Անուշ ՀԵՔԻՄՅԱՆ

Անուշ ՀԵՔԻՄՅԱՆ

***
…թե տանս լույսը վառ լինի,
և դուռս փակ մնա ձեր առաջ,
ուրեմն…

Ուրոբորոս.
ես շարունակում եմ ծամել պոչս.
զզվելի է.

անհայտ ուղղություններով հոսելուց հետո
նորից հասնում եմ այստեղ.
այստեղ ակունքը չէ,
այլ գետաբերանը.
անեզր,
ինչպես եռանկյունին
Բերմունդի.

իրականությունը հեռվում է.
ցանկացած տեղ,
որտեղ ես չկամ,
Հայրիկը` նույնպես.
մենք հավերժական Սև խոռոչի մեջ ենք.

մուտքն ազատ է,
արգելված է ելքը.

այստեղից ընդամենը մեկ
դեղին կետ է երևում.
իմ տան վառ մնացած լույսն է,
որ շշուկով կանչում է անունս…

երանի վերադառնամ հին ցավին,
վերադառնամ այնտեղ,
որտեղ փրփրում են ջրերը.
ջրերը` արգանդի մեջ…

կարևոր չէ,
թե ինչ երկար է ճամփորդությունը.
վերջում անպայման մեկ քայլ գոյություն ունի.
միայն մեկ քայլ
ցավի
և
ոչնչի
միջև.
միայն մեկ
շատ փոքր քայլ:

ՉԻՄԱՆԱԼ ԺԱՄԱՆԱԿԸ
չիմանալ ժամանակը,
չսպասել.
լինել ամենքին գերի,
լինել բոլորին սիրահար.
դառնալ սանձահար,
փախչել փախուստից.
անտարբեր մնալ դառնություններին.
դառնալ վայրենի,
հետո քնքշանալ,
մե՜ղմ քամի դառնալ
ու գնալ հեռու…
հեռու հողմերից,
հողերից ներքև.
ապա հող դարձած
«վերադարձ» ճչալ
իբրև մի արև.
լինել չսպասված,
լինել անտեղի
և լուսարձակել ցասմամբ կատաղի.
հեռանալ կրկին.
չլինելու չափ
պարզապես լինել,
լինել անդադար.
հետո քչանալ,
դառնալ մեկ քառորդ,
ձգտել զրոյի,
ձգտել զրոյի
կամ չիմացության.
չիմանալ ժամանակը,
չլինել:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։