Շանթ ՄԿՐՏՉՅԱՆ

 

 

Մեղքում եմ

Երթն է լապտերների:

Դիոգենեսի լապտերը:

Դիտանցք, կապտել է  որովայնում քարի:

 

Փողոցների մեջ

Սերմերի սյուք ու բառաչն է բառի…

Եվ Միտքը` նման Աստուծո գառի:

 

Լոկ մեկն է քնած

Ավեր լապտերում,

Եվ այն` տիպա՜րն է տակառի:

 

 

Մի ելևէջ Հովհաննես Թումանյանից

Ամպի տակից ջուր է գալիս,

Ամպի վերից` արտասուք,

Ու Երկնային գահակալին

Երկիրը փա՜ռք է ասում:

 

 

Հո՜ղն է գեղի ու տգեղի,

Անհատները` սոսկ մատաղ,

Անհատնելի տոհմ ու ցեղեր,

Մարդաշխարհի ողբ ու տաղ:

 

Ավելի վե՜ր, ավելի վե՜ր,

Ուր գմբեթներն են հոգու,

Լո՜ւյսն է լույսին օդանվեր,

Լո՜ւյսն է Աստծո դեմ չոքում:

 

Զարմանք է

Որպես տերևները

հորդած անտառից,

Հողմը ծածանում է

երկնի պաստառները:

Մի մանուկ կառչում է

ոսկեշող մի տառից,

Եվ ձեռքն իր ծանում է

երկնառաք տառերը:

Միայն թե` թռչո՜ւմ է

սևավոր այս չուն,

Ո՞վ պիտի ցած բերի,

ժողովի բառերը –

Հավատը, Հույսը, Սերը

անձնվեր,

Որ հոսում են ասես

միակն վտակներ,

Միայն թե` ոչ մի տեղ

իրար չեն միանում,

Մի բառը բռնում ես,

երկուսն են հեռանում,

Երկուսին բռնում ես,

երրորդին են տանում

Աստղային հողմերը,

ստվերներն անտառի,-

Լոկ մանկունք են կառչում

ոսկեշող մի տառից:

 

Մուրացկանը

Չի զնգում ափի մեջ

Ոսկեդրամը:-

Սա ո՛չ ողբերգություն է,

Ո՛չ դրամա,

Հատկապես` ո՛չ կյանք,

Ո՛չ մահ:-

Գիշեր է  ցերեկով,

Կեսօրվա` ասթմա:

Խենթը

Փռչոտ բերանի գոլը մատնում է

Տեղը – հանքային ջերմ աղբյուրի:-

Ծիտիկները, ֆը՜ռթ, ելնում – մտնում են,

Շնախումբն արդեն` մոտ աղբի բույրին:

Բացված ափի պես փաթիլների տակ

Շիթ – շիթ գոլորշի ու գլուխ մի մեծ,

Այն գլուխներից, որ հիմնահատակ

Անտիկ աշխարհը ի վեր մատուցեց

 

Վրձնով վարպետաց ողբի ու գեղի`

Նետելով գլուխն ալ սկուտեղին:

 

Տառապած բերան – առ

Անհայտություն, գոյը, Անես-ը,

Ինքն ասես եռման ձյութի տակառ է –

Հորի մեջ ընկած ձմեռնակեսին:

Եվ իր բերանով խոսում են առողջ

Գյուղ ու քաղաքի բազմախուռն այրեր,

Դեմքեր տիրատյաց, ոտքեր թափառող

Եվ անդառնալին, որ հոգին այրեց:

Եվ փափագ ունի` հացի մի պատառ,

Արևոտ մի շող և աշուղներից ժառանգած մի թառ:

 

Բայց չարամահ են – չեն տեսնում ասես

Շան ու ճնճղուկի պարը գեղեցիկ

Եվ իր խելքն առած Աստըծուն Անես`

Դռնբաց թողած որբ եկեղեցին:

Կարծես չի՜ անցնում խենթը բարեսուրբ`

Ամպիկ առ ամպիկ շունչն սպառելով,

Մոռացած մահակ, ոստիկան ու սուր

Եվ ի կախաղան հանված բառերով:

 

Եվ շնախումբն է արդեն ձեռնասուն,

Եվ մշուշները` աշխարհասասան:

 

Խաղընկերներիս

Մարգեր  ու առվույտ,

Քարեր ու առու…

 

Ջուրը տանում է անդրադարձը մեր:

 

Մենք ունե՞նք խորքեր,

Մեր խորքերն ի՞նչ են.

 

Ձկներն անցնում են –

Սյուների միջո՜վ անտիկ տաճարի,

 

Հավքերն անցնում են –

Ա՜յ թե բներ են մազերը մանկանց,

 

Ամպերն անցնում են –

Ու մի – մի շապիկ նետում ամենքին,

 

Եվ ժամանակի մատների ծայրով

Արևն է անցնում,

 

Եվ ծերությունն է տեսնում խաղացող

Ոտքերը մանկանց.

 

Ճանաչո՜ւմ է նա…

 

***

Հողը  շաղափող

Մայրիներ  հսկա`

Հիմք ու արմատի

Սկավառակներով:-

Ինչն է անդ: Զերո՞ն:-

Լո՜ւյսն է ընդերքում

Եռացող մեռոն

Մեռյալի դիրքով:

Եվ մայրիների

Փողերով ի վեր

Այն պիտի ցայտի

Որպես շատրվան

Նոր ճառագայթի:

 

Հազար ողորմի

Ով որ մի

Երկիր ունենա

Ու քանց հոգին իր պահի-պահպանի,-

Նրա անցավորացը-հազա՜ր ողորմի:

 

Ով որ մի

Թագավոր ծնի

Ի սեր Աստուծո և Հայրենիքի,-

Նրա անցավորացը – հազա՜ր ողորմի:

Ով որ մի

Խեղճ ու անտունի

Իր գութի տաքուկ խրճիթը տանի,-

Նրա անցավորացը-հազա՜ր ողորմի:

 

Ով որ մի

Իր կյանքը դնի

Դռների դեմը վերին դատաստանի,-

Նրա անցավորացը-հազա՜ր ողորմի:

 

Ով որ մի

Աղբյուրի ձայն հանի

Ելքից` այս անել, անէ անհունի,-

Նրա անցավորացը – հազա՜ր ողորմի,

հազա՜ր ողորմի:

 

***

Աչքերիդ այդքան կապույտը

որտեղի՜ց և էլի – լցվում է:

Վեր ես դեմքդ հառել, հեռացա՜ծ իմ:-

Գիշերներ – ցերեկներ

պոչ պոչի շարժվում էին,

ասես դելֆիններն օվկիանոսում…

 

Ո՛չ ցավ, ո՛չ ափսոսանք, ո՛չ օտարություն:

 

Ձեռքերիդ փայանքով

մանկունք են լողանում-

սրբազան են տաշտերը,

գունե՜րգ է, շուրջպար-

դելֆինների շեշտեր:

 

Լուսանկարել եմ, իմ ձախորդ օրերին ի պահ:

 

Ձգո՛ւմ է դե՛մքս իբրև շան մռութ

աղջամուղջն ու ծփծփում հեռու,

ողջը` շունչ, բուժական աղբյուրի գոլորշի,

ի վերջո` ոլորվում ակունքին

Եվ համբուրո՜ւմ եմ դեղձան-ճերմակ-քո՜ւնքդ…

 

Ո՜ւր, ո՜ւր ես նայում:

Օրորվում է ուրուրն ու կը՜ռռ`

մոռացվածն ապրում է մեկուսի:

 

Ասի` ծովի հատակից քեզ դո՜ւրս բերեմ, էլի՛,

ինչպես մի Վեներա – Սանդրո Բոտիչելլին:-

Սակայն աչքերիդ զարմանքն է անհարազատ, սակայն –

օտարվածների սե՜րն է վեներական:

 

Ո՞վ տեսավ վերջինը

(Սաղմոս)

Նռնենին, թռչունը, ճյուղը, ծերուկը,

Երեխան, տնանկը, հարբածը, խոտը,

Ծաղիկը, երեկոն, մթնշաղը, լուսամուտը,

Վարորդը, շները, պահակը, քամին…

 

Նռնենի.- Գետնին էր նայում,

կարմիրս նրա այտը արյունեց:

Թռչուն.- Թևեր ունենար` կճախրեր եթեր:

Ճյուղ.- Քսվեցի դեմքին պտղիս պես անուշ:

Ծերուկ.- Արցունքն էր պահել, որ տար Աստըծուն:

Երեխա.- Ինքը պստիկ էր, քայլերը` մեծ-մեծ:

Տնանկ.- Ուսաշորն ընկավ: Ահա պահել եմ:

Խաչը արծաթ էր:

Հարբած.- Էս ծառի կողքին նման սիրունի ե՞րբ էի տեսել…

Խոտ.- Իսկ իմ վրայով սահեց նա ասես:

Ծաղիկ.- Ով չի նկատում` իմ սիրտն եմ փնտրում:

Երեկո.- Մինչև լուսնագալ չէ՜ի ուզում թողնել:

Լուսամուտ.- Ուսը` ճեփ-ճերմակ, դեմքը` ճեփ-ճերմակ,

ձեռքը` ճեփ-ճերմակ:

Վարորդ.- Ի՜նչ ազդանշան, կտրեց ու անցավ…

Շներ.- Մենք տնանկների հետքով ենք վազում.

նրանք հոտ ունեն, իսկ նա` բուրում էր:

Պահակ.- Այգուց դուրս գալիս մշուշը տարավ,

ոնց որ հոսում էր բոլոր դռներով…

Էլ բան չեմ հիշում:

Քամի.- Ես նույն քամին չեմ,

այլ ջրերի պես հավերժահոսուն,

դե խոսիր ինձ հետ, հասցրու խոսել,

ինչո՞ւ չես խոսում:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։