ՌԱԶՄԻԿ ԳԱԼՍՏՅԱՆ

ՌԱԶՄԻԿ ԳԱԼՍՏՅԱՆՀԳՄ վար­չու­թյու­նը
շնոր­հա­վո­րում է բանաստեղծ
ՌԱԶՄԻԿ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ
ծննդյան 70-ամյակի առթիվ

***

Կարսում պիտ գրվեր ազգս, անունս,
Կարսում պիտ հնչեր իմ սրտի երգը,
Այնտեղ պիտ ապրեր հանգիստս, քունս,
Այնտեղ ծովանար ավյունիս բերքը:

Սակայն տես, ահա, թեև այնքան մոտ,
Անհուն հեռու է Կարսն իմ հայրական,
Եվ գիրկընդխառն են մորմոք ու կարոտ.-
Կարսիս հասնելու ճամփաներ չկան:

Բայց բորբ հայացքս սրտիս մեջ նայում,
Խրախուսում է, որ դեռ դիմանամ.
Խենթուրախ խոհ եմ հոգուս մեջ փայում.-
Նրա փրկության լուրը… կիմանամ…

***
Նրանք կարող են ամեն ինչ անել`
Չերկյուղելով նույնիսկ Տիրոջից,
Սրբության հերկում սև որոմ ցանել,
Փողի տրցակով կյանք շեղել հունից:

Բախտը առանցքից կարող են շեղել,
Չարոց բաղձանքին տալ ձույլ կատարում:
Նրանք են ազգիս ծաղկունքը քաղել,
Նրանք են օրվա դեմքը խաթարում:

… Քաոսում ե՞րբ է եղել դաշնություն,
Ճշմարտությունն է լլկվում նորից…
Օ, դու մարդկային շուն-շանորդություն,
Հաչում ես վրաս ու չես լսում ինձ……

***
Ինչո՞ւ օրերն իմ ես անհոգ ապրեցի,
Ո՛չ արցունքիս, ո՛չ ծիծաղիս տեր չեղա,
Իմ գոյը ես խնջույքներում պարպեցի,
Սիրտ իմ, զուր են թե՛ հառաչանք, թե՛ մեղա:

Օտարի պես խաբեցի ինձ անհոգի
Ու տրվեցի անցողիկի հմայքին,
Կարող էի դառնալ հզոր մի ոգի,
Չճորտանալ կործանումի քմայքին:

Կլցնեի կյանքը հազար ծաղկունքով,
Տեսիլքների բուրումներով անթերի,
Եվ հիմա էլ մեղանչածի դառն խոսքով
Չէի ասի` կյա՛նք իմ, քեզ հետ ինչ արի…

***
Սրտիս մեջ բացված կակաչը, ահա,
Ուզում եմ պոկել, չեմ կարողանում,-
Արդյոք ո՞ւմ է պետք իմ սիրտը հիմա,
Որ չարչարում է, բզկտում, տանում:.

Չէ՞ որ մարդկային արցունքին բնավ
Չեմ նայել կյանքում, ախ, առանց ցավի,
Ապրած օրերիս աչքերն են խոնավ,
Թեև լքել եմ սիրտը անձավի:

Գուցե ծիծաղը շատ է աշխարհում,
Սակայն արցունքը շատ է առավել,
Անհուն տենչում եմ, չեմ կարողանում
Սրտիս մեջ բացված կակաչը… մարել:

***
Երբ ինձ կարոտես, և կարոտը քո
Սուրբ ակունք դառնա խինդի արցունքի,
Հավատա, սեր իմ, երկնքի ներքո
Տեր կլինեմ ես սիրո բարձունքի:

Օծված քո սիրով` կապրեմ օրերս,
Գիշերվա շեղբը սիրտս չի ճեղքի,
Երկինք բարձրացող սիրո հուրերս
Կմոխրացնեն բեռը մեր մեղքի:

Եվ մաքրագործված, անքեն ու անամպ,
Լույսի հեղեղով կըողողեմ քեզ,
Եվ կհասկանաս քո ջինջ էությամբ`
Ինչ մաքրամաքուր, պարզ եմ սիրում ես:

***
Հեռացար ինձնից, ինչ էլ որ տարար,
Խոստովանում եմ` ինձ համար թանկ էր,-
Հոծ բազմության մեջ կորցրինք իրար,
Եվ այդժամ սիրտս մի գուժկան զանգ էր:

Հուշերդ սակայն` իմ մասին միայն,
Ինչ ջրերի մեջ պիտի խորտակես,
Հող կճարվի՞ քեզ աշխարհում համայն,
Որ դրանք քեզնից հավերժ պարտակես:

Կամ, որքա՜ն պիտի կրես, դիմանաս,
Ծանրությանը այդ` ահռելի այնպես,
Որ իմ կորստի վիշտը հասկանաս,
Եվ գեթ այս անգամ… դու քեզ` չներես…

***
Ես իմ անցած
Ճամփաներին
Անուններ եմ
Դնում հերթով,
Որ բան է, թե
Հնար լինի
Ետ դառնալու`
Ճամփաս անցնեմ
Առանց նրանց
Շփոթելու…

***
Մարդը քնում է,
Երազն` արթնանում,
Միտքը մնում է,
Խորհողը` գնում:
Խինդը ցնդում է,
Հուշն է լոկ մնում:
Եվ ամենայն բան
Թե հոգի ունի,
Պորտից է սնվում
Հզոր անհունի…
Իսկ անհունն ի՞նչ է
Ժամանակի մեջ,
Ճանապարհ է մի,
Անունը` Անվերջ…

***
Ես քանի՜ տարի
Ինքս ինձ պեղում,
Անվերջ տարտղնում,
Սակայն այդպես էլ
Խորքիս չեմ հասնում,
Մինչ ժամանակը`
Անփույթ, աներես,
Ինձ տրվածից է
Բաժինն իր տանում…

***
Իմ հայոց բարդի,
Խոյանքիդ վրա
Ագռավներն ահա
Բույներ են հյուսել:
Եվ ձայնն իմ հիմա
Խեղդվում է նրանց
Լիրբ ու անզգամ
Կռկռոցներում…
Եվ չեմ հասկանում,
Թե ճյուղերը քո
Ինչու են նրանց
Մինչ օրս… ներում…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։