Ետկյանքյա բացիկ՝ Լիպարիտ Սարգսյանին
ՅՈԹԱՆԱՍՈՒՆ ՏԱՐՎԱ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՂԱԾ՝ Ո՞ՒՐ ԳՆԱՑԻՐ…
Հայ մանկագրության ավագ սերնդի «վերջին մոհիկան», իմ թանկագի՛ն ընկեր, գնացիր… «Աստծո հավերժատուն»։ Այնտեղ կյանքից հեռացած մեր ամենահարազատ ու մերձավոր մարդիկ են ապրում: Դու էլ գնացիր, ընթերցողական ներկա և գալիք սերունդներին ժառանգելով մի ամբողջ գրադարան՝ բանաստեղծական տասնյակ ժողովածուներ, վիպակներ, հրապարակախոսական գրքեր, հուշապատումներ, իմաստախոհ քառյակների մի աստղաբույլ։ Մեր մանկագրական մոլորակի, մեր գրական եղբայրության քանի՛ աստղեր վերջին տարիներին հեռացան կյանքից՝ իրենցից հետո թողնելով լուսավոր հետագիծ. Սուրեն Մուրադյանը գնաց, Երվանդ Պետրոսյանը գնաց, Յուրի Սահակյանը գնաց՝ մեր մանկագրությունը որբացավ, Սերգեյ Գալստյանը գնաց՝ մեր կինոգիտությունը որբացավ։ Հիմա ես ի՞նչ անեմ, ասա, իմ այս ութսուներեքամյակում ինչպե՞ս կրեմ մանկագրական աշխարհի ծանր «բեռը»։
…Յոթանասուն տարվա վաղեմություն ունի մեր անբասիր ընկերությունը՝ անձնական թե գրական։ Դու քո ծննդավայր Լոռվա Վահագնիից, ես՝ իմ Արագած-Հնաբերդից, ջերմ նամակներ էինք միմյանց հղում՝ «Պիոներ Կանչ» թերթում տպագրվող մեր բանաստեղծություններին ի արձագանք։ Հետո հանդիպեցինք Երևանում, սիրելի թերթի գրական խմբակին անդամագրվեցինք, որ ղեկավարում էր անվանի բանաստեղծ Հենրիկ Սևանը։ Հետո, նույն թերթում տարիներ շարունակ միասին աշխատեցինք, ու թեև հետագայում մեր ճանապարհները բաժանվեցին, բայց մեր անաղարտ ընկերությունը, ոչ մի անգամ վթար չտված մեր անձնական-ստեղծագործական սերտ միությունը քո երկրային կյանքի մինչև վերջին օրերը միայն ազնվության-անկեղծության զգացումներով պսակվեցին։ Եվ հիմա, քո գրական դիմանկարը ներկայացնող «Մենախոսություն… Հողի, Մարդու և Աշխարհի հետ» իմ գիրքը նորեն թերթելով՝ հպարտանում եմ, որ կյանքում ու գրականության մեջ այդպիսի հավատարիմ ընկեր եմ ունեցել, ում լույս ընծայած ամեն ստեղծագործությունը սրտի և հոգու թրթիռներից է ծնվել, զուլալ-անաղարտ ակունք-արմատներից՝ այսպիսի խոստովանությամբ.
Ամեն մարդ պիտի քայլի ի՛ր ճամփով,
Ամեն մարդ պիտի ի՛ր հողն ակոսի,
Ի՛ր ջուրը խմի սեփական ափով,
Եվ Աստծո հետ ի՛ր բարբառով խոսի…
Քո՛ ճամփով քայլեցիր, քո՛ հողն ակոսեցիր, քո՛ ջուրը սեփական ափով խմեցիր և Աստծո հետ էլ քո՛ սեփական բարբառով հրաշալի գրականություն արարելով՝ կյանքից հեռացար… «Աստծո հավերժատուն»։ Եվ, ուրեմն, դու շարունակում ես ապրել ներկա և գալիք սերունդների սրտում՝ քո քնարերգությամբ, կյանքում և հայ նորօրյա գրականության մայրուղում թողած լուսավոր հետագծով։
Այդ հավատով՝
Լյուդվիգ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
————————————————————-
Ա՛խր, Ջերմուկը քեզ սպասում էր…
Օրեր առաջ, երբ զանգահարեցի ու բուժումը շարունակելու համար հրավիրեցի Ջերմուկ, ասաց.
– Այս ամառ անպայման կգամ, սպասի՛ր։
Քանի-քանի ամառ իմ հյուրն էիր, թանկագի՛ն ընկեր, գալիս էիր, հոգով ու մարմնով կազդուրվում, ջրվեժի հեքիաթն էիր ունկնդրում, և ծնվում էր երգերի շարքը՝ ի խնկարկում հրաշագեղ իմ քաղաքի, որ ամռանը նաև քոնն էր։
Գիտեմ, Ջերմուկն այս ամռանն էլ քեզ կսպասի, բայց դու, ափսոս, այլևս չես գա։ Քո փոխարեն կհնչի երգը, որ ծնվել էր տարիներ առաջ՝ Արփա գետի ելևէջներով.
Դու իմ Դեբեդն ես՝ ի՛մ Արփա գետ,
Թող հավերժ հնչի երգս քեզ հետ…
Դու իմ Լոռին ես՝ իմ Վայոց Ձոր,
Քո գիրկն եմ տենչում ամեն բացվող օր…
Վարդգես ԽԱՆՈՅԱՆ