ԱՅԼԵՎՍ ՄԵԾ ՄԵՂՔ Է ԼՌԵԼԸ / ՆԱՆԵ

Հերթական տարելիցն է սարսափելի՝ «Սպիտակի երկրաշարժ» անունն ստացած աղետի: Բայց մինչ այժմ հիմնականում լռության է մատնվում ամենակարևորը…
Դեռ այն օրերին տարբեր խոսակցությունների, քննարկումների գվվոցի մեջ տարբերակվում էր ամենադաժանը, որ եղածը բնական աղետ չէ, որ մարդն ընդունակ է մի ողջ դժոխք իր էության մեջ պարփակել և ահա այդպես, օրերից մի օր դուրս ժայթքել… Հանցագործության անթաքույց, այս ու այնտեղից դուրս ցցվող, դեռ թարմ, պոչերն էլ կային, որոնք պարզապես հայտարարվեցին անտեսանելի… տաբու. «Չեմ տեսել, չեմ լսել, չեմ ասի»: Թույլ չտրվեց և մինչև հիմա էլ կարծես թե արգելված է այդ տարածքում հետազոտություններ անելը: Հեռախոսային խոսակցություններ կային լսված, որոնք պարզ կերպով հանցանքի փաստեր էին, ասվում էր նաև, որ երկու-երեք ամիս առաջ և վերջին օրերին դեռ խորհրդային կոչվող զորքը և ծառայողները՝ ընտանիքներով, հանվել են տարածքից: Անգամ Լենինականին մոտ՝ Ախուրյանի աջ ափին աշխատող թուրք աշխատողներն էին զգուշացվել և այդ օրը՝ մինչև 10-ն անց 30-ը, շտապ հեռացել այդ տեղանքից: Այդ օրերին նաև երկրաշարժագետներն էին փորձում բարձրաձայնել իրենց կասկածները՝ աղետը նման չէր բնականի, անհասկանալի հանգամանքներում նաև անհետացավ աղետի սեյսմոգրամման…
Կարելի է նման փաստեր և տեղյակների կցկտուր խոստովանություններ թվել ու թվել, սակայն… Դե, հասկանալի է, խորհրդային բռնակալության գերիներն էինք: Կամ էլ այդ ժամանակ բոլորն այլ խնդիրների վրա էին կենտրոնացած…
Միայն թե հասկանալի չէ, որ նոր ժամանակներում էլ ասես վախեցանք «ծպտուն» հանել: Հատկապես որ այլևս չկար հզոր կառույցը, մնացել էին միայն հանցանքի հեղինակ հատուկենտ հանցագործ անձերը: Եվ, համոթ մեզ, գոնե Թեհլերյան չգտնվեց… և այդ առաջին դեմք-հանցագործն ու նրա հանցակիցները պատիվներով ապրեցին ու ապրում են…
Մեր փոխարեն խոսեցին այլք, հանդես եկան մամուլում, սոցկայքերում: Իմ խորին շնորհակալությունը նրանց: Թեպետ նրանց անհանգստությունն ու ցավը, բնականաբար, միայն հայերիս համար չէր, այլ նաև իրենց, ողջ մոլորակի, որի գլխին այսուհետ կախված էր մի նոր ահավոր վտանգ՝ տեկտոնային, լիտոսֆերային զենք կոչվածի տեսքով: Չէ՞ որ լռության մատնված և չդատապարտված ոճիրը անպայման շարունակվելու է, կրկնություն է ունենալու: Եվ առաջին չբարձրաձայնված փորձարկում-հանցագործությանը հաջորդեց Հայիթիում կատարվածը: Կարծիք կա, որ այս անգամ էլ ԱՄՆ-ը իր փորձարկումն արեց:
Իսկ տեկտոնային զենքն այն է, երբ որևէ տեղ պայթյունի, կամ այլ ձևով առաջացած ալիքների ուղղորդմամբ, ցանկացած տեղում՝ ալիքային ռեզոնանսի արդյունքում, ստացվում է հզոր ավերիչ աղետ: Բայց առաջին զոհը հայերն էին, իսկ թե ում ձեռքով՝ դիմենք փաստերին:
23. 02. 2011 – Ռուսական հանրահայտ «Аргументы и Факты» թերթի №8 համարում տպագրվել է ««Чья кузькина мать»? Оружие, которым пугал Хрущев, уничтожило Спитак» վերնագրով հոդվածը, որտեղ թերթի լրագրող Սավելի Կաշնիցկու հարցազրույցն է ֆիզ. մաթ. գիտ. դոկտ., պրոֆ. Օլեգ Ֆեյգինի հետ. «Փորձարկման համար ընտրվել էր ԽՍՀՄ-ի սահմանների առավել անմարդաբնակ, միևնույն ժամանակ, լիտոսֆերային սալերի լարումների կուտակման կետ` Արարատի լեռնաճյուղը… Այդ կետը տեղակայեցին հսկայական պարաբոլիկ հայելու ֆոկուսում:…»:
Պատկերացնո՛ւմ եք, այն օրերին մոլորակի մեկ վեցերորդ տարածքն ունեցող երկրում որպես «անմարդաբնակ» վայր է ընտրվել Արարատ լեռան շուրջ խիտ բնակեցվածը…
Եվ միայն բավականին ուշ, օտարներից հետո նաև հայ գիտնականներ և մտահոգներ սկսեցին խոսել: Կամ գուցե խոսեցին ավելի վաղ, բայց ոչ բավարար չափով բարձր…
«Հայաստանի կոմկուսի Սպիտակի շրջկոմի առաջին քարտուղար Նորիկ Մուրադյանը պնդում է, որ Հայաստանում ատոմային ռումբի ստորգետնյա պայթեցում կամ «տեկտոնային» զենք է կիրառվել» («Սպիտակի հուշահամալիր: 1988-2008», Մոսկվա, «Դոսսոմ» հրատարակչություն, 2008, էջ 68):
Իսկ 02. 05. 2011 թ-ին, ֆիզ. մաթ. գիտ. թեկն., դոցենտ Մանե Հակոբյանը բաց նամակով դիմեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, իշխանական կառույցի այլ ներկայացուցիչների, պահանջելով այդ. «նախօրոք ճշգրիտ հաշվարկված հանցագործության` ցեղասպանության, բացահայտումը նաև ԽՍՀՄ իրավահաջորդի` ՌԴ պարտքն ու պարտականությունը» համարել և հասնել նրա կողմից այդ հանցագործության ընդունմանն ու հատուցմանը: Բայց այդ բաց նամակը և գուցե այլ հայտարարություններ էլ, որոնց մասին ես կարող եմ և չիմանալ, ամեն դեպքում այնքան էլ բաց և հայտարարելի չեղան, որովհետև դեռ լռության քողը չի բարձրացվել բնական աղետ՝ «երկրաշարժ» անվանված հերթական Ցեղասպանության վրայից:
Որքան բան կյանքում այլ կլիներ, եթե ամեն հանցանք և հանցագործ ճիշտ վերաբերմունքի արժանանար:
Նաև նրանք, ովքեր աղետի գոտու և ողջ Հայաստանի շինարարության պատասխանատուներն էին. նրանք պակաս մեղավոր չեն օտարներից, որովհետև շենքերի ամրության հաշվին իրենց գրպաններն էին կլորացրել: Ու զոհերի մեծ մասի արյունը նրանց վրա է: Սակայն որևէ մեկը պատասխանատվության չենթարկվեց, գոնե հետմահու, գոնե ձևական…
Միայն այդ դեպքում այսօր էլ կասկածելի ամրության, գրեթե երկնաքերեր չէին բարձրացվի՝ երկրաշարժային անհանգիստ տարածք և իր տակ բազում ջրային հոսքեր, խոռոչներ ունեցող Երևանում:
Հանցանքը լռություն է սիրում և մութ ու թաքուն անկյուններ…
Ուրեմն պետք է այն լույսի երես հանել, բարձրաձայնել դրա մասին, ճչալ անգամ…
Այդ սարսափելի տեկտոնիկ զենքը հզոր է իր ալիքային ազդեցությամբ, ալիքային ռեզոնանսով… Խոսքը նույնպես իր ալիքներն ունի և ավելի հզոր… Չէ որ՝ Ի սկզբանէ էր ԲԱՆԸ…
Եվ տարբեր, բազում շուրթերից հնչող նույն խոսքը կարող է ռեզոնանսի վերածվել ու փաստորեն ընդունակ է նաև… զենք դառնալ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։