Փոքր Երկրի մեծ վտանգները / Ռուզան ԱՍԱՏՐՅԱՆ

19-րդ դարի անգլիացի պատմաբան Ֆինլեյնն ասել է. «Բյուզանդիայի մեջ հայ բառը հոմանիշ է ազնվության և քաջության: Որքան հպարտանալու բան կունենային հայերը, եթե իմանային իրենց պատմությունը»: Դժբախտաբար, հայոց պատմությունը դարերով կեղծվել է՝ կենսագրություն չունեցող և ավարառու ազգերի կողմից, որի պատճառով մենք պայքարել ենք ոչ թե հզոր ու տնտեսապես զարգացած պետություն ունենալու, այն պահպանելու և սերունդներին պատգամելու համար, այլ պայքարել ենք հանուն մեր ինքնության ու գենի հաստատման: Բերեմ նաև մեր մեծ վիպասանի՝ Րաֆֆու տողերից մի հատված. «Ես ոչ մի նշանակություն չեմ տալիս այն փառքին, այն հռչակին, որն հայը ստանում է օտարների մեջ: Ես այդ համարում եմ մի տեսակ հանցանք դեպի մայրենի երկիրը: Ես այդ համարում եմ մի տեսակ ապերախտություն դեպի այն ազգը, որի անունն է կրում այդ անձը»:
Ինչպես անցյալում, այնպես էլ հիմա հայերիս «ազգային հիվանդությունը» այդպես էլ սերնդեսերունդ փոխանցվելով և ստանալով խրոնիկ բովանդակություն, խարխլել է մեր ազգային միասնականությունը՝ նրան զրկելով ազգօգուտ որոշումներ կայացնելու հնարավորությունից: Այս փաստերի մասին բազմիցս անդրադարձել եմ, և ինձ զարմացրել է մի պարզ խնդիր՝ ինչի՛ և ո՛ւմ վրա է մեր հույսը, եթե մեր նախնիները պարզ ասել են, թե որոնք են մեր պատմական սխալները: Դարեր շարունակ ո՞ւր ենք թաքցնում մեր ազգային անվտանգության երրորդ աչքը և ինչո՞ւ…
Այո՛, մեր իմաստուն անցյալից դեռևս պահպանվել են մեր օրերի քրմեր, որոնք նույնպես, ինչպես մեր նախնիները, մեկնաբանում են մոլորակների ու աստղերի տեղաշարժերը՝ նախանշելով օրվա ծրագրերն ու անելիքները: Մենք ոչ միայն չենք սեփականացնում մեր գիտական ժառանգությունը, այլև ամեն օր առնչվելով մեր ազգային դիմադրության բարդ խնդիրներին, անտարբերությամբ ենք անցնում նրանց կողքով, պատրանք ստեղծելով, թե ինչ նախատեսված է ի վերուստ, այն էլ կլինի: Մինչդեռ այդ «ազգային բեռ» ասածը մտնում է ոչ միայն մեր մաշկի տակ, ծանրանում մեր ուսերին, այլև մեր արյան մեջ՝ դառնալով ազգային ապրելակերպ ու բնավորություն: Արդյունքում՝ դարեր շարունակ զրկվել ենք ոչ միայն մեր նախնիների ժառանգությունից, այլև ձեռք ենք բերել թույլ ու պանդխտասեր ազգի որակ, մեր մեջ պահպանելով թանկ կորուստների արժեքը՝ մշտապես պտտվել ենք նույն տեղում, մեր առանցքի շուրջ և աստիճանաբար հալվելով՝ ժառանգաբար պահեստավորել ենք մեր հզոր իմաստություն կրողների փորձը, խորհուրդները՝ մի օր, իսկապես, իր նպատակին ծառայեցնելու հույսով… ամուր թաքցրել ենք չլսելու հիվանդությունը նաև:
Փոքր ազգերի մեծ վտանգներից առաջինը մեր նախնիների թողած ժառանգությունը մերը լիարժեք չհամարելու բարդույթն է, որը մինչև այսօր էլ ուղեկցում է մեզ: Փոքր պետությունը, որը մերն է, և որի գոյության խորհրդով կամ հովանավորչությամբ ապրում ենք որպես ազգ, մեզ հետ մեկ մարմին է: Ինչ կարող է անել գլուխն առանց սրտի կամ հակառակը. պարզապես ոչինչ: Պետության օրգանիզմը եթե առողջ չէ, իր բազում խողովակներով հայտնվում է անհուսալի վիճակում և, որպես քաղաքական մուրացիկ, ձեռքը միշտ մեկնում է օտար գաղութարարներին: Րաֆֆին շատ բնորոշ է ասել. «Վա՛յ այն ազգին, ով հույսը կդնի ուրիշ երկրների օգնության վրա»: Հետագայում այս միտքն ավելի խիստ է ձևակերպել Գարեգին Նժդեհը: Ազգային առողջացման խնդիրը պետության կայացման առաջնահերթության կարևոր գործոններից է, քանզի առողջ է պետությունը՝ առողջ է գենն ու ազգը: Իսկ եթե պետությունը հիվանդ է, ապա ազգը ինքնապաշտպանության բնազդով դիմում է արտագաղթի, որը բերում է ազգի ու պետության դեգրադացիայի:
Այո՛, փոքր երկրի ներսում բնիկների արտագաղթը բերում է ոչ միայն պետության գաղութացում, այլև էթնիկ տարածքների կամովին զիջում այն ազգերին, որոնք դարերով են աշխատել այդ ծրագրերի վրա: Փոքր երկրների մեծ վտանգներից ավագագույնը հողն իր բնիկներից զրկելն է…
Ինչո՞ւ բազում փորձությունների միջով անցնելով, հրեա ժողովուրդը կարողացավ անջրդի անապատում, պարզապես ավազների վրա պետություն հիմնել, կենսագրություն ստեղծել, ինքնուրույն ազգ ու մրցակից պետություն դառնալ և այն դարձնել աշխարհը կառավարող ուժերի դաշնակից ու թելադրող: Իսկ մենք՝ հայերս, ունենալով 320000 քառ. կմ տարածք ու կայացած պետականություն, ծվարեցինք ընդամենը 29000 քառ. կիլոմետրի վրա և զրկվեցինք պետություն ունենալուց: Եվ երբ փորձ արեցինք մեզնից առևանգված մի փոքրիկ հատվածը՝ Արցախը, միացնել Հայաստանին, կանգնեցինք ծանր կորուստների առաջ ու մինչև օրս էլ՝ 27 տարի անց, պատերազմը չի լռում մեր սահմաններում, որտեղից պարբերաբար դեռ ստանում ենք 18-20 տարեկան պատանիների մահվան գույժերը:
Հաճախ են հարցնում՝ ինչ տարբերություն հայ և հրեա ժողովուրդների միջև: Տարբերությունն այն է, որ հրեաները իրենց տաղանդը, իմաստությունն ու հմտությունը, անհատական ու ազգային հարստությունները ներդրեցին միայն Իսրայել պետության տնտեսական ռեսուրսները ամրագրելու, սեփական ժողովրդի սոցիալական կարիքները հոգալու, դեռ չծնված մանկան համար երկիրը երազանք դարձնելու նպատակի վրա: Իսկ մենք, հնարավորություն ստանալով երկրի անկախությամբ հպարտանալու, զբաղվելու երկիրը երկիր դարձնելու հայանպաստ խնդրով, այսօր նրա պարանոցից ջրաղացքարի նման կախ ենք տվել գրեթե 5,8 միլիարդ դոլարի պարտքը, երկիրը թաթախել ահռելի արտագաղթի մեջ, աշխատատեղեր ու սոցիալական խավի համար պայմաններ ստեղծելու փոխարեն ազգի, ես կասեի, անպատասխանատու «երևելիները» 9,8 միլիարդ դոլար երկրի սահմաններից դուրս են հանել և ազգային ամոթ համարվող հազար դրամների հույսին թողել բանակի խնդիրները: Ներքին պատասխանատվության բացակայությունն է ցանկացած երկրի տկարության պատճառը, լինի դա մեծ, թե՝ փոքր…
Ազգին սպառնացող խոշոր վտանգներից մեկն այսօր անկառավարելի կոռուպցիան է, որը հարվածում է նոր սերնդի, երկրի զարգացման հեռանկարներին: Փոքր պետության մեծ վտանգների շարքերում առաջնակարգ տեղ ունի նաև պետական պաշտոնյաների ընչաքաղցությունը: Ես այստեղ չեմ խոսում քաղաքական կառավարման միջազգային ուժերի միջամտությունների մասին: Նրանք թույլ երկրների հետ միայն փողերի լվացման ու նրանց հանքային արդյունաբերությանը տիրանալու խնդիր ունեն: Հիշում եք, թե ինչ էր ասում անգլիացի լրտես Լոուրենս Արաբացին. «Հայերին չպետք է թույլ տալ, որ աշխատեն իրենց երկրի հանքավայրերում, նրանք կարող են հարստանալ և համախմբվել»:
Վտանգները բազում են, պայքարի միջոցներն՝ անհուսալի…
Զարմանալիորեն տիրապետելով այս փաստերին, մենք աչք ենք փակում 21-րդ դարի մարդկային աղետի դեմ, այն է՝ դանդաղ ու դաժան մահ՝ քաղցկեղ: Բժիշկ Հարություն Մինասյանը մամուլում հանդես էր եկել «Մեզ քաղցկեղով սպանում են» հոդվածով, նշելով, որ մեր փոքրիկ երկիրը աշխարհում քաղցկեղի մահացությամբ առաջին տեղերից մեկն է զբաղեցնում: Նա շեշտը դրել էր նաև հայաստանյան հանքավայրերի պոչամբարների բերած ահռելի վնասների վրա: Այս մասին գուցե չանդրադառնայի, եթե 2016 թ. ԱՄՆ պաշտպանության գերատեսչության «Վտանգների նվազեցման» գործակալության գրանտների միջոցով Հայաստանում՝ Լոռու, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում, չբացվեին անհայտ նյութերի արտադրության լաբորատորիաներ, որոնք ժողովրդի աչքից հեռու գործում են փակ՝ ոչ ոքի հաշիվ չտալով: Ինչ են արտադրում այդ գաղտնի լաբորատորիաները, և որն է նրանց գործունեության նպատակը: Կենսաբանական վտանգավորություն ներկայացնող այդ երևույթի մասին արձագանքեցին թերթերն ու էլեկտրոնային կայքերը, այս մասին հանգամանորեն հանդես եկավ լրագրող Արթուր Հովհաննիսյանը 2016 թ. նոյեմբերի 13-ին «Նյութ» լրատվական կայքում: Սա նոր չէ. դեռ անցյալ դարի 90-ական թվականներին Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը դռնեդուռ ընկած խնդրում էր հսկողություն սահմանել Հայաստան մուտք գործող սննդամթերքի վրա: Շատ վտանգավոր ու կասկածելի է օտար երկրների էմիսարների կողմից Հայաստանում նման կասկածելի արտադրությունների գործունեությունը: Այստեղ է, որ պետք է ասեմ. այո՛, փոքր ազգերի ազատ, անկախ, առողջ ու միասնական գործունեության թիվ առաջին խոչընդոտներից մեկը այն գրանտներն են, որոնց ուղղվածությունը միշտ եղել է նպատակային և ի վնաս մեր ազգի ու պետականության:
Ավարտելով խոսքս՝ հեղինակային իրավունքով մի առաջարկ ունեմ. ազգին ու պետությանը վերադարձնել խոշոր ռազմավարություն ներկայացնող գործոնները՝ խմելու ջուրը, կապը, ճանապարհները, հանքերը և օդային տարածությունը, վարել տնտեսության զարգացման պետական քաղաքականություն:
Հայրենիք պահելը պետք է դառնա ազգի յուրաքանչյուր զավակի համար օրենք ու պարտականություն՝ որպես աղոթքի ավետարան…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։