքստը, այնքան հեղինակի, ասել է թե՝ կապուղու մանրաթելերը հասանելի կլինեն թիրախին…
– Ո՞ւմ ես դու նախընտրում՝ որպես անվերապահ թիրախ,- հաճախ էր այս փոխզիջում չհանդուրժող հարցադրումը բարձրացնում երջանկահիշատակ պրոֆեսոր, համաշխարհային գրականության բացառիկ գիտակ պարոն Ֆուֆուն ու շարունակում,- եթե դու թիրախավորում ես որևէ ցածր ինտելեկտով ու պրիմիտիվ էմոցիոնալ բաղադրիչով տիկնոջ կամ նրա չհարդարված հետույքը, ապա քո Տեքստը կերևակվի որպես ձախողված ու հետույքային գրական փորձ, և ընթերցողն ամենաշատը կարող է լսել քո ամորձիների թույլ զրնգոցը և ուրիշ ոչինչ…
Ի դեպ, պետք է ասեմ, որ պարոն Ֆուֆուն մեռել է տարիներ առաջ, բայց չի մահացել։ Նրա վերամարմնավորված Տեղապահին երկու օր առաջ հանդիպեցի գրադարանի ընթերցասրահում։ Նա, իրեն բնորոշ Հրաշքների աշխարհի հանրահայտ Կատվի փոխակերպվող ժպիտը դեմքին, զրուցում էր տիկին Լաուրայի հետ։ Մոտեցա, ներողություն խնդրեցի, բարևեցի.
– Ինչպե՞ս եք, պարո՛ն Ֆուֆու,- ցածրաձայն հարցրի ես։
– Ոչի՛նչ, լավ եմ, Մանուչա՛ր, մոտ արի, մի բան ասեմ,- նույնպես ցածրաձայն պատասխանեց ու՝ արդեն շշուկով,- ա՛յ տղա, դու խելացի գրականագետ ես, ի՞նչ ես կարծում, էս տիկին Լաուրայի դեղձաբույր հետույքը տեսնողն էլ կարո՞ղ է մտածել, օրինակ, Գյուստավ Պֆիցերի վաղ շրջանի ստեղծագործության մասին։ Դե ասա՛, մի սփոփիչ բա՛ն ասա…
– Պարո՛ն Ֆուֆու, ես կարծում եմ, որ…
– Լա՛վ, լա՛վ, Մանուչա՛ր, հասկանալի է, արի՛, այս 10 ոսկին վերցրու, իմ կողմից աննկատ փոխանցիր տիկին Լաուրային և ասա՛, որ ես նրան հետո կսպասեմ իմ տանը։ Թող անպայման գա…
Գուցե այս պատմությունը ճշմարտությունը չէ իրական գրականագիտության մասին, բայց այն իրողություն է և իրապես շատ անմիջական կապուղի ընթերցողների ընտրազանգված ունենալու համար, որոնք կվճարեն Դասական Մուրացիկ ինքնահռչակված դյուրահավատ գրողին, որ արդեն որպես վճարունակ քաղաքացի՝ կբոցավառի հազարավոր երկրպագուների հոգիները, որոնք մշտապես կլսեն ձայնը.
– Նա՛ է ձեր ճշմարիտ գրողը, նրա՛ն կարդացեք…
Այնուամենայնիվ, «Չափանիշների տեսության» հեղինակն այսպես է գրում.
– Եթե Տեքստը հոգեմարմնական, կոմունիկացիոն և այլ բնույթի ինքնաթերապիա է հանդիսանում հեղինակի համար, ապա միանշանակ պետք է խրախուսել, որ նա աներկբա շարունակի ստեղծագործել, տպագրվել, հանրահռչակվել։ Գրականագետի նմանատիպ վարքագիծը չպետք է դիտարկել որպես երեսպաշտություն կամ հանդուրժողական վերաբերմունք գրական միջակության հանդեպ։ Ո՛չ, մենք կարծում ենք, որ գրականագետի այդպիսի վարքագիծը հումանիզմի յուրահատուկ փոխակերպում է, գրականագետն այդպիսով որդեգրում է հարակից մասնագիտության օրինակելի բանաձևը.
– Եթե չես կարողանում բուժել, ապա մի՛ վնասիր, քանզի ասված է նաև՝ Ագորացինե՛ր բոլոր երկրների, Սիրեցե՛ք զմիմեանս…
1.5. Ես ագորացի եմ, հայտնի, ազդեցիկ ու պատվավոր գյուղաքաղաքացի։ Ինձ նախանձում են շատերը, ինձ հարգում են, ինձնից իրապես վախենում են։ Այո՛, վախենում են բոլորը՝ թե՛ գնդապետ Գասպարը, թե՛ պարոն Ֆուֆուն, Մանուչարը և, այո՛, Կենսագիրը։ Մի անգամ անկեղծ պատասխանի ակնկալիքով ժամերգությունից հետո հարցրի Հազարամյա Եկեղեցու ավագ Քահանային.
– Ինչո՞ւ է այսպես, Տե՛ր Հայր։
– Քո ուժը, Վա՛շխ, Աստծուց չէ, իշխանությունը, որը դու ունես ագորացիների վրա, սատանայից էլ չէ, քո ճնշող ազդեցությունը նրանց վրա իրենց ծույլ հոգու և թշվառ մտքի արգասիքն է։ Դա մի անշոշափելի ծուղակ է, թակարդ, որի մեջ նրանք հայտնվել են, երբ ծուլության ու տգիտության թմրանյութը պարուրել է նրանց։
– Տե՛ր հայր, բայց ես մշտապես հասնում եմ օգնության, երբ նրանք շտապ փրկության կարիք են ունենում, երբ նրանց մերժում են բոլորը՝ ընկերները, բարեկամները, հարազատները։ Եվ ես սիրով եմ դա անում, ես փրկում եմ նրանց։
– Հենց դա է Ձեր այդ կործանարար իշխանության մանդատը, երբ զոհը երախտապարտ լինելու անհաղթահարելի պարտադրանք է զգում…
– Տե՛ր հայր, կարծում եմ՝ դու տեսնում ես՝ բոլորից աննկատ վաղ առավոտյան ձախ ձեռքով թղթադրամներ եմ գցում գանձանակի մեջ, իմ երկու օգնականներին հաճախ եմ հանձնարարում գնումներ անել եկեղեցու կարիքների համար, կարոտյալներին դեղ և հաց գնելու փող եմ տալիս։ Ես միշտ և ամենուր միանշանակ ասել եմ՝ Փողն ինձ համար սրբություն է, և ագորացիներին խնդրում եմ ու հորդորում, որ երբեք և ոչ մի պարագայում Փողի հետ կատակ չանեն։ Այո՛, մանավանդ ի՛մ Փողի հետ։ Երբ ինձ փորձում են խաբել կամ խղճահարություն առաջացնել, որ ես խախտեմ վաշխավճարի Սրբազան օրենքը, տխրում եմ շատ, հետո առանց շաքարի դառը սուրճ եմ խմում, խնդրում եմ կլիմաքսի ժամանակաշրջանին դիմակայող գործավարուհուս չափել գլյուկոզայի մակարդակն արյանս մեջ ու շատ, անչափ դաժան որոշում կայացնելու անհրաժեշտությունից լաց եմ լինում…
Երդվում եմ՝ ես շատ եմ սիրում Ագորան։ Ես այստեղ եմ ծնվել, ես եկվոր չեմ։ Անուրախ մանկություն եմ ունեցել, մեն-մենակ եմ վերապրել փոքր գյուղաքաղաքներին պատուհասած անհաղթահարելի թախիծն ու ամեն ժամ, ամեն օր լսել փողի խրոնիկական սղության դաժան քմծիծաղը։ Սակայն երբեք չեմ հայհոյել ագորացուն, շարունակել եմ սիրել նրան և իրավունք ձեռք բերել ասելու.
– Ագորացինե՛ր բոլոր երկրների, անշեղ ժամանակացույցով վճարեք վաշխագումարները…
1.6. Եվ, ահա՛, հերթը քոնն է, թանկագի՛ն ու սիրելի՛ ագորացի։ Ագորացի՛ս, 1.6. համարը քո կենսագրության, քո երազանքների և, ինչո՞ւ ոչ, քո բարձրաձայն ինքնախոստովանության Կենսատարածքն է։ Գրի՛ր՝ ով ես դու, որն է ագորացու քո հոգեկերտվածքի բանաձևը, խոսի՛ր քո կյանքի անցած ուղու մասին և հղի՛ր քո սրտաբուխ ողջույնը բոլոր երկրների ագորացիներին…