ՕՄԱՐ ԽԱՅԱՄ / Քառյակներ

***
Դժբախտ իմ հոգի՛,
ճակատագրով վերուստ սահմանվա՛ծ,
Քեզ այս երկնի տակ
ամեն օր ցա՛վ ու տանջա՛նք է տրված:
Կյանքը ծիծաղում, չարախնդում է վրադ շարունակ,
Ու վիշտն աշխարհում
հենց քե՛զ համար է միայն ստեղծված:

***
«Պիտի ապրե՛լ,- ասում են մեզ գրո՛վ,
խոսքո՛վ սուրբ Ղուրանի,-
Ինչպես ապրեք, էդպիսի՛ն էլ հաջորդ
ձեր կյանքը կլինի»:
Ու անբաժան եմ ես գինո՛ւց,
ամենուրեք՝ սիրունի՛ս հետ,
Որ էսպե՛ս էլ զարթնեմ,
երբ գա օրը Ահեղ դատաստանի:

***
Պե՛տք է ապրել դեռ մեկուսի՛, մենավո՛ր,
Որ չքննեմ ձեր լավն ու վատն ամեն օր,
Որ նախ ինձնի՛ց, իմ հոգո՛ւց բան հասկանամ,
Հետո միայն դառնամ մարդկանց դատավոր:

***
Ամենամեծ նվաճումը պատմության մեջ մարդկության
Ո՛չ հաղթանակն է բախտի դեմ,
ո՛չ էլ անգամ՝ հենց մահվա՛ն:
Երկնային այն դատավորը ձեզ միավոր է տալիս
Լոկ այնժա՛մ, երբ ինքներդ ձե՛ր
դեմ եք հասնում հաղթության:

***
Չե՞ն տեսնում լավ գործերը քո-մոռացի՛ր:
Անդարձ թռչու՞մ են օրերը-մոռացի՛ր:
Լինո՛ւմ է, երբ քամին կյանքի մատյանում
Ո՛չ այն էջից է փչում-մի՛ մոռացիր:

***
Գուցե երկինքը մեր հանդեպ հետո անչար կլինի,
Ճակատագիրն էլ ո՛չ դաժա՛ն, ո՛չ անտարբե՛ր կլինի…
Բայց հարություն չեն առնի էլ
ընկերներն իմ թանկագին,
Կյանքը անցա՛վ, նրա ընթացքն էլ ետ շրջող չի՛ լինի:

***
Նա, ով աշխարհն այս նվիրել է լոկ երջանիկներին,
Սիրում է պատժել, իրար ետևից զարկել մյուսների՛ն:
Դու մի՛ վշտանա, որ ուրիշներից քի՛չ ես ծիծաղել,
Գոհ եղիր, որ քեզ քի՛չ են հարվածել,
քան ուրիշներին:

***
Մեր օրերում դու ընկերներ քիչ ունեցիր ինձ նման,
Շողոմ ստեր քիչ ականջիր,
շատ մի՛ ձգտիր ճանաչման:
Եթե խելքո՛վ շուրջդ նայես, կնկատես դու իսկույն,
Որ ում վրա հույս ես դրել, դավաճան է իսկական:

***
Արհամարհում եմ աղոթավոր այս երեսպաշտներին,
Կեղծավորների՛ն այս փայլուն,
ընտիր ավանակների՛ն:
Բարեպաշտության քողի տակ նրանք
հավատ են ծախում՝
Իրենց գործի մեջ գերազանցելով անհավատներին:

***
Ամեն ինչ գնվո՛ւմ է, ամեն բան վաճառվո՛ւմ,
Իսկ կյանքը մեզ վրա՝ բացահայտ ծիծաղում:
Մենք, ճիշտ է, զայրանում, վրդովվում ենք հաճախ,
Բայց, միևնույն է, դեռ գնո՛ւմ ենք, վաճառվո՛ւմ:

***
Գահին ես դու՝ հարո՛ւստ, հզո՛ր,
առանց չնչին հոգս ու ցավի,
Իսկ այս խեղճը՝ կարիքի՛ մեջ,
ճիրաններո՛ւմ ցուրտ ու սովի,
Սակայն շուտով այնտե՛ղ՝
մահվան դարպասներից անդին արդեն,
Դու, իհարկե, էլ նրանից ո՛չ մի բանով չես տարբերվի:

***
Թե չստացվեց հեռու մնալ թախծի մռայլ,
մութ ճամփեքից,
Եթե սև է արևը քո՝ անուրախ ու դառը կյանքից,
Իրենց բախտից դու հարցրու ճամփիդ
ելնող տարբեր մարդկանց
Եվ հաստա՛տ կմխիթարվես ձեր
գրեթե նույն վիճակից:

***
Կեղտի միջից մի օր ելար՝ դարձար իշխա՛ն:
Շուտ մտնելով նոր դերի մեջ, հիշի՛ր սակայն,
Որ ինքդ քեզ պատահաբար աչքով չտաս.
«Ո՛չ մի իշխան հավե՛րժ չէ, կե՛ղտն է մշտական»:

***
Ես գիտե՛մ այս աշխարհը, ուր
գողը նեցո՛ւկ է գողին,
Ուր վեճի մեջ իմաստո՛ւնն է
հաճախ պարտվում հիմարին,
Ազնիվ մարդուն ամոթանք է տալիս ինչ-որ սրիկա…
Իսկ մի կաթիլ խնդությունը՝ ձուլվում վշտի ծովերին:

***
Ահա միակ կրկներգը իմ իմաստության.
«Մի կյանք ունես, ազատությո՛ւն տուր միշտ նրան:
Խելոք բան է ծառն էտելը ժամանակին,
Բայց ինքդ քեզ կնդելն՝ արդյո՛ւնք հիմարության»:

***
Քեզ ընկերներ մի՛ որոնիր անկյուններում դու օտար,
Քեզ տրված բեռը մի՛ կիսիր
դու նրանց հետ հավասար.
Թող որ նրանք փորձեն իրե՛նց
բաժին հոգսերը հոգալ,
Մենա՛կ մնա. քո ցավերին ի՛նքդ գտիր դեղ ու ճար:

***
Տիեզերքն համայն մտովի տեսա ու շոշափեցի,
Մարդկային հոգու ճախրանքներն
ամեն ես ճանաչեցի,
Եվ, այնուհանդերձ, հայտարարում եմ
առանց կասկածի.
Այլ երանություն չգիտե՛մ՝ գինու վայելքից բացի:

***
Այն, ինչ Տերը սահմանել է ու մեզ տվել արդեն մի օր,
Չենք կարող ո՛չ պակասեցնել,
ո՛չ հավելել ինչ-որ բանով:
Դե ուրեմն, տեղի՛ն ծախսենք ինչ որ ունենք, բարեկամներ,
Առանց այլոց նախանձելու,
ո՛չ մեկից պարտք չխնդրելով:

***
Ի՞նչ է մարմինը քո, Խայա՛մ:
Ինչ-որ վրա՛ն, որտեղ հոգին՝
Թափառումի ելած մի խան, իջևանել է կեսճամփին:
Վաղը ճամփա կընկնի նորից, կշարունակի նա ուղին,
Իսկ մահն իսկույն իր ավա՛րը կհամարի վրանը հին:

***
Չէ՛, մահկանացուն երկնքի հանդեպ
վաղուց է պարտվել,
Հերթով կլլում է, խժռում բոլորիս հողը մարդակեր:
Դեռ կա՞ս, ապրու՞մ ես,
գուցե դրանով անգամ պարծենու՞մ,
Բայց, մեկ է, շուտով դու էլ կդառնաս
մրջյուններին կեր:

***
Չեմ վախենում մահից բնավ,
ոչ էլ իմ բախտը անիծում,
Իսկ դրախտի ունայն հույսով երբևէ չեմ մխիթարվում:
Ինձ միայն կարճ մի ժամկետով տրված
հոգին հավերժական
Սահմանված օրը,
ճի՛շտ ժամին ետ կտամ ես՝ հոժարակամ:

Թարգմ.՝ Լևոն ԲԼԲՈՒԼՅԱՆԻ
Պարսկերենից տողացիները՝
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆԻ

49 thoughts on “ՕՄԱՐ ԽԱՅԱՄ / Քառյակներ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։