Ցիանոբակտերիան* / Արթուր ՄԻԿՈՅԱՆ

Ծանրագույն լաստը լուսնի կնճիթի վրա գույնզգույն լույսի փրփուրներ էր դիզում, մառախուղը վիշապ դառնալով՝ խեղդում էր միջնաբերդի օձերին, երբ ծնվեց Բիագոն: Նրան հենց սկզբից շատ տպավորիչ թվաց աննկարագրելի ու ցնծագին ընդունելությունը ծնողների կողմից: Լուսաբացի արևի ճառագայթները համբուրում էին նրա մարմինը: Երազային տեսարանից ցնցված՝ ջրաճանճերն աղմկում էին: Համատարած ցոլացող բերկրանքից թռչունների թռիչքը երկինքը լցնում էր անսովոր լույսով: Խճճված կյանքի հանգույցը մաշվում էր կսմթոցով: Բիագոն, իր օրորոցում հաղթական պառկած, վայելում էր դյուրասահ շարժվող արարածների նվիրական շշուկները: Շուրջբոլորը հիացական բացականչություններ էին հնչում: Անթափանց խավարը ճնշում էր ամեն մի լռության փորձ: Բիագոյի աչքերի առջև բացվում էին իրեն ուղղված, միայն իրեն հասկանալի անհայտ լեզվով գովերգությունները: Հսկայական օձի ներսում հնչող զանգի ղողանջը հետապնդում էր ոսկե լուսապսակով մանկանը: Բիագոյի հոգեկան ուժը հավասարակշռում էր շրջակա աշխարհի հաճախականությունը: Նրա ներսից կարծես դուրս էր գալիս ինչ-որ տիեզերական մինի օբյեկտ, որը ներխուժում էր արեգակնային համակարգ՝ փոխելով մոլորակների ուղեծրերը, ստիպելով մեր Երկրին պտտվել հակառակ ուղղությամբ: Օվկիանոսների մակարդակը վեր էր բարձրանում և Երկրի կլիման ցրտում էր: Երկրի վրա ընկած անհայտ երկնաքարերի հաճախականությունները հակազդում էին Երկրի ձգողականությանը, և հսկայական ծանրությունները տեղաշարժվում էին մեծ հեռավորությունների վրա:
Բիագոյի մաշկի գույնը վառ կարմիր էր, մազերը շիկավուն էին, աչքերը՝ բաց կանաչ, քիթը համաչափ էր, շուրթերը գծագրված էին նախամարդու աներևույթ պատվերով: Նրա շնչառությունից կապտաարծաթագույն թրթռացող լույսեր էին առաջանում: Բիագոյի հոգին աստրալ աշխարհում շփվում էր այլ հոգիների հետ: Նա ամեն օր լսում էր իր ծնողների ու հարազատների կենսաթրթիռ ձայները, ովքեր սիրում և երկրպագում էին իրեն: Շռայլ գովեստի տոնայնությամբ Բիագոյի փափուկ հոդերը կծկվում էին՝ երանելի հաճույք զգալով իր զգայարաններում ներփակված քաղցրաձայն հնչյուններից: Տարիներն անցնում էին, և նա աստիճանաբար սթափվում էր անընդհատ դառնացող օդի համից: Լույսերը խառնիխուռն աղմկում էին գիշերվա ստվերանյութում: Նրա գանգատուփը մեծանում էր: Դեմքին, գլխին, մարմնին մազածածկույթ էր առաջանում: Նրա մեծանալուց հետո օրեցօր պակասում էր իր նկատմամբ ծնողների և հարազատների ուշադրությունը: Բիագոն ամեն օր ավելի ու ավելի էր հուսահատվում ու տխրում ուշադրության պակասից:
Բակում, դպրոցում նրա տարեկիցներն անընդհատ ծաղրում ու ծեծում էին նրան: Նա ամեն գիշեր շնչառական վարժություններ էր կատարում՝ փորձելով տրանսի մեջ ընկնելով վերադարձնել իր ներսի տարաշխարհիկ զորությունների մոգական հմայքը: Սակայն ամեն գիշեր այդ փորձերն ավարտվում էին անհաջողությամբ: Բիագոն հոգնում էր այդ վարժություններից և խորը քուն մտնում: Նրա էգրեգորը, խունկի ծխի հետ հեռանալով, փակվում էր խորը գետնի տակ թաքնված հսկայական սրահում և ծանր դուռը շխկոցով փակում էր նրա ետևից: Երազում Բիագոյի մարմինն արծաթե թել էր դառնում և հեռանում էր ոլոր-մոլոր թունելի միջով: Հոգին խտանում էր իր սրտի հաճախականության ակնթարթներում: Նրա սահող երազներում մարդկությունը դեգրադացիա էր ապրում և ոչնչանում: Ինքը մեր քաղաքակրթության կործանումից հետո դառնում էր նորի նախահայրը: Իսկ նախամայրն անժամկետ մնում էր անհայտ: Միակ ինֆորմացիայի և իմաստության աղբյուրը ինքն էր դառնում՝ Բիագոն: Նրա միջոցով ստեղծվում էր նոր մարդկային գենոֆոնդ, որի կրողները պետք է երկրպագեին իրեն, և աշխարհի բոլոր նկարիչներն ամեն օր նրա համար նոր անուն, հիանալի դիմագծեր և մարմին նկարեին: Այս հարուստ երևակայության միջտարածքներում բոլոր տիպի դպրոցական և բակային ստորացումներն անընդունելի և անհասկանալի էին իր համար: Բիագոն աշխարհահռչակ մարդ դառնալու համար որոշում է ընտրել արձակագրի, դրամատուրգի, բանաստեղծի և արդյունքում՝ փիլիսոփայի ճանապարհը: Օր ու գիշեր աշխատելով նշված ոլորտներում՝ նա կարողացավ մի քանի պատմվածքներ, բանաստեղծություններ ու պիեսներ գրել: Վերջիններս հասարակական շրջանակներում ոչ մի արձագանք չգտան: Իր ծննդավայր Գուվեն քաղաքի թատրոնում նրա պիեսները գեղարվեստական ղեկավարը չէր բեմադրում: Անհավանական ճիգերից հետո նրան հաջողվեց իր պիեսներից երեքը բեմադրել: Իր իսկ համոզմամբ՝ այդ պիեսներում արտահայտված մտքերն իրենց բովանդակությամբ և գեղարվեստական արժեքով համազոր էին տիեզերական իմաստությունների: Չնայած նման ինքնագնահատականին, հանդիսատեսի կողմից բոլոր երեք բեմականացված պիեսները սառը, կոշտ գնահատականի արժանացան: Բիագոն անվերջ և ամենուր քարոզում էր ու գովազդում իր ստեղծագործությունները, սակայն՝ անօգուտ: Ճակատագրից և շրջապատից ոչ մի դիմադրության չհանդիպելով՝ նա այն կարծիքին էր, որ գերազանցում է իր շրջապատին և այդ պատճառով հատուկ մեծարանքի չի արժանանում:
Բիագոն ուշադրության կենտրոնում լինելու համար սկսեց ցուցաբերել ձևամոլություն: Նա հատուկ տոնայնությամբ էր խոսում, որը ճնշում էր իր ցանկացած զրուցակցի միտքը: Նույն սնափառությունը, եսակենտրոնությունը համեմված էր պոռնկագրության նկատմամբ հետաքրքրությամբ, տաղանդավոր մարդկանց հանդեպ նախանձով և մոլախաղերի ու վիճակախաղերի նկատմամբ կրքով: Բիագոն իրեն արգելափակել էր իր փառքի, ճանաչման և իշխանության ձգտման մեջ:
Մի օր, երբ նստած էր տանը, հիշեց ծնողներից լսած պատմությունը: Քաղաքից դուրս՝ հեռու սարերի մեջ, գտնվում է մի քարանձավ, անունը՝ Գեմո: Այնտեղ, նրա ներսում պահված են մեծ քանակությամբ ոսկի և ադամանդ, որոնք ոչ ոք չի կարողացել գտնել: Բացի այդ, քարանձավի շուրջն աճում է մի խոտաբույս՝ սումբետու անունով: Եթե այդ խոտաբույսը խառնում ես քո արյան, սերմնանյութի և քրտինքի հետ, տապակելով այն՝ տալիս ես քո ցանկացած մարդուն, ապա նա դառնում է քո հլու-հպատակը: Բիագոն, ոգևորված այդ պատմությամբ, վերցրեց իր ուսապարկը, մեջը սնունդ, հագուստ դրեց և ճանապարհ ընկավ: Նա ոտքով դուրս եկավ քաղաքից, հասավ սարեր ու սկսեց խորանալ դրանց խորհրդավոր ստվերում: Կրաքարերի հոտը նրան հուշեց մոտակա քարանձավի մասին: Բիագոյի առջև բացվեց ժայռում առաջացած քարանձավը: Քարանձավի շուրջը մոտ հինգից վեց մետր տրամագծով աճում էին կարճ, մուգ կապույտ խոտերը: Բիագոն հարձակվեց խոտերի վրա, հավաքեց բավականին քանակի՝ լցնելով իր ուսապարկը: Դրանք սումբետու հրաշք խոտերն էին: Բիագոն քարանձավի նեղ, ուղղաձիգ թունելով ներս մտավ և սկսեց առաջ գնալ: Տասը մետրից քիչ էր քայլել, երբ նրա առջև բացվեց սրահների և անցումների բարդ համակարգ՝ մի քանի կիլոմետր երկարությամբ: Չկողմնորոշվելով՝ որ ուղղությամբ քայլել, Բիագոն որոշեց ստուգել քարանձավի բոլոր սրահները և անցումները: Նա մեկ շաբաթից ավելի անցկացրեց քարանձավում՝ գանձերի փնտրտուքով: Նրա սնունդն սպառվել էր, և վերջին երկու օրը սոված էր մնացել: Յոթերորդ օրը, երբ հուսահատ քայլում էր քարանձավի ներսում, նախասրահի մեջ տարօրինակ ձայներ լսեց: Նա ոտքով սկսեց հարվածել քարայրի բազալտե հատակին: Դատարկության ձայն էր լսվում: Բիագոն, գլուխն իջեցնելով, տեսավ, որ հատակը մեծ շերտով ճաքած է: Նա մատները խրեց ճաքերի մեջ և իրեն քաշեց, բազալտե նրբաշերտ հատակը թղթի թեթևությամբ վեր բարձրացավ: Հատակի ներսում ոսկյա և ադամանդե զարդեր էին: Բիագոն, զարդերի մի մասը խցկելով պայուսակի և գրպանների մեջ, փակեց բազալտե հատակը և ուրախ հեռացավ քարանձավից: Նա որոշեց այս ոսկով և ադամանդով գնել քաղաքի բոլոր արտադրամասերը, ապա կաշառել հասարակական և քաղաքական կազմակերպություններին: Նա իր միջոցներով հեշտությամբ կարողացավ ձեռք բերել քաղաքի բոլոր կարևոր նշանակության կառույցները: Բիագոն գաղտնի կերպով իր արտադրամասերում ալյուրի, հյութեղենի, քաղցրավենիքի մեջ հավելեց իր սերմնանյութի, արյունի, քրտինքի և կապույտ խոտի խառնուրդից ստացված պատրաստուկը: Քաղաքը մի քանի ամսում արդեն գտնվում էր Բիագոյի լիակատար ենթակայության տակ: Նրան ամենուր գովերգում էին և երկրպագում: Նրա պատմվածքների, պիեսների, բանաստեղծությունների և «փիլիսոփայական մտքերի» մասին լեգենդներ էին հյուսում: Նրա անձը քաղաքում կարծես փոխարինել էր Աստծուն: Այդուհետև բոլոր հոգևոր կառույցներում ու բնակարաններում միայն Բիագոյի նկարները, արձանները և «թևավոր մտքերն» էին իշխում: Բիագոն ապրում էր իր երազած հասարակական մթնոլորտում: Փողոցներում, տներում, բարերում, դիսկոտեկներում, ստրիպտիզ ակումբներում, ամենուր նրա գրքերն էին կարդում ու խոսում նրա յուրահատուկ կերպարստեղծման մասին: Հասարակության մեջ գտնվում էին յուրահատուկ մարդիկ, որոնց վրա պատրաստուկն ազդեցություն չէր գործում: Բիագոն, նրանց առևանգելով, տանում էր քարանձավ, կապում բոլորի ձեռքերն ու ոտքերը և մահվան սպառնալիքով ստիպում էր կարդալ իր գրքերը: Նա քարանձավում հեղուկ վառելիքով աշխատող գեներատորի օգնությամբ էլեկտրական լուսավորություն էր ստեղծել և հարմարավետ պայմաններ իր գերիների համար: Այդ յուրահատուկ մարդկանցից շատերը, ովքեր դեռևս Բիագոյի գերին չէին դարձել, խոսում էին նրա կողմից հասարակության համատարած ստրկացման վտանգի մասին: Սակայն հասարակական ստվար շրջանները ճնշում էին նրանց ձայները և շարունակում էին ապրել լիակատար ենթարկվածության պայմաններում:
Մի օր, երբ Բիագոն այգում նստած երազելով պլանավորում էր իր հետագա կյանքը, խոտերի մեջ արածող էշը փթրեց: Բիագոյին իր մտածելու ժամանակ էշի փթրելն անչափ անհարգալից և ստորացուցիչ թվաց: Նա գրպանից հանեց դանակը և կատաղած գնաց էշի ուղղությամբ, ետևի կողմից: Բայց դեռ էշին չհասած՝ նրա ոտքն ընկավ փթիրի մեջ, գայթեց ու ընկավ, իսկ դանակը մտավ սիրտը: Բիագոն տեղում անմիջապես մահացավ:
Քաղաքի բնակիչները նրան գտան էշի փթիրի մեջ՝ մեռած: Բիագոյի մեռնելը փոխեց հասարակական տրամադրությունը, նրանք հասկացան, որ մինչ այդ՝ շուրջ տասներեք տարի, խաբված են եղել: Նրանք լաբորատոր ստուգման արդյունքում բացահայտեցին հիշյալ պատրաստուկի առկայությունն իրենց սննդամթերքում: Շնորհիվ մի քանի ականատես-ների՝ գտան քարանձավում կապկպված հարյուրավոր պատանդների: Ազատելով պատանդներին՝ նրանք արմատախիլ արեցին քարանձավի շրջակայքում աճած կապույտ սումբետու խոտերը, դրանք հավաքելով՝ այրեցին:
Այնուհետև, ի նշան իրենց փրկության, քաղաքի կենտրոնում կանգնեցրին էշի և փթիրի մեջ մահացած Բիագոյի արձանները:
Գուվերում վերականգնվեց հասարակական բնականոն կյանքը, կարգ ու կանոնը, մարդիկ վերադարձան իրենց խաղաղ աշխատանքին: Վերականգնվեց նախկին քրիստոնեական հավատքը: Բիագոյի բոլոր նկարները, արձանները և գրքերը ոչնչացվեցին: Քարանձավում մնացած գանձերը վաճառվեցին, և գումարը մուտքագրվեց քաղաքի համայնքային բյուջե:

* Ցիանոբակտերիա ըստ աշխարհաստեղծման վարկածներից մեկի՝ մենք մեր գոյությամբ պարտական ենք ցիանոբակտերիաներին: Դրանք միկրոսկոպիկ արարածներ են, որոնք օգնել են կտրուկ փոփոխել Երկրի մթնոլորտը: Քիմիական գործընթացների արդյունքում դրանք թթվածին են արտադրել, մթնոլորտն առաջին անգամ թթվածնով լցրել 2,4 միլիարդ տարի առաջ: Այս բակտերիաները կայունացրել ու միավորել են օդը՝ սկիզբ տալով մեր մոլորակի կյանքին:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։