ԿԱՅԱՐԱՆ
Երբ թեթև անձրևից հետո
արևը հայտնվում է արևմուտքում,
և նարնջագույն է դառնում հորիզոնը,
և երբ ժամը 6-ին մոտ
դու գնում ես կայարան՝
տեսնելու դեպի հեռուն ձգվող
մետաղյա, փայլուն ու ներդաշնակ
թելերից հյուսված գոբելենը,
դու հանդիպում ես մի անծանոթ կնոջ,
ով քեզ ժպտում է առաջին ու վերջին անգամ:
Այդ ժամանակ թպրտում է սիրտդ,
սեղմվում է կոկորդդ,
և դու արցունքն աչքերիդ
ճանապարհում ես նրան:
Եվ հետո սկսում ես սիրել կայարանը,
որը նորից մի հույս է ծնում
ազատվելու և փախչելու այստեղից,
և գտնելու նրանցից գոնե մեկին,
ում երբևէ ճանապարհել ու կորցրել ես դու:
ԲԱԺԱՆՈՒՄ
Ջրերը լքում են ավազը,
և դատարկ, խորը պատերի մեջ
մնում է նրանց թաց արձագանքը:
Տերևները թափվում են ծառերից,
և փողոց մաքրողը դժգոհությամբ հավաքում
և ջանասիրաբար վառում է նրանց:
Մշուշը խցկվում է դատարկ այգիները
և խառնվում է վառվող տերևների ծխին:
Եվ այս բոլորից այն կողմ
անորոշ շրջագծերով պատկերներ կան,
որ անհանգիստ աջ ու ձախ են ընթանում
անասելի թույլ ժխորի ուղեկցությամբ:
Եվ կարելի է շարունակել այս բոլորը,
բայց քո հայացքը կանգ չի առնում
մի որոշակի կետի վրա,
և դու չես կարող վաղը հիշել
գոնե մի պատկեր այստեղից,
որովհետև շուտով գալու է անձրևը,
և ամեն ինչ մնալու է
անթափանց խոնավ վարագույրի ետևում:
ՍԵՊՏԵՄԲԵՐ
Երբ վերջանում է ամառը,
և երբ նվազում է ջերմությունն արևի,
խաղաղվում է քո հոգին,
և դատարկվում ու լքվում է քաղաքը:
Դու նստում ես սրճարանում
և ուզում ես մոռանալ ամեն ինչ:
Բարևում ես, ժպտում ես բոլորին
և ասում ես, որ լավ անցկացրիր ամառը,
որ ոչինչ էլ չի պատահել,
որ ամեն ինչ կարգին է:
Հետո դանդաղ քայլում ես
դեռ չսառած լճակի ափերին
և ունկնդրում ես երգը,
որ ամեն ինչ տակնուվրա է անում:
Այդ անձայն ու խաղաղ երեկոներին
դու նստում ես պատշգամբում,
փաթաթվում ես մի տաք, փափուկ
ու մեծ գլխաշորի մեջ,
որ հավանաբար մայրդ է գործել,
և հանդարտ նայում ես
«Պետապի» թրթռացող ազդագրերին:
(Կարելի՞ է արդյոք ապահովագրել սերը):
Եվ հետո դու մտնում ես տուն,
իջեցնում ես պատուհանի վարագույրները
և ծվարում ես հարմարավետ բազկաթոռի վրա՝
տաք ջեռուցիչի մոտ:
Այդ աշնանային խաղաղ երեկոներին
դու էլ չես որոնում սերը
և էլ չես ուզում կորցնել ոչինչ:
ԼՌՈՒԹՅՈՒՆ
Լուռ են տափաստանները,
և պատասխանի փոխարեն
ինչ-որ տեղ հավաքված մշուշը
հանգիստ տարածվում է ամենուր:
Դաշտերի վրա մի ձի
մազերն է թափահարում
և սահում է դանդաղ
մոխրագույն բնապատկերի վրայով:
Թփերի մեջ սերն է հիշվում,
որովհետև ծաղիկները նորից
հպվում են արյունոտ խոտերին
և խոնարհվում թափված տերևների վրա:
Իսկ որտեղ է արևը,
և որտեղ է սերը քո:
Լուռ են տափաստանները,
և պատասխանի փոխարեն
ինչ-որ տեղ սեղմված մշուշը
դանդաղ կլանում է հովիտը:
ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ
Դու գնում ես բնության մեջ թափառելու
և բանաստեղծություններ որոնելու:
Չորացած թփեր կան այնտեղ
և դեռ չծաղկած ծառեր:
Հեռվում մի լիճ է երևում,
դեռևս անհրապույր ու սառած:
Դաշտերի ամայության մեջ
ձիեր են թափառում խոտ գտնելու հույսով:
– Դեռևս գարունը գարնան նման չէ,
և գույներ էլ չկան կարգին:
Չկա երաժշտություն,
և գրելու բան էլ չկա թերևս,- մտածում ես դու:
Հետո նայում ես հեռացող արևին,
ուղղում ես քամուց խառնված մազերդ
և սուլում ես մի հին երգ:
(Բանաստեղծները սիրում են մոռացվող երգերը):
Իսկ վերջում դու մի փուշ ես պոկում
չորացած մասրենուց,
դնում ես ատամներիդ տակ
և գնում ես դեպի անխուսափելի քաղաքը: