ՉՀՈՐԻՆՎԱԾ ՏԵՔՍՏԵՐ / Նորայր ՂԱԶԱՐՅԱՆ

Նորայր-Ղազարյան

Սֆինքսը

Սֆինքսը մի անգամ թեքվել է դեպի հետևի բուրգերը ու կրկին ուղղվել. բուրգերը թվացել են կանաչ թղթադրամների երկրաչափական կառույցներ:
Սֆինքսը լռության մեջ թաքցնում է ամենքի նկատմամբ իր արհամարհանքը:
Նա չի կարող հաղորդակցվել, և դրա մեջ է նրա ուժը, գոյին և չգոյին տիրապետելու գաղտնիքը:
Հավերժ անհաղորդ է սֆինքսը. հաղորդվեցիր` կերպարանափոխման վտանգ կա:
Ինքը լռելյայն հաղորդակցվում է բուրգերի հետ, որոնք մի անգամ նրան թվացել են կանաչ թղթադրամների երկրաչափական կառույցներ:
Սֆի՛նքսը, Սփի՛գսը:
Միակուսակցական բռնատիրության և դեմոկրատիայի` առյուծի մարմնով զավակը:

Գոյություն, որը չի համակարգվում
Այս կյանքը երևում է գնացքի լուսամուտից, որ թռչում է արագ: Չխկչխկում են ռելսերը,- ուրեմն ջահել տարիներ են կայարաններում: Չկա ոչ մի կանգառ, գծերը երկարում, հասնում են տունդրայի կայարաններ: Ինչպե՞ս ես ինձ պիտի երևամ տունդրայում, էլի՞ պիտի սերեր հիշեմ և զառանցանք…
Մի բաց լուսամուտից նայիր ու կյանքը տես. այնտեղ դու ես` կրկնակիդ հետ: Նա քո փոխարեն կյանքի հետևից բերում է ծանր հուշերդ և եղծված արյունդ:
Կյա՜նքը` սրճարաններին հարմարեցված: Այնտեղ դու ես, ճամպրուկիդ պաշարը` լուսանկարներդ սակավ, սպիտակ` որպես պատառոտված սավան:
Գնացքը մտնում է վեցամսյա գիշերներ, անիվները փաթաթվում են ձյունով: Հեռվում լսվում են անհայտ խազեր, և կրկնակդ խաչ է հանում:
Միշտ, ուր գնացել ես, դեմդ եղել են կանայք, առանց աչքերի` ամուսնացած, նրանք կանգառներում են, բայց չեն ուղևորվում:
Ինձ հանդիպած բոլոր աղջիկները հիմա ուղեկցորդուհիներ են, ներքնակներն այլևս չեն հավաքում, քանզի դրա իմաստն այլևս չկա:
…Անցած սերերին ինձ կապում է միայն անդուլ չխկչխկոցը:
Իմ կրկնակն է դեռևս հիշում կանանց, երբեմն` անուններով: Իսկ ես գլուխս դնում եմ ռելսերի բարձին:
Ուղեկցորդուհի կանայք, գլուխները հանած լուսամուտից, հեկեկանքով երգում են ու ձեռքով անում իմ կրկնակին:
Մնացյալ կյանքը այս անվերջ չխկչխկոցի ժամանակն է:
Իմ հոգին փակցված է ռելսերին:

Կանայք
Կանայք մարմիններ են, միայն մարմիններ և գործ չունեն հոգի կոչված դատարկության հետ: Շատ են սիրում կռնչյունը նախամարդու և նախաբառային խուլ բաղաձայնները:
Նրանք նյութանում են վայրկյանի մեջ` տղամարդկանց մղելով կուրության քարանձավը:
Կանանց մարմիններում ձգողությունը թաքուն է: Նրանք դառնում են աղորիք և աղում են աղացվելով: Կանայք սիրում են տաք ճահճից եկող թարմ հոսանքը: Նրանք օրվա բոլոր պահերին իրենց աղացված մարմնի թարմ հիշողության մեջ են:
Տեսողություն չկա կնոջ աչքերում: Նա տեսնում է շարժվող մարմնով: Տեսնում է միայն աղորիքը:
Աղացվելով նա ձուկ է դառնում` կնոջ անհիշողության ճիչերով:
Ամենաձիգ խոտերը փաթաթվում են նրա ոտքերին, երբ ավելի մանր է աղացվում:
Կանա՛յք, այո, կանա՛յք` աղացված ցորեն, մարմիններ` առանց աչքերի:
Նրանք սպասում են նախամարդու կռնչյունին, ամենախուլ բաղաձայններին: Ու երբ թույլ ժպտում են, ուրեմն իրենց բջիջներում կռնչյունը լսել են և պատրաստ են շարժման:
Լեոնարդո դա Վինչին կնոջ մարմնի պատրաստակամությո՞ւնն է առեղծված համարել:

Կառչած մի կետի
Խտացող մթան մեջ ես կառչած եմ մնում մի կետի, որն ինձ պահում է գոյության զգացումի մեջ: Ես գոյությունը զգում եմ խտացող, սևեռուն մթագնումի պահով, երբ շարժումները ուղղորդվում են դեպի ինքնության կոդերը:
Տղամարդու և կնոջ շարժումների կոդերը տարբեր բանալիների են:
Կինը իր ներքին գծերով ցանցապատում է տղամարդու աչքերը և նրան խորացող մահվան զգացումից դուրս է բերում կարթով, որը դիպուկ նետել գիտի միայն ինքը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։