Նարեկ ԿՈՍՄՈՍ

 

 

մենք կայանում ենք,

ամեն տարի մեր ծնունդին,

անգամ եթե ծնունդը չի կայանում,

ընդհատվում է հղիությունը…

մի բան չի գալիս աշխարհ

գնալու հեշտությամբ…

մենք կայանում ենք

ավտոկայանատեղիներում

իրար վրա շուռ եկած

երթևեկությանից փախած…

մենք իջեցնում ենք կանգառներ մայթերին

ու ավտոբուսների մեջքը տրորում,

որպեսզի այն հետ տա մարդկանց…

մենք կարոտում ենք մարդկանց…

մենք խզբզում ենք ներկաներ,

մենք, որ փողոցում շպրտված

կենսագրություններ ենք…

մենք, որ ծնվել ենք ինչ – որ

անհայտ գիտակցմամբ

ու

մենք, որ նման ենք Աստծո

դիտողությանը մեր ծնողներին…

 

մենք, որ հերթական անկողնային

մեղքից փախած արդարացումներն ենք

սրճարան դարձած եկեղեցիներում…

և մենք, որ մեռնելու սովոր գոյություններ ենք,

որ ամեն կիրակի հավաքվում ենք

երկար քնի պատարագներին…

 

մենք առաջին ջութակներն ենք,

երբ երկրորդ ջութակներ չկան…

կռացած մեջքով հավաքարարներ ենք մենք՝

մեր միջի աղբը մոտակա

աղբամանում

կամ մարդու մեջ գցող…

ու ես ես՝ ակադեմիայի զուգարաններում

ծխող տղաս, որ դարձել եմ

կոկիկ,

ինչպես երրորդ դասարանցու հրաշք տետրը…

ես՝ ժամանակի ամենափոքր ժամացույցս,

որ ժամի փոխարեն ցույց եմ տալիս

շտապողականությունս,

ես ալկոհոլի բարակ շերտ լյարդիս,

ու աղոթք դեպի ինձ,

ես առաքյալներից մեկի

թաքուն համբույրը Հուդային,

(որ ձևը սովորի)

ես բրեժնեվի անսարք ջրածնային ռումբը…

ես՝ երկիրներ չսարքող

ու երկրների գլխին սարքողս…

անվերջ կայացողս

միջտիեզերական կայանս,

որ գլխապտտվում եմ երկրի շուրջ՝

նկարելով ամենահեռու

լուսատարիների ճանապարհը…

ես վատ թարգմանված Դեն Բրաուն,

ավելի վատ թարգմանված,

քան գրված Դեն Բրաուն…

ես բանաստեղծությամբ

անվերջ ինքնահաստատվող

սենտիմենտ,

ում բոյը սենտիմենտներով են չափել

ծննդատանը…

ես խսհմի փլուզման փոշին,

որ երկրների թոքերին եմ պառկած…

ու ես ավարտ,

պարզապես ավարտ..

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։