Արևը իր վրա էր վերցրել զարթոնքի բեռը: Փոքրիկ առվակներ դարձած հալվող ձյունը շտապում էր Կարնո դաշտի լճակ: Շամբը՝ դռները բացած, ոգևորություն էր ապրում: Ծովակի ափերը արդեն բզկտվել էին դեպի վեր ձգտող եղեգների ծիլերից: Ծովախոտի քնած արմատները արթնացել ու եղեգների արանքում տեղ էին փնտրում: Տարբեր հորիզոններից շամբ էին շտապում հազարաբույլ թռչունները և, նրանք երբ իջնում էին գետնին, հողը ծածկվում էր թռչունների բազմությամբ:
Նորածին գառնուկներն ու հորթերը դուրս էին վազում և խելագար վազքով սլանում դեպի մոտակա բլուրը: Աղավնիները զարմացած նայում էին աշխույժ եռուզեռին և էգին գրկած՝ երդիկից ներս մտնում:
Լճակին ամենամոտը Կարմիր վանք գյուղն էր: Գյուղի ձկնորսներն առատորեն օգտվում էին շամբի նվիրատվությունից: Որսած ծածանն ու կարմրախայտը հասնում էին նաև Կարին: Թռչունների երամներն արդեն տնավորվել էին, բայց արագիլները, չգիտես ինչու, ուշանում էին:
Դեպի շամբ հոսող առվակները գարնանը վարարում էին և վնասում տները: Գյուղը դանդաղ տեղավորվում էր գեղեցիկ, ծառաշատ զառիթափի վրա: Զառիթափի գագաթին կարմիր քարով կառուցված վանքն էր: Ավանդական և եկեղեցական տոներին վանքում էին հավաքվում հարևան գյուղերի ուխտագնացները, երգն ու պարը մինչ երեկո լցվում էր Կարնո դաշտ: Խունջիկ-մունջիկ աղջիկները, թաքցնելով աչքերը, գաղտագողի նայում էին կարմիր-կապույտ վերնաշապիկներով տղաներին: Այդ օրվա հայացքները աշնանը դառնում էին հարսանիք: Տեր Մարտիրոսը, չնայած հասուն տարիքին, հայտնի վաճառական Սահակ Քեհյանի հետ ըմբոշխնում էին հմայքը և հոգու խորքում հպարտանում վանքի կառուցմանը մատուցած նվիրատվության համար:
Տեր Մարտիրոսի ծոռնուհին` երեկվա աղջնակը, արդեն հարսնացու էր դարձել: Մահակի թոռ Թադեն, ընտանեկան մտերմության սովորությամբ, ամենօրյա այցելու էր: Սահականուշը նրան տեսնելով` թոնրատնից փախչում, օդայում թաքնվում էր: Թադեի գալուստը պարտադրանք էր նաև: Կարնո մեծ գաղթից հետո, տեր Մարտիրոսին հարևան էին դարձել երկու թուրք ընտանիք: Նրանց արդեն հասուն լամուկները հավ ու ճիվ, գառ գողանալուց բացի, ամենօրյա հսկողության տակ էին պահում քահանայի տունը` փայփայելով գեղանի Սահականուշին տեսնելու հույսը: Թադեի գալով` նրանք քաշվում էին իրենց տները:
Ձնհալի արցունքով ողողված առվակները քչքչալով վազում էին դեպի շամբ, թոնրատան երդիկներից բարձրացող ծխի քուլաները գլուլ-գլուլ ցրվում էին երկնքում, և նրանց սպիտակ հետքը ոլորապտույտ քամու բերանն ընկած՝ անհետանում էր ու մերվում արդեն հանգած աստղերի անգույն կրծքին:
Մինչ հանդ գնալը Թադեն, իրեն անհայտ մղումով, փոխեց ճանապարհն ու հայտնվեց տեր Մարտիրոսի բակում: Թոնրատան դուռը բաց էր, լողացող ծուխը հանդարտ, անշտապ փլվում էր ծառերի վրա: Աչքերը կծռտող քուլաները մի կողմ հրելով, Թադեն ներս մտավ ու նկատեց ծխի ամպի մեջ շվարած-կանգնած Սահականուշին:
– Ինչո՞ւ ես թաքնվել…
Աղջիկը շլմորվեց, այդքան մոտ երբեք տղամարդ չէր տեսել, աչքերը կախեց, ու երբ հարցը կրկնվեց, կեսշշուկ ասաց` «լամուկները… ուզում եմ ջրի գնալ, բայց…»:
– Կժերը վերցրա և գնա, ես կհետևեմ քեզ:
Սրտապնդված Սահականուշի բակում հայտնվելը թուրք լամուկին հույս բերեց: Նա շտապ քայլերով գնաց դեպի աղբյուրը: Սահականուշը, դողը զսպելով, մոտենում էր: Թադեն, տեսնելով թուրքի պատրաստությունները, արագացրեց քայլերը և աղբյուր հասավ այն պահին, երբ թուրքը խլելով կժերից մեկը, փորձում էր բռնել աղջկա ձեռքը: Սահականուշը չզգաց, թե ինչպես թուրքը թավալվեց ջրերի մեջ: Ակնապիշ նայում էր ցեխակոլոլ թուրքին: Թադեն, ջրով լցված կժերը ձեռքին, վայելելով Սահականուշի անաղարտ բուրմունքը, նոր միայն զգաց, թե ինչպիսի արագությամբ է սիրտ խուժում անսովոր բերկրանքը:
Երջանկության խառնարանը լցվում էր, իրար հանդիպող հայացքները սկսվող խոստովանության դուռն էին թակում: Արևաշողով կամրջվող առավոտը օրորվող երազի էր վերածվում և դեպի հոգին վազող պսպղացող երանություն պարգևելով՝ հավատի լեռ էր դառնում:
Առավոտվա մունետիկի թեթև շշուկով վանելով շփոթության ալիքները, նրանք նորից հանդիպելու հայացքներ դարձան:
Ճղճղացող լամուկի հաշմանդամ կանչերը թեև արձագանքվեցին, սակայն Թադեի լանջին կպնելով, դեղնած արտերի վրա կռկռացող ագռավի աղերս դարձան:
Տեր Մարտիրոսն ու Սահակը այգու խորքում նստած թեև հոգնած հուշերն էին կենդանացնում, սակայն սառը թան բերած Սահականուշի ճախրող աչքերը տեսնելով, վճիռ կայացնելու ճամփա էին բացում:
Կարմիր վանք գյուղի 25 հայ տները ներկա էին նշանադրմանը: Խնջույքն ավարտվեց ծեգին: Երկնքում քնած առեղծվածները, սակայն, տիրակալին հատուկ արարման կորած ժամն էին փորձում ետ բերել: Անողորմ պտտահողմի զգաստությամբ թառամած աչքերով բեյը, վայելելով առատ սեղանը, շրջվեց փառակալված հոգով լամուկի կողմն ու. «Հիմա գյավուրները հարս ու կին, աղջիկ ու փեսա շամբից ծովախոտ են բերում: Նրանց սովորությունն է, որ նորահարսը մինչև խանում դառնալը նախշավոր խսիր գործի: Դու էլ հայրիկիդ հետ գնա և խսիր պատվիրի, հետո արդեն, երբ ոտքդ կբացվի, կորոշես անելիքդ…»: Ներկաները շխշխկան հայացքով չափեցին բեյի խելքը, նրա արյունով կարկատած մտքերը փայլփլացող դաշույնի տեղ ընդունելով՝ փշրված երկնքի պատռվածքների մեջ ցեղին հատուկ դավադիր ժամապահ էին կարգում:
Ծերացած կեսօրվա հոգսերից ազատված տեր Մարտիրոսն այն է՝ ուզում էր ուղևորվել վանք, երբ հարևան թուրքը հեզ ժպիտով բարեմաղթելով, խորամանկ քոչվորին հատուկ զսպաշապիկ հագած արտաբերեց. «Մանաչեիս ականջը այս տարի կտրելու եմ, ուզում եմ ձեր ադաթով մի խսիր գործելու խնդիրք ասել, գուցե դա բախտավորություն կբերի անզուսպ լամուկին»:
– Բայց մեր տանը խսիրի պատվեր կատարող չունենք, գուցե ուրիշի դիմես…
– Չէ, չէ, մի՛ մերժի, դու էլ ես կանգնած այն ճամփին, որին ուզում եմ հասնել նաև ես: Ասում են, եթե նշանած աղջկա ձեռք է կպնում խսիրին, բախտավորությունը անպայման գալիս է, մի՛ մերժիր, դու աստծո մարդ ես, ես՝ ալլահի, մենք շատ լավ գիտենք ադաթների գինը, մի՛ մերժիր…
– Չեմ խոստանում, բայց կհարցնեմ,- ասելով տեր Մարտիրոսը դուրս եկավ բակից:
Թուրքը սառցակալած դժոխքից փախած ավազակի դողդողացող շուրթերով հետևեց նրան և մտնելով տուն, Մանաչե որդուն հիշեցրեց գալիք օրերի քայլերը:
Թուրքերը փութաջանությամբ, դեռևս համաձայնություն չստացած, մեկ սայլ ծովախոտ դարսեցին տեր Մարտիրոսի բակում:
Երեկոյան, ժամերգությունից հետո տուն վերադարձած տեր Մարտիրոսը շվարած կնոջն ու Սահակին պատմեց կատարվածը:
– Տեր հայր, նրանք ուրիշ ծրագիր ունեն, պետք է զգույշ լինել: Ավելի լավ է արագացնենք հարսանիքը: Սիրտս վատ բան է գուշակում:
– Հասկանում եմ միտքդ: Գուցե Սահականուշին տանենք Կարին, եղբորս տուն, մինչև կպատրաստվենք հարսանիքին:
– Դա ելք չէ: Մեր տունը նոր գործած խսիր կա, գուցե դրանով կկարողանանք պարզել նրանց մտադրությունը… Գիշերը Թադեն աննկատ խսիրը կբերի ձեր տուն, մի երկու օրից կանչիր թուրքին:
Երկիրը կարծես դանդաղ էր պտտվում: Ձանձրալի անձրևի նմանվող ժամերը քամու բերանն ընկած անտեր տերևի նման հեռանում էին: Թադեն կասկածները փարատելու նպատակով հազվադեպ էր այցելում տեր Մարտիրոսի տուն, նրան փոխարինողները ամենօրյա հսկողության տակ էին պահում թուրքերին:
Երեք օր անց, առավոտյան, տեր Մարտիրոսը խսիրը փռեց պարսպի պատին և կանչեց հարևան թուրքին:
– Դուռ-դռնակից ենք, տարբերություն չկա, թող այստեղ չորանա: Մանաչեն երեկոյան կգա, կտեղափոխի,- ասելով թուրքը հապշտապ հեռացավ:
Մարագում թաքնված Մանաչեն և համախոհները սպասում էին հարմար պահի:
Խլացած հնչյունները թեև տագնապեցնում էին Թադեին, բայց աղոթքով լցված օրը այլ խոստումներով խեղդում էր շարունակվող տագնապալից հեքիաթը: Երբեմն թվում էր, թե երկնքի մեղքերի տնակը փլվում է, և ավերվող փլատակների վրա ծիծաղող արևը այլ փայլ է ստանում: Արևը դանդաղ կծկում էր փեշերը: Հանդերում աշխատող քրտնաթոր հնձվորները պատրաստվում էին վերադարձի: Օրը վերջին հրաժեշտով տարված մոռացել էր շարունակությունը և ամպերի գերության մեջ թողնելով աստղերին, կարծես հավատում էր արցունքի գունատ կաթիլներ դարձած շիթերին:
Տխրամած ամռան գույների մեջ դեպի սայլերը եկող մի սև կետ էր երերում: Մեկ կորչում էր տեսադաշտից, մեկ էլ՝ հայտնվում:
Տեր Մարտիրոսի արնաշաղախ զառամյալ մայրն էր: Հազիվ արտաբերվող երկու բառեր լսվեցին:
Խելակորույս Թադեն մի քանի ձիավորներով սլացավ ամառանոց: Նկատելով կատաղի վարգով եկող հեծյալներին, Մանաչեն խսիրի մեջ փաթաթեց Սահականուշին, թաքցրեց խոտի դեզի տակ և զինված կանգնեց ճանապարհին:
Թադեի մահակի հարվածից Մանաչեն տապալվեց: Կաղկանձող նրա լեզուն ողորմություն էր հայցում: Հյուղակ առ հյուղակ փնտրտուքներից հետո հուսահատ Թադեն ու ընկերները կույր չղջիկի համառությամբ որոնում էին: Թուրք ամառանոցաբնակները պապանձվել էին: Հետո լաթերը վառվեցին, ամառանոցը լուսավորվեց և երբ վրիժառուներից մեկը այրելու համար վազեց դեպի խոտի դեզը, նկատեց գույնզգույն խսիրը:
Սահականուշն անշնչացած էր…
Լռության խեղդող ցավը՝ գամելով խելառ վրեժի պոռթկումները, պատառոտված երազից մի փոքրիկ ծվեն գուրգուրելով, հորիզոնի տեսիլքի վրա ջնջում էր նոր օրվա արթնացման հետքերը: ժամանակը անեծք էր թվում: Զառիթափին տեղավորված գյուղը կարծես թուխս էր նստել: Սարկապ ձորակում կչկչացող գետակը քչախոս դարձած՝ նմանվում էր կազմահան արված գրքի:
Ամպերի մեջ մի խելագարված աստղ էր դեգերում: Նրա մոլորված քայլերն ի վերջո մերվեցին ծխացող խարույկին ու ճարճատյունով լցված երկնքում մի փոքրիկ կայծի վերածվելով՝ սևացող հորիզոնի վրա իր հեռացումի երգը քանդակեցին:
ԽՍԻՐԸ / Հովհաննես ԶԱՏԻԿՅԱՆ
