Վերջերս Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում անցկացվեց Կիպրոսի գրական միջազգային 6-րդ փառատոնը, որին մասնակցում էր նաև Արմենուհի Սիսյանը
– Ի՞նչ կասեք փառատոնի մասին, ի՞նչ տպավորություններով եք վերադարձել:
– Պետք է ասեմ, որ հրավերը ստանալուն պես անմիջապես որոշեցի ընդունել այն, որովհետև թե՛ աշխարհագրական, թե՛ մշակութային առումով Կիպրոսը միշտ հետաքրքրել է ինձ: Փառատոնը բավականին խիտ, հագեցած ծրագիր ուներ՝ ելույթներ, ընթերցումներ, քննարկումներ, դպրոցների և համալսարանի ուսանողների հետ հանդիպումներ: Բավականին ուշագրավ էին տեղում, հանպատրաստից արվող ստեղծագործական աշխատանքները: Դրանցից մեկն ի մի էր բերվել որպես մեկ ամբողջական ստեղծագործություն և եզրափակիչ օրը գեղարվեստորեն մատուցվեց դերասանների կողմից:
– Իսկ ի՞նչ լեզվով էր իրականացվում այդ ամենը:
– Անշուշտ, աշխատանքային լեզուն անգլերենն էր: Հունաստանից հրավիրված գրողները հնարավորություն ունեին կիպրոսցի գրողների հետ հաղորդակցվել հունարեն, բայց մյուս երկրներից հրավիրվածների համար հաղորդակցման լեզուն անգլերենն էր, առանց որի իմացության մասնակցությունը փառատոնին պարզապես անիմաստ կլիներ:
– Իսկ ի՞նչ աշխարհագրություն էր ընդգրկում փառատոնը, ո՞ր երկրներից էին հրավիրված գրողները:
– Իռլանդիայից, Չեխիայից, Իսպանիայից, Նորվեգիայից, Գերմանիայից, Քուրդիստանից, Հունաստանի Աթենք և Սալոնիկ քաղաքներից և ձեր խոնարհ ծառան՝ Հայաստանից: Քանի որ աշխարհագրությունից խոսեցինք, հիշեցնեմ, որ Կիպրոս կղզին բաժանված է երկու մասի, և մի մասը, ընդ որում՝ մեծ մասը, վաղուց արդեն բռնազավթված է թուրքերի կողմից: Մայրաքաղաքում՝ Նիկոսիայի կենտրոնում, տեղակայված է սահման-անցակետ, որտեղով թե՛ կիպրոսցիները, թե՛ օտարերկրացիները կարող են անցնել միայն անձնագրերով, հատուկ կնիք ստանալուց հետո, ինչպես այլ երկիր գնալիս: Ի դեպ, փառատոնի ծրագրով նախատեսված էր արտասահմանցի և հույն գրողներին տանել էքսկուրսիա սահմանից այն կողմ՝ թուրքական հատված: Անկեղծ ասած, ես անհամբեր սպասում էի դրան, քանի որ ինձ շատ էր հետաքրքրում դա: Մեզ զգուշացվել էր վերցնել անձնագրերը: Մեր քուրդ գրչընկեր Հուսեին Հաբաշը մինչև վերջին պահը երկմտանքի մեջ էր՝ միանա՞լ խմբին՝ թուրքական սահմանն անցնելու, թե՞ ոչ, քանի որ դա իր համար մեծ վտանգ էր ենթադրում. նա բազմիցս կոշտ քննադատել ու իր բողոքի ձայնն էր բարձրացրել ընդդեմ թուրքական կառավարության ու նախագահի, ինչի արդյունքում հայտնվել էր Թուրքիայի համար անցանկալի անձանց ցուցակում, անգամ անձնական նամակ էր ստացել՝ ֆիզիկական գոյության սպառնալիքով: Մենք նրան խորհուրդ տվեցինք չգնալ ռիսկի և չանցնել սահմանը: Սակայն մեզ բոլորովին այլ ընթացք էր սպասվում: Միակը, ում թույլ չտվեցին անցնել սահմանը, ես էի: Այո՛ (այստեղ կարող էր լինել ձեր զարմանքը և իմ ծիծաղը), ես ստիպված էի մնալ սահմանի մյուս կողմում և առանձնանալ խմբից: Պարզվեց, որ թուրքական Կիպրոսը մի քանի երկրների՝ այդ թվում Հայաստանի քաղաքացիների համար երկիր մտնելու հատուկ վիզա է պահանջում: Տեսեք, տեսե՛ք, նրա համար ամենևին հիմք չէ Կիպրոս մտնելու թույլատրելի վիզան, ինքն այլ երկիր է, եթե անգամ այդ վիզան բազմակի է ու անցողիկ բոլոր եվրոպական երկրների համար: Մի պահ ես ինձ ահաբեկիչ զգացի ու սկսեցի ծիծաղել, բայց երբ խիստ դեմքով թրքուհի աշխատողը ցուցամատով ցույց տվեց ելքի դուռը, ինձ զգացի արտաքսված մեկը: Հենց այդ պահին հույն գրող, բանաստեղծ Պոպպի Արիոնադան՝ Աթենքից, առանց վարանելու ասաց՝ ես քեզ հետ եմ, չեղարկեց իր մուտքը թուրքական Կիպրոս, ետ վերցրեց իր անձնագիրն ու հաջորդ պահին անցավ երկաթե ձողերի մյուս կողմը՝ ինձ մոտ: Ինձ մնում էր պարզապես գրկել նրան: Հաջորդիվ ձողերի մյուս կողմից ինձ մոտեցան իմ չեխ, իռլանդացի գրչընկերները՝ առաջարկելով իրենց ընկերակցությունը՝ ի նշան համերաշխության: Ես, իհարկե, թույլ չտվեցի նրանց նման զոհաբերության գնալ: Բոլորն էլ նախապես ուզում էին այցելել Կիպրոսի մյուս հատվածը, ու ես շատ լավ գիտեի այդ մասին: Ի դեպ, Պոպպի Արիոնադան առաջին անգամ պետք է լիներ թուրքական Կիպրոսում ու մինչև սահմանակետին հասնելը ասել էր ինձ. «Եթե իմանաս՝ սիրտս ինչպես է խփում. մեր հողերի լավագույն հատվածն այնտեղ է…»: «Ես քեզ շատ լավ եմ հասկանում,- ասացի ու արդեն որերորդ անգամ պատմեցի մեր Արևմտյան Հայաստանի լայնատարած հողերի, մեր Արցախի թարմ վերքի մասին…- Դուք, գոնե, կարողանում եք քաղաքակիրթ ձևով անցնել-գնալ ձեր տարածքները, մենք, հարց է, երբևէ կկարողանա՞նք նույնքան ազատ գնալ-գալ մեր Արցախ, մինչև նորից կազատագրվի այն… Ադրբեջանցիները հայ մարդկանց որպես որս են դիտարկում ու լավագույն դեպքում՝ բանտ գցում…»:
– Դուք, փաստորեն, «պարապ» չեք մնացել Հայաստանը ներկայացնելու համար: Իսկ նրանք որքանո՞վ էին տեղյակ Հայաստանի հետ կապված ներկայիս գործընթացների մասին:
– Բոլորն էլ տեղյակ էին Արցախի խնդրի մասին կամ ցույց էին տալիս իրենց քաջատեղյակությունը՝ ի համերաշխություն ինձ, ասել է թե՝ Հայաստանի: Եթե անգամ նախապես թեթևակի լսած լինեին, վերջում, երևի, բոլորն արդեն անգիր գիտեին մեր իրականության մասին, քանի որ ոչ մի դատարկ տեղ չեմ թողել լցնելու մեր Արցախի մասին տեղեկություններով: Զենքերը ոչ մի րոպե ցած չեմ դրել, թեև «փափուկ ուժը» (soft power) տվյալ պարագայում հենց իմ զենքն է: Անհատը երբեմն կարող է ավելին անել, քան դիվանագիտական մի ողջ կորպուս: Դրա համար պարզապես ցանկություն է պետք ու տվյալ առաքելության կարևորության բարձր գիտակցություն: Եթե մշակույթի մարդը միայն իր համար է ուղարկվում արտերկիր, ավելի լավ է չուղարկվի: Կոնկրետ ես դրսի հրավերով եմ մեկնել, ինձ ոչ ոք իմ երկրից չի ուղարկել:
– Ի՞նչ են տալիս այս կարգի միջազգային մշակութային փառատոները:
– Շատ բան: Այդ մասին կարելի է երկար խոսել ու թվարկել: Ավելի կարևոր է, թե ինչ ենք ստանում դրանից: Նախ՝ Հայաստանի ճանաչելիությունը: Գաղտնիք չէ՝ մենք փոքր ազգ ու երկիր ենք և միշտ ներկայանալիության խնդիր ունենք: Մեծ մասամբ հենց մարդկանց միջոցով ենք տպավորություն ստանում երկրի մասին: Այս իմաստով, կարծում եմ, «սուրը փառքով եմ դրել պատյան»: Բոլոր ժամանակներում էլ մշակույթի, սպորտի միջոցով երկիրն ունեցել է ավելի տեսանելի դառնալու հնարավորություն: Իսկ երկրի կողմից փոքր-ինչ աջակցումը, կողքից թեթևակի «հրումը» շատ ավելի շոշափելի ու տեսանելի կարող է դարձնել արդյունքը:
– Կա՞ առանձնահատուկ մի դրվագ, որ կուզեիք նշել Կիպրոսի միջազգային գրական փառատոնից:
– Իրականում դրանք մի քանիսն են, բայց շատ թանկ էր ինձ համար Նիկոսիայի Նարեկ վարժարան կատարած իմ այցը, որտեղ հանդիպում էր կազմակերպված աշակերտության հետ: Դրա համար շնորհակալ եմ փառատոնի կազմակերպիչ Լիլի Միխայելիդեսին, վարժարանի տնօրեն Վերա Թամրազյանին, վարժարանի աշխատակից Նորա Նաջարյանին: Վարժարանի աշակերտության հետ շփումն անցավ ջերմ մթնոլորտում՝ հարցերի տարափով, իսկ վերջում իմ գրքերից նվիրեցի վարժարանի գրադարանին: Ինձ հետ մնացին վարժարանի պատերին փակցված տարբեր ժամանակների կիպրոսահայ երևելի հայերի նկարների հուշ-պատառիկները, իսկ վարժարանի հուշամատյանում մնաց իմ կողմից արված գրությունը: Շատ եմ ափսոսում, որ Կիպրոսի խոշոր կրթական-մշակութային կենտրոնը՝ Մելքոնյան վարժարանը, ուր կարճ ժամանակահատված դասավանդել է նաև հայրս՝ բ.գ.թ., դոկտոր, պրոֆեսոր Բենիամին Սիսյանը, այլևս չի գործում: