Ալիսա ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

ԱՐՑԱԽՍ
Աչքերս փակում եմ,
Դու հառնում ես
Քո ողջ շքեղությամբ,
Բացում եմ,
Քեզ կորցնելու սարսափը
Կլանում է ինձ։
Արցա՛խս,
Կանգնած աշխարհի կենտրոնում`
Խաչմերուկված մտքերս
Քո ուղին են բռնում,
Կանգնեցրո՜ւ ժամանակը,
Ամեն մի պահը
Քեզ այլևս չտեսնելու
Վտանգով է լեցուն։
Երջանկությունը
Պաշտոնաթող շրջում է
Անհասցե փողոցներում,
Անտուն մարդկանց հայացքներում
Արցունքները սառցե բեկորներ են.
Հույսը լալահառաչ կախվել է
Մտքերի պարաններից։
Արցա՜խս,
Ինչպե՞ս թույլ տվիր,
Որ պաշտպանդ` զինվորդ քաջ,
Արցունքն ու հառաչը
Կոկորդում սեղմած՝
Դողացող ձեռքով այրի
Պատվով կրած համազգեստը։
Իսկ շքանշաններն
Աղբամանում
Զգուշությամբ տեղավորելու
Ծանր պարտականությունը
Կրկին
Տարիներ ի վեր
Մեն-մենակ
Ընտանիքի առօրյա հոգսը
Ուսերին տանող կնոջ  բեռը եղավ.
Ամուսնու ձեռքը չգնաց…
Եվ կինն արցունքների միջից
Հավաքելով
Անքուն գիշերների,
Անհանգիստ օրերի,
Հավատի, համոզմունքի արգասիքը`
Դողացող ձեռքերով
Պահ տվեց անհայտությանը,
Այնպես, որ կողակիցը չնկատի։
Իսկ դժոխքի ճանապարհը երկա՜ր է,
Անտանելի՛ ծանր,
Սոսկալի՛ դաժան…
Շրջվում ես,
Մի ամբողջ կյանք
Մեռնում, մարում, չքանում է։
Ծննդավայրդ`
Քո ես-ին միախառնված,
Դարձած սրտիդ զարկը,
Չգիտես`
Հե՞տ է կանչում քեզ,
Թե՞ ասում է` գնա՜, փրկվի՛ր։
Իսկ ամիսներ շարունակ
Վառելիքի երես չտեսած
Ավտոմեքենաները
Ագահորեն դատարկում են
Խնայողաբար լցված վառելանյութը.
Ավտոմեքենանե՞րն են ակուշտ,
Թե՞  ճանապարհը։
Շուրջբոլորը ստվերներ են.
Գոյի պայքարում
Մեկը զենք է հայթայթում,
Մյուսը` դեն նետում.
Չգիտեն` փրկվելու համար
Տանե՞լն է ճիշտ, թե՞ թողնելը։
Երրորդն էլ
Մթության մեջ
Խելակորույս
Վառելիք է փնտրում,
Գիտի, որ չգտնելու դեպքում
Ընտանիքը կհայտնվի
թշնամու երախում։
Իսկ առջևում
Թշնամու ճիրաններում հայտնված
Հակարիի կամուրջն է,
Որտեղ թշնամին
Լպիրշ հայացքով
Զննում է մեքենան,
Քմծիծաղ տալիս
Եվ պատերազմներում մարտնչած
Հորդ, ամուսնուդ, եղբորդ
Մեքենայից իջեցնում`
Ոտքով քայլելու
պահանջով հիմար…
Հարազատիդ այլևս
չտեսնելու վախը,
Հեռվում թողած կարոտիդ ցավը,
Վիրավորանքդ,
Արհամարհանքդ.
Բոլոր զգացողություններդ
Միախառնվում են,
Եվ անճարակությունից
Ատամներդ սեղմում ես իրար.
Մեռնեի` չտեսնեի այս ամենը։
Բայց, Արցա՛խս, ինչպե՞ս մեռնել`
Քո ազատագրումը չտեսած,
Ապրե՜լ է պետք, ապրե՛լ`
Քեզ վերադարձնելու
համոզվածությամբ։
***
Հողի հիշողությունից
Ծանրացել է երկինքը։
Հերթերում
Կորչում էին ժպիտ,
Հաճոյախոսություն,
Խիղճ.
Արտասվում էին փողոցները։
Վերադարձրե՛ք
Պատերազմներում,
Հետպատերազմյան
ճգնաժամերում,
Հերթերի սպասումների մեջ
Կորցրած ժամանակը։
Անհաջող խաղից
Քանդվել է շոկոլադե ամրոցը։
Քացրավենիքը երազանք չէ,
Հայրենի՛քս,
Քեզնով պարուրված մտքերը
Շարունակում են լինել
Ամենաքաղցրը։
***
Ոտքերը քայլելուց չեն վախենում,
Վախենում են տեղ չհասնելուց։
Մտքերը երկինք չեն հասնում.
Քամու բերանն ընկած՝
Այս ու այն կողմ են թռչում
Եվ ուշաթափվում`
Նպատակակետին չհասած։
Աշխարհի բոլոր լեզուներով
Հնչեցրած կոչերը
Բացելու փոխարեն
Ավելի են ամրացնում
Պատմական հայրենիքիս
Դարպասները։
Փոքր Մհերի
Քարանձավից դուրս գալու
Ճիշտ ժամանակն է։
***
Ճշմարտությունը
Քարուքանդ եղած թաքստոց է
Անձուկ ու անհարմար
Քո բռունցքի համար, հայրենի՛քս։
Բառերն արժեզրկվում են,
Երբ մտքերը
Հաճախակի կաշին փոխող
Օձի են նմանվում
Եվ խեղդում
հիշողության պարանոցը։
Անընդունելի էր
Պատասխանատու
ժամանակահատվածում
Անպատասխանատու
Քայլերով առաջնորդվելը.
Տունտունիկ խաղալու
Ժամանակները
Վաղուց անցել են։
Հայրենի՛քս,
Անմիտ  պատճառաբանումներով
Քեզ խլեցին մեզնից
Եվ ճանապարհեցին
Անհայտ ուղղությամբ։
Ես բաց դարպասներով
Հայրենիք եմ ուզում,
Որ ներս մտնողներս
Տանտիրոջ իրավունքով
Բանալիներդ
Այլևս ոչ մեկին չտանք։
***
Արցախում
Ծնողներն իրենց երեխաներին
Դպրոց էին ճանապարհում՝
Նախաճաշիկի փոխարեն
Իրենց սերն ու օրհնությունը
Փաթեթավորած։
Իսկ դպրոցից վերադարձած
Դժգույն,
Օր օրի նիհարող երեխաներին
Ամուր-ամուր գրկում էին մայրերը
Եվ աղեկտուր արտասվում՝
Լուռ, հոգու աչքերով։
Հետո
Օրվա ընթացքում հայթայթած
Չնչին սնունդը
Խնայողաբար
Լցվում էր ափսեները,
Եվ օրն ունենում էր
Շարունակություն։
***
Օրն օրվան դիմավորում  է տխուր։
Անգամ մեղմ շշուկները
Գոռում-գոչումներ են դառնում
Մեր ականջներում։
Ներկան, անցյալի հուշերից
Սարսափահար,
Կծկվում է անհայտ անկյունում,
Որ տեսնող չլինի.
Արցունքների ծով է շուրջբոլորը։
Օրն օրվան ճանապարհում է լուռ։
***
Արցա՛խս,
Քեզ շատ ենք սիրում,
Բայց մեր սերը չտեղավորվեց
Նյութապաշտ աշխարհի գրպանում։
Եվ արյան ծովում
Լող տվեց սիրտդ,
Զրկվեց զարկերից
Եվ հանգչեց հողում…
Այնտեղ` քո զավակների կողքին,
Դու չես կորչելու։
***
Փողոցներն
Անօթևան մարդկանց դիմավորում
Եվ ճանապարհում են`
Հավատալով խղճի գոյությանը,
Իսկ խիղճը խեղճացած
Խղճահարությունից թաքնվել է.
Որոնումները շարունակվում են։
***
Նկուղների
Կիսաքանդ պատերի արանքում
Պահ առ պահ սպառում էինք
Մեր ներսի ավյունը…
Քնել ցանկացող երեխաների
Անքնության մարմինը ցավում էր
Փայտե սառը նստարաններին։
Նկուղների դիմաց
Իրենց հայրերին սպասող
Պատանիների հայացքները
Դժգունում էին
Ռումբերի չդադարող ձայներից։
Իսկ կանայք`
Դողացող ձեռքերով,
Աղերսն` աչքերում,
Շարունակում էին հավաքել
Մշտապես անհասանելի
Հեռախոսահամարները։
Հայրենի՛ք,
Քեզ դարձրել էինք
ԽՈՐՀՐԴԱՆԻՇ
Եվ փորձարկում էինք
Մեր ազգային
իմունային համակարգը։
Ուժեղ էինք մենք,
երբ քեզ հետ էինք։
Թո՜ւյլ ենք` առանց քեզ։
***
Կարելի է գժվել, երկի՛րս,
Գոյի պայքարում
Մոռացանք մեր ինքնությունը`
Քեզ,
Եվ կողպելով դռներդ`
Բանալիներդ  պահ տվինք քեզ,
Որ երբ գիտակցենք
Մեր կորստի չափը,
Քեզ վերադարձնելու պայքարում
Մոռանանք մեր գոյը
Եվ փրկենք մեր ինքնությունը` Քեզ։

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։