Ջենովայի պոեզիայի միջազգային 20-րդ հոբելյանական ամենամյա փառատոնից (Իտալիա) վերադարձավ հայկական պատվիրակությունը, որն այս տարի մասնակցեց պատվավոր հյուրի կարգավիճակով: «Գրական տապան» միջազգային փառատոնի (Հայաստան) հետ գործակցությունը միջմշակութային հարթակում նորից եղավ արգասաբեր և կառուցողական:
Փառատոնի հիմնադիրն է արձակագիր, բանաստեղծ, հրապարակախոս, վիզուալ արվեստագետ Կլաուդիո Պոցցանին, ով քանիցս մասնակցելով «Գրական տապան» միջազգային փառատոնին և հայկական մշակույթը համարելով հանրահռչակման արժանի, համագործակցում է «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամի հետ:
Հայկական պատվիրակության կազմում էին «Գրական տապան» պոեզիայի միջազգային փառատոնի համակարգող, «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթևոսյանը, թառահար Միքայել Ոսկանյանը, բլուլահար Ռաֆայել Ավագյանը, բանաստեղծներ Էդուարդ Հարենցը, Արուսյակ Օհանյանը, Արմենուհի Սիսյանը, Հերմինե Նավասարդյանը, ինչպես նաև «Գրական տապան» փառատոնի բարեկամներ, այլազգի գրողներ Վիկա Չեմբարցևան և Վադիմ Մեսյացը:
Պոեզիայի հայերեն ընթերցումները Ջենովայում և հարակից քաղաքներում զուգորդվեցին հայ երաժիշտների նվագակցությամբ, որի շնորհիվ փառատոնի ընթացքում չլռեց ազգային ոգին՝ իտալացի հանդիսատեսին վարակելով նաև կոմիտասյան մաքրահնչյուն տաղերգությամբ: Բանաստեղծներից յուրաքանչյուրի՝ հայերեն ընթերցումից հետո ստեղծագործությունները հնչում էին նաև իտալերեն՝ Սուրեն Ենոքյան-Իսրայելյանի թարգմանությամբ:
Փառատոնին մասնակցում էին շուրջ վաթսուն երկրից հրավիրված բանաստեղծներ, երաժիշտներ, արվեստագետներ: Հատկանշական է, որ հայ բանաստեղծների ընթերցումներից ու երաժիշտների անհատական կատարումներից զատ, Հայաստանը ներկայացնող խմբին էր վստահված փառատոնի փակման գեղարվեստական մասը, որը տեղի ունեցավ Ջենովայի հանրահռչակ «Պալացո Դուկալեում» (13-րդ դարավերջի կառույց) և արժանացավ այլազգի գրողների ու Ջենովայի արվեստասեր զանգվածի ջերմ ընդունելությանը: Փորձարարական ինտերակտիվ արվեստի շրջանակներում հայ երաժիշտները ելույթ ունեցան նաև իտալացի երաժիշտներ Ֆաբիո Վերնիցցի, Էդմոնդո Ռոմանոյի և Ռիկարդո Բարբերայի հետ:
Հայաստանն առաջին անգամ Ջենովայի միջազգային փառատոնին ներկայացրել են բանաստեղծ Նշան Աբասյանը և «Դլեմկոնդե» երաժշտական նախագիծը: Հայկական պատվիրակության մասնակցությունը հոբելյանական տարում արդեն երրորդն էր:
Արուսյակ ՕՀԱՆՅԱՆ
Երկինքն ամենուր նույնն է, թե հոգու մեջ երկինք կա: Ծովը երկնքի արտացոլանքն է Երկրի երեսին: Այնպես որ, այս քաղաքում երկինքը արտացոլված է ներքևում: Երբ երկինքն ու երկիրը շարունակ միմյանց են նայում, ակամա մտածում ես, որ պոեզիան չէր կարող չծնվել Երկրի վրա: Տեսնես այս քաղաքի մարդիկ գիտե՞ն, որ երջանիկ են, որովհետև ապրում են երկնքի ու երկրի հայացքների միջև:
Ջենովա: Ամառ: Պոեզիա: Ամառը միշտ դավաճանորեն քիչ է լինում: Այստեղ ունենք ընդամենը վեց օր: Պոեզիան այստեղ ամենուր է՝ ծովի ալիքներում, նավահանգստում, մի բաժակ սուրճի մեջ, իտալական սպագետտիի ափսեում… Հարկավոր է տեղավորել այն վեց օրվա մեջ: Այստեղ ես ոչինչ չեմ գրում. չեմ ուզում ընդհատել պոեզիան: Չեմ կաշկանդի ինձ տառերով. ուզում եմ զգալ կենդանի ոգին, որ ձեռքիցս բռնած տանում է իր ետևից: Ես պարզապես շնչում եմ պոեզիան, կուտակում թոքերիս, աչքերիս հիշողության մեջ, որսում եմ օդում ու ներշնչում.
Բանաստեղծություն գրե՞լ…
բանաստեղծություն գրե՛լ…
բանաստեղծություն շնչում են,
թե թոքերը մսեղեն չեն լոկ…
Հ.Գ. բանաստեղծություն կարելի է
երբեմն (նաև) գրի առնել…
Հավանաբար պատահական չէ, որ իտալացի ազնվականի անթերի դեմքով Կլաուդիո Պոցցանին ջենովացի է: Այս տարի արդեն հոբելյանական 20-րդն է, որ կազմակերպում է պոեզիայի միջազգային փառատոնը: Ասում է՝ եթե փառատոնին հատկացված ողջ ժամանակը հատկացներ միայն իրեն, ավելի շատ բանաստեղծական ժողովածուներ կունենար, բայց չի ափսոսում. պոեզիայի համար է: Շուրջ 30 երկրների ներկայացուցիչներ կան փառատոնին:
Ռապալլոյում հրաշալի բեմ է՝ բարոկկո ոճով գեղեցիկ կառույց, բացօթյա տարածքում մեծաթիվ նստարաններ՝ լեցուն մարդկանցով, իսկ մի փոքր ետևում ծովն է, որը երևում է բարձր բեմից: Ծովն ամենամեծ հանդիսատեսն է: Հորիզոնն աննկատ շիկնում է երեկոյան, իսկ պոեզիան լուսավորում է շրջակայքը, ծովը, մարդկանց հոգիները: Ելույթից հետո մոտենում է ինձ միջին տարիքի սիրունատես տեղաբնակ իտալուհի: Ասում է, որ հրեշտակի մասին բանաստեղծությունս կարծես թե ինքը գրած լինի, ցույց է տալիս հրեշտակի պատկերով կախազարդն իր վզին ու խնդրում, որ ուղարկեմ իրեն այդ բանաստեղծությունը: Դե իհարկե, սիրով վերցնում եմ նրա էլեկտրոնային հասցեն:
«Գրական տապանի» ղեկավար Դավիթ Մաթևոսյանը բանաստեղծներին ինչ-որ ցուցումներ է տալիս: Ակամա ակնածանքով եմ նայում նրան. հրաշալի պատումներ ունի իր դասական հոր ու նրան առնչվող գրական անցուդարձի մասին: Խնդրում եմ, որ դրանք մի օր գրի վերածի, իսկ նա լուռ ժպտում է, ու հասկանում եմ դրա իմաստը. ժառանգական համեստությունը թույլ չի տալիս. գրողը իր հայրն է եղել, ինքը ինչպե՞ս գրիչ վերցնի…
Պոեզիա, ծով… Ոտնահետքերս վաղուց չեն դրոշմել իրենց ներկայությունը ափերիդ, բայց դու միշտ ներկա ես եղել իմ եզերքում, ծո՜վ: Գիտեմ` սպասում էիր. ես վերադառնում էի քեզ մոտ ամեն օր, պարզապես երկար էր ճանապարհը դեպի քեզ: Աչքերը չեն կարող ընդգրկել հեռաստանները կարոտի: Իսկ ծովերը կարոտի՞ց չեն հառաչում… Ծովը պարզել է իմ առջև իր բովանդակ սահմաններն ու ասում է. «Ահա ես՝ անսահմանս, որքան խորասուզվես, այնքան կընդարձակվեմ քո առջև»: Աչքերս միայն իմացության ճանապարհներն են փնտրում…
Ծովի լուրթ շուրթերին սահում է հայացքը Արևի, ու հասկանում եմ, որ ալիքները ջերմանում են հենց Արևի գորովանքից: Հեռվում Արևն իր բարությամբ շոյեց մի մենավոր կոհակի, ու նա բյուրապատկվեց ալիքների… Ժամանակն է տրվելու ալիքներին…
Հին հույներն ու հռոմեացիներն իրենց փիլիսոփայական մտքերն ու բանաստեղծությունները չէին գրում՝ բանավոր էին ասում դրանք: Ես երբեք անգիր իմ բանաստեղծություններից չեմ ասել, բայց այստեղ ստացվում է ինքնըստինքյան, զարմանալի է: «Ջենովայից է»,- ասում են ճայերը, ու չեմ կարող չհավատալ: Մինչ Արևը համբուրում է ծովի թաց հետքերն ինձ վրա, լսում եմ, թե ինչպես են ճայերը բանաստեղծում: Նրանք չեն գրում, նրանք ճայում են բանաստեղծություն, ու ես հրաշալի հասկանում եմ դրանք: Արևի ջերմ համբույրներից ուսերս փոքր-ինչ այրվում են, բայց ես վստահությամբ տրվում եմ ջերմությանը: Ճայերը ևս մի պտույտ ճերմակ են սփռում հայացքիս առջև, երկինքը քնքշանում է ու շոյում աչքերիս կարոտը: Հետո ճայերը իտալական աղմուկով ընդունում ինձ իրենց մեջ ու հաստատում.
Ջենո՛վա,
նո՛վա,
ո՛վա,
վա՛…
Կվերադառնամ հարստացած. սրտիս մեջ ունեմ երկինք, ծով + Ջենովա…
Արմենուհի ՍԻՍՅԱՆ
Երբ Հայաստան իր վերջին այցելության ժամանակ Զահրատին հանդիպեցի, գոհունակությամբ պատմեց, որ հրավիրված էր Գերմանիա՝ պոեզիայի ընթերցման, որին բազմաթիվ երկրներից բանաստեղծներ էին ներկա ու բազմալեզու պոեզիա էր հնչում: Այն ժամանակ ասես մի երազ իր թևերով հոգուս հպվեց ու հիմա՝ ամեն անգամ, երբ թռիչքի հնարավորություն է տրվում, այդ օրն է հիշողությունիցս ելնում…
Թռիչք դեպի գրականության մոլորակ, ուր տարբեր երկրներից եկած երամը շնչում է գրականությամբ: Իսկ եթե այդ երկիրը Իտալիան է, ապա երազային իրականությունը կրկնակի է: Բազմաչափ ու բազմալեզու մի իրականություն է այդ մոլորակը. խոսք, երաժշտություն, պատկեր, անիմացիա, վիդեոպոեզիա, մենախոսություն, խաղ. խոսքի արձագանք ամեն հավանական ու անհավանական չափումներում ու տարածություններում:
Միշտ է Իտալիան արվեստների կենտրոն եղել, այսօր՝ նույնպես: Մշակույթն այստեղ դարերի պատմություն ունի, և սյունազարդ գավիթում գլխավերևիդ Միքելանջելոյից ժառանգած ոճի սրբապատկերները ասես բառերդ խաղաղորեն հսկեն… Մի քանի օր Ջենովան ու մերձակա քաղաքները լեցուն էին աշխարհի տարբեր երկրներից եկած արվեստագետների խոսք ու երաժշտությամբ: Երբեմնի պալատներում այսօր խոսք է հնչում բազմալեզու. ալբաներենից մինչև ֆրանսերեն, անգլերենից մինչև հայերեն, չիչաուայից մինչև չինարեն ու երաժշտություն՝ բազմաժանր ու բազմախորհուրդ: Ու մի երկյուղածություն է թևածում օդում՝ բառդ կոմիտասյան մաքուր ղողանջների թևին հնչեցնելու և ներամփոփ հայերենը աշխարհի առջև բացելու: Մի ակնածանք ու երախտագիտություն է համակում հոգիդ մաթևոսյանական զարմի Դավիթ որդու և իտալացի բանաստեղծ Կլաուդիոյի հանդեպ, որ «Գրական տապանի» թիավարությունը Ջենովա հասցրին:
Դուրս նետվելով քո ժամանակից՝ հայտնվում ես վաղնջական ժամանակներից սկսած հոսքի վրա, Հռոմում, որտեղից սկսում են աշխարհի բոլոր ճանապարհները, ուր ամենայն մարդկային պատահել է, պատահում է կամ պիտի պատահի… Տեսնում ես անցուդարձը դարաշրջանների՝ Հռոմեական կայսրության կոլիզեյան հզորությունից սկսած մինչև Կապիտոլիում, Պանթեոն, Սուրբ Հրեշտակի տաճար, Տրևի շատրվանացայտ արձանախումբ, Վատիկան, վերածննդյան արվեստի աստվածընկալում և ապա ժամանակակից երկնաքերների ապակե թափանցիկություն. իտալական հոյակերտության մի մասը միայն… Լսողությանդ մեջ շառաչն է հնչում գլադիատորների սրերի, փառահեղությունը կայսերական և ապա՝ կայսրությունների ծագումների ու անկումների վրա ծփացող խաղաղությունը միջերկրածովյան: Պոսեյդոնն իր եռաժանիով՝ ծովի վրա, առագաստանավերը ճերմակ՝ երկրի ու երկնքի միջև հորիզոնին, ճիչը ճայերի ալիքներին ու աղավնիները ավազին՝ այնքա՛ն մոտ… ափիդ մեջ…
Անբառավորելի ճամփորդությունը կատարյալ չէր լինելու առանց նախնիների ոտնահետքերը գտնելու, որ դեպի հայկական Սուրբ Բարդուղիմեոս եկեղեցի էին տանում, ուր Եդեսիայի Աբգար արքայի համար Քրիստոսի կենդանության օրոք՝ մ.թ. 32թ. Երուսաղեմում ստեղծված Քրիստոսի կենդանագիր պատկերն է պահվում: Ու արձանագրություն կա պատին՝ իր ընթերցողին սպասող.
ԱՅՍ Է ՏԱՊԱՆ ՅԱՅՐԱՊԷՏԻՆ
ՈՐ Է ՈՐԴԻ ԱՆԱՆԻԱՅԻՆ
ՍԱ ՅԵՐԿՐԷՆ Է ԳՈԽՏԱՆ ՏԱՆԻՆ
Է Ի ԳԷՂՋԵՆ ԸԶ ՆԱՅԲԵՐԹԻՆ
ՎԱՂՃԱՆԵՑԱՒ ՀԱՅՈՑ ԹՎԻՆ
ՀԱԶԱՐ ՀԱՐԻՒՐԵՐԵՍՈՒՆԵՒՎԵՑԻՆ
ԵՒ ԱՊՐԵԼԻ ՔՍԱՆԵՒՅՆԳԻՆ
ՈՎ ՅԱՆԴԻԲԻ ԱՅՍ ՏԱՊԱՆԻՆ
ՀԱՅՐ ՄԵՐ ՅԵՐԿԻՆԸՍ ՇՆՈՐՀԻՆ
ՎԱՍՆ ՍԻՐՈՒՆ ՔՐԻՍՏՈՍԻՆ:
Հերմինե ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ