ԳԻԾ ԱՌ ԳԻԾ
Սիրտս
Տղամարդ է ուզում՝
Կույր
Եվ բրեյլյան այբուբենը իմանա,
Գլուխ առ գլուխ
Կարդա մարմինս,
Հայտնաբերի գրական խաղերս:
Ձեռքը բռնեմ,
Կողք կողքի
Պատմեմ իր համար ամբողջ աշխարհը,
Աչքը լինեմ,
Ձեռնափայտը
Եվ աշխարհի բոլոր լկտիությունները
Չտեսնելու տամ:
ԵՍ ՈՒ ԴՈՒ
Խեղճ խորդենի,
Այս օրերին որ հիվանդ եմ,
Չորացել են տերևներից մի քանիսը.
Ինչ արած,
Նույնն է մեր ջրի բաժակը:
ԿՈԿՈՐԴԴ
Կեսգիշերին
Լսվում է շնչառությունդ,
Շրջվում եմ դեպի քեզ՝
«Ջո՞ւր ես ուզում»,
Էս ինչեր եմ մտածում,
Մի՞թե մթությունն էլ ջուր է խմում.
Ասում ես՝
Այո՛:
ԼՐԻՎ ԴՐՈՒՅՔՈՎ ԱՇԽԱՏԱՆՔ
Ոչ մի տղամարդ
Չի ցանկանում սիրահարվել
Կրկեսում աշխատող մի կնոջ.
Այն կանանցից,
Որ պիտի քայլեն պարանի վրա.
Սիրահարվել մի կնոջ,
Որ ամեն վայրկյան կարող է ընկնի
Ու եթե չընկնի,
Նրան կծափահարեն
Հազարավոր մարդիկ:
ՄԱՆՅԱԿԸ
Բոլոր խնջույքներում
Վզիս մանյակը
Քո տան բանալին է:
Էլ չեմ խոսում այն մասին,
Որ ես գալու քաջություն չունեմ,
Իսկ դու՝ կողպեքը փոխելու:
ՎԱՂԸ ՈՒՐԻՇ ՕՐ Է
Ցատկում եմ հեծանվի վրա,
Շարժում ոտնակները:
Քամուց բացի,
Ուրիշ ոչ ոք
Չի կարող տանել այս արցունքները:
ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ
Սիրաբանելիս
Լցված եմ խիստ հուզմունքով,
Լցված եմ կրքով:
Իր մարմնի գաղտնիքները
Հայտնագործում եմ սիրահարությամբ,
Իր օվկիանական ճերմակության մեջ՝
Ապշած ու ամոթխած,
Առաջ եմ շարժվում:
Վախենում եմ՝
Չլինի թե նազը այնպես չտանեմ,
Չլինի թե խռովի:
Վախենում եմ՝
Չլինի թե չբեր լինեմ,
Չլինի թե թղթի մարմինը
Չլցնեմ տռփանքով:
Սիրտս զավակ է ուզում,
Այնպիսի ծանր մի պտուղ,
Որ վերջին ամիսներին
Մեջքս կոտրի,
Շունչս կտրի.
Մի զավակ՝ ցնցող գեղեցկությամբ:
ՀԱՆԴԻՊՈՒՄ
Պողոտայի գիշերը նման է ինձ,
Մերթ ընդ մերթ
Անզգուշ անցնում է մի հուշ:
Սիրտս մի ուժգին արկած է ուզում,
Հարայ-հրոցով,
Շտապ օգնության մեքենաները
Խուճապի մեջ ընկնեն,
Եվ
Արդեն ուշ լինի:
ԿՏԱԿ
Գերեզմանաքարս թեթև լինի,
Ինձ չփակեք փոքր տարածության մեջ,
Ծննդյան ու մահվանս թվականը մոռացեք,
Անունս էլ նույնպես,
Դրա վրա
Ինչպես քամու ոտքերի տակ
ընկած գրություն,
Միայն գրեք՝
Գնում եմ թեյ դնեմ:
ԱՆՀԱՄԲԵՐ
Զանգում էիր,
Կարճ խոսում էինք,
Իրերս արագ հավաքում էի,
Մատիտ ու ատամի խոզանակ
Եվ հանգստացնող դեղ:
Չէ՛,
Դեղ էլ չէի վերցնում,
Միայն փեշ ու գիշերանոց,
Հետո
Ի՞նչ ճամփորդություն,
Կորո՜ւմ էինք:
ԶԲՈՍԱՆՔ ԳԻՇԵՐՈՎ
Պատուհանի ետևից
Նկատելի են
Բազկաթոռները,
Որոնց վրա
Սպիտակ սավան է քաշված,
Եվ մի կին,
Որ այլևս չի վերադառնալու
Այս տուն:
ԺԱՄԵՐԸ
Ուշ գիշերին
Տատի բազկաթոռը
Աննկատ շարժվեց,
Զգուշաբար ասաց՝
Ծանր ես տանում աղջիկս:
Փղձկացի:
ԿԱՐՄԻՐ-ԿԱՊՈՒՅՏ ՆՇԱՆԸ
Ասում է սիրում է ինձ՝
Քեզ նման:
Ասում է ամենագեղեցիկ
կինն եմ աշխարհի՝
Ճիշտ քեզ նման:
Սիրում եմ նրան՝
ինչպես քեզ:
Եվ մտածում եմ՝
Արդյոք կխաղա՞ մի օր
իր գլխարկի եզրի հետ:
ԸՆՁԱՌՅՈՒԾ ՌԵԶԱՆ
Ընձառյուծ Ռեզան,
Մեր թաղի խենթը,
Միշտ կանգնած,
Անցնող մեքենաներին
Ասում է
Չգնան:
Բարևում եմ նրան,
Իմ կայսրությունից հեռու,
Ասես թագուհի լինեմ,
Կռանում է մինչև ծունկերը:
Բարձրաձայն և անհոգ
Ծիծաղում են փողոցի ջահելները,
Այնպես, որ ինձ թվում է՝
Բանաստեղծություն եմ գրել նորից:
ՄՇՏԱԿԱՆ ՏԵՂԸ
Առանց նախապես
պայմանավորվելու,
Կանգնած է մշտական տեղում.
Չենք խոսում,
Ամեն ինչ գրված է իր կրծքին՝
Կաթ
Թեյ
Սուրճ.
Գցում եմ մետաղադրամը,
Սեղմում եմ թեյի կոճակը:
ԱՐՅԱՆ ՀՈՏ
Լողում եմ
Ծայրից ծայր,
Ստորջրյա լողով գնում եմ այնքան,
Որքան կարող եմ պահել շունչս,
Մատներս քաշում եմ ավազանի
հատակին,
Հանկարծ հիշողությունդ
Շնաձկան պես հարձակվում է
ինձ վրա:
ԾԱՆՐ ԵՐԵԿՈ
Ձեռքս
Գնում է դեպի հեռախոսն ու
Վերադառնում է:
Այն մանկան նման, որին ասել են՝
Սեղանին դրված խմորեղենը
Հյուրերինն է:
ԱՐԹՆՈՒԹՅՈՒՆ
Քարն եմ մի ծեր շախմատիստի,
Իմ պարտականությունը
Անշարժ մնալն է:
ՃՐԱԳԸ
Գիշեր է,
Դիմացինները
Հանգցրել են ճրագը,
Վարագույրը
Քաշել.
Կանգնել եմ,
Թեյի գավաթով ու անքնությանս հետ.
Վառ է իմ ճրագը:
ԺԱՄԵՐԸ
Բացում եմ բերանս,
Բառերի երամը թևածում է
դեպի երկինք,
Փակում եմ բերանս:
ՎԵՐՋ
Բախվում է դուռը,
Կարծում ես քամին է:
Նստել,
Բանաստեղծությանդ
ավարտին ես մտածում.
Կարող էի
Հենց այս դռան ետևում
Լավ ավարտ լինեի,
Բայց
Վերադառնում եմ տուն:
ԳՆԱՑԵԼ ԵՄ
Մի անկյուն եմ գտնում ինձ համար,
Ձեռքերս
Տաքացնում եմ օջախի կողքին,
Այն նկարում,
Որ տատիկը
Նստած,
Խնձոր է կճպում:
ՏՂԱՍ
Տղաս հարցնում է՝
Քեզ հանգստացնելո՞ւ համար ես գրում:
Շրջվում եմ,
Նայում եմ նրան,
Չգիտեմ՝
Ծնե՞լ եմ, թե՞
Բանաստեղծություններիցս մեկում
Գրել եմ նրան:
ՄԱՐԴԸ ԲԱԶԿԱԹՈՌԻ ՎՐԱ
Կոկորդս բռնվել էր,
Փողոցից հոգնած
Բղավեցի.
Գլուխը գրքից բարձրացրեց,
Վիզն ու ուսերը պտտվեցին,
Կոկորդս լափեց,
Տագնապս էլ
Եվ շարունակեց ընթերցումը:
ՈՒՇԱՑԱՎ
Հեռախոսը զանգահարում է,
Թակում են դուռը:
Ես մնացել եմ քո տանը,
Դու մեռել ես իմ տանը:
Պարսկերենից թարգմանեց
Վահե ԱՐՄԵՆԸ