Սաթենիկ   ՄԿՐՏՉՅԱՆ / «ԿՈՐՈՆԱՅԻ» ՄԻՋԱԿԱՅՔՈՒՄ ԵՎ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՀԵՏՈ

 

 

Այդպիսի մի զգացողություն…

Այդպիսի մի՞…

Ո՛չ, ոչ թե «այդպիսի մի» զգացողությություն, այլ՝ հենց ա՛յդ զգացողությունը՝ ծանոթ ու անծանոթ, մինչև կանգառում ավտոբուսից իջնելն իր մեջ հարատևող ու իրենից դուրս՝ ստվերի նման ամեն քայլափոխի առանց ամոթի իրեն հետապնդող և իրեն ամբողջությամբ գրկած ու հենց հիմա՝ ավտոբուսից իջնելուց հետո ինքն իր բոլոր ձևերը ջնջած ու իր տեղում անանուն ցավ արթնացրած «ա՛յդ» այրող զգացողությունը, որը հինգ տարի առաջ, ճիշտ այսօրվա նման, ոտքերին վազքով տանում էր դեպի տուն, իսկ սրտին` մտքի ձեռքին ապավինած սրտին, քաշում ետ ու անօգուտ ճիգով՝ առաջ չգնալու և տեղում մնալու համար կառչել տալիս աչքովն ընկած ցանկացած առարկայի… 

Եվ որքան էլ չգնալու նման գնար ու չհասնելու նման… Ի վերջո, պիտի հասներ անցած դարի վաթսունականներին անհաջող փորձով և գաղտնաթաքույց որոշումով ու մարդ-արարածին՝ «չանձնավորվելու հրամայականով», բայց, միևնույնն է, անձնավորվողներին տեղավորա՜ծ և «խրուշչովյան» հորջորջված, մարդավայել հարմարավետություններից շա՜տ հեռու, կողք-կողքի շարված և «լուցկու տուփերով լցված» քառահարկերից մեկին, ապա նաև իրենց՝ երրորդ հարկի երկսենյականոցին, որտեղ հինգ տարի առաջ, աշխատանքից տուն դարձած, պիտի կանգներ հանկարծամահ եղած… (և այժմ դարձյալ՝ ինչո՜ւ… ա՛յն խելահեղ վազքի ու հասնել-չհասնելու ցավի հանկարծական կրկնության բռնկո՜ւմը) և ամուսնուց հետո  անիմաստ ու «ընդարձակ մի տարածք» դարձած բնակարան. դուստրն այդպես էլ չցանկացավ պատշգամբում հարմարեցված իր «ննջասենյակը» փոխել մենակ մնացած մոր ննջասենյակի հետ… 

Ու հիմա ի՞նքը քառահարկին, թե՞ քառահարկն էր իրեն դարձյալ վանում իրենից, հիմա, երբ քառահարկ «խրուշչովկա» թե խելքից-մտքից դուրս առանձնատնե՜ր կորցրել են իրենց դերն ու նշանակությունը. երբ իբր քիչ էր երկիր մոլորակ ներխուժած մարդածին՝ իր անունն ու կերպն անընդհատ փոխող բացիլը, իրենք պիտի նաև դեմ առ դեմ կանգնեին մեկ այլ՝ իրենց իսկ  հոգիներից ներս ու հոգիներից դուրս չկատարվելիք-կատարվածների, չարահնար ու պարտադրված, ի սկզբանե պարտության միտված պատերազմի արդյունքում հազարավոր ու հազարավոր ծաղկահասակ երիտասարդների դաժան ու անիմաստ զոհաբերությանն ու գերեվարություններին, դարեր խոսվելիք անիրական-իրականության, «պետականություն» կապկող անտերության, շեկ ավազներց դուրս պրծած «կարա-կոյունլու»՝ սև ոչխարների՝ նավթահորերի մրով ու մազութով ներկված իրենց մռութները մի կերպ չուլ-փալասով լղոզած-«սրբած» ու նախկին տերերի տեղը գրաված, իրենց՝ չմարդկանց հազիվ հարյուրամյա չպատմությունը  պճեղներով դարերի խորքը հրել փորձող, իսկ «մեծ թուրան» երազող, նույն ավազներից  «ծլարձակված» «ակ-կոյունլու», և մշտապես դրանց՝ սևերին արհամարհող սպիտակ ոչխարների հետ դաշնակցածների դիմաց՝ իրենց ներսի թշնամի-անգետների ձեռքերով անտեր թողնված երկրի սահմանների ու անգիտաց հորինած «անկլավ»-ների, որ  անցած դարի յոթանասունականներին մոլլաների քարոզով՝ որպես հովիվ… մեղա՜, Տե՜ր, որպես չոբա՛ն՝ մի քանի գյուղեր մտած և «եղբայրությամբ» մեկ-երկու տարում «իրենց՝ քիրվաների»՝ հարյուրների հասնող «լամուկներով» լցրած, և այժմ տանտերերի իսկ անմտությամբ կամ պատմություն չիմացողների՞, իսկ գուցե և լա՛վ իմացողների և թշնամու դիմաց ստորաքարշ ու քսու ժպիտով, իր իսկ… ի՞ր…  բոլոր դեպքերում. գուցե և՝ ո՛չ իր ժողովրդին ո՛չ մի ճիշտ խոսք չասողի ու նրա՝ իրենց չպատկանո՜ղ՝ այլոց, նաև իրենց ու յուրայինների փողերին տիրացող «ուսապարկերի» երկրի տարածքներ… երկի՜ր նվիրողների, ՀԱՅՈՑ  ՄԵԾ  ՏԱՆ ընդարձակությունը մատնանշած ու արձանագրած «ԲԻՀԻՍՏՈՒՆՅԱՆ»՝ երկլեզու սեպագրերով աշխարհ զարմացրած ու այժմ դրանք «իրենց իսկ» չմարդկանց… հավանությամբ  ու լռությամբ  այլոցը համարելու, իրենց լույս մանուկների ուղեղները «լվանալ-մաքրելու» համար թշնամու… նույնիսկ «թշնամի» կոչվելու անարժան արյունարբու գազանի… գիշակերի՜ «երկրում» սեփական պատմությունն ու տարածքները, գիրն ու գրականությունը կեղծել-եղծելու, վերախմբագրելու միջոցով. «չի լինի հայ՝ չի լինի հայոց պատմություն»՝ երկիրն են ուզում… ուզո՞ւմ` ներխուժո՛ւմ առանց նախապայմանների, քանզի՜ սուրբ զանգակատան ձայնը լռեցնել ցանկացող… ցանկացողնե՜րը (դառնամ չողորմին տի տամ դրանց յոթը պորտ անցավորաց) ներսից են. սեփական… սեփակա՞ն որ, երկրում, և սեփական… սեփակա՞ն որ… ժողովրդի կողքին՝  ոստիկանապետությամբ «անվա՜խ ու հզո՜ր»՝ առանց զրահամեքենաների ու զրահաբաճկոնների քայլելը մոռացած կակղամորթե՜րը…

Եվ Մատենադարանի՝ իր աշխատասենյակից դուրս եկած կինը, վայրկյանների մեկ հազարերորդականի մեջ տեղավորելով հազարամյակների՝ երբևէ չմոռացվող ու խելագարեցնո՜ղ պատմությունը, ուր որ է պիտի  մխրճեր դեպի հյուսիս՝ Գայլ (Գեհոն, Քեսոն)  ու Փիսոն (Փասիս) և դեպի հարավ՝ Տիգրիս ու Եփրատ գետերի ակունքում ՏԻՐՈՋ  ՁԵՌԱՄԲ ստեղծվա՜ծ… Երբ… Երբ իրեն ու աշխատանքից վերադարձող մի քանի հարևանների ամենայն հավանականությամբ «շենքի պատին ծեփելու ակներև մտադրությամբ»  նախահեղափոխական մի ցեխոտ, ահռելի բեռնատար՝ խլացնող հռնդյունով ու բենզին հազալով, իր հնարավորությունները գերազանցող արագությամբ կանգ առավ հենց իրենց մուտքի դիմաց:

Ու մինչ կինը քայլ կաներ, բեռնատարի թափքում «ծլեցին» չորս ահռելի «ջանավարներ», որոնցից երկուսը, ներքև նետելով մեկական հաստաբեստ պարան, թռան ներքև ու թափքում գտնվող մյուս երկուսի նման պարանների ծայրերն սկսեցին փաթաթել ափերին, և երկուսը՝ վերևից, երկուսը՝ ներքևից, ուռեցնելով ճակատների ու վզերի երակները, սկսեցին դանդաղ ու ծանր ներքև իջեցնել 40-80-160 չափերի գորշ գույնի մի… արկղ: 

Կինը, առանց նայելու նրանց կողմը, մտավ մուտք, երբ մեքենայից իջածներից մեկը՝ ծանր շնչելով. 

– Կամ արագ բարձրացի՛ր կամ սպասիր մինչև…- փնչաց:

Խոժոռված նայեց նրան. «Տուն էլ իրավունք չունենք…»,- և արագ բարձրանալով մինչև երրորդ՝ իրենց հարկ, բացեց դուռը. «Ինչով էլ լցված լինի՝ բարձրացրածներդ էլ մի բա՜ն լինի»,- ու մտավ ներս: 

 

Թե որքան ժամանակ էր անցել, երբ ծանր հևոցներ լսելով՝ մոտեցավ դռան դիտանցքին ու զարմացավ, որ չորս «ջանավարները»՝ երկուսն առջևից՝ թիկունքով դեպի բարձրանալիք սանդուղքը, և երկուսը՝ սրանց դեմ հանդիման՝ ներքևից, հևալով նոր-նոր էին հասել երկրորդից-երրորդ հարկերն իրար միացնող հարթակին. «Այ քեզ բա՜ն»,- ու գնաց խոհանոց. շուտով աշխատանքից կվերադառնա դուստրը…  

 

Բայց շուտով ոչ թե դուստրը մտավ ներս, այլ իրենց հարթակից՝ ծանր… շա՜տ ծանր մի դրխկոց, որը նրան դարձյալ տարավ դեպի դռան «դիտանցք», և մի կնոջ՝ ուսին դրած տանելիք արկղը շրջապատած չորս հևացող տղամարդիկ…

Արագ մտավ խոհանոց և սափորով ջուր ու մի բաժակ վերցրած`դուրս եկավ հարթակ, որտեղ.

– Վա՜յ, մորքուր ջան,- ասելով՝ նրան դիմավորեց փնչացող-փնթփնթացողը…   

Ու մինչ նրանք շունչները ետ բերելով…

Աչքն ընկավ գորշ արկղին, որի վրա… 

Որի վրա դեռ երեկ առավոտյան ողջ-առողջ տեսած ու բարևած հարևանուհու հարթաքանդակ դիմանկարից ներքև՝ նրա անձը հավաստող տվյալներն էին և… 

Եվ հազիվ հենվեց պատին ու.

– Եեե՞՜րբ,- կակազելով ,- եեե՞՜րբ,- կրկնեց,-… և… և ինչո՜ւ…- ասաց:

– Չէ-չէ՜, մորքուր ջան, բան չի պատահել, չե՞ս տեսնում՝ ծնված թվի դիմաց միայն մի գծիկ կա և ոչ մի ուրիշ թիվ…

– Բայց… Բայց, ախր…

Ցանկանում էր ասել. «Բայց այդ դեպքում՝ ինչո՞ւ…»: 

Եվ բազրիքից բռնած՝ մի կերպ մտավ տուն… 

 

Մոռացել էր, որ շուտով աշխատանքից կվերադառնա…  

Մեխանիկորեն մտավ «պատշգամբ-ննջասենյակ» ու անուժ ընկավ դստեր մահճակալին, բայց դեռ ուշքի չեկած՝ վեր թռավ… ահռելի երկրաշարժից.

– Աաա՜հ…

Սակայն «երկրաշարժն» ավարտվեց այդ միակ «ցնցումով».    

 – Քաաա՜րը…

Որ, հենց իր… Հենց դստե՛ր «պատշգամբի» վերևում էին պատահաբար բաց թողել չարաբաստիկ… Բայց արդյոք պատահաբա՞ր… թե՞ կատաղա՜ծ…

 

Դուստրն այդպես էլ գտավ մորը՝ գունատ… գունա՜տ ու լո՛ւռ մորը:

– Ի՞նչ է պատահել, մա՛:

Գլուխը «ոչինչ»-ի ձևով տարուբերող մայրը,  ըստ երևույթին,  չէր ցանկանում տեղը զիջել դստերը, որը զարմացած նայեց նրան. «Հո հիվանդ չե՞ս»: «Իհա՛րկե՝ ո՛չ,- վստահեցրեց նրան մոր հայացքը,- իհա՛րկե ոչ, պարզապես մի քիչ հոգնած եմ, և ո՞վ չի հիմա մի քիչ ավելի կամ մի քիչ պակաս հոգնած. եթե կարելի է, մի քիչ պառկեմ էստեղ»: «Իհա՛րկե,- գլխով արեց դուստրը,- իհա՛րկե, պառկիր, եթե ցանկանում ես, պառկիր. հո էնպես չի՞, որ ինքը կտրականապես է դեմ մոր սենյակին»,- ու անցավ խոհանոց՝ մոր չսկսած գործն ավարտելու…

 

Իսկ մայրը՝ ամբողջ գիշեր փողոցի լապտերով «քունը կորցրած» մայրը, չէր էլ հիշելու իր չսկսած՝ ճաշի գործը դստերը թողնելու մասին. նրան ա՛յլ «ճաշեր» էին հուզում. այլոց եփած ճաշեր, որ «տաք-տաք»՝ եռմա՜ն… թափվում էին իրենց՝ «անտեր ու անհեր» մնացած ազգի, նույնիսկ ամբողջ աշխարհի գլխին ու… Ու խելագարեցնում բոլոր թույլ ու նկուն հոգիների՜ն… Հենց թեկուզ… Հենց թեկո՜ւզ… Հենց թեկո՛ւզ: Հե՛նց. քարի գաղափա՜րը. ո՞ր խելքը գլխին երկրում ու խելքը չթռցրած մարդը… մնացած մարդիկ էլ իրենց հերթին, իրենց ձևերով ու իրենց երևակայության չափերով կմտածեի՜ն այնպիսի արտառոց բաներ, որ փրկելու փոխարեն փորձեին երկիր… մի՞թե միայն իրե՛նց երկիր ներխուժած հիվանդության և հարազատ երկրի ներքին ու արտաքին ամենավախկոտ թշնամիների դիմաց ծնկի գալով՝ հենց թեկուզ՝ «քարատեր» կնոջ եղբոր նման երկու սենյականոց բնակարանի՝ երկու սենյակների… «սենյակների՜» դուռը կողպեքով փակելով հասակն առած քրոջ դեմ՝ ընտանիքով  փա-փա-փա-փախ-չել երկրից՝ այն ավելի շո՛ւտ անմարդ ու ավերակ դարձնելու համար… Որ քույրն էլ… Քարի՜… Անքարությա՜ն ահից…

 

Լուսաբացին… 

Լուսաբացի՜ն, հոգնած ու կարմրած կոպերի դիմաց. փա՜կ կոպերի դիմաց չորս կողմից սկսեցին ճարճատյունով ճաքճքել պատշգամբ-ննջասենյակի պատերը և դրանց միջով ներքև սողացին քարե… բազալտե՜ արմատներ. այ քեզ բա՜ն… մի՞թե վերևի քարատերը չի՞ լսում մահճակալի տակ տեղավորած քարի այս ճարճատյունները, մի՞թե…

Փորձեց սթափ կերպով վերլուծել իրավիճակը. իրավիճա՞կը… և… Քմծիծաղեց. ո՞ր իրավիճակը, եթե քարատեր վերևինի համար ի՞նչ իրավիճակ. ինքը՝ իր քարը, քարի վերաբերյալ իր… խելագար որոշումը, որն ավելի շատ այլոց և ոչ թե… Ախր, քարի վրա քնելը բոլորովին էլ քարի տակ քնել չէ. միայն թե… քարերի ու սարերի մեջ ծնված-մեծացած՝ վերադառնալիս քար չես դառնում, այլ՝ հող, որը ինչքան թեթև լինի, այնքան լավ… 

Իսկ բազալտե արմատները դեռ ճարճատյունով ու ծուռումուռ գծագրությամբ ակոսում էին պատերը…

Արևի առաջին ճառագայթների հետ սարսափահար կինը. «Տեր, քեզ մեղա՜,- բացեց ընդամենը մեկ վայրկյան փակած ու կսկծացաղ աչքերը,- Տե՜ր…»:

 Դուստրը դեռ քնած էր:

Մոտեցավ նրա համակարգչին, ինչ-որ բան գրեց, ապա տպիչով բազմացրեց գրածը, քանոնով առանձնացրեց դրանք և դուրս եկավ տանից…

 

Երեկոյան տուն դառնալ չցանկացող կնոջը դիմավորեց կողքի մուտքի երրորդ հարկի՝ իրենց պատկից երեքսենյականոցի տերը. իր աչքի առաջ ծնված ու մեծացած Հայկը՝ ձեռքին կնոջը ծանոթ թղթի մի երիզ .

– Տիկի՛ն Սիրան:

– Այո՛, տղաս: 

– Դուք առավոտյան մի հայտարարություն փակցրեցիք…

– Այո՛, մեր տան վաճառքի վերաբերյալ:

– Ես… Տիկին Սիրան, մենք ցանկանում ենք բարելավել մեր…

– Այո, Հայկ ջան, բայց տղաս, դուք գիտե՞ք, թե ինչու եմ ցանկանում…

– Չգիտեմ… Չգիտենք, բայց գլխի ենք ընկնում:

– Ե՞վ:

– Եվ՝ ոչի՛նչ: Մենք այդ փոքրիկ տարածքը կփակենք՝ մինչև դրա վերևի հատակին «հանգստացող»  քարը՝  տիրոջ հետ, կգրավի իր համար նախատեսված տեղը…

 

Եվ.

Եվ աներևույթ մի ձեռք կնոջ դեմքի վրայից սրբեց տանջալի գիշերվա մղձավանջային երազի ստվերները, ու նա հարևան Հայկի թիկունքում զարմանքով տեսավ մայր մտնող արևի՝ նորմեկեն դեպի երկինք բարձրանալը:                                                                                                     

21.12.21թ.

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։