ԳՐԻԳՈՐ ՀԱԿՈԲՅԱՆ. հոդվածներ / Գուրգեն ԳԱՍՊԱՐՅԱՆ

grigor

Գրիգոր Հակոբյանը (1958-2005), մեր ժամանակների համար գուցեև փոքր-ինչ տարօրինակ և արտասովոր եռանդով, իր ողջ կյանքը և ժամանակը նվիրեց հայ գրականության ուսումնասիրմանը: Եվ իրոք, դժվար է անցումային ժամանակներում լավատես լինել, և միշտ էլ հատուկենտ են բնության պարգևած այն անհատականությունները, որոնք խավարի մեջ վառ են պահում հուսո ջահը: Գրիգոր Հակոբյանն, իրապես, նրանցից մեկն էր: Ուսումնասիրելով նրա թողոնները` մենագրություններ, գիտական հոդվածներ, փորձագրություններ և գրախոսություններ, ելույթներ և հրապարակումներ, համոզվում ես, որ գիտնականի կյանքն անմնացորդ գործունեություն է եղել, անվերջ փնտրտուքների և հայտնագործությունների, մշտապես նոր հանգրվաններ նվաճելու ուղի: Տեսական բարձր պատրաստվածությունը, հայ և համաշխարհային գրականության և գրականագիտական մտքի նորագույն արդյունքներին քաջածանոթ լինելը իրենց հստակ հետքն են թողել գիտնականի գրեթե բոլոր երկերում:
Հակոբյանի գրականագիտության բնորոշ առանձնահատկություններից մեկը հայ նոր գրականության բազում անծանոթ կամ նվազ հայտնի անունների և իրողությունների վերհանումներն են, որոնք ոչ թե սպիտակ էջերը լցնելու միտում ունեն, այլ բխում են գիտնականի` գրականության պատմություն եզրի նորովի ընկալումից և մեկնաբանությունից: Գրականության պատմությունը, ըստ Հակոբյանի, ոչ թե գրողների և նրանց երկերի իրարահաջորդ թվարկումներով է ձևավորվում, այլ տվյալ շրջափուլում մշակութաբանական ընդհանուր միտումների և դրանց գրականացման ձևերի բացահայտմամբ: Սա է պատճառը, որ Գր. Հակոբյանի գրեթե բոլոր ուսումնասիրություններում գերիշխող է տեսական դատումների շերտը: Գիտնականն իր ուսումնասիրման առարկան է դարձնում գրական արտադրանքի ժանրային-կառուցվածքային ձևերը` դրանց ծագումնաբանությունը, զարգացումն ու անկումը դարձնելով գրականության պատմության հենքը: Նման մոտեցման դեպքում ինքնին արժևորվում են թե՛ հանրահայտ, թե՛ ստվերում մնացած, թե՛ երկրորդական հեղինակների երկերը, քանի որ գրական վարպետության խնդիրը մտահոգում է բոլորին, իսկ ժանրագիտության և ժանրի պատմության մեջ ընդհանուր միտումների բացահայտումը հնարավորություն է ստեղծում առավելագույն ճշգրտությամբ սահմանել յուրաքանչյուր ստեղծագործության մշակութաբանական արժեքը: Սա իրապես նոր հայացք և մոտեցում էր, որ Գրիգոր Հակոբյանի բազում երկերում իր լիարժեք արտահայտությունն է գտել: Հիշենք, թեկուզ «Արևմտահայ նորավեպը. 1890-1910-ական թվականներ. ժանրի պատմություն և տեսություն», «Թերթոն վեպի տեսությունը. Երվանդ Օտյան» մենագրությունները, «Վեպի ժանրի օշականյան մետատեսությունը» և այլ բազմաթիվ հայ դասական ու արդի արձակին նվիրված հոդվածներն ու ուսումնասիրությունները:
Հատկապես մեծ է Գրիգոր Հակոբյանի վաստակը հայ դասական նորավեպի ուսումնասիրման խնդրում: Կենտրոնում ունենալով Գրիգոր Զոհրապի ստեղծագործությունը` գիտնականը նորավիպագրության մի ողջ դպրոց հայտնագործեց` բազմաթիվ նոր անուններով և երկերով, որոնք սփռված էին 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի արևմտահայ բազմաբղետ մամուլի էջերում: Արձակի կարճ ձևերի բուռն զարգացումը 19-րդ դարավերջին վերջնականապես թոթափեց հայ գրականությունը ոչ գրական շերտերից (հրապարակախոսական, մանկավարժական, բարոյախոսական և այլն), գրական նոր դպրոցների (նատուրալիզմ, սիմվոլիզմ) սկզբունքային կարգախոսներն իրացվում էին նոր սերնդի հայ գրողների կողմից, ուր արձակի կենտրոնական դեմքը Գրիգոր Զոհրապն էր: Ի դեպ, Գրիգոր Զոհրապի ստեղծագործությանն էր նվիրված Գրիգոր Հակոբյանի թեկնածուական ատենախոսությունը («Գրիգոր Զոհրապի նորավեպերի պոետիկան»): Հակոբյանը, բացի «Արևմտահայ նորավեպը» հիմնարար աշխատությունից, բազմաթիվ հոդվածներ է նվիրել այդ սերնդի առանձին գրողների ստեղծագործությունների` հատկապես այդ շերտի ուսումնասիրմանը («Քսաներորդ դարասկզբի հայ նորավեպի պատմությունից», «Գեղարվեստական փոքր արձակը «Արևելյան մամուլ»-ում (1880-1909)», «Նովելային ձևերի սկզբնավորումը Գրիգոր Զոհրապի պոետիկայում», «Աղետի և դիմակայության անդրադարձները արևմտահայ նորավիպագրության մեջ», «Ժանրային պարականոն դրսևորումները արևմտահայ նորավեպի գեղարվեստական համակարգում», «Արշակ Չոպանյանը 1880-1890-ական թվականների արևմտահայ արձակի համակարգում», «Սուրբ Ծնունդի և Կաղանդի անդրադարձումները արևմտահայ նորավեպի գեղարվեստական համակարգում», «Վահան Թեքեյանի նորավեպերը» և այլն):
Մեծարժեք են Հակոբյանի ուսումնասիրությունները, այսպես կոչված, «երկրորդային» գրականության` հուշագրությունների, առանձին գրողների նամականիների ուսումնասիրման գործում: Պարբերական մամուլում բազում հրապարակումներ և ուսումնասիրություններ ունի գիտնականը այս ուղղությամբ: Բացի ճանաչողական արժեքից, մեկնաբանության այս եղանակը (բնագիր-մեկնություն), ըստ Հակոբյանի, գրականագիտությունը դուրս է բերում ենթակայական դեգերումներից և առավելագույնս ապահովում է առարկայական դատումների շրջան` դառնալով առավել արդյունավետ և ուսանելի: Հակոբյանի ուսումնասիրությունների բնորոշ ձևերից է սա, երբ բնագրի հրապարակումը ուղեկցվում է ծավալուն առաջաբանով և գիտական ապարատով: Այս գործերի շարքում հատկապես կարևորվում են Զապել և Հրանտ Ասատուրների նամակագրության, ինչպես նաև Երվանդ Օտյանի նորագյուտ հուշագրության («Անիծյալ տարիներ», 1914-1918. անձնական հիշատակներ) հայտնաբերումն ու հրապարակումը առանձին գրքերով: Այս առումով գիտնականը նոր շրջանի ակադեմիական գիտության ամենավառ ներկայացուցիչներից էր: Հայ դասական գրականությանը նվիրված Գրիգոր Հակոբյանի հոդվածների և ուսումնասիրությունների ժողովածուն լույս ընծայեց Մայր Աթոռ Ս. Էջմիածինը «Ս. Էջմիածնի երախտավորները» մատենաշարով, 2007 թ. (Գրիգոր Հակոբյան, Ուսումնասիրություններ և հոդվածներ, հրատարակության պատրաստեց Գ. Գասպարյանը, Ս. Էջմիածին, 2007, 560 էջ):
Գր. Հակոբյանի ժառանգության մեջ նշանակալի տեղ ունի սփյուռքահայ գրականության ուսումնասիրությունն ու ներկայացումը հայրենի ընթերցողին: Գիտնականը մեծ ու փոքր տասնյակ հոդվածներում և ակնարկներում անդրադարձել է սփյուռքահայ գրեթե բոլոր ականավոր գրողների ստեղծագործություններին (Շահան Շահնուր, Նիկողոս Սարաֆյան, Նշան Պեշիկթաշլյան, Հակոբ Օշական, Համաստեղ, Հակոբ Կարապենց, Գրիգոր Պըլտյան և այլք): Հակոբ Օշականի ստեղծագործությանը նվիրված Հակոբյանի ուսումնասիրություններն, ըստ էության, սփյուռքահայ ականավոր գրողի և գրադատի, մանկավարժի և մտածողի գործունեության առաջին արժևորումներն են հայրենի գրաբանական դաշտում: Եվ սա պատահական չէ. գիտնականի բոլոր այդ հրապարակումներում ընդգծված է հայ գրականության ընդհանուր համապատկերի ստեղծման օշականյան փորձի վերակենդանացման կարևորությունը` հայրենիք-սփյուռք մշակութային միասնությունը վերականգնելու ճանապարհին:
Հակոբյանի ժառանգության մեջ նշանակալի տեղ ունեն արդի հայ գրականությանը, ժամանակակից գրական ընթացքին նվիրված անդրադարձները, որոնց գերակշիռ մասը գրված է 1991-1992 թթ., երբ գիտնականը վարում էր «Նորք» գրական հանդեսի գրաքննադատության բաժինը: Այս գրախոսությունները ոչ թե սոսկական գրություններ են` արդի գրական ընթացքին հավուր պատշաճի արձագանքելու համար, այլ փոքրածավալ գիտական ուսումնասիրություններ, ուր արժևորվում է յուրաքանչյուր գրքի գրապատմական արժեքը հայ գրականության ընդհանուր ենթաբնագրում: Այս հրապարակումների շարքում նշանակալի ծավալ ունեն սփյուռքի ժամանակակից գրականությանը նվիրված գրախոսությունները, որոնք տպագրվել են թե՛ հայրենի, թե՛ սփյուռքի պարբերականներում: Այս հոդվածներն ընդգրկող ժողովածուն լույս տեսավ 2018 թ. (Գրիգոր Հակոբյան, Հոդվածներ, կազմեցին Գուրգեն Գասպարյանը և Արքմենիկ Նիկողոսյանը, Երևան, Անտարես, 244 էջ):
Բացի գրականագիտական ուսումնասիրություններից Գր. Հակոբյանի ժառանգության մեջ նշանակալի տեղ ունեն նրա կազմած ուսումնական գիտաօժանդակ ձեռնարկներն ու անթոլոգիաները: Դրանց թվում խիստ արժեքավոր են «Արևմտահայ նորավեպի անթոլոգիան» և «Արևմտահայ և սփյուռքահայ գրականության անթոլոգիան», որոնք կազմված են հմուտ մանկավարժի և գիտնականի բանիմացությամբ, և որոնց կարիքը խիստ զգալի է բուհական ուսուցման համակարգում: Հայ գրականություն դասավանդելով Գևորգյան հոգևոր ճեմարանում, Սևանի հոգևոր դպրանոցում և Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների համալսարանում` գիտնականը քաջ գիտակցում էր արևմտահայ և հատկապես սփյուռքահայ գրականության մասին գիտելիքների պակասը լրացնելու անհրաժեշտությունը: Հակոբյանի` որպես մանկավարժի և դասախոսի հիշատակը մշտապես վառ է թե՛ նրա ճեմարանական սաների և գործընկերների, թե՛ համալսարանական ուսանողության շրջանում:
Այս շարքից 2007 թ. «Նաիրի» հրատարակչությունը լույս ընծայեց «Հայ դասական նորավեպ (XIX-XX դդ. արևմտահայ նովելի նմուշներ)» ժողովածուն (կազմեց և ծանոթագրեց Գր. Հակոբյանը, 320 էջ):
Բազում ծրագրեր ուներ գիտնականը, բազում երազանքներ, որոնց առանցքը միայն և միայն հայ մշակույթն էր ու արվեստը: Կյանքի վերջին շրջանում Հակոբյանը կազմում էր սփյուռքահայ գրականության դասավանդման գիտամեթոդական ուղեցույց և անթոլոգիա, որն անավարտ մնաց: Հեղինակը հասցրել է ամբողջացնել Կարպիս Ճանճիկյանին, Զահրատին, Հակոբ Մնձուրուն, Շավարշ Նարդունուն, Մուշեղ Իշխանին, Անդրանիկ Ծառուկյանին, Վահե Օշականին, Իշխան Ճինպաշյանին նվիրված գլուխները` համապատասխան նախաբաններով և բնագրերով: Ընթացքի մեջ էր «Ժամանակ» օրաթերթի հիմնադիր, հրատարակիչ, առաջին խմբագիր, հրապարակախոս, նորավիպագիր, վիպասան, թատերգակ, թարգմանիչ, քրոնիկագիր, ազգային-հանրային գործիչ Քասիմի (Միսաք Գոչունյան) (1863-1913) նորավեպերի և պատկերների ընտրանու աշխատանքը: Հակոբյանն սկսել էր Ղևոնդ Մելոյանի ստեղծագործության ուսումնասիրության նախապատրաստական աշխատանքները, զուգահեռաբար սկսել և ավարտին էր հասցնելու «Դրվագներ XX դարասկզբի արձակի ստեղծաբանական փիլիսոփայության և կենսափիլիսոփայության պատմությունից» հիմնարար աշխատությունը, որից մի հատված է պահպանվել նրա թողոններում և այլն:
Գրականագիտական վիթխարի փորձառությունը դեռ նոր հորիզոններ էր նվաճելու` ընդլայնելով մեր պատկերացումներն ու գիտելիքները հայ գրականության, մեր ունեցած իրական մտավոր հարստության սահմանների մասին: Եվ այդ ճանապարհին Գրիգոր Հակոբյանը անվերապահորեն առաջամարտիկ էր, իսկ նրա հեռացումը անվերականգնելի կորուստ, որը սակայն ապրված կյանքի խորհուրդ և պատգամ է մեզ համար, օրինակության արժանի ճանապարհ, գործի մեծության համեմատ համեստության տիպար…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։