«Աստծու տված մարդուն ու նրա գլուխը չենք պահում, պահում ենք գլխարկը»:
Նախ` փորձեմ ներկայացնել Ռազմիկ Թամրազյանին: Մի՛ հարցրեք՝ ո՞վ է: Սովորական մի հայ, մեզանից մեկը, որին Աստված շատ է տվել:
Շուրջ քառորդ դար է, ինչ մտերիմ եմ Ավստրո-հայկական մշակութային ընկերության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ավստրիո տեղական մարմնի ատենապետ, ՀԲԸՄ «Կարպիս Փափազյան» մրցանակի լիազոր ներկայացուցիչ և համադրող վարիչ, մշակութային, հասարակական ճանաչված գործիչ, բազմաթիվ նախաձեռնությունների անմնացորդ նվիրյալ, ջերմ հայրենասեր և շատ ու շատ գործերի տեր ու ծառա Ռազմիկ Թամրազյանի հետ: Նա ոչինչ չի մոռանում. թե ո՜նց է հասցնում բոլոր գործերը կատարյալ անել, կարելի է միայն զարմանալ և մի քիչ էլ նախանձել: Երկար է խորհում, մտմտում, ծանր ու թեթև անում: Հանկարծ չմոռանա՞, հանկարծ հարցը սխալ չմեկնաբանի՞: Տարին մեկ, երկու, պատահում է, նաև երեք ու չորս անգամ այցելում է Հայաստան, նաև Արցախ: Երկրաշարժը՝ Հայաստանի, պատերազմը Արցախի հետ ավելի կապեց նրան: Հայաստանը յուր Արցախով իր սերն է ու հավատը, իր ցավը, իր հպարտությունը և իր խեղճությունն է Հայաստանը: Բեղմնավոր ճանապարհի տեր է: Ապրել է աշխարհիկ և հոգևոր կյանքով: Զարմանալի հայ է, որը և ոչ մի բանից՝ լավ թե վատ, չի զարմանում: Ամեն ինչ էլ կպատահի, դու քո բանին կաց: Ինչ էլ լինի, միայն թե հայ մարդը վատ բան չանի ոչ միայն աշխարհի հեռո՜ւ-մոտիկ մի անկյունում, այլև անկյուն դարձած հայրենիքում: Արտերկրում կարողանալ պահել-պահպանել մայրենին, հայկականը, ընտանեկան ավանդույթները: Քո անցած ճանապարհին շատ մարդկանց ես հանդիպել: Անցնում են տարիներ: Հանկարծ մի օր անսպասելի նրանք արթնանում են քո հիշողության ծալքերում և արթնացնում վաղուց մոռացված շատ բան: Նրանք ամուր հետք են թողել քո կյանքում: Դու քո մտքում խոսում-լռում-զրուցում ես նրանց հետ:
Արվեստի, մշակույթի զտարյուն Վիեննան՝ քմահաճ այդ քաղաքը իր մեջ է առել հայկական հետքերը: Եվ ուրախ է Ռազմիկը, որ այդ հետքերում ինքը նույնպես հետքեր է թողնում: (Ապրիլյան եղեռնի զոհերի հուշարձանը Սուրբ Հռիփսիմե եկեղեցու բակում և այլն): Պարգևներ, մեդալներ, շքանշաններ, գովասանագրեր շատ ունի: Բարձրագույն պարգևներ է ստացել Վազգեն Ա, Գարեգին Ա, Գարեգին Բ կաթողիկոսներից, ինչպես նաև Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ից, ՀՀ գործող նախագահից և ԼՂՀ գործող նախագահից, ՀՀ Սփյուռքի նախարար տիկին Հրանուշ Հակոբյանից, ՀՀ մշակույթի նախարար տիկին Հասմիկ Պողոսյանից: Տարիների ընթացքում նա հանդիպել է բազմաթիվ հայորդիների: Հիշողության մատյանին պահ է տվել իր սիրելի մարդկանց անունները, նշել նրանց արած գործերը: Հիմա է, որ կարողանում է ժամանակ գտնել ու այն լցնել իր ճանաչած մարդկանց փոքրիկ դիմանկարներով: Սարոյանին է տեսել, Շառլ Ազնավուրին և շատ ու շատ մեծերի: Շուտով լույս կտեսնի Ռազմիկ Թամրազյանի «Անմոռաց հանդիպումներ» փոքրիկ գրքույկը, որտեղ ընթերցողը կհանդիպի ծանոթ, հարազատ դեմքերի. Վիլյամ Սարոյան, Վազգեն Ա Վեհափառ, Շարլ Ազնավուր, Հասմիկ Պապյան, Հրանտ Մաթևոսյան, Սիլվա Կապուտիկյան, Հովհաննես Շիրազ, Մհեր, Ալբերտ Մկրտչյան եղբայրներ, Հովհաննես Բադալյան… Այո՛, 22 դիմանկար, որ պիտի շարունակվի: Հիմա դառնանք սիրելի Ռազմիկ Թամրազյանի հերթական մտահոգությանը:
– Մտահոգ ես երևում, սիրելի՛ Ռազմիկ, ի՞նչ ես խորհում, ո՞ւմ ես հիշել…- Նայեց, գլուխը պտտեց, ապա ասաց.
– Մոտս մի թանկ մասունք ունեմ, չգիտեմ վերջը ո՞ւմ եմ հանձնելու, ե՞րբ եմ հանձնելու…
Նայում է, ասես փորձում է հասկանալ, թե ես ինչպես կարձագանքեմ: Իսկ ես հարցնում եմ.
– Մինչև չտեսնեմ, չեմ կարող ասել: Պարզ է. թանկ նվերը պիտի տրվի թանկ արժանավորի,- իբր թանկ նվերից բան եմ հասկանում, խոսք է՝ ասացի ու… արժանացա ոչ մեղմիկ դիտողության.
– Ես թանկ նվեր չեմ ասել, Հրաչօ…
– Հենց նոր ասացիր:
– Ես ասել եմ՝ թանկ մասունք: Ես չեմ ասել՝ թանկ նվեր տալ, ես ասել եմ՝ թանկ մասունքը հանձնել…
– Իսկ ո՞ւր է մասունքը: Նոր ասացիր՝ մոտս է:
– Այո՛, մոտս է, Վիեննայում՝ իմ տանն է:
– Բայց դու Երևանում ես:
– Գիտեմ: Ես Երևանում եմ:
Նվեր-մասունք, նվիրել-հանձնել… Օ՜, բառերի հետ, բառիմաստների, բառամտքերի, բառապատկերի հետ պետք է զգույշ լինել: Միշտ պիտի հիշես, թե ում հետ ինչ ես խոսում: Խնդրեմ՝ ճարտարագետը, որ ծնվել է Իրանի Մարաղա քաղաքում, Թավրիզում միջնակարգ կրթություն ստացել պարսկական դպրոցում, Գերմանիայում աշխատել և սովորել է գերմաներեն, Ավստրիայում, Գրաց քաղաքում ստացել բարձրագույն ճարտարագիտական կրթություն, թույլ տված սխալս հենց օդում բռնեց ու պահեց դեմս: Փորձում եմ ակը ցեխից հանել:
– Հասկանում եմ, Ռազմի՛կ ջան, նվերը տալիս են, նվերը հանձնում են, տալ-հանձնելու, տալ-առնել-հանձնելու հազար ձևեր կան, ես ոչ մեկին չեմ տիրապետում:- Նվերը… ասացի, իսկ մասո՞ւնքը… Մասունքը, սիրելի՛ Ռազմիկ, նույնպես հանձնում են, տալիս, նվիրում: Մասունքը կարող են տալ և՛ մարդուն, և՛ հողին: Օրինակ բերեմ. Գարեգին Նժդեհի մասունքները դեռ սովետի օրոք գաղտնի, թաքուն պահ տվեցինք Եղեգնաձորի Սպիտակավոր եկեղեցու հողին, ապա, տարիներ հետո տեղափոխեցին Կապանի…- Հուզվեցի, ձենս կտրվեց: Հիշեցի, թե ինչպես Զորավար Անդրանիկի մասունքները Փարիզից մեր օրերում բերեցինք ու Եռաբլուրում… Հրաշալի լեզվաբան, կասեի՝ լեզվամտածողության տիրակալ Վարագ Առաքելյանը վեհությամբ էր կրում Նժդեհի մատանին:
– Պարզ ասեմ, որ ավելի հասկանալի լինի…- Մտմտում է Ռազմիկ Թամրազյանը՝ մի անծանոթ ժպիտ դեմքին:
Ընդհատել չեմ սիրում և ոչ մեկին, բայց թույլ տվեցի.
– Սիրելի՛ Ռազմիկ, դու միշտ էլ պարզ ու բաց ես խոսում բոլորի հետ, պարզ խոսելը, ցածրաձայն խոսելը, ավելորդ բառ չծախսելը քո ոճն է, խնդրում եմ շարունակես խոսքդ:
– Շարունակեմ: Տարիներ առաջ ազգային մեծ բարերար Կարպիս Փափազյանն ինձ է հանձնել Սպարապետ Նժդեհի մորթե գլխարկը… Հիշեցնեմ, որ Կարպիս Փափազյանը եղել է Նժդեհի թիկնապահներից մեկը Եվրոպայում, ուր եղել է Սպարապետը: Չգիտեմ ո՞ւմ հանձնեմ, որ արժանի լինի, ճիշտ հասցեով լինի:
– Ճիշտ հասցեն քո…- Նայում եմ գլխին,- եթե պարոն Փափազյանը քեզ է հանձնել, ուրեմն քոնն է… ինչ ուզում ես արա… ուզում ես աճուրդի հանիր…
– Ի՞նչ…
– Մի՛ զարմացիր: Նմանները մի գլխարկ չէ, իրենց երկիրն ու ճակատագիրն են աճուրդի հանում:
– Ո՛չ, իմը չէ, ինձ չի նվիրել, չի ասել՝ նվիրում եմ քեզ: Չի ասել՝ Նժդեհի գլխարկը նվիրում եմ Ռազմիկին, ասել է՝ հանձնում եմ քեզ: Ասել է ու հանձնել: Եթե իմը լիներ, թանգարան կհանձնեի:
– Կարող ես Նժդեհի գլխարկը նժդեհավարի դնել գլխիդ ու Վիեննայից թռչել Երևան: Թող բոլորը զարմանան: Նժդեհի գլխարկով կարող ես մտնել Լեռնահայաստան:
– Ես երկյուղով եմ նայում Նժդեհի գլխարկին: Էլ ուր մնաց, որ ձեռք տամ կամ փորձեմ դնել գլխիս: Թեկուզ մի պահ ինձ տեսնեմ հայելու մեջ՝ Նժդեհի գլխարկով, կամ նկարվեմ: Պիտի հանձնեմ թանգարան: Դժվար եմ բաժանվելու, գիտեմ, բայց այլևս իմաստ չունի իմ տանը պահելը: 75 եմ դառնում:
– Բարով-խերով դառնաս, ձգես մինչև հարյուրը… Նվերը Երևանո՞ւմ ես հանձնելու:
– Իհարկե, Երևանում: Պատմության թանգարան կամ… Պիտի ընտրություն անեմ:
– Երևան, էլի Երևան… Ամեն ինչ Երևանին… Մեր եզերքներին գավառի տեղ ենք դնում: Իսկ ինչո՞ւ չես մտածում Կապանի թանգարանին հանձնելու մասին:
– Կապանի թանգարանի՜ն… Չէի մտածել:- Ինքն իրենից գոհ-դժգոհի շարժում արեց:- Ինչո՞ւ չեմ մտածել:
– Գիտես, Ռազմիկ ջան, ես չէ՛ որ քեզ պիտի ասեմ՝ Նժդեհի անունը կապված է Լեռնահայաստանի, նրա ժողովրդի, հենց Կապանի ու նրա խորհրդանիշ Խուստուփ սարի հետ: Հայ ժողովուրդը, մեր պատմությունը, եկող սերունդները հավերժ պարտք են Նժդեհին: Լեռնահայաստանը, Զանգեզուրը, Սյունիքը… ի՛նչ անուն էլ տաս, նույնն է… Լեռնահայաստանը չընկավ Նախիջևանի, Արցախի օրը:
– Համամիտ եմ, լավ առաջարկ է: Գոհ եմ, բայց… արժե խորհել… Ասում են, լսել եմ, որ Նժդեհին էս գլխարկը հանձնել է գեներալ Արարատյանը:
– Մեկն էլ կասի՝ Արարատյանին էս գլխարկը տվել, ո՛չ, հանձնել է Մխիթար Սպարապետը, իսկ վերջինին՝ Դավիթ Բեկը: Իսկ Դավիթ Բեկին… ո՞վ, կարո՞ղ ես ասել…- Դու նայում ես ինձ, իսկ ես ասում եմ՝ Դավիթ Բեկից գլխարկն առել ու իր սիրելի Մխիթարին է տվել… ո՞վ, ասա, Ռազմիկ ջան… Սերո Խանզադյանը…
Զարմանալի ժողովուրդ ենք. գլուխ ունեցող մարդուն չենք պահում, գլխարկն ենք պահում:
Դու ժպտում ես ներողամտորեն, իսկ ես պնդում եմ.
– Նժդեհի գլխարկի տեղը Կապանի թանգարանն է: Թանգարանի տնօրենը՝ Գրիշա Սմբատյանը, կարգին տղա է, իսկը նժդեհական, հրաշալի պատմաբան է, իր դառնանուշ եզերքի բանասացը, Նժդեհին ու նժդեհականներին քաջ ճանաչողը, գնահատողը: Լավ գիրք է տպագրել՝ «Վարագույրից այս կողմ»: Նժդեհի հեռանալուց հետո, 30-ական թվականներին որպես նժդեհականների քանի՜-քանի անմեղների են ձերբակալել, լլկել, աքսորել, գնդակահարել: Է՜հ… Գլխավորը՝ եզերքը փրկվեց:
Եթե Նժդեհի գլխարկը Կապանում հանգրվանի, համոզված եմ, որ Կապանի Դավիթ Բեկ գյուղում ծնված հրաշալի բանաստեղծ ու շնորհալի թարգմանիչ Գագիկ Դավթյանը պոեմ կձոնի Նժդեհին, նժդեհականներին, հայ ոգուն ու այն կդնի իր «Շարունակվող պատերազմ», «Խոստովանություն», ավելի շատ «Վարք Բաբիկի՝ որդվո՝ Սյունյաց իշխան Անդովկի» պոեմների կողքին:
– Դու արդեն համոզեցիր: Մյուս անգամ անպայման կբերեմ: Սփյուռքի նախարարությանը և Մշակույթի նախարարությանը տեղյակ կպահենք: Արժե, Նժդեհի գլխարկը պետք է տանենք Կապան: Առողջ եղիր, որ միասին գնանք: Կգա՞ս…
– Նժդեհի գլխարկի հետ ես ամեն տեղ էլ վազելով կգնամ: Խոստանում եմ:
Աստծու տված մեր քաջին չենք պահում, նրան զոհում ենք, գլխարկն ենք պահում: