Նվարդ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ / ՈՐ ՄԻԱՍԻՆ ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ԶԳԱԼ ԼՈՒՅՍԻ ԱՐԱԳՈՒԹՅՈՒՆԸ

Օրերս Ստեփանակերտի Մուրացանի անվան քաղաքային գրադարանում տեղի ունեցավ Ռոբերտ Եսայանի «Քաոս և լույս» ժողովածուի շնորհանդեսը: Ժամանակակից հայ պոեզիայի լավագույն ներկայացուցիչներից է Ռոբերտ Եսայանը և նրա նոր գիրքն, անշուշտ, ընթերցողի հետ ևս մեկ հանդիպման հրաշալի առիթ է: Ողջունելով ներկաներին, Մուրացանի անվան քաղաքային գրադարանի տնօրեն Մարիա Խաչատրյանը նշեց. «Ռոբերտ Եսայանի «Քաոս և լույս» ժողովածուն աչքի է ընկնում թարմ և պատկերավոր մտածողությամբ, անմիջականությամբ, պատկերների անակնկալ խորությամբ ու հայտնությամբ»:
«Ռոբերտ Եսայանի պոետիկան հագեցած է քնարական զեղումներով, փիլիսոփայական հայեցողությամբ, բնապաշտությամբ, անակնկալ հայտնագործում-հայտնություններով, գեղագիտական նրբին զգացողությամբ, աֆորիստիկ ձևակերպումներով, միանգամայն ինքնատիպ տաղաչափությամբ»,- իր հեղինակած հոդվածում նշել է գրականագետ Նարինե Պետրոսյանը:
ԼՂՀ գրողների միության վարչության նախագահ, բանաստեղծ Վարդան Հակոբյանը, խոսելով Ռ. Եսայանի նոր գրքի մասին, նշեց, որ հմայված է պոետի բանաստեղծական հայտնությունների լույսով, ինքնատիպ և ուրույն ներաշխարհի քարտեզագրով:
Առաջին գրքից՝ 1989 թ. Երևանում լույս տեսած «Հենակետեր» ժողովածուից մինչ այսօր ժամանակ է անցել, փոթորկուն ժամանակ, լի ազատագրական պայքարով, մեզ պարտադրված ահեղ պատերազմով: Կյանքի վայրիվերումներից չի ընկրկել բանաստեղծը, հայրենիքի վտանգի պահին՝ որպես զինվոր, մասնակցել է ազատամարտին: Իր պոետիկ ներշնչանքն էլ, ասես, զինվորագրվեց ազատամարտին, անցավ բյուր փորձությունների միջով, ամրացավ ստեղծագործական նոր ելևէջներով, բառի ու տողի նոր տիրույթների հայտնաբերումով: Եվ միայն այդ ժամանակ բանաստեղծը հրաշքով տեսավ, թե ինչպես՝
Երբ սեղմում եմ իմ բռան մեջ//Արցախի հողը//տաք,//կարծրանում է բառը,//ինչպես…//զրահ…
Եվ նոր գտած բառից պիտի իր և անհայտի միջև ձգվող հաղորդությունը շարունակվի, պոետի մտքի ուղեծրով պիտի տիեզերքը իր պտույտն անի, որ բանաստեղծը կարողանա նոր հույզի ուժով ետ տանել տողը, որպես կափարիչ քաոսի, և տեսնել, թե ինչպես է ծնվում ճանապարհը:
Բանաստեղծ. գրականագետ Սոկրատ Խանյանը իր խոսքում նշեց, որ Ռոբերտ Եսայանի բոլոր գրքերը արժանացել են ոչ միայն իր ուշադրությանը, այլև ուսումնասիրությանը: Ռ. Եսայանի ստեղծագործությանն են նվիրված Ս. Խանյանի մի շարք գրախոսություններն ու մենագրությունը: «Ժամանակին ԱրՊՀ գրականության և լրագրության ամբիոնն առաջարկել է ուսումնական պլանում մտցնել «Հայ գրականության զարգացման միտումներն Արցախում» առարկան,- իր խոսքում նշեց Ս. Խանյանը,- այն համարելով մեր ընդհանուր գրականության անքակտելի մի բաժինը: Միաժամանակ Արցախի գրական ընտանիքի ամդամների, այդ թվում և Ռ. Եսայանի բարձրարվեստ ստեղծագործությունը դարձել է ուսումնասիրության ուշագրավ նյութ: Ուսանողները գրում են դասընթացային և ավարտական աշխատանքներ, մագիստրանտները և ասպիրանտները՝ գիտական թեզեր»:
Բանաստեղծ Դավիթ Միքայելյանը իր ուրախությունը արտահայտեց գրչընկերոջ նոր ժողովածուի առթիվ. «Ռոբերտ Եսայանի պոեզիան պարուրում է մեզ հոգու ջերմությամբ, հուզում անակնկալ խորքերով և հիացնում ասելիքի թարմությամբ ու անմիջականությամբ: Նա բազում բանաստեղծական գյուտերի և նորաբանությունների հեղինակ է»:
Բանաստեղծի ստեղծագործությունների ասմունքով հանդես եկան Շուշիի Մկրտիչ Խանդամիրյանի անվան պետական թատրոնի դերասանները: Թատրոնի գեղարվեստական ղեկավար, ԼՂՀ ժողովրդական արտիստ Լեոնիդ Հարությունյանի կարծիքով՝ ասմունքն ապահովում է բանաստեղծի և հանդիսատեսի միջև կենդանի կապն ու ջերմ հաղորդությունը:
«Եվ հաղթանակ չկա: Միայն՝ հաղթահարում». Ռիլկեի այս տողը շարունակում է բանաստեղծ Ռոբերտ Եսայանը իր գտած ելակետով, որպես առաջին անգամ ինքն իրեն ընդառաջ ելած բանաստեղծ, քանզի պոետիկ ճամփորդությունը միշտ էլ առաջին սիրո պես անկրկնելի է…
Ես չգիտեի,//Որ մի աչքիս մեջ//Աշխարհն է մեռնում,//Մյուսի մեջ՝ ծնվում…
Պոետը բանաստեղծական նոր տողը՝ իբրև ցուպ առած, բյուր անգամ պիտի անցնի արդեն ծանոթ բավիղներով, իր իսկ երկնած բավիղներով, սակայն ամեն անգամ խոսքի անդունդներն ու վիհերը կերևան ավելի անանցանելի: Իսկ պոետական հավատամքը որքան երազային, նույնքան հողեղեն է, և ամեն անգամ այն դառնում է բանալի ու բացում նոր օրվա դուռը:
Ես իմ օրվա շեմն եմ համբուրում՝//Իբրև սրբատեղի:
Ասում է բանաստեղծը ու շարունակում քայլել ինքն իրեն ընդառաջ:
Որքան սարսափազդու է քաոսը, այնքան պայծառ է նրան հաղթող լույսը, որքան վհատեցնող է քաոսը իր խավարչտին վիհերով, այնքան հզոր է նրա գաղտնիքը մեկնող բանաստեղծական տողը՝ իբրև ապաստան քաոսի ու լույսի: Ուրեմն կշարունակի բանաստեղծ Ռոբերտ Եսայանը իր պոետիկ ճամփան, քանզի լույսն ապրում է հուշերի սահմանից անդին և երևում միայն իր գտած՝ Անհունից առած ու ժամանակին հանձնած նոր բառում: Եվ այնժամ նա կասի:
Տեսնում եմ լույսը՝
հայա՜ցքը Պահի:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։