ՏԱՆՅԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
(1947-1988, դեկտեմբերի 7)
ԿԻՍԱՃԱՆԱՊԱՐՀԻՆ
Կիսաճանապարհին,
Երբ քամին կօրորի մեջքդ,
Ու դու լացակումած կհավատաս,
Թե մեջքդ բարակ է
եղեգան պես,
Հիշիր սկիզբը-երբ սկսեցիր ճանապարհդ,
Երբ քեզ ճամփա գցեցին մայրդ, քույրդ,
հարևանդ ու անծանոթը,
Եվ հիշիր, որ նրանք դեռ կանգնած կմնան այնտեղ,
Մինչև դու հասնես ուզածդ տեղը
Ու բերես խնձորը անմահական:
Այսպես, երբ կեսճանապարհին՝
Քամին՝ յոթգլխանի հրեշ՝ կօրորի մեջքդ փափկասուն,
Հիշիր, ինչ կամեցավ զինվորը վերջին պահին,
Հողը սեղմած բռան մեջ ու աչքերը՝ բաց երկնքին,
Հիշիր, ինչ ճչաց ծաղիկը խելագար,
երբ արմատից պոկված
Ընկավ հորդահոս գետի մեջ…
Երբ վերջապես քամին կուզենա ջարդել մեջքդ,
Ու դու լացակումած կհավատաս,
Թե մեջքդ բարակ է եղեգան պես,
Հավատա նաև, որ ընդ եղեգան փող բոց ելաներ,
Որ քո եղեգնիկ մեջքից դեռ արու զավակ պիտի բոցա,
Որ ճամփա ելնի առա՛ջ…
Հիշիր, որ Երկրի վրա արևը ընդմիշտ սպասում է մարդուն,
Ջուրն սպասում է, հողն սպասում է, ծովն ու երգը
Շառաչում, զարկում են քարափին, այսինքն՝
Շնչում են ու սպասում են մարդուն:
Երկիրը անտեր չես թողնի, գիտեմ,
Երբ քամին օրորի մեջքդ
Կիսաճանապարհին:
***
Եվ աչքերս թաց են,
և սիրտս` կոտրված ափսե,
և ձեռքերս` դողով բռնված,
էլ ինչպե՞ս երկարեմ դեպի արևածաղիկը,
և ոտքերս` դողով բռնված,
էլ ինչպե՞ս դուրս գամ ճանապարհ:
Որովհետև միստր ճակատագիրը
ձաղկել է մեջքս մերկ –
որպես մի ձիու մեջք մերկ –
ու դեռ պտտվում է օդում
խնդմնդալով –
դաժան ճիպոտն իր քամահրանքի –
սև, օձաձև:
Էլ ինչպե՞ս դուրս գամ ճանապարհ –
ոտքերի տակից, ծեծված ու
մեռած ու ամոթահար:
Բայց ես ահա թաքուն նայում եմ
ոչ թե ետ – այլ` առաջ,
ուր ինձ թվում է` կանգնած ես դու –
կարմիր բլուզով
ու կանչում ես – զգացումի պես կարմիր:
Եվ ես ջոկում եմ զգեստներիս մեջ ամենագեղեցիկը
ու հասկանում եմ, որ ճակատագրից անդին էլի օր կա
ու – ճանապարհ, գիր ու պարտեզ, –
ինչպես` փակ պարսպից այն կողմ
ծաղկում է պարտեզ:
Եվ ես, մերկ ու ցավոտ,
պարզում եմ մեջքս –
որ համբուրես կապտուկներս
ցավս – ճակատագրից
այն կողմ, ճակատագրից հեռու,
անդին ու դուրս: