***
Երբ վտանգված է Հայրենիքը քո`
Դու լցվիր ահեղ այն ոխերմությամբ,
Որ ունի ջուրը, երբ ճամփան փակում
Եվ ստիպում են լիճ դառնալ մի նոր…
Երբ վտանգված է Հայրենիքը քո`
Դու լցվիր ահեղ ու բիրտ խևությամբ,
Որ կրակն ունի, երբ որ փորձում են
Մարել կիրքը իր` ջրի՜ բռնությամբ…
Երբ վտանգված է Հայրենիքը քո`
Դու լցվիր անհուն այն սիրով անմար,
Որ պահած ունի մայրը իր սրտում,
Երբ… զավակին են մահվամբ սպառնում:
Երբ վտանգված է Հայրենիքը քո`
Վառվիր դու կրքով վրեժխնդրության,
Չի եղել, չկա երկնքի ներքո
Պարտք մի, որ լինի այդքա՜ն սրբազան:
***
Էս` արևը, էս` աշխարհը, էս էլ` դու,-
Սուրբ դաշնության ավազանում մկրտվեք,
Դավ ու ցավի սամումները ահարկու
Ոգու անմեռ խիզախությամբ ետ վանեք:
Էս` արևը, էս` աշխարհը, էս էլ` դու,-
Ի՜նչ էլ անես` դեպ անհայտը կգնաս,
Առանց երդում եղբայրացեք մեկմեկու,
Եղբայրությամբ խինդի դուռը կբանաս:
…Չես տենչում փառք, միայն բարի՜ մի անուն,
Որ շատերը չեն ունենում կյանքում ողջ,
Զանազանիր, որն է ընդդեմ ու հանուն,
Քեզ չի սարսի ձմեռը սառ ու դողդոջ:
Եվ արևի ու աշխարհի զորությամբ,
Բորբ հավատով մարտնչիր դու հայաբար,
Մահ չի բերի քեզ ո՛չ մի վերք, ո՛չ մի շանթ,
Դարերն էլ քեզ` միշտ կմնան ճանապարհ…
***
Սեղանի դեմ` մարդը,
Նրա հայացքը թռչկոտող,
Թափառող մտքերը,
Որոնք ամբողջանալու
Ճիգեր էին անում`
Հանուն չմեռնող,
Լուսե գաղափարի:
Սեղանի դեմ` մարդը,
Որ աշխարհում էր,
Եվ
Միևնույն ժամանակ`
Դուրս էր աշխարհից…..
***
Սիրելու համար,
Սիրված լինելու`
Ոչ ոք ժամանակ
Եվ ոչ էլ տարիք
Չի նախանշել:
Դո՛ւ էլ մի՛ ասա,
Թե ու՜շ է արդեն,
Իբրև` ձմեռն է
Անտես մոտենում…
Մարդն առանց սիրո
Ապրում է… անգութ,
Քանզի հոգին իր
Էլ չի՜ ունենում
Աշխարհին կապող
Դուռ ու լուսամուտ:
***
«Երկիրն երկիր չէ»,- ասում եք, անցնում,
Եվ ասում այնպես, կարծես օտարի
Մասին եք խոսում…
Ինչպե՞ս չեք զգում, ո՞նց չեք հասկանում,
Որ հայրենիք եք ձեր մեջ սպանում,
Եվ իրար հանդեպ պաղ ու անտարբեր,
Մեկմեկու ցավին լրիվ անհաղորդ,
Նայում եք իրար որպես… թշնամի,
Եվ աղքատացած հոգով, արդարև,
էլ հող չեք տեսնում, չեք տեսնում արև.
Հազարգլխանի հրեշ է, նենգ սուտ,
«Երկիրն երկիր չէ» խոսքը չարամիտ:
Եվ ո՞վ էր, արդյոք, այն որդն առաջին,
Որ արտաբերեց խոսքը նենգամիտ՝
«Երկիրն երկիր չէ»…
Այնինչ երկիրը, մեր հող հայրենին
Դրախտն է Աստծո,
Որ դառն ու դժնի մոլուցքով հարբած,
(Ես ինձ չեմ պղծում նրանց թվարկմամբ),
Դարերի միջով դեպ մեզ են գալիս
Հայ արմատը մեր հողից հանելու
Եվ հայ անունը հավերժ ջնջելու…
Գալիս են նրանք, գալիս են այսօր,
Եվ վաղն էլ կգան՝ սանձարձակ ու բիրտ,
Կգա՛ն, քանի դեռ հավատով անկոր,
Սրտով չեք ժխտել խոսքը թունավոր՝
«Երկիրն՝ երկիր չէ»…
***
Գնա, սիրելի՛ս,
Բայց այնպե՛ս գնա,
Որ իմ հոգու մեջ
Քեզնից, իմ անգին,
Քաղցր հուշ մնա:
Ախ, գուցե մեկը
Կարոտով հրկեզ
Սպասում է քեզ:
Քեզ բարի ճամփա,
Գնա՛, իմ անգին,
Ես հեռվից հեռու
Քեզ կկարոտեմ,
Բայց քո կարոտից
Ծնված արցունքս
Վախենում եմ, թե՝
Աշխարհն հեղեղի,
Ծովի ջրի պես,
Գիտե՞ս, արցունքս
Դառն է ու աղի…
***
Օրը նայեց իմ սրտի մեջ ու անցավ,
Ես հասկացա՝ օրը ինձնից օր տարավ,
Նշտարի պես հոգիս հերձեց սուր մի ցավ,
Ինձ զգացի անապատված ու ծարավ:
Դու էլ հեռու, ո՛չ տեսնում ես, ո՛չ լսում,
Աշնանային երկնքի պես աչք եմ թաց…
Ինքս իմ մեջ ինքներեն եմ արդ խոսում,
Բայց պահում եմ իմ կարոտի դուռը բաց:
Հազար-հազար տարիներ թե ապրեմ ես,
Դու չես մարի իմ սրտի մեջ, իմացի՛ր,
Հիմա ո՞վ է վերևներից, լուսերե՛ս,
Համոզում ինձ՝ քիչ էլ, քի՛չ էլ դիմացիր…
***
Մորս՝ Աստղիկին
Մայրս հողի հետ համերաշխ է, հաշտ,
Ինքը իր հողում հոծ ծաղկունքի դաշտ:
Եվ իմ հուշերում, իմ բոց արյան մեջ
Ապրում է մայրս, շրջում է անվերջ:
Ինձ ապրելու դեռ դասեր է տալիս,
Կարոտել է, բայց… ավաղ, չի գալիս…
***
Հենց կրակին դիպավ շուրթը,
Ալվան բոցի հոգին շիկնեց,
Անապական երկնի լուրթը
Արեգակի սրտին թիկնեց:
***
Կիջնի պահը գերերկրային
Աչք կփակվի աշխարհատես,
Ոլորտներում բիլ-երկնային
Ի՞նչ վճիռով կհայտնվես:
Ո՞վ կափսոսա, և կասի ո՞վ,
Որ քեզ երբեք չեն տեսնելու,
Դու այդ անհայտ ճանապարհով,
Գիտե՞ս, ո՜ւր ես դու հասնելու:
Այստեղ, գոնե, խոսքը խոսքին
Ագուցում ես բառ-գամերով,
Հետևում ես կյանքի հոսքին
Եվ հրճվում դար-ժամերով:
Եվ ո՞վ գիտի, և ո՞վ կասի,
Երբևիցե էլ կգա՞ս ետ.
Թե՞ գետի մեջ հորդ օրհասի
Կորչելու ես հար ու հավետ: