Նոնա ՊՈՂՈՍՅԱՆ

ԱՀԱ ԳԱԼԻՍ ԵՄ…
Ահա գալիս եմ ձայների խորքից,
Ահա լռում եմ օտարի նման,
Բայց ինձ մի՛ վանեք ձեր հախուռն մտքից.
Եկել եմ` պատմեմ ցավեր աններկա…
Ես հեգ սլացք եմ` հազարբառաթև,
Ձեր մանրակերտը դրեք տողն ի վար.
Ձեզ կծածանեմ դարերում պարթև
Ու խղճիս ձայնին նորից պահ կտամ:
Բացառումներում մերկապարանոց
Ինքնաբավումով կպայթեմ անեղծ,
Ու դղրդյունս` ընդերքներ ցնցող
Նորից կփրկի սերը շնչահեղձ…
Ահա գալիս եմ ձայների խորքից,
Ահա լռում եմ օտարի նման…
Անգամ` թե ես չեմ պոետը վերջին,
Մեկ է` դուք եք իմ երգերի վկան…

***
Ես անխնա հոսում էի ձեր աչքերով,
Հորդառատ թափվում ձեր մտքերին,
Ինձ ներեք` թե ձեզ տրվել եմ բեռով,
Որ երբեք ուսիցս վայր չդրի:

Ես անխնա ծնվում էի ձեր երակում,
Լուսաշառաչ հորդում ձեր երկնքից,
Անսանձ ու ամբարիշտ այս ժամանակում
Ճամփաներ էի կռում խուլ վախերից:

Ես անխնա տրվում էի ձեր կրակին,
Մոխիրներից ձեր փշեր հանում,
Ու թափանցիկ էի՝ ձեր ճերմակին
Ու ձեր սևի վրա` այնքա՜ն տոկուն:

…Ես անխնա տրվեցի ձեր սրտերին.
Անդուռ, անհասցե ու անանուն…
Մի օր էլ տեսա՝ դուք եք իմ գերին,
Ու ձեր լույսն իմ մեջ է իրիկնանում…

***
Ես ճաքճքել եմ ներսից ու դրսից…
Ու այդ ճաքերից
Մի օր կծաղկեն խոստովանանքներ,
Որոնք այդպես էլ դուք չասացիք ինձ:
Բայց ես չեմ ուզում, որ մեզ բաժանի
Ծեր երաշտների այն անապատը,
Որը կձգվի մի հիշողությամբ,
Ուր անձրևներից էլ չենք թրջվի…
Ես ճաքճքել եմ ներսից ու դրսից …
Ձեր զղջումների կավե մատներից
Էլ չեմ սափորվի…

***
Ես հավաքում եմ գույներն օրերի
Ու նկարում եմ ինքնապատկերս,
Որ վաղուց արդեն դիմանկար չէ…
Ինձ խզբզում եմ մոլորումներից
Կիսավարտ օրվա, անդուռ հրաշքի,
Կիսկրտված սիրո ու երջանկության…
Բայց ես կոտրել եմ քանի պատ արդեն,
Որ գոյությունս դառնա իրական…
Ես նկարում եմ կքված երկինքներ`
Իջած ջրերին…
Որոնցից մի օր կձգվի լույսի
այն երկար ճամփան
Որ պիտի անցնեմ` ինքս ինձ հաղթելով`
Ոնց…դիմանկար…

***
Ներսս ձայներ են օտար, անծանոթ.
Լցվել, օրերիս երակն են լիզում,
Ցավը դարձել է նորից հավակնոտ
Ու հոգուս վրա քարեր է դիզում:

Ներսս ձայներ են. ո՞նց անեմ` լռեն,
Այս տագնապները իմ մեջ քարանան…
Հրանոթները ընդմիշտ պապանձվեն
Ծեր, միաչքանի այն բվի նման…

Ներսս ձայներ են` օտար, անծանոթ,
Այրի բնազդիս երակն են լիզում…
Այս կույր սպասման կրքից վավաշոտ
Աշխարհի դուրսը ներսիս չի սազում…

***
Ես քամիների հետ գնացի,
Որ փոթորիկների դեմքով վերադառնամ՝
Չհայցելով ձեր մաշված գթասրտությունը,
Որ ճմրթվել է ժամանակի գրպաններում…
Բայց ես չընդունվածի նման չեմ գա`
Ճարահատյալի դեմքով,
Նվիրյալի երկյուղածությամբ,
Ուժասպառի հևքով…
…Ես կգամ երկարելու ձեր գիշերներում,
Ուր քամիները սսկվել են վաղուց…

***
Ես խիղճ եմ եղել, ոչ թե` խղճապան,
Ու հոգու դռներ չեմ բացել-փակել,
Ես իմ ձեռքերը` թեկուզ և անժամ,
Բայց արդարության կրծքին եմ խաչել:

Ես խիղճ եմ եղել, ոչ թե խղճապան,
Ճակատագրերին չեմ սիրաբանել,
Քանզի ինձ համար սերն է եղել թանկ,
Երբ ժամանակն են աճուրդի հանել:

Քանզի մեկընդմիշտ ես պապանձվել եմ
Աղաղակներում ծեքծեքուն խոսքի,
Հոխորտ օրերից լուռ հեռացել եմ`
Իբրև այլընտրանք թողած իմ ոսկին:

Ես խիղճ եմ եղել, ոչ թե խղճապան,
Ու ինձ հեգել եմ ձեր պապանձ շուրթին,
Որ մի լուսե օր, մի վերջին անգամ
Դիպչեմ ձեր հանգած, անկրակ սրտին…

***
Անգույն հանդիպումներից են ծնվում
Ճամփաները գունատ…
…Ուր նվիրվելն անհեթեթ է,
Հեռանալն` անհնարին,
Սիրելը`անզարդ …
Ու բոլոր անգույն կայարաններում
Իջնում ենք ու բարձրանում`
Ուղղելու մեր մեջքը,
Որ վերջապես հասնենք
դալուկ վերջաբանին…

***
Ես ամեն առավոտ լուսանում եմ`
Հոսելու ճակատագրովդ,
Թափվելու գիրկդ լայն բացված,
Բռնելու ձեռքդ` թե գորով է,
Հավատալու, որ ամուր եմ բռնել,
Պնդելու ինձ քո բացառումներում,
Բացառելու քեզ կորուստներից իմ …
Բայց գոնե մեկ-մեկ քեզ չեմ հարցնում.
Ի՞նչ կա-չկա, երկի՛ր…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։