Կյանքի 84-րդ տարում վախճանվել է ամերիկահայ ճանաչված գրող, հրապարակախոս, անգլերեն լեզվի և գրականության պրոֆեսոր Փիթեր Սուրյանը: Ծնվել է Բոստոնում, մեծացել Նյու-Յորքում, բնակվել է նաև Եվրոպայում: Ավարտել է Հարվարդի համալսարանի ռոմանական լեզուների բաժինը՝ տիրապետելով անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, գերմաներեն լեզուներին: Փիթեր Սուրյանն ակտիվորեն մասնակցել է Հայրենիքի և Սփյուռքի գրական-մշակութային կյանքին՝ եղել է «Արարատ» ամսագրի խմբագրական խորհրդի անդամ, «Անահիտ» գրական մրցանակի ժյուրիի անդամ, Կոլումբիայի համալսարանի Հայկական կենտրոնի տնօրենների խորհրդի անդամ: 2010 թ. դասախոսություններով հանդես է եկել հայաստանյան մի շարք բուհերում: Հեղինակ է բազմաթիվ պատմվածքների, երեք վեպերի՝ «Միրի» (1957), «Լավագույնը և վատթարը ժամանակներից» (1961) և «Դարպաս» (1965), ինչպես նաև էսսեների, գրաքննադատական և վերլուծական հոդվածների (մասնավորապես, նվիրված Վիլյամ Սարոյանի և Ֆրանց Վերֆելի ստեղծագործությանը): Հայաստանում հայերեն լույս են տեսել Փ. Սուրյանի մի քանի ստեղծագործություններ, այդ թվում՝ «Ընթրիք օտարների հետ» պատմվածքների ժողովածուն (2010), «Դարպաս» (2011), «Միրի» (2013) վեպերը և «Սպասումի մեկ դար» (2015) էսսեների ժողովածուն: «Լավագույնը և վատթարը ժամանակներից» վեպի շնորհանդեսը տեղի է ունեցել նրա մահից մեկ շաբաթ առաջ, Ավ. Իսահակյանի անվան գրադարանում: Փիթեր Սուրյանի հոգեհանգիստը տեղի կունենա Նյու Յորքի Սուրբ Վարդան եկեղեցում: Փիթեր Սուրյանը արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի և Սփյուռքի նախարարության «Վիլյամ Սարոյան» մեդալի: Հայաստանի գրողների միությունը խոր ցավակցություն է հայտնում գրողի հարազատներին և մտերիմներին: Ճանաչված գրողի, հրապարակախոսի, նվիրյալ հայի և անբասիր մարդու հիշատակը վառ կմնա նրա բազմաթիվ ընթերցողների, նրան ճանաչողների և գնահատողների սրտերում:
ՀԳՄ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
ՓԻԹԵՐ ՍՈՒՐՅԱՆ
ԳՐՈՂԸ ԵՎ
ՍՓՅՈՒՌՔԸ
Ես ամերիկացի գրող եմ և որպես հայկական սփյուռքի անդամ` հայ գրող եմ:
Սփյուռքը նորություն չէ մեզ համար: Մեր պատմության մեծ մասը ծավալվել է այս կամ այն սփյուռքում: Եվ, իհարկե, «սփյուռքյան» մեր պատմությունն առավելապես ծնունդ է ամենասոսկալի դժբախտությունների:
Սակայն հայոց ցավից հեգնաբար սկիզբ առած իրական և ենթադրյալ որոշ անկանխատեսելի բարենպաստ իրողություններին անդրադառնալը բնավ չի ենթադրում անհարգալից վերաբերմունք մեր այն նախնիների հանդեպ, որ տուժել են անդառնալիորեն:
Եվ եթե այսօր, չնայած միայն համեմատաբար վերջերս, Հայաստանի կառավարության կազմում Սփյուռքի նախարար կա, հայ ժողովրդի հեգնական այդ արժեքի թե՛ նյութական և թե՛ հոգևոր առումով լռելյայն ճանաչման արդյունքն է: Ինչն, իմ կարծիքով, խելամիտ որոշում է, որ ընդլայնում է, և դա, փաստորեն, իրականում այդպես է, աշխարհագրորեն փոքրիկ հայոց պետության սահմանները, ազդեցության ոլորտը և կարևորությունը:
Այսօր ցանկանում եմ այդ թեմայի շուրջ խոսել անուղղակիորեն, իմ մասին` որպես գրողի:
Իմ հեղինակած «Դարպաս» վեպում հատված կա մի կերպարի մասին, որ սքողված կերպով ենթադրում է պապիս` Միսակ Սուրյանին, որին երբևէ չեմ տեսել: Ներկայացված է այն պահը, երբ նախկինում կորովի և եռանդուն տղամարդը ցեղասպանությունը վերապրելուց հետո անսպասելիորեն կրկին հայտնվում է Կոստանդնուպոլսում. «Սարգիսը բացեց դուռը: Շեմին մի տղամարդ էր կանգնած` կոկիկ, բայց մաշված հագուստով, որ ընդամենը շապիկ էր և անգոտի անդրավարտիք: Հայրն էր: Դեմքը, որ կարծես ավելի լայնացել ու նիհարել էր, թխացել, խորակնճիռ կռու պոպոքի էր նմանվել, աչքերի սպիտակուցները մեծացել էին: Կանգնել էր անշարժ և սարսափելի հոգնած տեսք ուներ»:
Վեպի հերոս հայրը պապիս պես, նախքան թուրք ոստիկանների կողմից հենց եկեղեցուց 1915 թվականի սեպտեմբերյան մի օր առևանգվելը, հայկական լրագրի խմբագիր էր Կոստանդնուպոլսում: Ինձ պատմել են, որ 1919 թվականին Անատոլիայից Կոստանդնուպոլիս վերադառնալուց հետո պապս տասնվեցամյա ապագա հորս ուղարկել է Ամերիկա, որպեսզի ազդեցիկ լրագրող դառնա, Պոլիս վերադառնա և որպես գրող ծառայի Հայաստանին` զենքի փոխարեն ձեռքն առնելով Բառը:
Բայց հայրս` Զարեհ Սուրյանը, այդ պատվիրանը չի կատարել: Նոր Աշխարհում միառժամանակ պայքարելուց հետո նյույորքցի ճարտարապետ է դարձել: Եվ չնայած երբեք չի ակնարկել, թե ուզում է, որ ես գրող դառնամ, հիմա, երբ վերհիշում եմ մանկությունս, զգում եմ, որ նա անխոս, լռելյայն, գուցե նույնիսկ խորհրդավոր կերպով, կարծես ենթագիտակցաբար ինձ է փոխանցել իր փայփայած հույսը, թե ես հենց այդպես էլ կվարվեմ, կանեմ այն, ինչ ինքը չի արել, և որ մի օր մեկը կլինեմ նրանցից, որ Ֆրանց Վերֆելի բառերով, «բարձրաձայնելու են համրերի, խեղված երեխաների…» մասին, որ փորձելու եմ համեստորեն կրել հայոց «անըմբռնելի ճակատագրի» վկայությունը…
Ելույթ Օտարագիր հայ գրողների 4-րդ
համաժողովում,
Երևան, 12 հոկտեմբերի, 2011 թ.
ԹԱՏՐՈՆԸ ՍԿԻԶԲ Է ԱՌՆՈՒՄ ԿՐՈՆԻՑ
1930-ականների վերջերին, երբ նյույորքցի ճարտարապետ Զարեհ Սուրյանի որդին՝ Փիթերը, հինգ կամ վեց տարեկան էր, Կալիֆոռնիայից նրանց հյուր է գալիս Վիլյամ Սարոյանը և մինչև հայրը տուն կվերադառնար, խաղում ու զրուցում է Փիթերի հետ: Մի պահ, մտքերով տարված, նա հարցնում է՝ «Ինչի՞ց է սկիզբ առել թատրոնը»: «Կրոնի՛ց», – արագ վրա է բերում փոքրիկը:
Այդպիսին էր Փիթեր Սուրյանը՝ անկեղծ, անմիջական, խելացի, սկզբունքային, բազմագետ, բարի, օրինապաշտ, հայրենասեր և հայապաշտ:
Որպես հրաշալի գրող և գրականագետ վաղուց արդեն հայտնի թե՛ Միացյալ Նահանգներում և թե՛ այլ երկրներում, Փիթեր Սուրյանը մեծագույն անհանգստությամբ ու պատասխանատվությամբ, նաև ինքնահաստատման սպասումով էր ցանկացած ստեղծագործությունն ու վեպը ներկայացնում հատկապես հայ ընթերցողին: Հիշում եմ, թե քանի՜-քանի անգամ փոխվեցին «Ընթրիք օտարների հետ» պատմվածքների և «Սպասումի մեկ դար» էսսեների ժողովածուների ցանկերը: Եվ ինչպե՜ս էր արձագանքի սպասում «Դարպաս» և «Միրի» վեպերը հրատարակվելուց հետո (բարեբախտաբար, դրական արձագանքները չուշացան): Եվ քանի՜ցս ամերիկահայ գիտնական Արամ Արքունի հետ համոզեցինք հայերեն հրատարակել «Լավագույնը և վատթարը ժամանակներից» արժեքավոր վեպը, մինչև, գուցե վերահաս մահը զգալով, մեկ տարի առաջ ինքն առաջարկեց թարգմանել այն, որի շնորհանդեսը տեղի ունեցավ անդառնալի կորստից ուղիղ մեկ շաբաթ առաջ:
Գրքի շնորհանդեսին բոլորը մեծագույն սիրով ու հարգանքով էին հիշում նրա այցելությունները Հայաստան, երբ դասախոսություններ կարդաց Երևանի պետական, Բրյուսովի անվան, Արցախի Նարեկացու անվան համալսարաններում, Գյումրիի մանկավարժական ինստիտուտում, ելույթներ ունեցավ Օտարագիր հայ գրողների բոլոր համաժողովներում, հանդիպումներ՝ գրողների և ընթերցողների հետ:
Հրաշալի ստեղծագործողը, հրաշալի մարդն ու հրաշալի հայը հավատարիմ եղավ իր կոչմանն ու ավարտեց առաքելությունը, իր բառերով ասած, «որպես գրող ծառայելով Հայաստանին` զենքի փոխարեն ձեռքն առնելով Բառը»:
Արամ ԱՐՍԵՆՅԱՆ
ՄԵԶ ՍՊԱՍՈՂ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՍՈՒՐԵԱՆԸ
Ամբողջական կեանք ապրեց Փիթեր Սուրեանը՝ ծագումով հայ, հայութեան խնդիրներին սրտով ու հոգով կարեկիր, ամերիկեան գրականութեան մէջ յետագիծ ձգած արձակագիրը: Նա վիպասան էր, փորձագրութեան վարպետ, գրականութեան պատմաբան:
Անցեալ դարի 50-ական թթ. Ամերիկայում ապրող յոյն հերոսների կեանքն ու ամերիկացիների հետ յարաբերութիւնների քննութիւնը նա բացայայտեց այլաբանօրէն՝ Միրիի ¥1957-ին լոյս տեսած համանուն վէպի հերոսուհին¤ եւ իւրաքանչիւր յոյն այլ հերոսի մէջ տեսնելով հայի՛ երազը, հայի՛ բաղձանքը, հայի՛ սէրը: Նոյնիսկ մեզ թւում էր, որ Փիթեր Սուրեանը՝ աշխարհին բացուած մեծ աչքերով այդ բարձրուղեշ պատանին, գուցէ դրանով էլ արժանացել էր Ուիլեամ Սարոյեանի սեւեռուն ուշադրութեանն ու հաւատին, թէ իրենից յետոյ գալու են նորերը՝ հենց Փիթեր Սուրեանի նման մարդիկ:
Խորքի մէջ այսօր, երբ ամբողջացաւ նրա կեանքն ու ստեղծագործական տառապանքը, կարելի է իր իսկ բառերով ասել, որ Սարոյեանից յետոյ երկրորդ արուեստագէտն է, որ խորաքնին «ընթրիքի», այսինքն՝ իմաստալից զրոյցի է նստում «օտարների հետ», յաճախ օտարի, յաճախ հայի զգացումներով ու ճանաչողութեամբ:
Սիրելի՛ Փիթեր,
Ինձ նոյնիսկ թւում է՝ դու չես էլ հեռանում մեզնից. այսօրուանից քո ընթրիքը մեզ հետ է, որը կենսական անհրաժեշտութիւն է առաջին հերթին մեզ համար, իսկ քո տուածի համար այսքանը կասեմ առայժմ՝ վարձքդ կատա՛ր:
Սուրէն ԴԱՆԻԷԼԵԱՆ
ԱՆՇՐՋԵԼԻ ՎԵՐԱԴԱՐՁ ԴԷՊԻ
ՀԱՅԱՇԽԱՐՀ
Մահացել է ամերիկահայ օտարագիր գրող Փիթեր Սուրեանը: Արդէն գիտէինք, որ հիւանդութիւնը նրան գամել է անկողնուն, բայց միեւնոյն է, ցաւը դրանից չի մեղմանում: Բանն այն է, որ գրականութիւնից զատ այս պարագային հիմնարար դեր է ստանում անմիջական ծանօթութիւնը:
Եթէ խօսելու լինենք Փիթեր Սուրեան մարդու ու հմայիչ տիպարի մասին, կարող ենք նկատել, որ վերջին տարիներին նրա Հայաստան պարբերական այցելութիւնները մի տեսակ անհրաժեշտութիւն էին դարձել գրական շրջանակների համար, երեւոյթի արժէք ձեռք բերել: Ու հիմա «տեսակ մը կարօտով պիտի յիշենք» այդ «լաւագոյնը ժամանակներից»: Եւ, կարելի է ասել, սա երկուստեք յայտնութիւն էր. ամերիկեան գրականութեան մէջ արդէն անուն հանած գրողն իր համար կեանքի համեմատաբար վերջին շրջանում յայտնաբերել էր իր ու իր ժողովրդի անմիջական կապը, իսկ մենք՝ հայրենի ընթերցողներս, շնորհիւ նաեւ նրա գրական ներքին շերտերին ու խորքին հաւատարիմ թարգմանիչ Արամ Արսէնեանի, նրա գրականութիւնը ճանաչելու հնարաւորութիւնը:
Փիթեր Սուրեանը այս հետաքրքիր կապուածութեամբ թերեւս լուծում էր իր կեանքի ու գրականութեան գլխաւոր թնճուկներից մէկը՝ ինքնութեան խնդիրը, որը ամենատարբեր երեսակներով երեւան է եկել նրա «Միրի» ¥”Miri”, 1957, հայերէն թարգմ.՝ 2013¤, «Դարպաս» ¥”The gate”, 1965, հայերէն թարգմ.՝ 2011¤ վէպերում, «Ընթրիք օտարների հետ» պատմուածքների ¥2010¤ եւ «Սպասումի մէկ դար» էսսէների (2015) ժողովածուներում ¥վերջին երկուսը՝ թարգմանչի նախաձեռնութեամբ կազմուած¤:
Այնպէս որ, գրական վայելքի «դարպասները» բաց են, եւ գրողի ներկայութիւնը հայաշխարհում այլեւս անշրջելի է:
Քնարիկ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ