Ախալքալաքի «Հոկտեմբերի դրոշով» թերթի 1960 թ. փետրվարի 21-ի համարում տպագրվել է Վահան Տերյանի մորաքրոջ որդու՝ Հարություն Մելքոնյանի հուշը մեծ բանաստեղծի մասին, որը ստորև ներկայացվում է ընթերցողին՝ խմբագրական որոշակի միջամտություններով:
Դավիթ ՍԱՐԳՍՅԱՆ
Ես ու Վահանը ընդամենը 10-11 տարեկան էինք և սովորում էինք Ախալքալաքի քաղաքային դպրոցում, որը գործում էր ներկայիս վրացական դպրոցի շենքում: Վահանը ուսման նպատակով Գանձայից տեղափոխվել էր Ախալքալաք և ապրում էր մեր տանը: Դասերից չուշանալու համար Ախալքալաքից 2 կմ հեռավորության վրա գտնվող Չանդուրա գյուղից ամեն օր քաղաք էինք շտապում վաղ առավոտյան, երբ արևը նոր-նոր էր սկսում բարձրանալ Աբուլ սարի ետևից: Մեղքս ի՛նչ թաքցնեմ, ես առանձնապես սեր չունեի ուսման նկատմամբ, թեև դա բնավ չի խանգարում, որ այսօր էլ խորին հարգանքով հիշեմ մեր ուսուցիչներին, մասնավորապես, Ջալալ Տեր-Գրիգորյանին, որ ծննդով Ղարաբաղի Ջրաբերդ գյուղից էր, և Շավարշ Դեմիրճօղլյանին, որը հետագայում տեղափոխվեց Թբիլիսի: Ի հակադրություն ինձ, Վահանը կարդում էր նույնիսկ գյուղական ճրագի աղոտ լույսի տակ:
Մեր դպրոցը լավ ավանդույթներ ուներ, հաճախ էին կազմակերպվում գրական երեկոներ, դիսպուտներ: Վահանն, իհարկե, մասնակցում էր դրանց, երբեմն ելույթ ունենում: Նա դեռ այն ժամանակվանից աչքի էր ընկնում իր կրքոտ, տաքարյուն բնավորությամբ: Շատ էր սիրում այս կամ այն հարցի շուրջ բանավիճել, առարկել: Երբեմն, նեղսրտած, ասում էր. «Մնալու տեղ չէ, Հարությո՛ւն…»: Պատահում էր՝ շաբաթ օրերը միասին գնում էինք Գանձա, մեկ գիշեր անցկացնում նրանց տանը և հաջորդ օրը՝ կիրակի, վերադառնում քաղաք: Հիշում եմ, Վահանի հայրը՝ Տեր Սուքիասը, Վարդավառի առթիվ մեզ՝ ամբողջ ընտանիքով, հրավիրել էր Գանձա: Մենք, երկու կառքով, ճամփա ընկանք դեպի Վահանի ծննդավայրը: Ճանապարհը ձգվում էր Ջավախքի ալպիական թավշյա կանաչով ծածկված բարձրավանդակով, անցնում լեռնային ոլորապտույտներով և միանում Սաղամո լճի գոգավորությանը: Երեկոյան արդեն Գանձայում էինք: Տեր Սուքիասն, իրեն հատուկ հյուրասիրությամբ, գրկաբաց ընդունեց մեզ: Հաջորդ առավոտյան, արևածագին, մեր աղմկարար թափորը տոնական տրամադրությամբ բռնեց Փարվանայի ճանապարհը: Ընտրեցինք լճափի՝ ամբողջովին ծաղիկներով ծածկված մի տափարակ և այդ գողտրիկ վայրում ժամեր շարունակ վայելեցինք մեր չքնաղ բնության գեղեցկությունը: Այդ օրը Տեր Սուքիասը հայտնեց, որ Վահանին տեղափոխելու է Թբիլիսի, եղբոր՝ Արամի մոտ: Անսպասելի լուրից ինձ անասելի տխրություն համակեց, ասես պղտորվեց հոգուս անդորրը:
Անցան օրեր, ժամանակը սահում էր իր սովորական ընթացքով: Եկավ մեր բաժանման պահը, որն առ այսօր խոր կսկիծ է արթնացնում հիշողությանս մեջ: Դասերից հետո պատրաստվում էինք տուն գնալ, երբ Վահանը գրքերը հանձնեց ինձ և կտրուկ ասաց. «Ես գնացի…»: Ինձ թվաց՝ կատակում է: Ո՞ւր կարող էր գնալ, երբ ձեռքին փող չկար: Այդ օրը նա գյուղ չեկավ, մնաց մեր քեռու տանը: Առավոտյան իմացա, որ քեռուց փող է վերցրել և մեկնել է Թբիլիսի: Ախալքալաքում նա սովորեց ընդամենը 2-3 ամիս:
1916 թվականի աշնանը լուր տարածվեց, որ Տերյանը առողջական խնդիրներ ունի և բժիշկների խորհրդով եկել է Անդրկովկաս՝ բուժվելու: Գիտեինք, որ անպայման կայցելի Ախալքալաք, և անհամբեր սպասում էինք նրան: Մի օր քեռուս տղան հայտնեց, որ ինչ-որ մեկը խանութում ինձ է սպասում: Ես մոտեցա անկյունում նստած անծանոթին, որը հարցով դիմեց ինձ:
– Չե՞ս ճանաչում:
Ուշադիր նայելով անծանոթի դեմքին՝ նրա հայացքում նշմարեցի մորաքրոջս՝ Յուղաբի (Յուղաբեր) դիմագծերը: Այլևս կասկածելն ավելորդ էր: Իմ առջև Վահանն էր:
– Վանո ջան, դո՞ւ ես,- անակնկալի եկած՝ ասացի:
Մոտ քսան տարի չէինք հանդիպել: Պահը հուզիչ էր: Մեր զրույցների ընթացքում պարզ դարձավ, որ Վահանը խիստ հոգնած է, դժգոհում էր հատկապես մեծ քաղաքների աղմուկից, կարոտել էր մեր սար ու հանդերին, մեր ձորերին ու կարկաչուն աղբյուրներին: Նրա արտաքինը հիվանդոտ էր, դեմքը՝ դալուկ: Մռայլ ու լռակյաց էր: Բայցևայնպես, այդ անհանգիստ ու կրքոտ անձնավորությունը, չնայած հիվանդությանը, անտարբեր չէր գավառական քաղաքի անցուդարձին, երբեմն դժգոհում էր ձանձրույթից, և միայն բժիշկների հորդորներն էին, որ ետ էին պահում նրան Պետերբուրգ մեկնելու մտքից:
Մի օր նա իմ աշխատատեղ եկավ վրդովված և հուզված: Պատմեց, որ հանձն է առել դպրոցում հանդես գալ Փոկա գյուղի հողային շահերի պաշտպանությամբ: Նա զայրացած, հուզված, արագ-արագ էր խոսում, այնպես, որ ոչինչ չհասկացա, հիշում եմ միայն, որ ասաց. «Փոկացիների բողոքն արդար և իրավացի է, նրանք կհաղթեն»:
Վահանը հաճախ էր գանգատվում գյուղացիների տնտեսական ծանր վիճակից, դժգոհում ցարական իշխանություններից:
Նա Ջավախքում մնաց մինչև փետրվար ամիսը: 1917 թվականին մեր քաղաքում, հայտնի Խասբախչայում հանդիպեցի քեռորդուս՝ Համազին, որից իմացա, որ Վահանը Ախալքալաքում է և հետաքրքրվում է զեմստվոյական ընտրություններով: Արդեն տանը, բոլորիս ներկայությամբ, Վահանը խոսեց ընտրությունների ընթացքում թույլ տրված խարդախությունների մասին և խոսք տվեց մերկացնել բոլոր կեղծիքները:
Մի օր երեկոյան, դպրոցում կազմակերպած հանդիպումից հետո ասաց. «Հարություն, պատրաստվի՛ր, գնում ենք Չամդուրա»: Հաջորդ առավոտյան ոտքով ճանապարհ ընկանք: Ամբողջ ճանապարհին խոսում էր գյուղի և գյուղացիների մասին իր մտահոգություններից: Մեր դռան շեմին մեզ դիմավորեց մայրս՝ Եղիսաբեթը: Նա մեզ լավաշ ու մածուն հյուրասիրեց: Հաջորդ օրը Վահանն առավոտից շրջեց գյուղում, ապա անակնկալ որոշեց.
– Գնում ենք, Հարություն…
Զարմանալի ոչինչ չկար: Նա այդպիսին էր՝ անկանխատեսելի: Կգար, կնստեր, մի քանի խոսք կփոխանակեր և հանկարծ՝ մնաք բարով: Վերադարձանք քաղաք:
Տերյանը երբեմն գիշերում էր քաղաքի հյուրանոցում: Ենթադրում եմ, որ չէր ցանկանում նեղություն պատճառել բարեկամներին կամ ցանկանում էր առանձնանալ, ազատ լինել իր մտածումների և ստեղծագործական մտահղացումների հետ: Բոլոր կշտամբանքներին ուներ համոզիչ պատասխան.
– Գործերս խառն են, չեմ ուզում նեղություն տալ:
Ինչևէ: Մի օր իմացա, որ սուսուփուս, առանց ինձ հրաժեշտ տալու մեկնել է: Դրանից հետո այլևս չհանդիպեցի նրան: Օրեր անց լուրեր տարածվեցին, որ Ախալքալաքի ռազմաքաղաքի ակումբում տեղի ունեցած միտինգի ժամանակ նա հանդես է եկել բոլշևիկյան ազդեցիկ ճառով և մեծ իրարանցում առաջացրել զինվորականության շրջանում: Իսկ Փոքր Խանչալեցի Մամաս Մղդեսյանը, որը զբաղվում էր Շիրակ-Ախալքալաք-Ախալցխա ուղղությամբ փոստային սայլերով փոխադրումներ կատարելու գործով, գիշերը եռաձի կառքով բանաստեղծին տեղափոխել է Ախալցխա: Անկասկած, Տերյանի շտապ մեկնումը պայմանավորված էր վերջին ելույթով՝ հնարավոր բարդություններից խուսափելու համար:
Այդպիսով Վահան Տերյանը ընդմիշտ հրաժեշտ տվեց իր պաշտելի Ջավախքին…