ԲԱՆԱՍՏԵՂԾԸ ԽՐԱՄԱՏՈՒՄ*
ԼՈՒՍԱՄՈՒՏ
Այն պատին
Որ շարել են
Այս բանաստեղծության շուրջ բոլորը
Լուսամուտ եմ նկարում
Գուցե Աստված
Մանուկ ժամանակ
Գունագեղ ապակյա գնդիկ է թաքցրել
Հենց այս լուսամուտի ետևում
ՀԱՅՐԸ
Կես հայացք նետեց ոտքերիս
Ու ասաց
Տարբերություն չունի թե ինչպես ես գնում
Օդանավով
Գնացքով
Ձիով
Թե հետիոտն
Բոլոր դեպքերում
Ոչ շուտ կհասնես
Ոչ ուշ
Այս ճամփորդությունը
Մի ամբողջ կյանք կտևի
Ոտքով գնա
ՆԱՀԱՆՋ
Կեսգիշերին մոտ հասանք նրանց
Գալիս էին դիմացից
Ասացին
Վերադարձեք
Ասացինք
Վերադարձեք
Ոչ նրանք էին ստում
Ոչ մենք
ՊԱՏԵՐԱԶՄ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ
Որքան նման է
Կարճ բանաստեղծությունը
Խաղաղությանը
Իսկ երկարաշունչ նամակները
Պատերազմին
ՀԱՂԹԱՆԱԿ
Հաղթանակի բանաստեղծությունը
Անավարտ
Թողեցի սեղանին ու
Գնացի գերեզմանոց
Մրջյունները
Մի ընկերոջը հողին հանձնելու
Կարճ ժամանակահատվածում
Իրենց հետ տարան
Բանաստեղծությանս քաղցր բառերը
ԽՐԱՄԱՏՆԵՐ ԵՎ ԳԵՐԵԶՄԱՆՆԵՐ
Շատ բան չեմ հիշում
Մեր խրամատները
Դեմ առ դեմ էին փորել
Իսկ մեր գերեզմանները
Միմյանց կողք
Տխուր էր և
Մի քիչ ծիծաղելի
ԱՎԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Հայրս որ գնաց
Մի տուն քաղաքում
Ժամ առաջ
Նախքան ռմբակոծությունը
Ավերվեց
ՄԱՅՐ
Մայրս գնաց և
Հացը
Տան մարած թոնրում
Ամեն օր
Այրվում է
ԿԱՐՄԻՐ ՎԱՐԴԻ ԲՈՒՅՐԸ
Մինչև այն օրը երբ կար
Ձեռքերը բուրում էին կարմիր վարդի բույրով
Այն օրից երբ գնաց
Կարմիր վարդերը
Բուրում են նրա ձեռքերի բույրով
ԹԱՂՈՒՄ
Հորս գերեզմանին
Ինչպես երեխան հորի խորքում
Արտասվեցի
Մորս գերեզմանին
Ինչպես խելագարը հորի պռնկին
Ծիծաղում էի
Այդ օրը
Մայրս բոլորից թաքուն
Ինձ խուտուտ էր տալիս
ԱՌԵՂԾՎԱԾ
Ծեր իմաստունը
Ժպտաց ու ասաց
Մտածելով այս խնդիրը չես լուծի
Այս առեղծվածի պատասխանը
Միայն
Այն երեխաները գիտեն
Որ դեռևս
Լեզու չեն եղել
ԽՐԽԻՆՋ
Կեսգիշերին
Մի ձի եկավ երազումս
Հոգնած էր
Քնեց
Ես ամբողջ գիշեր
բանաստեղծություն էի գրում
Մութուլուսին այգաբացի
Արթնացավ
Ու խրխնջաց
Ձիերը երազում
Ման են ածում բանաստեղծներին
ԱՆՁՆԱԿԱՆ ԿՏԱՎՆԵՐ
Ճերմակ երազներս
Սպիտակ կտավին
Իսկ կյանքիս գորշությունը
Սև կտավին եմ նկարում
Այս երկու կտավները
Քույր իմ
Ոչ մի գնով չվաճառես
*Բանաստեղծությունները գրված են առանց կետադրական նշանների:
Պարսկերենից թարգմանեց
Էդուարդ ՀԱԽՎԵՐԴՅԱՆԸ