«Ներկայից համ առնելու պատճառը թերևս լոկ այն է, որ այն խառնված է ապագայի համեմունքով»:
«…Ժամանակը ծնվում է աչքերում ընկալվածի մեջ»:
Հուլիո Կորտասար
«…Ձեր մտքերը մոդայիկ են, բայց անարժեք»…
Ֆրանսուազ Սագան
Ժամանակակից լինելու պահանջը ներքին մղում է դառնում և թելադրում իր ձևերն ու բովանդակությունները, իսկ ստեղծագործության ժամանակային թվագրումը կարելի է անել մի քանի չափանիշներով: Եվ այն, թե ինչ կստեղծի գրողը, մեծապես կախված է ժամանակակից ասվածի ընկալումից: Ժամանակակից լինելը որոշվում է ոչ այնքան կոնկրետ ժամանակաշրջանին բնորոշ «իրեղեն» վկայություններով, օրինակ՝ բառային նորաբանություններով, նույնիսկ պատկերներ ընտրելու և դրանք իրար հետևից դնելու, շաղկապելու ոճով (դա ավելի շատ արհեստ է, որ քիչ թե շատ շնորհալի լինելով՝ կարող ես սովորել), այլ ժամանակաշրջանի ներքին յուրացումով: Այս առումով կարևոր է թեկուզ որոշակի գրական գործ ստեղծելու դրդապատճառը, տվյալ միտքը, պատկերների տվյալ հաջորդականությունը տվյալ բանաստեղծի գլխում ծագելու՝ ժամանակով պատճառաբանվածությունը: Դա դըրսևորվում է մտածողության, խնդիրներն ընտրել-քննելու դիտանկյան մեջ: Այսպես կարող է գրել միայն նա, ով իրեն համարում է զարգացման հնավանդ շղթայի օղակ, ով փորձել է հասկանալ այլ օղակների հետ իր կապվածության տրամաբանությունը, ում համար այսօրը գաղափար է ու գերխնդիր, որովհետև արդեն պարունակում է վաղը, և ոչ երբեք նա, ով ժամանակի ճռճռան-փայլուն կաղապարն է տեսնում միայն: Երևի հենց այսպիսի ժամանակը նկատի ուներ Չ. Չապլինը, երբ գրում էր. «Ինձ զարմացնում են մի քանի քննադատների դիտողություններն այն մասին, որ իմ նկարահանման տեխնիկան հնավանդ է, որ ես չեմ քայլում ժամանակի հետ: Իմ տեխնիկան հղացվում է իմ մտքից, իմ տրամաբանությունից և տվյալ ստեղծագործությանը իմ մոտեցումից: Ես դրանք ուրիշներից փոխ չեմ առնում: Եթե արվեստագետը պարտավոր լիներ ժամանակի հետ քայլելու, ապա Ռեմբրանդտը Վան Գոգի համեմատությամբ վաղուց հնացած պիտի լիներ»: Այսօր մեր ժամանակի հանգը, գուցե մեր «Պոեզոզուռնան» ստեղծելիս պարտավոր ու մղված ենք նաև քննարկել մեր «Թուղթը՝ բանաստեղծ բարեկամին» կամ դրա ստեղծման հնարավոր անհրաժեշտությունը: Իմ հոդվածներից մեկում արդեն անդրադարձել եմ պատկերային համակարգի ու ժամանակի մտածողության կապին, որտեղ կարծիք եմ հայտնել, որ այսօրվա բանաստեղծության կառույցը ժամանակի հասարակական-գիտատեխնիկական արժեքներին ու ձեռքբերումներին բնորոշ ավելի թափառիկ ու ցիր աշխարհընկալման ու մտածելակերպի արդյունք է: Բայց հակասություն չի առաջանում վերևում հայտնածս այն մտքի հետ, որ ժամանակի ու պատկերային համակարգի կապն այնքան էլ ուղղակի չէ: Խնդիրն այստեղ դարձյալ խորքային ու մակերեսային պատկերացումների տարբերության մեջ է: Եթե կա ժամանակի խորքային, իսկական գաղափարը, ապա նոր միայն կարելի է խոսել ժամանակի ու պատկերային համակարգի ուղղակի կապի մասին: Հակառակ դեպքում ունենում ենք միայն հայելային-անողնաշար բանաստեղծություն, այսինքն՝ նաև մտածողություն, որտեղ արտացոլված են միայն արտաքին ձևերը: Ինչպես գեղանկարչության մեջ աբստրակցիայի կարող է դիմել միայն նա, ով տիրապետում է դասական արվեստին (հակառակ դեպքում նրա արածը միայն խզբզանք կլինի, որը, թվում է, յուրաքանչյուրս էլ կարող ենք անել՝ կտավ ու ներկեր ունենալով), այնպես էլ բանաստեղծության մեջ պատկերների անսովոր ընտրությունն ու դասավորությունը կարող է դիմանալ ժամանակի հոսքին միայն այն դեպքում, եթե այդ բանաստեղծությունը ոչ թե ընդօրինակված է կամ պարզապես չհիմնավորված ընդվզման արտահայտություն, այլ փուլ առ փուլ զարգացող մտքի որոշակի հանգրվան է, հարաբերական վերջնակետ: Միայն այս դեպքում հարաբերական վերջնակետը կպահպանվի պատմության մեջ, կվավերացվի իբրև արժեք՝ որպես հաջորդող ու նախորդող քայլ իրեն նախորդող ու հաջորդող հանգրվանների համար: Իսկ ժամանակին բնորոշ թյուր ըմբռնումները հիշվում են միայն որպես պատմության «հավելված»: Բայց ժամանակը սահմանելու խնդիրն էլ հենց ամենադժվարն է, եթե այն առհասարակ սահմանվում է:
Փարիզի համալսարանի Հիպերմեդիայի դեպարտամենտի պրոֆեսոր, փիլիսոփա Պիեր Լևին «Նոր տեխնոլոգիաներ և արվեստ» հոդվածում գրում է. «Ինչպես պատմության այլ բեկումնային շրջաններում, 20-րդ դարի արվեստը ևս ներկայանում է որպես անցյալի հետ արմատական խզում, իսկ արվեստագետի գործը՝ մշակութային խորին փոփոխության աղբյուր: Մարդ արարածի, ուրիշների և իր միջավայրի նկատմամբ նրա հարաբերությունների նոր սահմանումները հաճախ անբացահայտորեն ներկա են օգտագործված տեխնոլոգիական ընթացքների մեջ: Դրանք այն միջոցներն են, որոնցով նոր գաղափարները ներկայացվել են հասարակությանը, և փոխակերպվել է նրա մշակույթը: Մեր ժամանակների արվեստագիտական հեղաշըրջման սկզբից ևեթ արվեստագետները կանխագուշակում էին հաղորդակցության այն նոր տարածությունը, որ մենք այժմ փորձում ենք սահմանել: …Մարսել Դյուշանը իր աշխատանքում ներկայացնում էր չափման երեք միավոր՝ հուշելով, որ դիտման բազմաթիվ կետեր, ինչ-որ բան չափելու բազմաթիվ ձևեր կան, և որ մեզանից յուրաքանչյուրն ունի չափման իր միավորը: Թվում է, թե Դյուշանը կանխագուշակում էր գիտական հարացույցի փոփոխությունները կամ շարժվում էր դրան զուգընթաց գրեթե ամեն բանում, որ անում էր»: Իսկապես, երբ նայում ենք, օրինակ, Պիսարոյի այն շրջանի նկարները, երբ նա տարվել էր կետանկարչությամբ՝ պուանտելիզմով, և պատկերել առարկաները՝ որպես առանձին կետերի միավորում, ինչ ասես կարող է անցնել մեր մտքով. մի՞թե մի զարմանալի կռահումով նա ասես չի վրձնել պիկսելների ու մեգապիկսելների բաժանված մեր այսօրվա թվային աշխարհը…
Ի՞նչ ենք կռահում մենք այսօր մեր արվեստով: Այս հարցին պատասխանելն առանց այդ էլ չափազանց բարդ է, իսկ երբ գումարվում է նաև այն հանգամանքը, որ մենք չգիտենք էլ՝ «Պոեզոզուռնա» ենք գրում այսօր, թե՞ «Ամբոխները խելագարված», խճճվում ենք առհասարակ: Ճի՞շտ է արդյոք սկզբունքը, ուղին, որով ընթանում է այսօրվա բանաստեղծությունը: Հարցն, ինչ խոսք, մասամբ պարզունակ է, քանի որ փաստերն այդպես հեշտությամբ ու միանշանակորեն ճշտի ու սխալի չեն բաժանվում, այն էլ այնպիսի փաստերը, որոնք շարունակական գործընթաց են ենթադրում ու նաև ժամանակի ճշգրտում-սրբագրում: Այթմատովի «Կառափնարանի» հերոսը մի առիթով ասում է, որ ինքը գերադասում է այնպիսի ներկան, որի մեջ կա վաղը: Սա կարող է չափանիշ լինել երևույթների արժևորման համար: Ինչ խոսք, ասվածը չի ենթադրում, որ բանաստեղծությունը պիտի խեղդվի ապագայի մասին մտածմունքի, ռացիոնալության ճիրաններում և կորցնի կենսունակությունը, թրթիռը, թարմությունը, անմիջականությունը, ինչ-որ տեղ նաև անհետևողականությունը, որ բնորոշ է հույզին: Երբ խոսում ենք այն բանաստեղծության մասին, որը շարունակ զարգացող մտքի որոշակի հանգրվան է, նկատի ունենք այն վաղը, որը չի էլ ենթադրվում որպես ապագա, պարունակվում է մեկ ընդհանուր-ամբողջական ժամանակային ընկալման մեջ, արվեստագետի ընկալած ժամանակի մեջ: Իսկ այն թեկուզ փոքր չափով, սակայն այնուամենայնիվ համեմատելի է տիեզերական օբյեկտիվ ժամանակի հետ, որտեղ չկան երեկը, այսօրն ու վաղը: Դա ներքին զգացողություն է ու կենսակերպ, մտքի և հուզական աշխարհի հարաբերականորեն կայուն վիճակ, որի արդյունքը՝ բանաստեղծությունը, չի կարող իր խորքում, չերևացող շերտերում թեկուզ չպարունակել այն: Կարո՞ղ է գրողը լինել միայն իր ժամանակի քաղաքացին: Կարծում եմ՝ քիչ է նույնիսկ ժամանակային երկքաղաքացիությունը: Բայց գրողը, բանաստեղծը, որն ապրում է երկրային տարածաժամանակային կոնկրետ չափումներում, այդ չափումների անքակտելի մասն է, ուստի ժամանակային ըմբռնումը, նրա սահմանած ժամանակը և այն ժամանակը, որը կա նրա մտահայեցողական կռահման մեջ, կոնկրետ ժամանակային քաղաքացիություն ունեն: Սա բնական է և բնական ու հասկանալի լինելով՝ այնուամենայնիվ հաճախ տարըմբռնելի: Հարցը հանգում է «ժամանակակից»-ի ընկալման մասին վերևում ասվածին:
Ուրեմն ի՞նչ ժամանակ ենք սահմանում և նախասահմանում մենք այսօր: Հարցը հռետորական չէ և կարող է զբաղեցնել ֆուտուրոլոգների՝ ապագայագետների ուշադրությունը: Մեկ մարդու գիտելիքների և առհասարակ մտավոր ունակությունների ծավալը բավարար չէ հարցին պատասխանելու համար: Այստեղ պետք են գրականագետի, գրաքննադատի, սոցիոլոգի, մշակութաբանի, պատմաբանի ջանքերը: Իսկ որպես ուսումնասիրության լծակ, կարծում եմ, կարող է ծառայել մի հանգամանք: Մարդիկ սկսում են կրկնել իրենց, երբ լայն իմացությունների շրջանակը պտտվում է էության շուրջ, իսկ էությունը նաև այն է, ինչ մարդն իր համար որպես հիմնական է ընտրել՝ անթիվ իմացություններից մի որոշակի թիվ: Պարզ ասած՝ ինչի մասին որ մարդ շատ է «խոսում», դա նրա էությունն է:
Նկատե՞լ եք մի հետաքրքիր նմանություն (գուցե հարցն ավելորդ է, որովհետև գրելու եմ իմ սուբյեկտիվ ընկալման մասին, որի հետ ուրիշները կարող են բնավ էլ չհամաձայնվել): Ինչ-որ ընդհանրություն կա հայկական խոհանոցի, հայկական գորգերի ու հայկական տարազի միջև: Այդ նմանությունը հանկարծ հայտնաբերեցի հեռուստաէկրանին Սուրբ Սարգսի տոնի համար ծիսական ծառ ու անուշեղեն պատրաստող նկարչուհի Լուսիկ Ագուլեցուն նայելիս: Դա կարծես ձևի ու բովանդակության կապի օրինակ է: Դա այն ընդհանուրն է, որ կապում է ազգայինի ամենատարբեր բաղադրիչները, ընդհանրություն ստեղծում իրար հետ չառնչվող երևույթների միջև նույնիսկ: Այս շղթայում է նաև պոեզիան: Դա այն է, ինչ ինքնություն է կոչվում:
Բայց այս օրինակով մենք սահմանում ենք անցյալը, իսկ ներկան ու ապագան շեղվում են ավանդական շղթայից, բայց դուրս չեն մնում ինքնության ծավալից, որովհետև ինքնությունը շարունակվում է այնքան, որքան տևում է ազգի գոյությունը՝ առանձին ազգ լինի դա թե մարդկությունն ընդհանրապես: Բայց ազգի ինքնությունը կարող է խաչաձևվել, նաև լուծվել ինչ-որ համընդհանուր, գլոբալ ինքնության հետ: Տարբեր կլինեն միայն ինքնության ընդգրկունությունը, բովանդակությունն ու այն քննելու մոտեցումները, իսկ ինքնությունը բազմաչափանիշ է ու բազմադիտանկյուն: Ինչքանո՞վ ենք այսօր պահպանում ավանդական ինքնության տարրերը կյանքում ու գրականության մեջ, և որտե՞ղ են խաչաձևվում մեր ազգային-ավանդականն ու համաշխարհայինը: Քննելով գրականությունը, թեկուզ հենց միայն բանաստեղծությունը՝ կարող ենք պարզել ժամանակաշրջանին բնորոշ մի շարք սոցիալական ու գաղափարական իրողություններ: Բանաստեղծությունը կարող է մեզ օգնել՝ սահմանելու համար մեր այսօրը:
Բանաստեղծության մեջ այսօր կիրառվում է դեռ համր կինոյի վարպետ Գրիֆիտի բացահայտած հնարանքը՝ խաչաձև մոնտաժը: Պատկերներն ընդմիջվում են իրարով ու լրացնում են իրար: Բայց զուտ կինոյի, այսօր նաև բանաստեղծական կառույցի հնարանք լինելուց զատ «խաչաձև մոնտաժ» տերմինը կարող է բնորոշել տիրող գաղափարական իրականությունը: Շարունակ կրկնում ենք, որ մենք արևմուտքի և արևելքի խաչմերուկում ենք և անընդհատ փորձում ենք համատեղել երկու քաղաքակրթությունների արժեքները: Առկա՞ է դա մեր մշակույթում, մեր արվեստում. առկա է: Իսկ ի՞նչ բովանդակություններ են խաչաձևվում մեր այսօրվա բանաստեղծների գործերում, արևելյա՞ն, արևմտյա՞ն, թե՞ երկուսը միասին: Կա՞ այնտեղ այդ ընդհանուր բանը, որ բնորոշում էր ազգի ինքնությունը, թե՞ մեր ինքնությունն ըստ մեզ վաղուց արդեն ձուլվել է գլոբալ ինքնության հետ: Մեր այսօրվա բանաստեղծության մեջ վաղվա գլոբալ աշխարհ-պետությու՞նն է՝ բաղկացած անթիվ մանր հատվածներից, ծանրության կենտրոններից: Եթե հանենք արվեստի պայմանականության շղարշը, ապա կբախվենք կյանքի զարգացման հնարավոր մանրակերտ-սցենարներին: Այս բանը նույնիսկ ստեղծագործողն ինքն էլ կարող է չիմանալ, բայց ունենալ իր տարածաժամանակային համընդհանուր ըմբռնման, ենթագիտակցական պատկերացման հիմքում: Բազմաբեկոր բանաստեղծությունը այսօրվա բազմաբեկոր աշխարհի տարրերի հանրագումարն է, բանաստեղծություն-պետությունը, շարունակ սերտաճող աշխարհների կռահումը:
Պատասխանելով այս հարցերին, ձեռք բերելով իրական գիտելիք իր ժամանակի մասին՝ գրողը, բանաստեղծը կատարում է իր երկրորդ քայլը. ընտրում է զարգացման իր ուղին, ազգային ու համամարդկային ինքնության իր տարբերակը: Այսպես միայն նա կարող է ունենալ իսկական ստեղծագործական ազատություն, որովհետև ունի «ժամանակակից» ասվածը հասկանալու, ապա ներկայացնելու իր կերպը և չի ենթարկվում այդ հասկացության մակերեսային-առերևույթ մեկնաբանությունների ազդեցությանը: Դա արվեստագետի համար ստրկություն է, իսկ ստրուկ արվեստագետի ստեղծած «արժեքները» դժվար թե երկար ժամանակ գնահատվեն ազատության համար պայքարող մարդկության կողմից: Սահմանելով ներկա իրականությունն իր համար՝ արվեստագետն ընտրում է գալիքը՝ տարածաժամանակային հաջորդ չափումը, որտեղ պիտի ապրի իր գործը: Դա նաև բարոյական հավելյալ պատասխանատվություն է բերում: Միայն այս ամենի մասին խորհրդածություններից, մտավոր անդուլ աշխատանքից է ծնվում ստեղծագործական ժամանակի սկզբունքը, այն ժամանակի, որը նախ իր քաղաքացին է, ապա նաև ապագայի: Դա չապլինյան ժամանակն է, որտեղ կարևոր են դառնում ոչ այնքան ստեղծագործական մտահղացման տեխնիկական լուծումը, առերևույթ կողմը, այլ ժամանակի գեղարվեստական ու ոչ միայն գեղարվեստական մտածողության սկզբունքը՝ թելադրված ժամանակի ճարտարագիտական գյուտերից ու ներընտանեկան հարաբերություններից նաև:
Այստեղ ավելի շատ խոսեցինք արվեստագետի սահմանած իրականության ու ժամանակի սոցիալական ասպեկտի, այն էլ դրա մի չնչին մասի մասին: Արված հարցադրումներից և եզրահանգումներից յուրաքանչյուրը հպանցիկ է, միայն սկզբունքային դրույթ և առանձին վերլուծության կարիք ունի: Բայց որքան ծավալուն սոցիալական ու գաղափարական իրականություն է սահմանում արվեստը…
Շարունակելի…