Երիտասարդական արձակը մամուլում / Անի ՀՈՎՆԱՆ

ani«Երիտասարդական արձակը մամուլում» զեկուցումս մի կողմից պատասխան է հաճախ հնչող «այս սերունդը իրար չի կարդում ու իրար մասին չի գրում» մեղադրանքին, մյուս կողմից` 2010-ից հետո գրականություն մուտք գործած սերնդի արձակը ընդհանրական դիտելու փորձ: Փորձեմ նախ տալ մամուլում երևացող երիտասարդների հիմնական միտումները`
Ա) Ավանդական պատումներ
Ավանդական կառույցով պատմվածքներ գրելու փորձեր են անում «Գրեթերթում» վերջերս տպագրվող Արփինե Վարդանյանը, հիմնականում մշակութային որևէ գործչի կյանքի այս կամ այն դրամատիկ իրադարձության մասին գրող Արմեն Մխեյանը և այլք: «Հիմնական» կերպար, ավանդական պատկերացմամբ հերոս և ֆաբուլա ունեցող սյուժեներ են կառուցում հատկապես «Գրանիշում» վերջերս տպագրվող հեղինակները` Լուսինե Պողոսյանը, Լուսինե Աթաբեկյանը, Մարիամ Կանայանը, Սիրան Գրիգորյանը և այլք, իհարկե` իրենց առանձնահատկություններով:
Ուշագրավ է, որ ի տարբերություն նախորդ սերնդի գրողների, որոնք ավելի շատ քաղաքն ու առօրյան գրականություն բերելու խնդիր էին դնում իրենց առաջ, նոր մուտք գործածներից շատերը արդեն փորձում են նոր գեղագիտություն ձևավորել: Հատկանշական է, որ իմ կարդացած պատմվածքներից շատերը օրինաչափորեն որևէ «մեղքի» կամ գոնե վերադարձի անհնարինությունից ծնված ափսոսանքի մասին են: Ընդ որում, մեղքի զգացումը կերպարն ունենում է ավելի շատ իր որևէ նախորդի հանդեպ, որ սովորաբար տատը կամ պապն են, ինչպես Արփինե Վարդանյանի, Նորայր Սարգսյանի, Մարիաննա Անանյանի, Աստղ Արևի գործերում: Իսկ արդեն Լիլիթ Պողոսյանի «Դատարկության երկու երեսը» պատմվածքում պատերազմում չմեռած, բայց իր մեռած հորից ավելի մեռած կամ կորած Վրոյի հանդեպ է մեղքի զգացում ծնվում:
Մի ուրիշ երևույթ կա, որ հենց այսօրինակ պատմվածքներում է տեսանելի: Եթե նախորդ սերնդի գրականության դեպքում ոչ թե հերոսներ էին, այլ՝ կերպարներ, որովհետև իդեալներ չկային և «հերոսները» հողեղեն էին ու իջեցված, ապա վերոնշյալ գրողների հերոսները, որ տատն է, պապը, հայրը, ամուսինը, պատմվածքի սկզբում են մեռած, կամ առնվազն մեռնում են, ինչպես, օրինակ, Արմեն Մխեյանի, Արփինեի կամ իրենց հարևանի ինքնասպանության մասին պատմող Սյունե Սևադայի պատմվածքներում: Նրանք կարծես զգում կամ գիտակցում են հերոս ունենալու անհնարինությունը:
Զարմանալի զուգադիպությամբ` «Գրանիշում» վերջերս հրապարակված պատմվածքների մեծ մասում հեղինակները գնում են դեպի անցյալ և տարածական իմաստով՝ հատկապես գյուղ: Կարծես քաղաքը նորն է, ներկան, իսկ գյուղը՝ հակառակը: Սա, ըստ իս, ավելի շատ սեփական իրականությունից փախչելու և գեղեցիկը այլ տեղում փնտրելու գեղագիտություն է: Այս առումով հատկապես հետաքրքիր էր Մարիամ Կանայանի` կարծես իդիլիկ, ներդաշնակ տարածություն կառուցող «Բզզացող սեր» պատմվածքը, ուր ոչ թե որևէ հերոսի շուրջ է կառուցվում պատումը, այլ՝ տարածության: Կարծես իրականությունը, քաղաքը և ժամանակը սրբագրված են, և մնացել է միայն սերը: Չգիտեմ` սա ավելի շատ նոր տարածության կառուցո՞ւմ է, թե՞ պարզապես փախուստ քաղաքից, որ ինձ ռոմանտիկների գեղագիտությունն է հիշեցնում: Ի դեպ, քաղաքը` որպես վախերի վայր ընկալող և ֆաբուլային սյուժեներով պատմվածք գրողների մեջ հիշեմ նաև Գրիգին, որ հենց մամուլում ճանապարհ անցնելու իր փորձառությամբ է աչքի ընկնում: Այն, ինչը սկզբնապես Գրիգի համար կարող էր «թերություն», սկսնակ գրողի անփորձություն համարվել, պատմվածքից պատմվածք դառնում է գիտակցված ընտրություն ու նույնիսկ առավելություն: Որպեսզի զեկուցումս չվերածվի «Հիսուսի կատու» գրքի վերլուծության, բերեմ միայն մեկ-երկու օրինակ. Գրիգի ընտրած պատումի ձևը ենթադրում է, որ այն ունի որոշակի ֆաբուլա` պատճառահետևանքային կապ, և երբ որևէ օղակ, այսպես ասած, բացակայում է և հնարավոր չի լինում վերականգնել, պատմվածքը համարվում է կիսատ, չամբողջացած: Այն, ինչը Գրիգը չէր հաջողել կամ գուցե չէր ցանկացել ամբողջացնել, ամբողջանում է մյուս պատմվածքներում: Ավելին, միևնույն դրվագը, երբեմն կարծես միտումնավոր կերպով մի կերպարի փոխարեն մյուսին է վերագրվում: Օրինակ` «Հանդիպում» պատմվածքում առաջին դեմքով պատմող կերպարին եկեղեցում հանդիպում է դեղին հողաթափերով Քրիստոսը, իսկ մի ուրիշ պատմվածքում եկեղեցում դեղին հողաթափերով նստած մարդը երազում հանդիպող հայրն է: Ուրեմն հայրն ու Քրիստոսը գրքի ընդհանուր համատեքստում զուգահեռվում, նմանվում են, բայց դրա մասին Գրիգը ո՛չ փիլիսոփայական հարցադրում է անում, ո՛չ առանձին պատմվածք գրում: Ու ստացվում է այնպես, որ Գրիգի պատմվածքը երկու տեսակ ընթերցում է պահանջում` առանձին պատմվածքի և ընդհանուր գրքի: Ընդհանուր առմամբ, Գրիգը, արդի գրական պրոցեսում ընդհանուր որոշ միտումների ու թեմաների անդրադառնալով հանդերձ, ամենաշատն է իր սերնդակիցներից տարբերվում:
«Գրեթերթի» նոր հեղինակներից արդեն գրքեր ունի նաև Արթուր Միկոյանը, որի պատումները կարծես տատանվում են խոհականի և սյուժետային տեքստերի միջև: Բավական դիպուկ է բնորոշում Լիլիթ Անտոնյանը Արթուրի արձակը` ներանձնախոհական: Հետաքրքիր է, որ, այսպես ասած, «դրսային», իրենից դուրս բոլոր սյուժեները և դեպքերը պարզապես միջոց են սեփական «ես»-ը զննելու համար: Թերևս արժե շեշտել , որ նա նայում է իրերին ու երևույթներին «արքայի», սրբագրված «ես»-ի դիտանկյունից: Ստացվում է այնպես, որ հերոսը հենց պատմիչի կերպարն է, որն էլ սակայն էքզիստենցիալիստական` այնտեղայինի ու երկիրը` որպես սեփական տարածություն չընկալելու հարցադրում ունի:
Բ) Ոչ ֆաբուլային պատումներ
Մյուս ձևը, որ նախընտրում են երիտասարդները, այն սյուժեներն են, որտեղ ոչ միայն բացակայում է ֆաբուլան և անհնար է այն վերականգնել, այլ նաև, ինչպես ինձ հուշեց մի զրույցում ընկերներիցս մեկը` ֆաբուլայի խնդիր անգամ չի դրվում: Այսինքն` գրողը ի սկզբանե իրեն դուրս է դնում իրականությունից: Այդպիսին են «Գրեթերթում» վերջերս տպագրվող Մերի Շառոյանի, Մերրի Մկրտչյանի, Սուսան Ամուջանյանի, Արայ Զարգարյանի, Արթուր Զաքարյանի, «Գրանիշում» հրապարակվող Նոռա Անանյանի և մյուսների ստեղծագործությունները: Նրանց տեքստերը հիմնականում մթամածության, ինտերտեքստուալ տարատեսակ հղումների առատությամբ են աչքի ընկնում: Սրանց բոլորի համար թերևս ամենաբնութագրականը վերացական, հաճախակի առանց ստորոգման կառուցվող պատկերներն են, ուր հիմնական օրինաչափությունը ժամանակի բացակայությունն է: Այդ առումով հատկապես հետաքրքիր էր Մերի Շառոյանի փորձարարությունը, որ ավելի շատ 20-րդ դարին բնորոշ գիտակցության հոսք ստեղծելու փորձ է. ‘’Folie a plusers»` մասսայական խելագարություն կոչվող պատմվածքում, ուր հեռուստացույցից եկող ձայնը զուգահեռվում է սեփական մտորումներին ու հոսող գիտակցությանը: Ասոցիատիվ կապերի առումով ավելի հասուն են թվում Անուշ Բաբաջանյանի երկու պատմվածքները, որ հրապարակվել են «Ինքնագրում»: Այստեղ գործադրված է պարզ հնար` մյուսների իրականությունը և պատմող-կերպարի իրականությունը. «Նրանք անցնում են, ունե՞մ բանալին: Նրանք անցնում են, պիտի լողանամ: Նրանք անցնում են, կպատասխանի՞, եթե գրեմ: Նրանք անցան, նա ավելի արագ կքշի»: Ի տարբերություն Մերիի` Անուշը պահպանել է «իրականության զգացողությունը»: Հետաքրքիր է, որ 90-ականների արձակում ինչքան էլ փոխվել էր իրերի և երևույթների նկատմամբ հայացքը, աբսուրդի տարրեր էին մտել գրականություն, բայց և այնպես, ինչ-որ չափով գրողները դեռ զգում էին իրենց ոտքի տակի հողը: Որքան էլ հոռետեսական, այնուհանդերձ, գործում էր «կյանքային» տրամաբանությունը, իսկ իմ թված այս երիտասարդական խմբի համար անգամ վախերն ու նևրոզները ոչ թե կերպարների հատկանիշներ են, այլ՝ գիտակցության ձև: Ու իրականությունից բացառապես հեռու մնալու իրենց դիրքորոշմամբ երիտասարդական արձակի մի ստվար մասը գնում է հետևյալ ուղղություններով`
1) Սարսափ գրականության տարրերով արձակ
Երիտասարդական արձակի դեպքում սարսափ ասվածը ոչ թե ժանրային իմաստով է պետք նկատի ունենալ, այլ՝ ավելի շատ հոշոտված գլուխների, դիակների, ագռավների ու սեփական մարմնի բզկտվածության տեսարանների միջոցով պատումներ կառուցելու: Սարսափ գրականության հիմնական ազդեցությունը երիտասարդների շրջանում այս ժանրում քիչ թե շատ հայտնի գրող էդգար Ալան Պոյից է գալիս: Ուստի հաճախ հենց նրա սիմվոլներն էլ օգտագործվում են: Oրինակ, Արայ Զարգարյանը սարսափ ներկայացնող տեսարաններին զուգահեռում է նաև փիլիսոփայական խոհը, նա փորձում է տեքստը կառուցել ոչ իրական պատկերներով, որքանով համոզիչ, այլ հարց է: Նրա և մյուսների գործերում Աստված, եկեղեցին, իռացիոնալ երևույթները սիմվոլացման են գնում և ձգտում առավել խիտ երևալ: Իսկ «Գրեթերթում» տպագրվող Սիդը ավելի շատ դետեկտիվ տարրեր է մտցնում իր պատմվածքում, որն ավելի սարսափեցնում է իր` ծիծաղով ավարտվող վերջաբանով, քան դիակների մասին որևէ այլ պատմություն: Ուշագրավ է նաև Սուսան Ամուջանյանի պատմվածքը. թվում է` մահն ու սարսափը այնպիսի երևույթներ են, որ պիտի քննվեն միայն մարդու դիտանկյունից, բայց Ամուջանյանը, այսպես ասած, ձկան զավակի անունից է պատմում, թե ինչպես է հոր մարմինը կնոջ ատամների արանքում բզկտվում: Սա հատկապես պոստմոդեռն տեքստերին բնորոշ հնար է. հիշենք, օրինակ, Փամուկի հայտնի վեպը, ուր տարբեր ձայներին միանում է նաև շան կողմից պատմվող պատումը:
2) Լեզվական փորձարկումներ
Ռուդնևը իր` 20-րդ դարի արձակի սկզբունքները թվարկելիս, ի թիվս այլոց, նշում է նաև շարահյուսական կառույցների թարմացումը: Այս դեպքում ևս, ըստ իս, երիտասարդական արձակում ոչ թե ուղղակի հղումն է գործում, այլ՝ հեռավոր արձագանքը, և գրական տեքստը սկսվում է վերածվել լեզվական փորձարարության: Սա տեսանելի է հատկապես «Ինքնագրի» հեղինակների պարագայում, իսկ գրեթերթցի հեղինակներից հատկապես Մերրի Մկրտչյանն է նման փորձարարության գնում: Նա, ի դեպ, գեղագիտական առումով բավական հետաքրքիր պատկերներ կառուցելու միտում ունի, թեև փոքր-ինչ կտրտված և ոչ ամբողջական շարահյուսական կառույցներով: Լեզվական փորձարարությունները տեսանելի են նաև Անի Ասատրյանի տեքստում, որն, իմ տպավորությամբ` ավելի շատ առանց բառերի փորձագրություն գրելու մասին է, քան բուն փորձագրություն, ինչպես ինքն է այն անվանում: Առհասարակ, գրելու և որևէ տեսություն իրացնելու մասին տեքստերը բնորոշ են «Ինքնագրի» և՛ հին, և՛ նոր սերնդին: Այս առումով հետաքրքիր են Սերժ Սեպյանի1 պատմվածքները, որ կարելի է ընթերցել երկու սկզբունքով՝
ա) որպես անցենզուր, հայհոյախառն պատմվածք բ) մյուս կողմից էլ սա հենց սկզբից ֆրոյդյան և յունգյան հոգեվերլուծության պարոդիա է կամ դրանց` պարոդիկ ընկալելու անհրաժեշտության մասին տեքստ: Առհասարակ, եթե ուշադիր լինենք, ապա «Ինքնագրում» տեքստերը բաժանվում են հետևյալ սկզբունքով`
1) տաբուների քանդում` լեզվական և գաղափարական, 2) տեսության միջոցով գրականություն ստեղծելու փորձերը 3) մյուսը հայացքն է Սփյուռքից:
Բայց, ինչ էլ որ լինի, «Ինքնագիրը» արևմտյան ժամանակակից մտքի գաղափարական միտումների համակիրն է: Ամենաբնորոշը, թերևս, այն է, որ թեև ոչսովորական, բայց իրականության տարրերը այստեղ չեն կորչում:
Իրականության և քաղաքական ու հասարակական առօրյայի արձագանքների կարևորությունը շեշտված է հատկապես «Գրողուցավի» գաղափարախոսության մեջ, բայց նրանք, ցավոք, հազվադեպ են գրական գործեր հրապարակում և հիմնականում անցել են հրապարակախոսության:
Եթե իմ նշած դեպքերում ժամանակի, իրականության բացակայությունը կարծես այդքան էլ չի հիմնավորվում, և ավելի շատ փորձարարական միտումներին տուրք տալու հետևանք է, ապա լիովին արդարացված է ֆանտաստիկայի ժանրում, քանի որ բխում է ժանրի պահանջներից: Ինձ համար գոնե հրաշալի նորություն էր «Այլ քաղաք» ֆանտաստիկ գրական ամսաթերթի երևումը: Սա թեև ավելի շատ թարգմանական գրականություն է դեռևս մատուցում, ինչը ևս նոր դպրոցի ձևավորում կարող է դառնալ, բայց նոր կամ այլ հարթակներում իրենց գրվածքները հրապարակած հայ ժամանակակիցների, այդ թվում՝ երիտասարդների ստեղծագործություններ ևս հրապարակում է` «Վաֆանտ», Սիրանուշ Օհանյան, Սլավիկ Ալավերդյան և այլն: Շատ կուզեմ, որ թերթը պահպանի պարբերական հրապարակումները և քիչ առ քիչ զարգացնի նաև այս ոլորտը:
Մամուլը որքան էլ ընդլայնված ու բազմազան` ինքնին պարբերացման մի ձև կարող է դառնալ: Իհարկե, հեղինակները անհատներ են և որևէ թերթի կամ կայքի սեփականությունը չեն: Բայց և այնպես, եթե հեղինակն անգամ չի կարևորում այն տարածությունը, որտեղ իր գործը հրատարակվում է, կայքի կամ թերթի խմբագիրը առնվազն հաշվի առնում է, թե ինքն ինչ է հրապարակում, սա գոնե որոշակիորեն գեղագիտական ինչ-ինչ հատկանիշներ է ընդգծում: Բերեմ մեկ պարզ օրինակ, վերջին երկու տարիներին բավական ակտիվ գրական գործունեություն է ծավալում Արմինե Պետրոսյանը, որն, ըստ էության, սեփական ձեռագրի որոնումների մեջ է դեռևս, նա երեք տարբեր հարթակներում երեք պատմվածք է տպագրել: Ավանդական կառույց ունեցող «Խատուտիկը» ակնհայտորեն «Գրողուցավում» դրվել է իր հարցադրումների համար» : Պատմվածքում ամենակարևորը սահմանին տեղի ունեցող կռիվն ու հասարակության կողմից դրա արձագանքն է, որ համապատասխանում է «Գրողուցավի» հիմնական գաղափարախոսությանը, ինչը հիմնականում ենթադրում է օրակարգային, քաղաքական և քաղաքացիական դիրքորոշման գեղարվեստական կամ հրապարակախոսական արտահայտում: Նույն հեղինակը մեկ այլ` «Non Puto» վերնագրով գործ է հրապարակել «Գրեթերթում»: Սա հատկապես վերջին շրջանի գրեթերթցի երիտասարդների ոճով է գրված, առնվազն արտաքին մակարդակում` օտարալեզու վերնագիր, ինտելեկտուալ բնաբաններ, ընդհանուր փիլիսոփայական հարցադրումներ, ընդ որում` առավելապես գոյաբանական հարցերի շուրջ: Նույն հեղինակը արդեն «Ինքնագրում» հրատարակած «Խոստացիր, լավ կնայես աղջկաս» պատմվածքում քաոսի և տիեզերաստեղծոթյան մասին խոհերը իրացնում է լեզվական փորձարարությամբ`
«ա-ո-ս-ը,
ո-ս-ը՝ հո՛սը»
Սա ոչ այլ ինչ է, քան վիզուալ պատումի գրաֆիկական քայքայում, որ բավական ընդունված է արդի արձակում: Արված դիտարկումների տրամաբանությունը շարունակելով` կարող եմ ասել, որ հեղինակը ըմբռնել է այս երեք տարբեր «տարածությունների» տարբերությունները և այն, որ ժամանակակից երիտասարդական արձակը տեղայնանալու միտում ունի: Տարբեր թերթերում ու կայքերում հրապարակված գործերը, եթե ոչ ուղղակի ազդեցությամբ ու անմիջական ինտերտեքստերով, ապա գոնե ռեմինեսենցիայի` հեռավոր արձագանքի առումով, որոշակի խմբեր են ձևավորում:
Այս առումով թերևս ինձ հետ համաձայն չէր լինի հատկապես «Գրեթերթի» խմբագիր Գուրգեն Խանջյանը, ով բազմիցս նշել է, որ «Գրեթերթը» բաց է բոլոր տաղանդավոր երիտասարդ ստեղծագործողների համար»: Ուստի «Գրեթերթի» համար ամենից դժվար է գրական ու գեղագիտական որոշակի սահմաններ ընդգծելը: Ուստի «Գրեթերթի» համար որպես առաջնային սկզբունք պետք է բազմադիմությունը ընդունել: Բայց հետաքրքիր է, որ հենց «Գրեթերթում» էլ կարծես երկու սերունդ կա. նրանք, ովքեր իրենց գրական կյանքը սկսում են «Գրեթերթից» և նրանք, ովքեր մինչ այդ անցել են «Ցոլքեր»-ի «դպրոցը»: Իհարկե, «Ցոլքերում» ևս նոր խմորումներ են տեղի ունենում: Սաթե Հովակիմյանը, օրինակ, իր «Վտանգավոր կապեր» և «Զառեր գրանիտի վրա» պատմվածքներում խաղարկային տարրեր է օգտագործել: Մի դեպքում` նարդու, մյուս դեպքում` ռեժիսորական աշխատանքի: «Ցոլքերի» նախկին հեղինակներից ուշագրավ է նաև իրականության տարրերի հետ Նորայր Սարգսյանի աշխատանքը: Նորայրը իր էսսեատիպ պատմվածքներում սիրելի` հատկապես ռոք երգերից ու պոեզիայից արվող հղումների հետ միաժամանակ զգում է իր ժամանակի, քաղաքի ռիթմերը, պարզապես Նորայրը բավական անփույթ է սեփական տեքստի նկատմամբ, ու դա է թերևս պատճառը, որ ընթերցողական ու գրականագիտական շրջանակներում նրա տեքստը ավելի քիչ ուշադրության է արժանանում:
Ասվածից նկատելի է դառնում, որ իր բազմաձևության ու բազմադիմության մեջ երիտասարդական արձակը դեռևս իննքուրույնանալու, ավելի հասուն և հստակ դառնալու պակաս ունի, մի քանի բացառությունները չհաշված, իհարկե: Բայց որ այս սերունդն էլ քիչ առ քիչ ուրվագծում է իր դեմքը, գեղագիտական իր որոնումներն ու թեմաներն ունի, դա հստակ է և այս սերնդից էլ կարծեմ գոնե մեկ-երկու անուն կմնան: Իսկ երկուսը մեկ սերնդի համար արդեն բավական մեծ թիվ է, հատկապես մեր այս բազմակենտրոն գրականության մեջ:

1 Այս անուն-ազգանունը նոր է հայտնվել գրական մամուլում, բայց անձը հայտնի չէ, հետևաբար դժվար է ասել՝ երիտասարդ է, թե ոչ: Բայց և այնպես, որպես նոր անուն հետաքրքիր վերլուծությունների առիթ է ստեղծում:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։