Տրիոլետներ
Աղմկել է պետք երևի հաստատ,
Որ հիշեն գործդ, որ քեզ նկատեն,
Որ քեզ էլ գոնե մի քիչ գնահատեն,
Աղմկել է պետք երևի հաստատ…
Չգիտեմ անկեղծ` դա լա՞վ է, թե՞ վատ,
Բայց ճշմարիտ է, նաև հարատև.
Աղմկել է պետք երևի հաստատ,
Որ հիշեն գործդ, որ քեզ նկատեն:
***
Չկշտացար եթե հացով մի պատառ,
Աշխարհն էլ տան` էլի քաղցած կմնաս,
Աչքդ այլոց սեղաններին հանապազ`
Չկշտացար եթե հացով մի պատառ:
Կսրբանա մամռոտ
քարն էլ քո հին տան,
Եթե նրա հարգն ու
պատիվն իմանաս…
Չկշտացար եթե հացով մի պատառ,
Աշխարհն էլ տան` էլի քաղցած կմնաս:
***
Հաճախ եմ սխալ ճամփով ընթացել,
Վատնել անօգուտ եռանդ ու կորով,
Ազնիվ երգերիս սուտ սեր խառնելով`
Հաճախ եմ սխալ ճամփով ընթացել:
Եվ սթափվելով ինքս ինձ խղճացել`
Արարչի առաջ լո՜ւռ մեղա գալով.
Հաճախ եմ սխալ ճամփով ընթացել,
Վատնել անօգուտ եռանդ ու կորով…
***
Երջանիկն այսօր ամենքից՝ ես եմ,
Կարող եք, իրավ, նախանձել դուք ինձ,
Երգեր են ծնվում դեռ հոգուս խորքից.
Երջանիկն այսօր ամենքից՝ ես եմ:
Վաղը ինչ կգա գլխիս՝ չգիտեմ,
Բան չեմ հասկանում օրվա դիվանից…
Երջանիկն այսօր ամենքից՝ ես եմ,
Կարող եք, իրավ, նախանձել դուք ինձ…
***
Տուն մի՛ կառուցիր ուրիշի՛ հողում,
Ուրիշի համար քրտինք մի՛ թափիր,
Դու հետք չես թողնի քո անցած ճամփին.
Տուն մի՛ կառուցիր ուրիշի՛ հողում:
Ես հայրենիքի հիմն եմ ներբողում,
Ում սիրով հոգիդ միշտ պիտի արբի.
Տուն մի՛ կառուցիր ուրիշի՛ հողում,
Ուրիշի համար քրտինք մի՛ թափիր…
Քառյակներ
Վճիտ աղբյուր, զուլալ ակունք չմնաց,
Սիրտ վեհացնող սիրո
բուրմունք չմնաց,
Մարդու հոգին դժոխքներից փրկելու
Աղոթքի խոսք,
անխաթար խունկ չմնաց:
***
Փուչ կդառնա կյանքդ, հիշի՛ր,
թե փողին ես ծառայում,
Մոռացած հաց արարողին,
գռփողին ես ծառայում,
Իշխան լինես, լինես արքա,
կնզովվես դարեդար,
Եթե ազգիդ շահը թողած`
ոսոխին ես ծառայում:
***
Երգերը` շա՜տ, գրքերը` շա՜տ,
բայց քանքարն է պակասում,
Խորախորհուրդ ու սրտահույզ
սիրո լարն է պակասում,
Ոսկե հորթն է դարձել կրկին
մարդու կուռքը ամենուր.
Վեհ Հույսերի ու Հավատի
Ոսկեդարն է պակասում:
***
Ձեր բախտը միշտ ձեռքում է ձեր,
ուրիշ տեղ մի՛ որոնեք,
Ինչպես Սերը երջանկաբեր,
ուրիշ տեղ մի՛ որոնեք,
Անմահ երգը ակունք առնում,
ծնվում է միշտ մեծ սիրուց,
Ձեր տանը սուրբ, օջախում ձեր,
ուրիշ տեղ մի՛ որոնեք:
Ութնյակներ
Իմ ջահել օրվա երազ,
Որտե՞ղ ես դու ծվարել,
Թևաբեկ իմ խեղճ թռչնակ,
Կարոտս դեռ չի մարել…
Ո՞նց էիր ելնում երկինք,
Սավառնում սարերն ի վեր,
Իմ սրտին ու իմ երգին
Պարգևում հզոր թևեր…
***
Մանուկ օրերին ինչ հեշտ էր, թեթև
Փայտե ձի հեծած երկինք սլանալ,
Եվ հեքիաթներից առած ուժ ու թև՝
Չար դևին հաղթած ետ վերադառնալ:
Հիմա, երբ գիտեմ, որ այս աշխարհում
Ո՛չ դև է ապրում և ո՛չ սատանա,
Ինչի՞ց եմ մեկ-մեկ
հանկարծ սարսափում
Հայրենի երկրիս գալիքի համար…
***
Բարձր սարի կատարներին
Միշտ էլ սառույց, ձյուն է մնում,
Գետերն էլ են մեռնում հաճախ
Եվ չորացած հունն է մնում:
Ժամանակը հոսում անվերջ,
Սակայն մարդը նույնն է մնում,
Կերած, հագած կորչում անհետ,
Լոկ կառուցած տունն է մնում…
Թանկ է նրանով
Ասում են` կուզե՞ս աշխարհ գալ նորից,
Նորից մանկանալ ու խաղալ անհոգ,
Ծաղիկներ քաղել այն սար ու ձորից,
Որ լի էր սիրով ու կախարդանքով…
Նոր վարած հողի բույրով խենթանալ,
Ջուր խմել լեռան աղբյուրի ակից,
Երազի թևով երկինք բարձրանալ,
Եղբայրը դառնալ հազարան հավքի…
Ասում են` կուզե՞ս աշխարհ գալ նորից,
Սիրահարվել այն չքնաղ աղջկան,
Որ տերը եղավ քո երազների,
Հոգուդ երգերի անտեղյակ վկան:
Ասում են` կուզե՞ս
անցնել այն ճամփան,
Որ քարքարոտ էր, սակայն հմայիչ,
Գուրգուրանքն զգալ
նորից մայրական,
Որ լուսավոր է անսահման ու ջինջ…
Կուզեմ, շա՜տ կուզեմ,
բայց ի՜նչ հրաշքով
Ետ գան դեմքերն այդ անցած, սիրելի.
Գուցե կյանքը հենց թա՛նկ է նրանով,
Որ մե՜ն-միակն է ու անկրկնելի…