Երիտասարդ գրողների 14-րդ համաժողով

Արթուր ՄԵՍՐՈՊՅԱՆ

ես չարքն եմ անտառների
երբ լուսատուն հեռանում է վերևի
ես ելնում եմ որսի
մերկ ու ձիգ մարմնովս
տրորելով խավարը
ծառերի, գետերի, քարերի, ամպերի
ամբողջ մարմինս մի մկան է
ամբողջ մարմինս մի նիզակ
ես պատված եմ մթով
մամուռներով ու ոտքերիս կոճերը
մինչև խրված եմ
ցեխի մեջ կպչուն ու թաց
ռունգերս ուռչում են
ես որսորդ եմ
ես որոնում եմ զոհ
ես շնչում եմ բույրերն անտառի, հոտը
գայլերի, եղջերուների, գորտերի,
արջերի ու նրանց ձագերի
ու որոնում եմ կեր
ձեռքերս պրկվում են
ոտքերս` կքանստում
իջնում ու ելնում եմ ես
մթնում ու լուսանում
մի ակնթարթ.
մագլցում ծառերի խորքերը
ու ժայռերը անխոտ
ու քարերը արևից խորովված
ես որսորդ եմ
ես պատրաստված եմ մթից
իմ ոտքերը կատուներ են
իմ գլուխը գայլ է
իմ ձեռքերը արծիվներ են
ես կին եմ
ես մայր եմ
ես որսորդ եմ
ես կին եմ
ես որոնում եմ կեր
ես փնտրում եմ զոհ
նրանք ծանոթ են իմ հոտին
նրանք զգում են, որ գալիս եմ
նրանք գիտեն, որ ես դուրս եմ եկել որսի
նրանք գիտեն, որ ես կին եմ
ու որ շնչում եմ բույրը իրենց հետքերի
ու բոլոր շշուկների մեջ եմ
բոլոր փչակների մեջ եմ
բոլոր բվերի աչքերով եմ նայում
բոլոր օձերի լեզվով եմ խոսում
բոլոր վախերի մեջ եմ շնչում
ու օրորում եմ օրորոցները բոլոր
ես կին եմ
ես որսորդն եմ անտառների
իմ սիրտը կարմիր է
իմ մաշկը խոնավ է
մարմինս լցված է
մկաններով

Մարիամ ՍԱՐԳՍՅԱՆ

Աթոռներով լի
Դատարկ սեղանի
Շեղ հայացքից
Ներկայությունս
Հեգնում էր լռությունդ:
Մազերիդ սպիտակ
Խաչերը խոնարհ
Հենվել էին մեկ-մեկու
Հատ հատ
Տարեկանի արտի
Հասկերի նման
Ցիրուցան եղած
Ճմռթած թղթերի
Կույտերում գրված
Պատվիրանները
Սպառնում էին կրճատել
Օրը կարճ կարճ
Աղոթքներով խորանից
Լսվում էր խաղաքարտի
Պես կանգնած
Սևազգեստ կնոջ
Սպասումի աղոթքը, որ
Ժամն է գալու այն
Թագավորի, որ ժամի մոտ
Կնետի արիացած
Շղարշը իր դեմքի
ԱՄՆ-ի ալբինոս շենքի
Դատարկ նկուղում, լի
Հերքված կնիքներով:

Սրբուհի ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ու ես սիրում եմ եկեղեցու պատերի
հոտը
Որը ամբողջովին կլանում է հոգիս`
վերածնունդ այս պատերի մեջ…
Խնկի ծուխը օդ է դառնում, ինչպես
դանդաղ նշմարվող բաժանումը
Խնկածուխը իր մնայուն հոտով`
ինչպես քոնը:
Կուզենայի աշխարհը շուռ տալ մյուս
երեսի վրա
Զգալ,
Ապրել,
Մեռնել`
Անտեսանելի լույսի քողով փոշիանալ
այս պատերի վրա…
Մոմավաճառ կինը այրվող ցրտից
ձեռքերը տաքացնում է մոմերի
ջերմությունով
Լռությունը պատառոտվում է ձուլվելով
քարացած մատներիս:
Այս պատերը
Խնկաբույրը
Մոմավաճառ կինը:
Խաղաղաբեր միջավայր ու հասկանում եմ, որ խճճվել եմ աշխարհում չգտնելով ճիշտ երեսը…
Մոմից երգ է ծորում, մտքումս երգում եմ,
Զգում եմ՝ ապրում եմ
Չեմ զգում՝ մեռնում եմ…
Սուտ է, թե իմ աշխարհը շաղախված էր աչքերիդ մեջ
Կիսասուր հայացքդ կեսվայրկյանական կայծակի պես խփում է, ամեն հիշելիս,
Հիշում եմ,
Զգում եմ
Մեռնում եմ:
Պատարագի հնչերանգները
զարդարում են ինձ
Երգչախմբում երգող մի կին, աչքերն
ուղղեց իմին,
Այդ աչքերից բոցկլտացող մի ուժ
հպվում է
Մարմնիս՝ զգում եմ
Հոգուս՝ ապրում եմ
Հասկանում եմ, որ սիրախաղը վաղուց
վերջացել է,
Երկինքը մաքրվել է սև գույնից
Առավոտ է, հերթական այն առավոտներից, որ միասին չապրեցինք
Զգացինք, միայն զգացինք, չմեռանք:
Էլ լաց չեմ լինում,
դողում եմ լացը ափերիս մեջ սեղմած
Ու ամենևին էլ հարկավոր չէր
աշխարհը շուռ տալ,
Քանզի մանկությունից մի չլուծված
խնդիր է մնացել՝
Գտնել աշխարհի ճիշտ երեսը…
Պատերը
Մոմավաճառ կինը
Խնկաբույրը
Երգող կնոջ աչքերի ծակող ուժը
ամբողջանում են իմ մեջ:
Զգում եմ,
Ապրում եմ
Չեմ մեռնում… Աներես աշխարհ…

Ռուզաննա ՈՍԿԱՆՅԱՆ

Հիմա, երբ եկել ես,
մի բառը բավ է՝ եկել ես:
Մոհամմադ Ռեզա Աբդոլմալեքյան
Հիմա, երբ եկել ես,
չգիտեմ՝ ուր թաքցնեմ վախը,
որ իզուր են հայտարարությունները
տան վաճառքի,
որ ոչ ոք, լսո՞ւմ ես, ոչ ոք
կարդալ չգիտի
խավարում երգողների այս մոլորակում:
Ու կորած շնիկներին փնտրող տերերի
խնդրանք-նամակները՝
հատկապես ինձ ու քեզ ուղղված,
չգիտեմ՝ ուր թաքցնեմ:
Հավաքել եմ բոլորը.
իբր գտել եմ կորածներին,
իբր ես չեմ կորածը:
Հիմա, որ եկել ես
մնալու պատրվակով,
հատկապես ո՞ր պահին
կողպեմ դուռ ու պատուհան,
որ տարածվելով բազմոցին,
հետո՝ ամբողջ սենյակով մեկ՝
դուրս չսողաս ինչ-որ անցքից,
որ ներս մտնողի,
ներս մտնող արևի,
ներս մտնող արևին ծիկրակելու
համար էի թողել:
Հիմա, երբ եկել ես,
կթողնե՞մ՝ մնաս մինչև վերջ:

Արմեն ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

(Վրաստան)
Նայիր գարուն է,
Ինձ ի՞նչ գարունը,
գարունը ծաղկող թող որ ձեզ լինի,
ես առանց գարուն սիրել եմ արդեն,
ու այդ սերն անգամ ստիպել է ինձ,
նույնիսկ ձախ ձեռքով
քո գոյությունը թաքուն նկարել
իմ անգոյական երազանքներիս արծաթե ֆոնին…
Նայիր գարուն է,
Գարունը ինձ ինչ…
դատապարտված եմ ապրել առանց քեզ
ու կապրեմ նաև ես առանց գարուն:
Քզ եմ նվիրում
իմ բոլոր գալիք գարուններս խենթ
այո՛, խենթ, որ խենթի նման
հավատացել եմ ձախով նկարած
ու անգոյական քո գոյությանը….
Գարունը ինձ ինչ, գարուններս քեզ…..

Նշան ԱԲԱՍՅԱՆ

ԵՐԹ
Եվ իմ խա՜չը, որ չգիտես, և հո՜ւյսը իմ
հենած ձգվող ճանապարհիս ժայռաքարին`
հևում եմ ես հոգնությունից,
և մեկն իմ մեջ
հեկեկում է գաղտնածածուկ
աղոթքի պես:
Եվ քրտինքս, արցունքի պես խոցոտելով,
և արցունքս, կսկիծներից երակվելով,
պարանոցս կարոտներով պինդ օղակած,
երիտասարդ մաշկիս միջով
ծորում են ցած…
Եվ քարերն են ճանապարհիս
արտասվալից,
և փոշին է համր ծխում ճանապարհիս,
և իմ խա՜չը, որ չգիտես, և հո՜ւյսը իմ
տանում են ինձ, տանում են ինձ
իմ հայրերին…

Սոֆյա ՄԱՆՈՒԿՅԱՆ

Փողոցում շփոթ է:
Խաղաղությունը չի կարող դուրս գալ:
Հանցավոր է:
Մենք մեր տանը տեղ չունենք շատ պուճուր բաների համար,
բայց մի մեծ զնդան տրամադրում ենք
խաղաղության, սիրո ու էլի մի քանի այլ ամոթ բաները փակելու համար:
Չենք կարող սպանել, քանի որ սպանել
չի լինում,
թողնում ենք, որ ինքն իրեն մեռնի,
և ստացվում է….
Դեմ դիմաց կանգնելու,
միմյանց աչքերի մեջ նայելու տեղ
չունենք:
Հայրենի՛ք, քեզ էլ ենք դրել ամոթ բաների
կողքին ու փակել,
Քեզ մոտ կանգնելու տեղ չկա,
գնացել ընկել եմ ձորերը,
կանգնել եմ մի բլուրի վրա
ու գոռում եմ՝ Ա-րա-րատ:
Սթափվում եմ մի ձայնից:
Շրջվում եմ:
Աչքս ընկնում է դիմացի լեռան փոքր չէ՛,
մեծ գագաթին,
Որ մռնչալով գոչում է. «Ում հետ ես,
ա՛յ լակոտ»:
Մի խոսքով, քեզ փրկելու համար
կանգնած ենք դեպի դուրս,
Դա, ասում են, պաշտպանություն է,
Իսկ ես մնում եմ իմ կարծիքին,
որ մենք թարս ենք կանգնած:
Մի ալևոր ալեխառն մորուքով ասում է,
թե թարս ենք կանգնած,
բայց ճիշտ ենք կրակում:
Զարմանում եմ՝ ինչպես….
շոշափում եմ այտերս,
բեղի ու մորուքի հետք չգտնելով՝
մտածում եմ՝ երևի դեռ փոքր եմ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։