ԺԱՄԱՆԱԿԻ ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՄԱՊԱՏԿԵՐԸ ԹԱՄԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՊՈԵԶԻԱՅՈՒՄ / Նարինե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Նարինե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Բան. գիտ. թեկնածու, դոցենտ

Արցախի պետական համալսարան

 

Ներածություն

Պոեզիան մշտապես եղել և մնում է ժամանակի անմիջական զգայադարանը, մարդու և ժամանակի միջև ներքին հակընդդեմ երկխոսության ձայնադարանը, քաղաքակրթության վայրիվերումներն ու անկումները չափագրող և կյանքը հունի մեջ ձգող ոգեղեն ուժը: Իսկատիպ պոեզիան բանարվեստ լինելուց առաջ և հետո իմացաբանություն է, կենսագիտություն, հոգեգիտություն ու պատմագիտություն՝ խոհազգացական ոգեղեն ոլորտում: Պոեզիան նաև ժամանակի գնացքի համանվագային երաժշտություն է, իդեալի և իրականության բախումից երևութացող ինքնաստեղծ պատկերապատում՝ բեկված անհատական կյանքի և անդրադարձված մարդկային սերունդների պատմության վրա:

Ժամանակի լույսն ու ստվերը, ներդաշնակությունն ու վայրագությունը պոեզիայի զարկերակային լարվածությունը պայմանավորող երկբևեռ երևույթներն են, հոգեկան ապրումների մակընթացությունն ու տեղատվությունը: Այդպիսին է ժամանակակից բանաստեղծ Թամար Հովհաննիսյանի պոեզիան՝ ժամանակի պատմաքաղաքական ու պատմահոգեբանական խոր ու զգայուն ներթափանցումներով, պատկերային ուրույն համակարգով, տողի ու հանգի ինքնատիպ համաչափություններով:

 

Կին-կյանք արարող և քաղաքականություն-կյանք ոչնչացնող դիմադարձությունը Թ. Հովհաննիսյանի պոեզիայում

 

Երկրագնդի քաղաքական պտույտը Թամար Հովհաննիսյանի պատմաքաղաքական ու պատմահոգեբանական պոեզիայում անցնում է կանացի սրտի միջով՝ ժամանակի հոգեբանական ընկալման անձնական կերպից դառնալով անանձնական, անհատական պոեզիայից՝ համընդհանրական: Այո՛, Թամար Հովհաննիսյանի պոեզիան կանացի պոեզիա է, որն իր մեջ խտացնում ու անդրադարձնում է մարդու պատճառած տիեզերական ցավը, մահվան ներխուժումը կյանքի հովիտ, դժոխքի հաղթանակը դրախտի հանդեպ: Կյանքի դրաման, աշխարհի վայրագ ընթացքը բանաստեղծուհին վերապրում է բազմախոց հոգու ներքին լարումներով.

Լսելիքս խոշտանգվում է ձայնահյուսից հնչող//Ողբասաց կանանց վայնասունից հուսահատ.//Ես խլանալ եմ ուզում,//Ես կուրանալ եմ ուզում,//Քանզի դժոխքը ներխուժել է դրախտ[1]

Կին-կյանք արարող և քաղաքականություն-կյանք սպանող դիմադարձությունը Հովհաննիսյանի պոեզիայի ներքին դիմագիծն է, ապրումների առանցքը: Կյանքի արարիչ կինը հոգու և մարմնի բոլոր հյուլեներով շաղկապված է կյանքին, ու կյանքի կորստի հետ կորուստներ է ապրում և ինքը՝ դառնալով թևը կոտրած հրեշտակ և շագրենի կաշու պես ֆիզիկական էներգիան կորցնող ու փոքրացող երևույթ կամ չորացող ծառ ու ցամաքող աղբյուր.

Ո՞ւր է առաջնորդում մեզ ատելությունն այս համատարած,//Ո՞ւմ որդու ողորմաթասն է պարպվելու այսօր…//Ու ճերմակ աղավնիների երամը դիվահար//Պտտվում է դժոխքի ու դրախտի սրահներում,//Ապրելը բախտախաղ է, որը չի տնօրինված վերից,//Մարդը որոշել է ստանձնել դերն Արարողի//Ու չի վախենում իր ստանձնած դերից: (ՍՊ, 117)

Իշխանություն դարձած անտարբերության դեմ Թամար Հովհաննիսյանի պոեզիան ինքնահաստատվում է որպես զորեղ ընդդիմություն, դառնում թմրեցված խղճի վերարթնացման ճիչ, մահաբեր օրենքների դատապարտման վճիռ, միաժամանակ՝ կործանվող աստվածների և սատանաների շքերթների հուսահատ պատմագիր.

Աշխարհը՝ չարորակ ուռուցքը ներսում,//Կեղծիքով հարդարում է ողջությունը իր սուրբ,//Լռությունը սպանում է, հզորները ձեռնպահ՝//Եղերական անցքերը կոծկել են ուզում//Ցավակցական ուղերձներով անհոգի ու սուտ…//Ես տեսնում եմ մահը իմ ժամանակի//Պայթեցվող մանուկների ցրված փորոտիքներում,//Որոնց սարսափի պահ իսկ չի վերապահվում…//Մինչ օրենքները գրվում են ու ջնջվում են փոփոխական,//Թանաքներն անգամ չչորացած,//Իրադարձությունները հերթափոխում են խելահեղ,//Սարսափի ուրվականներ են ցրել ամենուր, //Երեկվա աստվածները դարձել են խաչագող,//Ու խաչագողներն անցյալի՝ ինքնակոչ արքա… (ՍՊ, 117)

Երկրագնդի քաղաքական ընթացքը ձգված նյարդալարի պես Հովհաննիսյանի պոեզիայում նվվում է ձայնի ու ոճի փոփոխակներով, հոգեկան ապրումների համանվագայնությամբ: Կյանքի քաոսի մեջ անորոշության ծանր վարագույրները հետ քաշելու և լուսամուտ բացելու կենսական մղումով բանաստեղծուհին կարդում է «Սթափության աղերս»՝ ուղղված նորին մեծություն քաղաքականությանը.

Զանգերը տագնապեցնող//Գուժկաններ են հավանական պատերազմի,//Իսկ մեր օրերում հաղթանակը ապահովում է//Տարողությունը գրպանի://Եվ մտահոգության թուխպը հետապնդում է ինձ://Կարծես սև վրան է՝ տեղից տեղ շարժվող,//Որը խլում է լույսը ագահորեն՝ վերից… (ՍՊ, 122)

Բանաստեղծի ապրումների համանվագում հնչում է նաև մենության ու չհասկացվածության դրաման, իրադարձությունների շղթայակապում իր տեղն ու դերը վերաքննելու և վերաճշգրտելու հարցապնդումը, առկա վախի ու վաղվա կանխազգացումի իրական կապի որոնումն ու որոշակիացումը.

Թվում է՝ ես շարունակ ինձ եմ որոնում//Կատարվածի ու լինելիքի միջանցքներում հսկա://Վախը վաղվա օրվա մեռյալ ներկայություն է,//Վիճակների շրջադարձային փոխանակումներ չկան…. (ՍՊ, 122-123)

 Հաջորդում է հոգու լուռ ցավի թանձրույթը ճեղքող և ձայնի փոխակերպվող ճիչ-հորդորը՝ կանխելու բարոյականության վերջնական կործանման աղետը, հաստատելու մարդկային կյանքի լինելության իրավունքն ու խառնիճաղանջը տոնող բարբարոսության չքացումը.

– Հե՜յ,- ուզում եմ ճչալ,- չկան ավելորդներ,//Դադարեցնել է պետք քաշքշուկն այս անիմաստ,//Ինչ որ պատահի վաղը, բոլորիս խնդիրն է,//Ու աղետի գոտում ընտրյալներ չկան…//Մեզ գեթ մի վերջին ալիք է պետք՝//Հավաքական ազնիվ ոգեկոչումի,//Մի վերջին հրավեր ողջամտության,//Որպեսզի բոլորիս տանիքը չփլվի… (ՍՊ, 123)

Հետզհետե որոշակիանում է նաև կանացի անզորությունից ծնված թախիծը՝ մտահոգությունների ու տարակույսների երևէջային մեղեդայնությամբ: Օդի մեջ առկախվում է հարցական բառերի ու մտքերի մի ամբողջ շարք՝ երևան բերելով կանացի նուրբ ապրումների ու մորմոքների ուղեծիրը. ի՞նչ են զգում կորովի զինվորները նահանջելիս, ո՞ւր պետք է գնան պատերազմից փախած և նորից հետ ուղարկվող երեխաները, ինչպե՞ս է արձանագրվելու աշխարհի պատմությունը դար հետո, արդյոք մահը կյանքից երանելի՞ է դառնալու, ո՞ւմ են ծառայելու վարձու բանակների արձակված զինվորները, և անորոշության դատապարտված այլ հարցեր, որոնք մասնավորումով հանդերձ ընդհանրացնում են կյանքի դրամատիզմը.

Տեսնես ի՞նչ են զգում//Ջահել զինվորները նահանջելիս,//Եվ կամ սերմնաթափվող ծաղիկները,//Երբ շուրջը հող չկա…//Տեսնես ո՞ւր են որոշում գնալ//Կրակի բերանից փախած//Ու փրկության ափից տուն՝//Հետ ուղարկվող //Փախստական երեխաները…//Տեսնես ո՞ւմ են ծառայելու//Վարձու բանակների//Տուն վերադարձած զինվորները,//Ու որտե՞ղ, ի՞նչ դրոշներ են իջեցվելու//Նրանց մահախոսականից հետո… (ՍՊ, 120)

Տիեզերքին հղված վերջին հարցադրումը այսպիսին է. «Տեսնես ո՞վ է կանխելու կործանումը // Խելահեղ երրորդի, // Որը երբեմն երևանվում է հորիզոնում» (ՍՊ, 120): Երրորդը Աստված է, Սուրբ Երրորդությունն ինքը, երրորդը նաև մոլորակի կյանքն է, աստվածային արարչագործության երրորդ օրվա խորհուրդը. դա է գխավոր մտահոգությունը, այդ է գերագույն տագնապը՝ կյանքի կործանման անընդհատականությունը, մահվան երկիրը՝ առանց մարդու, կենդանության չքացումն ու անթաղ դիակների անտերությունը.

Տեսնես ե՞րբ են հանդարտվելու //Ատելության փոթորիկները,//Ու դիապարկերը շարունակվելո՞ւ են //Շարվել կողք կողքի,//Սարսափից սահմռկած մանուկների//Աչքի առաջ://Ու տերեր չեն գտնվելու,//Որ հանձնվեն հողին… (ՍՊ, 120)

Բանաստեղծուհու խնդրահարցերը մնում են չլուծված, օդում դարձյալ թափառում են պատերազմի ուրվականներն ու մահագույժերի նախահնչյունները: Սկիզբը վերապրվում է որպես վախճանի ուրվական, լուսաբացի սպասումը նույնականանում է վախին, ու ներքին վախը, ներքին տագնապը վաղվա հանդեպ դառնում են մշտառկա հոգեվիճակ.

Ես վախենում եմ.//Լուսաբացներն են սկսել//Վախեցնել ինձ://Լուրերի հեռարձակումները դիտելուց առաջ//Ես խաչակնքում եմ: (ՍՊ, 121)

Այդպես է, որովհետև հոգին կեղեքող մութ տարակույսներին չի հաջորդում լույսի տեսանելի շողը, սփոփանք չկա տիեզերքի ցավը լուռ սրտում կրող ու ցավի կշռից հետզհետե ճկվող-մարող կին-կյանք արարողի վշտին, որովհետև աշխարհի ուղեղը հիվանդ է, ու ապաքինումը վստահված է «հավաքական խենթությունը» կրող մի քանի տերերի.

Թվում է, թե աշխարհը ուղեղ է հիվանդ//Եվ կամ համակարգիչ վիրուսախեղդ,//Որը փոխարինել չի լինելու նորով,//Քանի դեռ տիեզերքը չի գաղութացվել….//Հիվանդ է մոլորակը,//Ապաքինումն իր վստահած//Հավաքական խենթությունը կրող//Մի քանիսին… (ՍՊ, 119-120)

 

  1. Ժամանակի դիմապատկերը պոետական հայելու մեջ

Թամար Հովհաննիսյանի պատմաքաղաքական պոեզիայի քնարական հերոսուհին մե՛րթ հանդես է գալիս որպես կյանքի արարչուհի, ով անզոր կռիվ է տալիս կյանքն սպանողի՝ քաղաքականության դեմ, մե՛րթ կերպավորվում է որպես խղճի առաքյալ՝ նորին անտարբերության դեմ, մե՛րթ՝ իբրև խաղաղության պատրանք՝ պատերազմներին դեմ հանդիման: Կերպարանափոխության հետ տարբեր փոփոխակներ է հետագծում նաև պատկերաստեղծումը: Բանաստեղծությունների պատկերային համակարգը, խոսքի գեղագիտությունը միանգամայն ներդաշնակվում են ասելիքի տրամաբանությանը, հոգեբանական հոսքին, ոճի փոփոխությունը ուղիղ համեմատական է խոսույթի էությանը, հոգեբանական ապրումի բնույթին:

Խոսքի տրամաբանության հետ ներդաշնակվում են նաև բանաստեղծության ներքին երաժշտականությունն ու տողերի ռիթմը: Ահա «Պատերազմ» բանաստեղծությունը, որի տների կառույցը թողնում է զինվորական շարասյան քայլերթի ռիթմի տպավորություն, իսկ ներքին երաժշտականությունը՝ խրոխտ ու կտրուկ ռազմերգի ազդեցություն:

Համազգեստավորները հաչող շներ են կանաչ,//Ուր որ է՝ պիտի դուրս ժայթքեն էկրանից,//Այրվող տները արգանդներ են հերձված,//Եվ հուշերը ծուխ դարձած վեր են ելնում սարսափից://Վտարանդիները քայլում են մտամոլոր, փոշոտ,//Անհովիվ մնացած հոտի նման,//Աշխարհն ասես ջնջվում է, որ գծվի նորից//Սխալ ընթացած էսքիզի նման[2]

Ստեղծագործական տպավորության չափին նպաստում է ոչ միայն բանաստեղծության հոգեբանական խորքը, այլև անսովոր պատկերակերտման արվեստը, խոհի հայտնագործությունը, ավանդական և մոդեռն լեզվամտածելակերպերի սահուն ու նուրբ համակցումներն ու փոխանցումները.

Ես նախանձում եմ կույրին այն//Խարխափող ու մանրընթաց//Ինձ տեսանելի դժոխքը չկիսելու համար://Կին մի՝ ոտքը ծանր, փռվել է մեջտեղում,//Խաչմերուկի կենտրոն է որովայնը պրկված.//Նրան մե՞կ, թե՞ երկու դիապարկ է հասնում//Աշխարհի ամոթը պարփակելու համար: (ՏՀ, 321)

Աշխարհի համառ անկման ընթացքում, ուր մեկը ապրում է մյուսի մահվան հաշվին, որպես ընթացքի հետագիծ մնում են «Դիերն անդամահատ, արնաշաղախ ու թարմ» (ՏՀ, 321): Այսպես, քաղաքական խաղացողները կյանքը վերածում են սպանդանոցի՝ օրորոցների փոխարեն ցրելով դիապարկեր:

Մահվան ներկայությունը գերակա է ու տիրական ամենուրեք, օդն ինքը արտաթորում է մահահոտ, շուրջբոլորը մթագնում են մահվան գույներ, մահապատկերներ, մահվան էսքիզը ձգվում է հորիզոնից հորիզոն՝ դառնալով նաև համընդհանուր մտասևեռում.

Մահն ապրում է իմ շուրջ,//Շունչը գինեհոտ, աչքերն արնակալ,//Խորշերը խորխոտ, հոգին մաղձապատ…//Ո՞վ է արարել գլուխգործոցն այս,//Ընծա առաքել ինձ տարտարոսից,//Քեզ վախենում է ետ վերցնել Աստվա՛ծ…. (ՏՀ, 333)

Ժամանակի ընթացքի կառավարիչը քաղաքական իշխանությունն է, որն «…Իր ոհմակով // Անզեն ու տքնող հասարակության // Անդամներին իր զոհն է համարում // Ու կարող է ճաշակել յուրաքանչյուրին // Քիմքի քմահաճ թելադրանքով» (ՏՀ, 349): Ու այդ պայմաններում, երբ կանաչ թղթերով է որոշվում ճնշաչափը, ապրելը դառնում է «մասնագիտություն», որին տիրապետելն էլ «խաբկանք է գունազարդված»: Քաղաքական անհոգի խաբեությունը երկրներ է առաջնորդում և լքում նրանց փակուղիների առաջ: Մարդկության գոյավիճակը գաղութացված է երկրագնդի քաղաքական տերերի կողմից, ու մի գիշերվա ընթացքում ծախու իշխողները կարող են տակն ու վրա անել ամեն ինչ՝ «Պատճառը կարգին չարտաբերած» (ՏՀ, 349):

Ժամանակի պատմահոգեբանական մի ուրիշ պատկեր է «Սնանկության դաժանությունը» բանաստեղծությունը: Բոլոր տեսակի անկումներին ավելանում է հոգևոր արժեքների անկումը: Սնանկության դաժանությունը հաստատագրվում է համատարած առուծախով, անիմաստության իմաստավորումով, անմտության ներարկումով ու բթացումով, հավաքական մտքի չքացումով, մոլախոտի պես աճող հաշվենկատ ապամշակույթով ու բազմապիսի այլ կերպարանքներով: Սնանկության այդ հաղթահանդեսի պատկերը ուղեկցվում է վաղվա օրվա կասկածի մտավախությամբ, որովհետև արժեքների ոտնահարումն ու փլուզումը սասանում է հուսալի ապագայի հիմքերը: Անփառունակ շքերթից ինքնակամ հրաժարված բանաստեղծուհուն ոչինչ չի զարմացնում այլևս: Կողք կողքի ապրում են ինքը և մարդկային սնանկությունը, համատեղությունը, սակայն, ֆիզիկական է միայն, մինչդեռ հոգեբանորեն ամեն պահի անհաշտություն է և անհամատեղելիություն։

«Վաղվա անհուսությունը սարսափեցնում է»,- (ՍՊ, 131) արձանագրում է բանաստեղծը՝ աչքի առաջ ունենալով ժամանակի հակաբարոյական դիմապատկերը, օրենքների գաղութացումն ու կանոնների ինքնաթելադրումը: Կանացի կանխազգացումով Թ. Հովհաննիսյանը պարզորոշ տեսնում է մարդկության գոյությանն սպառնացող վտանգը, «ինչպես ձագերին հսկող թռչունը» (ՍՊ, 132), ու ժամանակի ողորմածությունը այս դեպքում ընդամենը «պարտք վերցված կյանք» է կամ «ապառիկով գնված ապահովություն» (ՍՊ, 132).

Ես չապրելով եմ ապրում արդեն վերջերս//Ու պարպում ինձ ինձանից դուրս…//Ինքնահսկումի ահագնությունը//Ցավեցնում է կուրծքս…. (ՍՊ, 132)

Համատարած մահվան մտատանջությունը հասնում է մտածական լարման մի կետի, երբ մեղավոր ու մեղսակից են դառնում երկրային սահմաններն ու տարանջատումները. «Ո՞վ է սահմանել տարանջատումն այս ահավոր, // Ինչո՞ւ սահմաններ չեն գծված երկնքում» (ՍՊ, 144): Դաժանությունը դարձել է համաճարակ և տարածվում է երկրագնդով մեկ՝ թունավորելով մարդկության արյունը, քարացնելով հոգին, մարդու մեջ սպանելով մարդկայինը: «Ժամանակը սկսել է մարդուց վախենալ» (ՍՊ, 143),- ահազանգում է բանաստեղծը՝ ամենուր տեսնելով դաժանության հռչակումը իբրև իշխանություն.

Համատարած այս խելահեղությունը մեզ ո՞ւր է տանում,//Եվ ի՞նչ են ծրագրում առաջնորդները դրա,//Պատերազմները այս զանգվածային հուղարկավորումներ են,//Որոնք հնձում են զավակներին կանաչ://Պտղաբերության երանությունը մեռնում է,//Երբ տեսնում է ուրիշների որդիներին անդամահատ…//Խաթարվել է անդորրը համամարդկային,//Ու երկինքը լվացել է ձեռքերը մեզանից…. (ՍՊ, 143-144)

Թամար Հովհաննիսյանի պոեզիան դառնում է ժամանակի պոետական հայելին, որտեղ արտապատկերվում, բեկվում ու անդրադարձվում են նրա դիմապատկերները: Ժամանակի պոետական հայելապատկերները հաջորդում են իրար շարժանկարի պես՝ փոփոխակներով ու ներքին միասնականությամբ: Ահա դրանցից մի քանիսը ևս. «…Ատելությունը շարունակական // Մեկի կործանումը դարձնում է մյուսի խնդությունը» (ՍՊ, 150), «Զինվորներն ընկնո՜ւմ են, զորավարները՝ փրկվում» (ՍՊ, 151), «Ճշմարտացված սուտը նորահայտ գյուտ է // Ու լոկ անմեղների վրա է փորձարկվելու» (ՍՊ, 151):

Ու նորից հնչում է պատերազմների հրահրիչ դարձած սահմանների տարանջատման՝ իմաստային ուժգնացում ստացած հարցը. «Ո՞ւմ են հարկավոր սահմանները երկրի // Արյունով գծված ու տարանջատված» (ՍՊ, 145): Սա մարդկության ծնող կին էակի՝ կյանքի կորուստներից մտահանգված հայացք է, կին, ում աչքի առաջ սպանվում է իր ստեղծագործության գլուխգործոցը՝ մարդ-զավակը: Միաժամանակ կա տխուր գիտակցումը, որ «Ներդաշնակությունը համակեցության հնարովի երազ է» (ՍՊ, 145): Վերստին երևան է գալիս միտքը շաղափող ծանոթ հարցադրումը.

Ո՞վ է ղեկավարում քաոսն այս մշտանորոգ,//Ո՞ւր է գիտակցությունը կույր//Առաջնորդում աշխարհը://Տագնապները կարկտահար են անում միտքս,//Ու գրիչս չո՜ւնի պատասխան դրանց… (ՍՊ, 146)

Բանաստեղծուհու խոսքը հնչում է որպես տիեզերական մոր ձայն՝ ուղղված իր զավակ-մարդկությանը: Մարդը, որ արարչագործության գլուխգործոցն էր, և ում վստահված էր ի վերուստ ապահովել երկրի խաղաղությունն ու արարումը երկրի վրա, դարձել է վերջին ստահակ՝ չխնայելով ոչ ոքի և ավերելով շուրջբոլորը: Բանաստեղծի դրամատիկ հարցադրումները միտված են մարդու դարձին մարդ տեսակին, մարդու աստվածային կերպին. «Ի՞նչ ես ուզում դու քեզ նմանից, // Ինչո՞ւ չես տեսնում ինքդ քեզ» (ՍՊ, 149):

Բանաստեղծությունից բանաստեղծություն Թամար Հովհաննիսյանի կանացի դրաման նոր խորքեր է բացում, ներքին ալեբախությունը նոր ափեր է ընդգրկում: «Մարդակերի ձեռքն ընկած մասնատված զոհի պես» (ՍՊ, 147) երկիրը կտրատվում է՝ ազատության, սեփական սահմանների, կրոնի անվան տակ, մինչդեռ արդյունքը կորուստն է մարդկության, «Որը մղձավանջի պես վերջ չունի» (ՍՊ, 147).

-Ազատությունը//Համամարդկային ստերից մեկն է,//Այն ամենուր է և ոչ մի տեղ…. (ՍՊ, 147)

Սա է տառապանքից հասունացած վերջին իմաստնությունը. այն, ինչին ձգտում է մարդը ծննդյան օրից և ինչի համար կռվի է ելնում, գոյություն չունի իրենից դուրս:

 

 Եզրակացություն

Թամար Հովհաննիսյանի պոեզիան ժամանակի դիմապատկերի լակմուսյան թուղթն է՝ ճշմարիտ ու զգայուն: Դա կնոջ ու քաղաքականության բախման դրամատիկ պոեզիա է, կյանք արարող կնոջ տառապագին ընդդիմախոսություն՝ ուղղված կյանքը ոչնչացնող աշխարհաքաղաքականությանը: Այն 21-րդ դարի մի նոր «Եղիցի լույս» է ժամանակի հետ դրամատիկ բախման և գեղագիտական իդեալի առումով, կանացի մի վերջին հուսահատ ճիգ՝ կասեցնելու մոլորակի վերջնական կործանման աղետավոր ընթացքը: Կյանքի սկզբնաղբյուր կինը, որ Թ. Հովհաննիսյանի պոեզիայի քնարական հերոսն է, իր առաքելությունը գտնում է նախևառաջ մարդկության վերքերը ապաքինելու և կյանքը խաղաղ ու ներդաշնակ հունի մեջ դնելու իդեալի իրագործման մեջ:

Թամար Հովհաննիսյանի բանաստեղծական արվեստը ուշագրավ և ազդու պոեզիա է՝ պատկերակերտման ինքնատիպ արվեստով, տողերի առանձնահատուկ ռիթմով, խոհի ու հույզի կանացի խորքերով: Զուգակցելով Արևմուտքի և հայ գրականության առանձնահատկությունները, նրբորեն համակցելով դրանք կամ սահուն փոխանցումներ կատարելով՝ Հովհաննիսյանը ստեղծեց խորապես անհատական, բայց նաև համամարդկային պոեզիա, որի ուսումնասիրության գործը ներկա ու գալիք բանասերներինն է:

  1. 1. Թ. Հովհաննիսյան, Սիրո պարապուրդ, անտիպ գիրք, էջ 117: Այսուհետ այդ գրքից մեջբերումների հղումները կտրվեն տեքստում՝ փակագծերում նշելով գրքի վերնագրի սկզբնատառերը և էջը:
  2. 2. Թ. Հովհաննիսյան, Տարիքի հոգին, Ե., 2018, «Անտարես» հրատ., էջ 321: Այսուհետ այդ գրքից մեջբերումների հղումները կտրվեն տեքստում՝ փակագծերում նշելով գրքի վերնագրի սկզբնատառերը և էջը:

[1]. Թ. Հովհաննիսյան, Սիրո պարապուրդ, անտիպ գիրք, էջ 117: Այսուհետ այդ գրքից մեջբերումների հղումները կտրվեն տեքստում՝ փակագծերում նշելով գրքի վերնագրի սկզբնատառերը և էջը:

 

[2]. Թ. Հովհաննիսյան, Տարիքի հոգին, Ե., 2018, «Անտարես» հրատ., էջ 321: Այսուհետ այդ գրքից մեջբերումների հղումները կտրվեն տեքստում՝ փակագծերում նշելով գրքի վերնագրի սկզբնատառերը և էջը:

 

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.