ՀԻՇԵՆՔ ԵՎ ԵՐԱԽՏԱՊԱՐՏ ԼԻՆԵՆՔ / Ֆելիքս ԲԱԽՉԻՆՅԱՆ

Սիրիայի Արաբական Հանրապետության խորհրդարանն այս տարվա փետրվարի 13-ին միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը: Իհարկե, մեր երկրի բոլոր լրատվամիջոցներն անդրադարձան նշված բանաձևի ընդունմանը, սակայն, կարծում եմ, ոչ պատշաճ: Դեռ ավելին` եղան հայրենակիցներ, որոնք շնորհակալության փոխարեն ասացին, թե նախագահ Ասադին դա պետք էր, ու նաև մեղադրեցին նրան, թե ինչու ավելի վաղ չէր ընդունում: Լսելով մեր վայ-հայրենակիցներին` ես մտքով տեղափոխվեցի 2009-ի գարուն, երբ նախագահ Բաշար Ասադն իր բազմազբաղ առօրյայի մեջ ժամանակ գտավ կնոջ` Ասմայի հետ այցելելու Հալեպի հայ համայնքի որբերին, նյութական ու բարոյական աջակցություն ցուցաբերելու նրանց` Թագուհի և Վարդինե Մկրտչյաններին, Վիքի, Սերենա, Մարիա, Մարինա և Մայք Թաշճյաններին, Հայկ, Ջորջ և Հարութ Թովմասյաններին, Անի Թոփալյանին, Մարլեն, Սրբուհի և Հովիկ Ստեփանյաններին, Ժոզեֆ և Գաբրիել Պետրոսյաններին, Հովիկ և Մանո Տաղլյաններին, Անի, Ծիլա, Խաչիկ և Դանիել Առաքելյաններին, Վարդի, Փաթիլ և Բալիկ Կիրակոսյաններին, Սիլվա և Հարութ Քեհեյաններին, Սինթիա և Դալար Հավանճյաններին:
Այդ ժամանակ էլ որոշ հալեպահայեր հարց էին տալիս միմյանց, և իրենք էլ պատասխանում. «Է՛, ինչո՞ւ եկավ, ի՞նչ բերեց»:
Դա ճիշտ այն օրն էր, երբ ՀՀ նախկին արտգործնախարար, ծնունդով հալեպցի Վարդան Օսկանյանի և նրա կնոջ հրավերով ես առաջին անգամ այցելել էի Հալեպ: Ինձ վրա մեծ տպավորություն թողեց Սիրիայի նախագահի և առաջին տիկնոջ այցը հատկապես այն պատճառով, որ տասնամյակներ շարունակ չկարողացա մեր հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի որևէ նախարարի համոզել այցելելու Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան մանկատուն:
Հաջորդ առավոտյան հալեպցի ընկերոջս` Վարուժան Եսայանի հետ այցելեցի Հալեպի պատսպարան, որտեղ մանկավարժները պատմեցին, որ նախագահը և առաջին տիկինը պատսպարանին են նվիրել 10.000 ԱՄՆ դոլար գումար և համակարգիչներ:
Հիշենք` Սիրիայի կառավարությունը և գթասիրտ արաբ ժողովուրդը Հայոց ահեղ 1915-ին գթասիրտ գտնվեցին հայ գաղթականների հանդեպ, իրենց տաք երկրի մարդկային տաք գրկի մեջ ընդունեցին, տանիք ու ապաստան տվեցին անտուն ու անհայրենիք որբուկներին: Պաշտոնական վիճակագրության տվյալներով` 1915 թվականի ապրիլ-հոկտեմբեր ամիսներին կես միլիոնից ավելի հայ է հատել Սիրիայի սահմանը. նրանցից մոտ 300.000 հայ իր փրկության փարոսը գտել է Հալեպում:
Հալեպը հայ ժողովրդի համար ավելին է, քան քաղաքը:
Հալեպը հայերի երկրորդ Արարատն է: Արարատից սկիզբ առան ջրհեղեղից փրկված Նոյի ժառանգները, իսկ Հալեպից` Եղեռնի գեհենից մազապուրծ Սփյուռքի սերունդները:
Սիրիայի կառավարությունը միշտ էլ ջերմ ու սրտաբաց է հայ ժողովրդի զավակների, նրանց հայրենիքի ու պետության հանդեպ: Այսօր` նույնպես: Այդ վերաբերմունքը խորապես փոխադարձ է: Ամբողջ կյանքը հայապահպանությանն անձնուրացաբար նվիրած հայերը կարողանում են ճիշտ գնահատել ու արժևորել նաև այն պետության շահերը, որի քաղաքացին են իրենք, և որն ապաստան է տվել հազարավոր հայերի այն դառնաշունչ օրերին, երբ իրենք` սիրիացիները, ևս ապրում էին ծայրաստիճան կարիքի ու զրկանքների մեջ:
Սիրիայի և Հայաստանի հարաբերությունների մեջ սիրիահայ գաղութը միշտ կարևորում է երկուստեք փոխշահավետ համագործակցությունը, երկու երկրների միջև պետական մակարդակներով առողջ հարաբերությունների հաստատումը: Չէ՞ որ տարածաշրջանային ընդհանուր շահերից զատ` այս երկու ժողովուրդներն իրար հետ կապված են պատմական ճակատագրով, մշակույթով, երկուսն էլ սնվում են Արևելքի մշակույթի անսպառ ավազանից: Անցյալում այս երկու երկրների միջով հոսող գետերն էլ նույնն էին, լեռնաշղթաներն էլ: Աստվածաշնչյան ժամանակներից նրանք համերաշխ ապրել են կողք կողքի, երբ ծովից ծով Հայաստանի բարձրիկ լեռնաշխարհի` Տավրոսի ձյունաճերմակ գագաթից սկիզբ էր առնում մեր ճակատագրի գետը` Եփրատը, և հոսելով գնում ու կենդանություն պարգևում Սիրիայի` անապատային տապից տոչորված դաշտերին:
Սիրիայի և Հայաստանի միջև պետական մակարդակով հարաբերությունների սկիզբը դրվեց տխուր առիթով` 1988-ի երկրաշարժի օրերին:
Սիրիայի հայ գաղութը առաջիններից էր, որ արձագանքեց 1988-ի Սպիտակի երկրաշարժի աղետից տուժած հայրենակիցներին օգնելու գործին: Մամուլից տեղեկացանք, որ երկու օր դպրոցներն ու խանութները փակ մնացին: Ժողովուրդը սգում էր: Կազմեցին օգնություն ցուցաբերելու գործերը կազմակերպող հանձնախմբեր, կոմիտեներ: «Ամեն ոք իր օգնութիւնը կ՚առաջարկէր,- «Վերածնուած Հայաստան» ամսագրում գրում է Դամասկոսի հայ համայնքի ներկայացուցիչ Սարգիս Քեշիշեանը:- Շնորհիւ Սուրիոյ նախագահ Հաֆէզ Ասադի անսակարկ պատրաստակամութեան` մեր ձեռնարկումներն արագ ընթացք ունեցան: Օդանաւերը տրամադրուեցան ձրիաբար: Յունուարի ութին տասը հոգի յանձնախմբով ներկայացանք նախագահին: Հոն տրուեցաւ մեր ըրածներու մանրակրկիտ զեկուցումը եւ մեր գաղութի շնորհակալական խօսքը կառավարութեան»:
Իսկ կառավարությանը շնորհակալական խոսք ասելու պատեհությունն անկասկած կար: Դեկտեմբերից մինչև փետրվար Սիրիայից Հայաստան եկավ 14 ինքնաթիռ, որոնցից 6-ը` սիրիահայ գաղութի կողմից: Այդ ինքնաթիռները օգնություն էին բերում աղետից տուժած ժողովրդին:
Հայ ժողովրդի զարթոնքի արձագանքներից նորոգված աշխարհի վերաբերմունքը նկատելի էր ամենուր: Հայ գործիչների հետ հանդիպման ժամանակ նախագահ Հաֆեզ Ասադն ասաց. «Հայն ամեն տեղ ներկայացուցիչներ ունի, դրա շնորհիվ աշխարհի բոլոր ժողովուրդները հասնում են ձեզ: Մի՛ մտահոգվեք, եթե որևէ ժամանակ որևէ օգնության կարիք ունենաք ձեր արյունակիցների համար, դիմեք ինձ, դիմեք որևէ նախարարի, որովհետև ձեզ սիրում են, ձեր խնդրանքը չեն մերժի»1:
Երջանկահիշատակ նախագահ Հաֆեզ ալ Ասադը մահմեդական երկրների ղեկավարներից առաջինն էր, որ այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեց անմեղ զոհերի հիշատակին:
Կորուստներն անդառնալի էին, իսկ աղետի գոտու վերականգնման աշխատանքներն` անհետաձգելի: Այս գործը դանդաղ, ծանր քայլերով, բայց, այնուամենայնիվ, տեղից շարժվեց: Սակայն ավերածություններից ու կորուստներից բացի` 1988-ի երկրաշարժը հայ ժողովրդի մի նոր ու ինքնատիպ արտագաղթի պատճառ դարձավ, ինչպես լինում է առհասարակ բոլոր աղետների ժամանակ: Աղետի գոտու մեծ թվով բնակիչներ` այս անգամ արդեն երկրաշարժ վերապրած մարդիկ, թողեցին իրենց ծննդավայրը և մեկնեցին օտար երկրներ: Մարդկանց հոգեբանության մեջ բույն դրած վախի ու սարսափի կատարած ավերածություններն իրեց չափերով չէին զիջում ավերված քաղաքների ու գյուղերի տեսարաններին: Շատերը հեռանում էին` նորից վերադառնալու հույսով, շատերն` ընդմիշտ, հատկապես այն մարդիկ, ում տունը հիմնահատակ ավերվել էր, ու ամեն ինչ հողին հավասարվել…
Երկրաշարժից հետո տնավեր ու բնավեր հայերի նոր քարավաններ եկան Սիրիա` ամեն ինչ կորցրած և հուսահատ, ինչ-որ բանով նման, ինչ-որ բանով տարբեր հեռավոր 1915-ից:
1988-ից հետո անկախ պետականություն ձեռք բերած հանրապետությանը սպառնում էր մի ուրիշ, երկրաշարժից ոչ պակաս աղետ` Արցախյան պատերազմը և այդ պատերազմի ծանր հետևանքները: Հայաստանի գլխին կախվել էին պատերազմող պետության բոլոր դժվարությունները` քայքայված տնտեսություն, արտագաղթ, շրջափակում, վառելիքի ճգնաժամ, էներգետիկ աղետ, ամեն ինչ միանգամից: Այն ժամանակ դա չէին խոստովանում, բայց երկիրը կանգնած էր սովի վտանգի առաջ: Փակվել էին գործարանները, ինչի արդյունքում նվազել էին աշխատատեղերը, ոչ ճիշտ ժամանակին և ոչ ճիշտ ձևով իրականացված դրամական ռեֆորմն էլ իր հերթին ջարդեց բնակչության ողնաշարը: Մի խոսքով, իրավիճակ, որից Հայաստանը միայնակ դուրս գալ չէր կարող:
Հայաստանին օդ ու ջրի պես անհրաժեշտ էր դրսի օգնություն, սակայն պետությունների միջև տնտեսական փոխհարաբերությունները կարող են զարգանալ միայն փոխշահավետ պայմանների դեպքում, մի բան, որը չէր կարող ապահովել Հայաստանի տնտեսությունը: Որևէ երկրի հետ հարաբերություններ հաստատելիս յուրաքանչյուր կողմ իր սեփական տնտեսական ու քաղաքական շահերն է հետապնդում, այդ իմաստով Հայաստանն այդ ժամանակ ոչինչ կամ գրեթե ոչինչ չուներ փոխշահավետ գործընկեր լինելու համար: Այդ դեպքում միայն սրտացավ, անշահախնդիր, առանց ակնկալիքների մեկնած ձեռքը կարող էր նրան դուրս բերել այդ փակուղուց:
Որպեսզի ամեն ինչ պարզ դառնա, խոսենք փաստերի լեզվով:
1992 թվականն էր: Ամենածանր տարիներից մեկը Հայաստանի և հայ ժողովրդի պատմության մեջ: Արցախյան պատերազմի ամենաթեժ օրերն էին, երբ մեր բանակն ամեն օր նորանոր վիրավորներ ու զոհեր էր տալիս: Մահվան վտանգը նորից սեղմել էր մեր հավաքական ուժի բռունցքը: Այդ բռունցքն իր աստեղային ժամն էր ապրում, գործում պատերազմի տրամաբանությունից դուրս գտնվող սխրանքներ:
Սխրանքը` սխրանք, բայց անգամ ամենաքաջ զինվորին կերակրել է պետք, ռազմաճակատին հաց ու զենք է պետք, որը պիտի ապահովի նաև թիկունքի անվտանգությունը:
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր- Պետրոսյանը կանգնած էր լուրջ խնդրի առաջ: 1992 թվականի հուլիսի 16-ին պատերազմի մեջ գտնվող Հայաստանում մնացել էր ընդամենը երկու ամսվա հաց: Ի՞նչ անել: Սպասելու կամ հրաշքի հավատալու ժամանակ չկար: Լ. Տեր-Պետրոսյանի հայրական ընտանիքը 1946-ին գաղթել էր Հալեպից, և նա որոշեց երկրի համար օրհասական այդ պահին հայացքն ուղղել դեպի պապերի փրկության ափ` Հալեպ:
Արտաքին գործերի նախարարության աշխատակից Պողոս Սարաջյանի միջոցով, ով Հալեպում ՀՀ առաջին հյուպատոսն էր, Լևոն Տեր-Պետրոսյանը նամակ ուղարկեց Սիրիայի Արաբական Հանրապետության գործող նախագահ Հաֆեզ ալ Ասադին և խնդրեց Հայաստանին օգնություն ցուցաբերել:
Սիրիայի կառավարությունը որոշում կայացրեց ընդառաջ գնալ Հայաստանի նախագահի խնդրանքին, օգնել դժվար վիճակում հայտնված հայ ժողովրդին և վեց հազար տոննա ցորեն տրամադրեց Հայաստանին:
Անգնահատելի էր ճանաչված արաբագետ և դիվանագետ Պողոս Սարաջյանի դերը: Նրա կաթնեղբայր և մանկության ընկեր Վահիբ Ֆադելը Սիրիայի նախագահի աշխատակազմի ղեկավարն էր, և հենց նրա կարգադրությամբ մեր երկրին հատկացվեց ցորենի լավագույն տեսակը` կարծր ցորեն: Եվ երբ Սարաջյանը հեռախոսով շնորհակալություն հայտնեց իր արաբ ընկերոջը, վերջինս պատասխանեց. «Ի՞նչ շնորհակալության մասին է խոսքը, չէ՞ որ մենք կաթնեղբայրներ ենք»:
Այստեղ արժանին պետք է մատուցել նաև ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Շահեն Կարամանուկյանին, ում նախաձեռնությամբ այդ վճռական պահին կարողացան միավորվել Սիրիայի հայ ազգասերները: Ամեն մեկն իր ուժերի ներածին չափով լծվեց հացահատիկի առաքման գործին: Հնչակյան, ռամկավար, դաշնակցական կուսակցությունների, բարեգործական միությունների հայ ազգասեր տղաները միասնական ուժերով կազմակերպեցին վեց հազար տոննա ցորենը երեք նավերի վրա բարձելու աշխատանքը:
Հացահատիկի փոխադրման ճանապարհն անցնելու էր Թուրքիայով, այլ ճանապարհ գոյություն չուներ: Սիրիայի Լաթաքիա նավահանգստային քաղաքից նավերը մեկնեցին Թուրքիա` Հոպայի նավահանգիստ: Հետագա բեռնափոխադրումն իրականացրեց թուրքական Care ընկերությունը: Առիթը ներկայացել է` արժանին մատուցելու նաև այդ ընկերության նախագահ Ադիլ Օզկապտանին:
Պետք է ասել, որ այս հայրենանվեր գործին իրենց անգնահատելի մասնակցությունը բերեցին նաև ՀԲԸՄ Սիրիայի ատենապետ Նուբար Շարվօղլյանը, նույն միության քարտուղար Գևորգ Սարյանը, Արուշ և Վարուժ Եսայանները, Կարպիս Կասաբյանը, Աբել Միրզոյանը, դոկտոր Ղազար Պողոսը, Հովհաննես Ուստա-Կարայանը, Տիրան և Արշակ Ամպարճյանները:
2015-ին, հայերիս հետ միասին, աշխարհի առաջադեմ մարդկությունը ոգեկոչում էր Հայոց Մեծ եղեռնի սուրբ զոհերի հիշատակը, պատերազմի մեջ գտնվող Սիրիան չմոռացավ, և կառավարության որոշմամբ Դամասկոսի հայոց եկեղեցու հրապարակն անվանվեց Հայոց եղեռնի նահատակների հրապարակ:
Հիշենք և երախտապարտ լինենք:

——————————
1. «Վերածնված Հայաստան» ամսագիր, 1989 թ., թիվ 6:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.