Մեր ո՞ր մեղքի համար գլխներիս թափվեց այս կրակը. որ կորցրեցինք զգոնությունը, որ թերագնահատեցինք թշնամու տեսակը, որ չկարողացանք սպանել պառակտման որդը, որ մեր միջից ծնվեցին դավաճաններ, հայրենքի դավաճաններ, որ տասնամյակներ շարունակ շատ-շատերի աստվածը եղել է փողը, որ նույն հայրենիքում ապրողների մի մասը կուլ տվեց թշնամու կողմից հետևողականորեն և ջանադրաբար ներարկվող այն ստոր գաղափարը, թե Արցախը բեռ է Հայաստանի վզին և նրանից պետք է ազատվել: Դե, ազատվեցին, թող իրենց կերակրող տերերի հետ ցնծան և հիշեն, որ իրենց վարձը ստանալու են դժոխքում:
Թուրքը վայրենի խրախճանքի մեջ է: Նա պղծելու է մեր հողը, մեր սրբությունները, մեր մաքրամաքուր օդը ապականելու է իր շնչով, խոսքով, կենցաղով, իր գոյությամբ:
Ոչինչ, իմ սիրելի, իմ քաջ, արժանապատիվ հայրենակիցներ, ոչինչ, վստահ եղեք, որ դա երկար չի տևելու, գալու է նաև մեր հերթը: Եկեք զսպենք մեր արցունքները, ոչ մի դեպքում չկռանանք, մեր ցավից, վիրավորանքից, վրեժից ուժ է ծնվելու, և մի օր էլ մեր տանը հարսանիք կլինի: Եկեք ամեն գիշեր անկողին մտնելիս, ամեն առավոտ արթնանալիս մտածենք, որ մենք անելիք ունենք, նպատակ ունենք և, ինչպես պատվիրել է մեր Տեր Աստվածը, զինվենք համբերությամբ և սպասենք մեր ժամին:
Արցախցի իմ սիրելի եղբայրներ, քույրեր, մայրեր: Մենք պետք է, պարտավոր ենք սրտապնդվել, չկորցնել հույսը, մենք ավելի վատն էլ ենք տեսել, եկեք թշնամուն ցույց չտանք մեր ցավը, լուռ կրենք այն, բայց մի րոպե անգամ չմոռանանք մեր անելիքը, կոփենք մեր հավատը, ծիծեռնակի պես նոր բույն հյուսենք, մեր ներկա և ծնվելիք զավակներին մոր կաթի պես սնենք նորից հաղթելու, հարատևելու, փյունիկի պես վեր հառնելու, անկեզ մորենու պես մշտագո լինելու գաղափարով: Ամեն օր, ամեն հարմար պահի նրանց չքնաղ հեքիաթներ պատմեք ժամանակավոր կորցրած մեր բնակավայրերի, մեր անտառների, կիսավեր սրբավայրերի, մեր մոշի, տկողնու, նռան, մեր աղբյուրների, ապուպապերի, հերոսների, պատմական տեղանունների մասին, որ հազարամյակներով մերն են եղել և նորից մերն են լինելու: Մեզ օգնելու են մեր կորցրած զավակների՝ երկնքից առաքվող կոչերը, և մենք պետք է խոստանանք, երդվենք նրանց արյունով, որ կիսատ չենք թողնելու իրենց արածը:
Բայց այս ամենից զատ, ունենք նաև մեծագույն պարտավորություն՝ խելոքանալ, դաս առնել, սխալները սթափ ուղեղներով վերլուծել, գտնել այն հարցերի ստույգ պատասխանը, թե ինչու ենք հաճախ սայթաքում և ստանում ճակատագրական հարվածներ, ինչու է մեզնից փախչում դիվանագիտությունը, ինչու մենք չենք ունենում անկաշառ, լայնախոհ և իմաստուն կառավարիչներ, ինչու դասեր չենք քաղում մեր պատմությունից: Ի դեպ, դեռևս 370 թվականին՝ 1650 տարի առաջ, հայոց մեր Պապ թագավորն է ասել. «Հայաստանը Հայաստան պահելու համար պետք է չորս անգամ ավելի զորք ունենալ, չորս անգամ ավելի աչալուրջ լինել, չորս անգամ ավելի քիչ խնջույք կազմակերպել և չորս անգամ ավելի արթուն մնալ: Եվ դա պիտի շարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ Աստված չի բարեհաճել Հայաստանի վրայով անցնող հրոսակային մայրուղին փոխել ուրիշ տեղ»: Վատ չէր լինի արդիականացնել այս պատգամը և ականջի օղ անել: Մեզ պիտի առաջնորդի ոչ թե օրով, այլ դարով ապրելու, հարատևելու, ազգերի երթի առաջնագծում լինելու ձգտումը:
ԳԱԼՈՒ Է ՀԱՏՈՒՑՄԱՆ ՕՐԸ / Ռայա ԽԱՍԱՊԵՏՅԱՆ
