ՏԱՐԵՄՈՒՏ
Մի քիչ բարիք բերես,
տարի՛, ու երազա՛նք,
(այսօր քիչն է միայն թվում հավատալի)
ես կտոնեմ հանկարծակի արևագալն
ու կործանումն անծայրածիր
խավարների…
Ես կտոնեմ վերադարձս դեպ տիեզերք,
դեպի աշխարհ վերադարձս
ինչ-որ կետից,
ուր կես քայլի, կես գոյության
հնար էր պետք,
ուր թրատված փյունիկի պես անթև էի…
***
Երևանի գիշերներում
լուսնի ափսեն է գլորվում…
Ռ. Հախվերդյան
Կար ժամանակ՝ մի երգահան
…լուսնի ափսեն էր գլորում,
հիմա դժվար երգ հորինվի
Երևանի գիշերներում…
Քանզի, ցավոք, պղծվում են
գիշերները լուսնի գալուն՝
հանդուրժելով «մարմնավաճառ»
գաղափարը մեր օրերում:
Խառնվել է ախտը մութին.
ի՞նչ է հունցվում անպարապուրդ
ու թույլ տալիս, որ կավատի
գործը ապրի վերածնունդ:
Եվ հիմնվի մի բուծարան
մարմնավաճառ աղջիկների,
որոնք չունեն, հի՜ն Երևան,
կարիքը քո խրատների…
Դու ամոթ ես ապրում ինձ պես
և անթաքույց մի վրդովմունք՝
մերկությո՜ւնը վայելչացրին
եթերահեղ գովազդներում…
Ու կանչում են քեզ, Երևա՜ն,
ակումբները գիշերային,
ուր խեղվում է, լռում Մուսան
աստեղնասեր երգահանի…
Կար ժամանակ՝ մի երգահան
«լուսնի ափսեն էր գլորում»…
Ե՜րգն ենք ըմպում՝ լո՜ւյսը նրա
և… այն ափսեն տրորում:
ՇՈՒՇԻ
Մինչև քեզ չտեսնեմ, Շուշի՛,
գրածս կեղծ կթվա,
չշնչեմ քո քամու փոշին,
օդիդ շուշեն չի՜ զնգա…
Մինչև քեզ չտեսնեմ, Շուշի՛,
չեմ ձուլվի քո մտքերին,
հնությունդ չեմ ճանաչի,
չեմ սերտաճի քո նորին…
Այնպես, ինչպես կուզենայի,
չեմ ճանաչի հերոսիդ,
ես հեռո՜ւ եմ քեզնից այնքան,
իսկ դու՝ շատ մոտ իմ սրտին…
Մինչև քեզ չտեսնեմ, Շուշի՛,
վերքերդ չեմ շոշափի,
չեմ ըմբոշխնի բույրը ծաղկանց
քո մամռոտած քարափի…
Ճերմակափառ եկեղեցիդ՝
ճերմակազգեստ հարսի պես,
թվում է, թե սպասում է ինձ
կերպարանքով վեհատես…
Եվ մարտնչող խրամատիդ
սրտի դոփյունն է սպասում՝
ինձ կարծես թե նախատելով.
– Դեռ չե՜ս եղել Արցախում…
ԿԱՐՈՏ
Քեզ կարոտե՜լ եմ, իմ տո՛ւն,
ինչպես կարոտում են մարդկանց,
երբեմնի կարոտիս պահատուն,
այժմյան կարոտիս հավելված…
Քեզ կարոտե՜լ եմ, իմ տո՛ւն՝
հուշատուն երեկվա հույսերիս,
կգնամ՝ դեռ կարոտս չառած,
տանջվելով, թե ինչու եմ լալիս…
Քեզ կարոտե՜լ եմ, իմ տո՛ւն,
ինչպես կարոտում են մարդուն…
***
Երազներիս՝ բարձր քարե պատերով
օտար ու խորթ քաղաքները չեմ սիրում.
այնտեղ չկա մի պատուհան ինձ սպասող,
ու ոչ մեկին հյուրընկալվել չեմ ուզում…
Արթնությունս թե մի փոքր ուշանա,
սիրտս կարծես դուրս է թռչում իմ կրծքից
և ուզում է ինձանից շուտ արթնանալ՝
ազատվելու օտարության հեղձուկից…
Ուր մնաց թե օտարությունը ընտրեմ՝
թույլ տամ լինի խեղաթյուրողը բախտիս
ու ճնշումից նրա դանդաղ քառատվեմ՝
մոռանալով անգամ լեզուն կարոտիս…
ՄՈՐՍ
Մայր իմ,
տոնդ է՝ չկաս…
Քո հեռվից անդառնալի
դարձյալ փորձում ես ժպտալ,
որ ցավս ողջ փարատվի…
Հիշվի ծիծաղ ու կատակ,
(որ պետք չեկան շիրիմիդ),
քո հեռվից ասես, որ կաս,
քանզի հյուրն ես մտքերիս…
Հետո տեսնես նույն հեռվից
կողքիս մի լուսանկար.
– Ըսիգ քեզի ո՞ւրտեղից,
ըստեղ ջահե՜լ եմ ինչքան…
Հետո չըսես, թե չկամ՝
ըդորից շատ կնեղվիմ.
ես արևի հետ կուգամ՝
մայր կմտնիմ լուսնյակին…
Ի՜նչ ես գլուխդ գցել՝
մերս չկա, հա չկա.
գիտեցի, օր մահը՝ հե՜չ,
քանի կարոտս կզգաս…
Հողքիդ հորոտ է բուսել
այցելուի կարոտից՝
փորձելով բույրդ զատել
կարոտներիս պարտեզից…
Ծանոթ բույրով զմայլված՝
ինչպես խենթուկ կանխահաս,
մահը քո բացառեցի.
– Մայր իմ, եղե՛լ ես ու կա՛ս…
***
Հենց նոր հասկացա,
որ մինչև հիմա սխալ եմ ապրել,
որ չկրկնվող իմ ժամանակի
իմ բաժին կյանքից ոչինչ չեմ ուզել:
Որ թևանժույգ կյանքս աննման՝
անվարան, անվախ կերպով սանձեի
ու սլանայի կայծակի նման,
ո՛չ թե Լեմնոսի ճամփան բռնեի…
Օ՜, Լեմնո՜ս, Լեմնո՜ս, Հիպնոսի կղզի,
ուր գետ է հոսում, գետ Մոռացության,
մի՞թե քո գրկում ես հայտնվեցի
իբրև վերջակետ իմ ոչնչացման:
Ես Մորփեոսի թևին չէի կարոտ,
ինձ թևանժույգ կյանքն էր հարկավոր՝
մի քիչ իրական, մի քիչ ամրաոտ,
իմ ինքնաճանա՜չ կյանքն էր հարկավոր…
***
Երբ ինձ ասեն՝ գտիր մի բան,
իր նմանը չունեցող,
ապա կասեմ՝ հովտաշուշա՜ն,
Ֆաբերժեի ձեռքերի ցող…
Որովհետև հրաշքների
հրաշքն է դա աննմանակ,
որ մետաղին դող է բերում
և մարգարտե շուշանափառք…