Դարձ / Խաչատուր ՄԱՐԳԱՐՅԱՆ

Սերգեյ Էլոյանն արմատներով Վրաստանի Ծալկայի շրջանի Այազմա գյուղից է։ Ռուսաստանի նկարիչների և դիզայներների միության անդամ է, դասավանդում է Իրկուտսկի գեղարվեստի ուսումնարարանում։ Մասնակցել է համամիութենական, հանրապետական բազմաթիվ ցուցահանդեսների, աշխատանքները ներկայացված են Փարիզում, Բեռլինում, Տոնոն-Լեբենում, Սեուլում, Ստրասբուրգում։ Մի քանի տասնյակ կտավներ իրենց հաստատուն տեղն են գտել Կեմերովոյի մարզային արվեստի, Իրկուտսկ քաղաքի պատմության, Տրգովիշտե (Բուլղարիա) արվեստի, «Կունստհոֆ» (Բեռլին) պատկերասրահ-թանգարաններում, ինչպես նաև ռուսական և արտասահմանյան հավաքածուներում։

Նրա աշխատանքներում իշխում են քնարականությունը, սերը, լավատեսությունը։ Այս ամենը ներդաշնակ է կտավի կառուցվածքին, ինչի տրամաբանությունը տանում է հեռուներ, և այդժամ արդեն մեր ընկալած «տեքստն» ու սահմանը դառնում են գաղտնագրված տեղեկատվություն՝ կետ-գիծ-կետ։ Գիծը սահման է, որը նաև սկիզբ է։ Գծով է առանձնացված լույսը ստվերից։ Կետերի բազմությունը հարթության մեջ ուրվագծում է մեր ընդունած տեսանելիի ֆիզիկական հոսքը, որը վերածվում է խոսուն պատկերի։ Եվ այդ պահին հեռուներից եկող բազմաձև ու բազմագույն լույսը շռայլորեն ավիշ է տալիս մեր ընկալած աշխարհին։ Ծնվելով Նիժնի Տագիլում (1958 թ.) և ավարտելով Իրկուտսկի գեղարվեստի ուսումնարանն ու Կրասնոյարսկի գեղարվեստի ինստիտուտը՝ շփվել է կերպարվեստի ռուսական, մանավանդ սիբիրյան տարբեր դպրոցների, ուղղությունների հետ, սակայն կարողացել է «չոր» դուրս գալ, ստեղծել ի՛ր ոճը։ Զարմանք է հարուցում. հայոց միջնադարյան դպրությունից և մեղեդիներից ժամանակ-տարածությամբ այդքան «հեռավոր» կտավներից, սիբիրյան «սառը» գույներից հասնում է մեր նախնյաց տաղիկների ու երգերի շունչը։

Էլոյանի գործերում կառուցվածքի, կերպարների, մատուցման ձևի, ոճի միջև եղած կապը փոխադարձ է։ Անգամ նյութեղեն մասնիկները, որոնցով կազմվում է պատկերի ծավալային հարաբերությունը, և որոնց միջև կարծես թե ինչ-որ մի օրենք է գործում (ինչով և պայմանավորվում է կտավի շարժուն լինելը), գտնվում են լուսագունային, ներկայացվող թեմային, աշխատանքին առնչվող, բոլոր հարաբերություններին համահունչ, ներդաշնակ մի հարթության մեջ։

Յուրաքանչյուր գործ ասես մաքրամաքուր մանուկ է՝ ծնված լուսե թելերով հյուսված ճերմակ շապիկով, և թվում է, թե մարդիկ, ծառերն ու ձկները, հավերժ տարօրինակ կենդանիներն ու հրեշտակները ծնվել են միայն արարման օրերին, Ադամի և Եվայի ժամանակներում, ասես Եդեմից են դուրս եկել, այնքան վճիտ են, անապակ։

Նրա գիծն ու կառուցվածքը հար և նման են հայկական մանրանկարչությանը, սակայն գույնը և լույսը հյուսիսային շողարձակում ունեն, որոնք էլոյանական արվեստը բարձրացնում են երբեմն «բրեխտյան» սահմանազատված արարների աստիճանի, երբեմն՝ «սյուրի» արթմնի պատկերների, երբեմն՝ իմպրեսիոնիստական շռայլ տեսիլների կամ իրական պատմությունների, բայց բոլոր դեպքերում էլ առկա են իրականությունը և պատմությունը, որոնք ձգտում են երկխոսության մեզ հետ, տեսլիք ծնում մտորելու։ Ասելիքն ամբողջական է, ավարտուն։ Սպառվածքի մեջ անսպառությունն է, որը պարունակում է մեր երևակայության ակունքները բացող խորհրդատվություն։ Թվում է, թե այդ բջիջները կտավի ողջ հարթությունում շաղ տված նռան հատիկներ են, որոնք ձգողական ինչ-որ օրենքով պայմանավորված՝ սփռվել են հարթության մեջ և կազմել պատկեր։ «Կույր անձրևը», «Նավը», «Քնած տղան», «Նվագող հրեշտակները», «Աշուն», «Մառախուղ», «Ձուկը», «Խաչքար» և շատ այլ կտավներում լույսն անբիծ է, մաքուր, վճիտ, որից ծնունդ է առնում ասելիքն ու կերպը շաղախող նյութը։ Այդ կտավներից ճառագող լույսի հետագծին հայացք ձգած արվեստաբան Պավել Վարվառինը նկատում է ռիթմի բիբլիական ձգողականությունը և գունային շռայլությունը. «…Այդ ամենը հորդում է քրիստոնեական այն երկրից, որը որպես ոգի՝ Սերգեյը ժառանգություն է ստացել իր նախնիներից, Արարատի հավերժական ձյան գագաթներից։ Նրա ձեռքին է Նարեկացու խոսքի բանալին… Սերգեյի արվեստն իրար է կապում Արարատն ու Ուրալը…»:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։