Հանուն ինչի՞ / ՄԱՆԱՍԵ

ՄանասեՀանուն ինչի՞, գրողը տանի – կատարելություն –
հանուն ինչի՞,
երբ կողքիս, անմիջապես կողքիս` բուրմունքների եզրին
մի վարդ է վրիպում – էդ ծայրահեղ վարդից կատարյալ բա՞ն,
հանուն ինչի՞, գրողը տանի – կատարելություն –
հանուն ինչի՞,

երբ կողքիս, անմիջապես կողքիս` բողբոջների եզրին
մի պայթյուն է վրիպում – ու էդ պայթած կանաչից
կատարյալ բա՞ն.
փթթումների եզրին թարմություն է վրիպում, ու էդ զովքի մեջ
անթերի է ննջելը – զարմանքներիս եզրին մի
բացատ է վրիպում.

կատարյալ չէ՞, էդ բացատում թաքնվեմ` տեսնեմ ո՞նց եք
բարկանում, որ զարմանքից եմ ծնվել:
Հանուն ինչի՞, գրողը տանի – կատարելություն – հանուն ինչի՞,
երբ կողքիս, անմիջապես կողքիս` սեզառվույտների եզրին

մի խուճապ է վրիպում – կա՞ ավելի կատարյալ բան,
քան վրիպած կրակոցն է սեզառվույտների եզրին.
ախր, ինչի՞ համար կատարելություն, գրողը տանի, ախր, ինչի՞,
երբ կողքիս, անմիջապես կողքիս, փոթորկումների եզրին

ճայի ճչոց է վրիպում – կա՞ մի բան էս ճչոցից կատարյալ,
որ աքսորված երամից` թևածայրին ալիքներ է ցայտեցնում.
երբ ամպրոպների եզրին մի կայծակ է վրիպում,
փայլատակումը որսած հայացքից ի՞նչն է կատարյալ –

երբ տարափների եզրին մի բուռ անձրև է վրիպում
ու քշվում է մաղվելու` որտեղից որոտն է անցել –
ո՞ւմ սրտով չի, գրողը տանի, ո՞ւմ սրտով չի – սրանից
կատարյալ ի՞նչ խոսեմ – անձրևի ձևից ես գիտեմ,
թե ուշացած` ո՞ւմ դուռը կծեծի…

Կասե՞ք, որ էս է…: Եթե էսպես է, ախր, եթե էսպես է,
ո՞նց կլինի` կպել եք կատարելության, գրողը տանի,
հանուն ինչի՞, ասեք, հանուն ինչի՞ – ի՞նչ որոտներ կպայթեն
ձեր փթթումների միջից:

Երբ Ստեղծումի եզրին զոհողությունն է վրիպում,
ծերության մեջ մահացած Մեծարենցից կատարյալ բա՞ն –
տրտունջքներիս եզրին մի բողոք է վրիպում,
հոգնությանս եզրին` հիացմունք – թևածումներիս միջից

այն նույն ճայն է վրիպում – ու ինչ թեթև է ապրել
վրիպանքներիս կողքին:

***
Էդ ի՞նչ եք ախ-ախում: Քեզ ուղեկից բե՞ռ է դարձել լեզուդ,-հարցնում եք,
որ պատահած կանգառում դուրս ես գցում մարդկանց զարմացնելու,
թե նրանով ո՞նց կարող ես կառամատույց մաքրել ու դատարկ տեղը
տնկել բառիմաստների նոր չվացուցակ,
ամեն մի իմաստին մի շրջվածք տալով:
Մարդասիրությունս թույլ չի տա ձեզ հանգիստ թողնեմ:
Սկսում եմ ակամա.
– Ախր,- պատասխանում եմ,- ոնց ձեր ախ-ախելն է, իմ ու ձեր միջև ընդհանուրը
բառերն են, որովհետև տարբերությունը իմ ու ձեր միջև
առանց դրա չէր լինի:
Դուք չէիք ասի` մաքոքի քամի է ամեն ինչ – ես չէի ասի` ես մի քամի
ունայնացա:
Դուք չէիք ասի` ցրտից դողում եմ – ես չէի ասի` մի դող ցրտեցի, որ մի
աշուն տևեց, մի վախ դող առա, որ ձմեռ տևեց:
Դուք չէիք ասի` ապրում ենք… ու կանք – ես չէի ասի` մի մահ փրկվեցի:
Ձերն առաջվա պես` ես մարդ մնացի – իսկ ես ասում եմ` մի ամբողջ
վրեժ իմ դեմ կռվեցի, որ մարդ մնայի:
Ձերն առաջվա պես` զայրույթով ավերեցի – իսկ ես ասում եմ` աչքերիցս
մորեխներ թափվեցին, որ ինձ են խժռում:
Ձերն առաջվա պես` ես քեզ սիրում եմ – իսկ ես ասում եմ` այն, ինչ
ըմպում եմ քեզնից, հոգյակս, Երգ Երգոցից նոր կթած կաթ է:
Եթե դուք ասեք` հայացք գցեցի, ես պետք է ասեմ“հայացք բուրեցի:
Եթե դուք ասեք` քարկոծեք ինձ, ես ճյուղ եմ կոտրել, ես պետք է
ասեմ` մի զղջում խոնարհվեցի ջարդված ճյուղի պես:
Եթե դուք ասեք` սիրուհիս հպվեց մատներիս, ես պետք է ասեմ` նարնջի
բույր են զսպում մատներս, որ հպվեցին սիրուհուս:
Ձեզ ոնց էլ զսպեք` ուրիշ ձև չեք գտնի ինքներդ ձեզ հետ լինելու,
առաջվա պես կասեք` ստվերում ննջեցի.
իսկ իմ զսպածը առանց ինձ ուրիշ է` ես մի տերև քուն առա, կասեմ ես:
Դուք ինչքան էլ ուրիշ գայթելու ձև գտնեք – ձերն առաջվա պես է`
տխուր եմ, աշուն է…
մինչ ինձ վրա ինչքան զսպումներ են գայթում էսպես` մի աշուն ամպեցի,
մի ամպ մթնեցի, մի տխրություն ցրտեցի, մի եղյամ ճերմակեցի,
համբերեցի մի զարմանք, հնչեցրի մի վեհ լար:
Իմ ու ձեր միջև ընդհանուրը բառերն են, բայց, ախր, առանց դրա
մեր տարբերությունը չէր լինի:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։