***
Գրքերում, թերթերում, եթերում
Շատացել են, նայի՛ր, բութերը,
Որ արդեն լեզու են քրքրում,
Խոցում են մեր միտքն ու աչքերը:
Ով ասես գրիչ է վերցնում,
Ով ասես մտնում է ասպարեզ,
Բութերը աջ ու ձախ շռայլում,
Բութերը դնում է ուր ասես:
Գրչակը դարձել է բանաստեղծ,
Համբակը՝ լեզվաբան մի մոլի…
Ա՜խ, կարծես հաշտվել են
փոքր ու մեծ
Բութ խաղին մեր այս բութ օրերի:
Ու հիմա ամեն տեղ վխտում են,
Ամենքին իշխում են բութերը…
Թվում է՝ մեզ մեզնից խլում են,
Թվում է՝ էլ մենք չենք մեր տերը:
***
Դատարկություն, դատարկություն ու
թախիծ,
Ու պաղ արև, ու պաղ օրեր ու խոհեր…
…Ոմանք կրկին թոզ են փչում վերևից՝
Խոստանալով բարեփոխել
կյանքը մեր:
Փուչ խոստումներ, դատարկ
բակեր ու տներ,
Պատուհաններ` խաչված
փայտե ճաղերով,
Եվ ճոճանակ, որ պաղ
քամուց շունչ առել,
Օրորվում է սրտաճմլիկ ճռռոցով:
Հեռացել են մարդիկ վաղուց
այստեղից,
Հեռանում են այլ վայրերից և հիմա,
Քանզի նրանք էլ հույս չունեն,
թե վերից
Ինչ-որ մեկը իրենց ցավը կհոգա:
Կյանքը այստեղ դարձել է խուլ
զառանցանք,
Արտագաղթը դուռ ու դարպաս է
թակում,
Ու թվում է, թե այս խամրող
երկնի տակ
Ժամանակը դատարկությամբ է
չափվում:
***
Ապարանից Ծաղկահովիտ չհասած՝
Բուքը բռնեց… ճանապարհին մնացի:
Եղանակի այդ չար խաղից
դառնացած՝
Ես ոչ թե ինձ,
այլ իմ բախտը ձաղկեցի:
Ուզում էի մարտյան
օրվա հետ քայլել,
Թեթևանալ հոգի մաշող հոգսերից,
Հոգսեր, որոնք ո՛չ գարուն են
ճանաչել,
Ո՛չ էլ մի պահ հեռացել են ինձանից:
Բայց ո՜ւմ մտքով կանցներ,
որ օրը հանկարծ
Կփոխվեր մի սաստիկ
բուք ու բորանի,
Կկորչեին ձնծաղիկները ծաղկած՝
Ձյուների մեջ ու ոռնացող տարերքի:
Վերից, վարից օձագալար ընթացքով
Սուրում էին ձնահյուսքերն հերարձակ,
Եվ թվում էր՝ մեկը ձայնում էր ահով.
«Պահպանի՛ր ինձ, ո՜վ,
Տիրամոր հրեշտակ…»:
Ո՛չ առաջ էր գնալ լինում, ո՛չ էլ ետ,
Կանգնել էի ցրտից, ահից կուչ եկած,
Կատակում էր կարծես դաժան բախտն ինձ հետ՝
Ապարանից Ծաղկահովիտ չհասած:
***
Գնում ես, չգիտես բայց, թե ուր,
Գալիս ես, չգիտես, թե ինչու,
Խոհերդ խառնակ են ու տխուր,
Խոհերդ ճնշում են մեկմեկու:
Մե՛րթ այստեղ ես մտքով,
մե՛րթ՝ այնտեղ,
Ո՛չ ներսից ես կարծես, ո՛չ՝ դրսից,
Թվում է՝ թողել ես տուն ու տեղ,
Թվում է՝ խռովել ես քեզնից:
Ճամփադ՝ փուշ, ճամփադ՝
խոչ ու ավազ,
Իսկ շուրջդ ստվերներ են ցավի,
Չգիտես՝ կես ճամփից ե՞տ դառնաս,
Թե՞ տանես սև խաչը քո բախտի:
Եվ այդպես մոլորված ու նոթի,
Հոգուդ մութ վիհերում դեգերում,
Գնում ես, ետ գալիս անտեղի
Եվ տեղդ չես գտնում այս կյանքում:
***
Ամառն անցավ, նայի՛ր,
ամառն անցավ,
Անցան շշուկները գգվող
սյուք ու հովի,
Կարոտներիս վրա թախծոտ
մի շող իջավ,
Եվ անձրևը լացեց՝ նման հրեշտակի:
Հանդերի մեջ, հեռվում,
մի նժույգ վրնջաց,
Մի թևաթափ երազ մարեց
կոպերիս տակ,
Ես չիմացա ինչպե՞ս և
արդյոք ո՞ւր գնաց
Ամառն իմ արևոտ,
ամառն իմ հերարձակ:
Եվ տխրեց իմ հոգին,
դարձավ պաղ ու մաղձոտ,
Կորուստներիս վրա
նորերն ավելացան.
Ո՛չ արև ինձ մնաց, ո՛չ էլ՝ սիրո նարոտ,
Եվ ապրած օրերս
կարծես իզուր անցան:
Էլեգիա
Կմարեն շուտով լույսերը բոլոր,
Մութը տեր կզգա իրեն վերստին,
Եվ շշուկները չար ու հանցավոր
Կխուժեն դարձյալ քո ցավոտ հոգին:
Եվ դիակառքեր կանցնեն փողոցով,
Սալարկված մայթին մեկը կճչա,
Մեկը կթքի մի թունդ հիշոցով
Մարդկանց ու կյանքի
բութ խղճի վրա:
Իսկ դու քեզ կզգաս միայնակ ու որբ,
Եվ արնոտ մի հուշ ցավիդ կչոքի,
Կհիշես մի մութ պատմություն ու բորբ
Աչքերը անչափ թանկ այն մեռելի:
Հետո կլսես խոսքերը նրա,
Վերջին խոսքերը տառապանքով լի.
«Թույլ տվեք ծխեմ,
թույլ տվեք մի պահ
Հասկանամ մեղքն
իմ չգործած մեղքի…»:
Դահիճները լուռ կնայեն իրար,
Իրար հետ անխոս կհամաձայնեն,
Ու նա կծխի, կծխի՝ մռայլ
Շիրմափոսի մոտ,
կանգնած մահվան դեմ:
Ու պահեր կանցնեն, վայրկյաններ
հաշվված,
Ծխախոտն արդեն մատները կայրի,
Այրվող ծխուկը ձեռքից կընկնի ցած,
Բայց… կուզի կյանքն իր քիչ
էլ երկարի:
Ու կկռանա ծխուկի վրա,
Մատներն այրելով այն կվերցնի,
Կծխի դարձյալ… Ձեռքը կդողա
Ակնթարթի մեջ մոտալուտ մահի:
– Դե, կրակեցե՜ք,- կդիմի ապա
Հսկումի կանգնած իր դահիճներին,
Ու… համազարկից օդը կթնդա,
Ու… հողը արյան հոտ կառնի կրկին:
Ու ծուխ կդառնան մանուշակ ու ամպ,
Կաքավաբերդը ընդմիշտ կլռի,
Եվ քո հոգու մեջ անհուն տխրությամբ
Կմարի վերջին կանչը միրհավի:
***
Գլորվում է կծիկը խոսքի՝
Գիլ – գլոր, գիլ – գլոր վերից վար,
Ճառում են, բարբաջում են էլի
Դեմքերն այս և՛ ծանոթ, և՛ օտար:
Չգիտեն, թե ի՜նչ են կորցրել,
Չգիտեն, թե ի՜նչ են ման գալիս,
Դանակը ոսկորին է հասել,
Իսկ իրենք լեզվին են զոռ տալիս:
Գիլ – գլոր, գիլ – գլոր, այ քեզ բան,
Հո լեզվով երկիր չես կառուցի.
Ի՜նչ ասեմ ձեզ, պարապ ձեռքեր ջան,
Որ կարոտ եք լույսի ու հացի:
Հոգսերի տարափ է ներքևում,
Իսկ վերում լեզվախաղ է, ծնծղա,
Կծիկի ծայրը չի երևում,
Դե եկ ու, հավատ իմ, մի՛ ոռնա:
***
Տնազ է այս կյանքը, հո կյանք չէ,
Ապրում ենք, իբր թե ապրում ենք,
Մեր ցավը մեր մահից էլ թանկ է,
Չգիտենք՝ դեռ քա՞րշ գանք,
թե՞ մեռնենք:
Անտեղի է գուցե հուսալը,
Թե պիտի վերևից մեզ լսեն,
Մեր «հայ-հայն» անցել է, լոկ «վայը»,
Լոկ «չոռն» է մնացել մեզ արդեն:
Եվ սմքած գրաստի պես հիմա
Հևում ենք հոգսերի բեռան տակ,
Փոշի ենք կուլ տալիս ակամա,
Քամի ենք ծամծմում շարունակ:
Ո՞վ գիտե, եղբա՛յր իմ, ո՞վ գիտե,
Թե որքա՞ն ենք այսպես ապրելու,
Ա՜խ, գուցե ժամանակն հասել է
«Մեռած ենք, թաղված չենք» ասելու: