«Հյուրիյեթի» սյունակագիրներից Ունալ Չևիկյոզը, անդրադառնալով դեկտեմբերի 19-ին Անկարայում ՌԴ դեսպանի սպանությանը, նշել է, որ մարդասպանի ոստիկան լինելը խոսում է Թուրքիայի իշխանությունների բազմաթիվ բացերի և հուլիսի 15-ի հեղաշրջումից հետո հազարավոր ձերբակալությունների անարդյունավետ լինելու մասին: «Թուրքիան այլևս անվտանգ չէ օտարազգի դիվանագետների համար: Իսկ իր քաղաքացիների համար շատ վաղուց անվտանգ չէր»,- գրել է նա: Ոմանք փորձեցին ահաբեկչությունը կապել սիրիական ճգնաժամի գծով Ռուսաստան, Իրան, Թուրքիա բանակցությունների հետ, թուրքերը կրկին հիշեցին Գյուլենին, ռուսական լրատվամիջոցներն իրենց քարոզչության հրետանին ուղղեցին Ամերիկայի կողմը: The Gardian-ը գրում է, որ հավանաբար Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները «ընդհանուր լեզու կգտնեն մեղքն իրենց ենթադրյալ ռազմավարական հակառակորդների վրա բարդելու ցանկության հարցում»: Համենայնդեպս, ակնհայտ է, որ Ռուսաստանը ճգնում է հնարավորինս մեղմել թուրքական իշխանությունների մեղքը, հավանաբար վերականգնված «եղբայրական» հարաբերությունների թելը չկտրելու համար: Վկայությունը Թուրքիայի վարչապետի հայտարարությունն էր, ըստ որի, իրականացված մահափորձի ետևում կանգնած ուժերը. «չեն կարող փչացնել ռուս-թուրքական հարաբերությունները: Ահաբեկչությունը չի կարող բաժանել, այլ միայն կուժեղացնի մեր միասնությունն ու եղբայրությունը»: «Դա կխանգարի՞ արդյոք ռուս-թուրքական հարաբերություններին,- ասել է Պուտինը,- ոչ, չի խանգարի, որովհետև մենք հասկանում ենք ռուս-թուրքական հարաբերությունների կարևորությունը և ամեն կերպ կձգտենք դրանք զարգացնել: Մեզ հաջողվել է հարաբերությունների կարգավորումից հետո փոխզիջումներ գտնել, և հույս ունենք, որ այդ փոխզիջումները կգտնենք նաև ապագայում»: Այս ֆոնին առնվազն տարօրինակ են քաղաքական այսօրինակ ջղաձգումները` ապացուցելու քանիցս կցմցված իրենց «հավատարմությունը»: Izvestia ru-ն հիշեցնում է, որ դեռևս մի քանի ամիս առաջ Կառլովը նախազգուշացնում էր, որ Մոսկվան չպետք է շտապի Թուրքիայի քաղաքացիների համար անանցագրային ռեժիմ սահմանելու հարցում, քանի որ դեռևս նախաձեռնված չեն այն բոլոր միջոցառումները, որոնց շնորհիվ Թուրքիայի տարածքից ահաբեկիչների ներթափանցումը կբացառվի: Գուցե դեսպանը միայն այս մասին չէ, որ զգուշացրել է, դրանով իսկ հնարավոր վտանգի տակ դնելով ռուս-թուրքական այդքան ցանկալի հարաբերությունները: Վարկած, ինչը, ցավոք, այլևս անհնար կլինի վերծանել: Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության խոսնակ Սելին Սայեք Բյոքեն կարծում է, որ ՌԴ դեսպանի սպանության իրական մեղավորը Թուրքիայի իշխանությունն է: Բյոքեն նշում է, որ օրեր առաջ մեծ թափով սկսված հակառուսական ցույցերին իշխանությունները գոհունակությամբ էին հետևում, անտեսելով և չմիջամտելով ռասիստական և ծայրահեղական հայտարարություններին: Ցույցերի ընթացքում ջիհադի դրոշներ են ծածանվել, որի վրա բոլորն աչք են փակել: Կնշանակի, այս մթնոլորտում դեսպանի անվտանգությունն ապահովելու համար թուրքական իշխանությունները պարտավոր էին կրկնակի միջոցներ կիրառել: Չեն արել: Թուրքական diken.com.tr կայքի հաղորդմամբ, ցուցահանդեսին դեսպանի մասնակցության մասին հայտնի է դարձել բացումից ընդամենը երկուսուկես ժամ առաջ: Սակայն ահաբեկիչն այդ օրն առավոտից բժշկական թուղթ ներկայացնելով, չի գնացել աշխատանքի և ահաբեկչությունը նախապատրաստելու համար նախապես սենյակ է վարձել Ժամանակակից արվեստի կենտրոնի ետևում գտնվող հյուրանոցում: Ալթընթաշը որտեղի՞ց գիտեր դեսպանի ներկայության ժամի մասին, եթե անգամ կազմակերպիչները դեսպանի մասնակցությունը հաստատել են 2,5 ժամ առաջ: Ինչպե՞ս է պատկերասրահի տարածք մտել առանց հատուկ ստուգման, երբ նրա անունը չի եղել մասնակիցների ցուցակներում: Ո՞ւմ հրամանով են նրան սպանել, երբ բացահայտման հիմնական տեղեկատուն նա պիտի լիներ: Եվ, վերջապես, ինքնահավան Թուրքիան ինչպե՞ս է համաձայնվել, որ սպանության հետաքննությունը ՌԴ քննչական խումբը վարի: Հարցեր, որոնց պատասխանները նոր հարցեր են ենթադրում: Այս օրերին փորձագետ Մայքլ Ռուբինը հիշել է Էրդողանի՝ կրոնամոլ սերունդ մեծացնելու մասին քանիցս արված հայտարարությունները, շեշտելով, որ ստեղծված իրավիճակի համար այլևս պետք չէ զարմանալ: «Ալթընթաշը հենց Էրդողանի հայտարարած «կրոնամոլ սերունդ մեծացնելու» ձգտման արդյունքն է»,- գրել է նա, շարունակելով.- «Էրդողանն աշխարհում միակ առաջնորդը չէ, ով փորձում է հանուն կարճատև հաղթանակի օգտագործել կրոնական ծայրահեղությունն ու ԶԼՄ-ների միջոցով տարածվող սադրանքները, սակայն Էրդողանն առաջնորդ է, ով շատ ուշ կհասկանա, որ սպասվելիք մեծ հրդեհը, որի պատճառը հենց ինքն է, հանգցնել չի կարողանալու»: Իսկ ռուսները կրակից շագանակներ հանելու մեծ վարպետներ են:
Կարդալ նաեւ․․․

Տիգրան Արտաշեսի ԳՐԻԳՈՐՅԱՆ / ԳՐՔԻՑ ՄԻՆՉԵՎ ԳՐԱՄՈԼՈՒԹՅՈՒՆ
Խորհրդային տարիներին մեր ժողովրդի մոտ գիրք ընթերցելու մշակույթ էր ձևավորվել,…

Արևշատ ԱՎԱԳՅԱՆ
Անկախությունից անմիջապես հետո, երբ բոլորս հուսավառված էինք, որ լինելու են…

Գևորգ ԹՈՒՄԱՆՅԱՆ
Հունվարի վերջին, յոթ սարերից էն կողմ զորացող մի գեշ…