Պետրոս ԴԵՄԻՐՃՅԱՆ / Նա հրաժեշտը տալիս էր հերոսի պահվածքով… ”

Պետրոս-ԴԵՄԻՐՃՅԱՆՀռոմի Ֆրանցիսկոս Առաջին Պապի Հայաստան կատարելիք այցի այս օրերին հրատարակված նոր գրքերի շարքում առանձնանում է մեկը, որն, ըստ էության, յուրատեսակ արձագանք է նշանավոր այդ իրադարձությանը: Խոսքը գրող-հրապարակագիր Հովհաննես Պապիկյանի «Ոգու հերկը» ժողովածուի մասին է, որը երջանկահիշատակ Վազգեն Առաջին Ամենայն Հայոց կաթողիկոսի կյանքին ու գործունեությանը նվիրված հեղինակի երկրորդ գիրքն է՝ 1998-ին Վեհափառի ծննդյան 90-ամյակի առիթով հրատարակված «Ոգեղեն կյանք»-ից հետո:
«Ոգու հերկը» ամփոփում է 1990-1993 թթ. Հանրային հեռուստատեսության «Խորան լուսո» հաղորդաշարի տեսագրություններն ու ձայնագրությունները և այդ առումով բնագրային կարևորություն ունի: Այն իր վերնագրով արդեն իսկ յուրատեսակ փոխկանչի մեջ է մտնում 30-ական թվականների կեսերին Բուխարեստի համալսարանն ավարտելուց հետո, Վեհափառի հիմնած «Հերկ» ամսագրի հետ, որի Հայաստանի Առաջին Հանրապետության 20-ամյակին նվիրված Առաջնորդողն ավարտվում էր «…թող ապրի մեր Հայաստանը, թող մնա մայիսի 28-ի խորհուրդը որպես անոր ապագայի աստղը» խորհրդանշական տողերով, որը, ըստ էության, կարող էր բնաբան ծառայել նաև ներկա ժողովածուի համար:
Գրքում հանգամանորեն ներկայացվում են Վեհափառի կենսագրության հանգուցային, երբեմն դրամատիկ դրվագները՝ կապված թուրքական արնոտ յաթաղանից մազապուրծ ծնողների Ռումինիայում հաստատվելու, «1914-ի կամ 15-ի գարնանը» քաղաքական կյանքի իր առաջին փորձառության, Բուխարեստի հայոց վարժարանում տասներկուամյա ուսուցչության, Երկրորդ աշխարհամարտի տարիներին Թուրքիայի դաշնակից Ռումինիայում քաղաքացիություն չունեցող հայերի տագնապալի վիճակի, սկաուտական դպրոց անցած աշխարհիկ պատանուց ու երիտասարդից՝ հենց պատերազմի թոհուբոհի մեջ հոգևորական դառնալու, այդ նպատակով մինչև Աթենք հասնելու և «Աթենքի փայտաշեն, շատ համեստ եկեղեցու մեջ» մի հայ եպիսկոպոսից քահանա և վարդապետ ձեռնադրվելու հետ: Այդպես, հյուսիսային Ռումինիայի Սուչավա քաղաքի հայոց հին վանքում «հոգևոր ինքնամփոփման և պատրաստման» քառասնօրյա շրջանն ավարտելուց հետո, 1943 թ. նոյեմբերի 28-ին նա իր անդրանիկ պատարագն է մատուցում Բուխարեստի հայոց «Սուրբ Հրեշտակապետաց» եկեղեցում: Պատարագի ավարտին ազգային իշխանություններն ընդարձակ ճաշկերույթ են կազմակերպում նրա պատվին, որին ներկա էր և նրան շնորհավորել է նաև Զորավար Դրոն՝ Դրաստամատ Կանայանը:
Քանդելով հիշողությունների կծիկը, Վեհափառն ընդգծում է նաև պատմական դրվագներ, որոնք իրենց կարևորությունը չեն կորցրել նաև այսօրվա աշխարհաքաղաքական անցուդարձերի մեջ կողմնորոշվելու տեսակետից: Մասնավորապես, 1944-ի օգոստոսին խորհրդային զորքերը հասել էին Գերմանիայի դաշնակից Ռումինիայի սահմաններին: Բնականաբար, «ամբողջ ռումին ժողովուրդը և մենք՝ հայերս էլ, տագնապի մեջ էինք», պատմում է Վեհափառը: Հոգեկան լարվածությունն ավելի է մեծանում, երբ օգոստոսի 22-ին Բուխարեստի ռադիոն հաղորդում է, թե «այս երեկո թագավորը պիտի խոսի»: Ոչ ոք չէր կասկածում, որ թագավորը թշնամու զորքի դեմ կռվի ելնելու հրավեր պիտի կարդա: Բայց… կատարվում է ամենից անսպասելին՝ հրամայում է ռումինական բանակին, որ իր զենքը դարձնի գերմանացիների դեմ: «Ապշած մնացինք,-շարունակում է Վեհափառը: Պատկերացնո՞ւմ եք, ուրեմն ռումինացիք դիվանագիտություն արեցին, որպեսզի իրենց հայրենիքը վտանգի տակ չդնեն…»: Բայց՝ ո՜չ միայն այդ: Պարզվում է նաև, որ «ռումինացիք այս հեղաշրջումը կատարեցին իրենց քաղաքական հաշիվներով. սակարկել էին նախ սովետների հետ, որ մենք բաժանվենք գերմանացիներից, կմիանանք ձեզ, պայմանով, որ Տրանսիլվանիա նահանգը ամբողջությամբ տրվի Ռումինիո և ոչ թե Հունգարիո»: Ընդ որում՝ ընդգծվում է, որ «Տրանսիլվանիան այսօրվա Ռումինիո մեկ երրորդն է՝ տերիտորիալ իմաստով: Հսկա մի աշխարհ է, շատ գեղեցիկ, և որը կռվախնձոր եղած է դարերով ռումինացիների և հունգարացիների միջև»:
Հետաքրքրական են նաև Ռումինահայոց թեմի երիտասարդ առաջնորդի՝ Ամենայն Հայոց կաթողիկոս դառնալու պատմության հանգամանքները: 1954 թ. մայիսին Գևորգ Զ կաթողիկոսի վախճանվելուց հետո, հաջորդ տարվա սեպտեմբերին նշանակված էր նոր կաթողիկոսի ընտրությունը: Եվ մինչ Ռումինահայոց թեմում ևս պատրաստվում էին Էջմիածին մեկնելու, 1955-ի օգոստոսին անսպասելի հյուրեր են ունենում Հայաստանից՝ «մեկը հայ էր, մի երիտասարդ տղամարդ, ինձ անծանոթ, մյուսը՝ ռուս, ավելի տարիքով»: Պարզվում է՝ «եկել էին պաշտոնական հանգամանքով, Հայաստանի կառավարության անունով, հայը մանավանդ, որ ես ընդունեմ իմ թեկնածությունը դնել Ամենայն Հայոց կաթողիկոս դառնալու համար»: Քաջ իմանալով այն ժամանակվա Հայաստանի դժվարին կացությունը, պատճառ բերելով նաև իր անփորձությունը, թեմի երիտասարդ առաջնորդը փորձում է մերժել առաջարկը, բայց քանի որ պնդում են, մտածում է այնպիսի խոսք ասել, որ հրաժարվեն իրենից: «Ի՞նչ եք թողել Էջմիածնում, որ մենք գանք՝ ի՞նչ անենք այնտեղ», բորբոքված նետում է նա: Սակայն հայ բանագնացը, նեղանալու փոխարեն, առավել քան անսպասելի համաձայնում է նրա հետ և ավելացնում՝ «Հայաստանի կառավարության երեսը կարմրում է այսօրվա Էջմիածնի վիճակի պատճառով»: «Հիշում եմ ես այդ պահը,-պատմում է Վեհափառը,-նայեցի օրացույցին՝ օգոստոսի 4-ն էր: Եվ երևի, մտածեցի, այդ աթեիստի բերանով Աստված է ինձ խոսում: «Լա՜վ,-ասացի՝ վստահ լինելով, որ ես այստեղ, հավանաբար, պիտի, ինչ գիտնամ, զոհվեմ: Այդ զգացումը ունեի: Բայց բարոյական այն ներքին զգացմունքը ունեցա, որ այլևս պետք չէ հրաժարվել, մի տեսակ խոնարհվեցի ճակատագրի առաջ՝ հանձն առնելով ապագա ամեն դժվարություն»:
Այդպես, ահա, Աստվածային օրհնությամբ ու կամոք, 1955 թվականի սեպտեմբերից աշխարհասփյուռ հայությունն ունեցավ Վազգեն Առաջին Ամենայն Հայոց կաթողիկոս:
Հետագա իր ողջ կյանքով, սրբագույն վարքով ու կերպարով, ազգանվեր գործունեությամբ Վազգեն Առաջինն ավելիով ապացուցեց հիրավի պատմական այդ ընտրության ճշտությունն ու արդարացիությունը: «Վեհափառը վեհ էր, փառավոր էր, Վեհափառը սրբություն էր», տասնամյակներ անց գրել է նրա մտերիմներից, «Ոգեղեն կյանք» գրքի նախաձեռնող ու խմբագիր, ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը: Եվ իրոք, նա կարողացել էր Աստծո տված զորությամբ լիովին և անմնացորդ ծառայել հավատացյալ իր ժողովրդին՝ խորհրդային աթեիստական գաղափարախոսության ճնշման տարիներից մինչև Արցախյան շարժում ու ազատամարտ, մինչև «մոտավորապես 1000 տարի հետո, Բագրատունյաց թագավորության անկումից վերջ, առաջին անգամը լինելով, պատմական Հայաստանի հողի վրա, նրա մի տարածքի վրա» Հայաստանի ազատ ու անկախ հանրապետության հռչակումը: Վազգեն Առաջինի առաջնորդության օրոք՝ 1989-ի հուլիսին Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի (ԵՀԽ) 7-րդ համագումարը նախապատրաստող ավարտական ժողովը տեղի ունեցավ Էջմիածնում, որի նշանակությունը առանձնակի կարևորվում էր նաև Արցախից հրավիրված Միքայել Վարդապետի ներկայությամբ՝ գրքի հեղինակի դիպուկ բնորոշմամբ, «Արցախի հոգևորական կենտրոնն ամբողջացնելով Մայր Աթոռ Ս.Էջմիածնի հետ և ամուր կապերով միահյուսելով աշխարհի քրիստոնեական եկեղեցիներին»: Հատկանշական է, որ Համաժողովի բնաբանի երաժշտության հեղինակը Տիգրան Մանսուրյանն էր, հնչեցին նաև Կոմիտասի «Տեր ողորմեան» և Մակար Եկմալյանի «Հայր մեր»-ը: Ավելորդ է նշել, որ Վեհափառի գործունեության նման նպատակամիտվածությունն ու ջանքերը հիմք նախապատրաստեցին հայ ժողովրդի նորօրյա ճակատագրի, պատմական առաքելության միջազգային ճշմարտացի ընկալման համար, ընդհուպ մինչև 2015-ի ապրիլին Հռոմի Պապի կողմից մեկ դար առաջ Օսմանյան Թուրքիայում իրագործված Հայոց ցեղասպանության փաստի ընդունումն ու Գրիգոր Նարեկացուն Տիեզերական վարդապետ հռչակումը:
Անկախություն ձեռք բերած Հայաստանում, 1991 թ. սեպտեմբերին, իրականացվեց առաջին մեռոնօրհնեքը, որին նախորդած պատարագին առաջին անգամ կողք-կողքի կանգնեցին Ամենայն Հայոց կաթողիկոսը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը, Հայ Առաքելական եկեղեցու Երուսաղեմի և Կ.Պոլսի պատրիարքները, Հայաստանի և Սփյուռքի թեմական բոլոր առաջնորդները: Պատահական չէ, որ նրանք միաբերան կատարվածը բնորոշեցին՝ «պատմական» ու «բացառիկ» իրադարձություն: «Շատ հավանական է, որ վերջին հազար տարվա ընթացքին, անկախ Հայաստանի օրով, մյուռոնօրհնություն չէր եղած,-իրեն այցելած ՀՀ ղեկավարության անդամներին ասել է Վազգեն Առաջինը,-…հիմա արդեն, ուրախ ենք, որ ձեզ հետ միասին ենք այս առիթով: Երկինքն էլ պայծառ է, երևում է, որ երկինքը մեզ հետ է»: Ավելին՝ պատմական այդ արարողության իր քարոզում «Սուրբ Հոգու զորությամբ օրհնված սրբալույս մյուռոնը» Վեհափառը «Անկախության մյուռոն» է հռչակել:
Ահա թե ինչու, Փարիզում բուժվող արդեն ծերունազարդ Վեհափառին այցելելուց հետո, Գ. Հարությունյանի վկայությամբ, նա «աշխարհից խռոված չէր գնում: Նա կարողացել էր հասնել ինքնաիրացման բավարարության զգացողությանը»: Վազգեն Առաջին Ամենայն Հայոց կաթողիկոսի կյանքի վերջին դրվագներին ականատես Գագիկ Հարությունյանի ի խորոց սրտի զգացողություններն ու մտորումները երջանկահիշատակ Վեհափառ Հայրապետի կյանքի և գործի ճշգրիտ բնութագրությունն են. «Նա գնում էր արդար մարդու, աստվածահաճո գործեր արած մարդու այն իրավունքով, որի առաջ բաց են արքայության դռները: Նա հրաժեշտը տալիս էր հերոսի պահվածքով՝ ապրած, իմաստավորված, գոհ այն իրողությունից, որի պայծառ լինելուն չէր կասկածում և որի համար ինքը ներդրել էր իր մեծ, շատ մեծ ավանդը»:
Սիրով ու նվիրումով կազմված այս ժողովածուն Հովհաննես Պապիկյանն ավարտում է «մեկ այլ փափագի»՝ «Խորան լուսո»-ի մեկուկեսժամյա տեսագրությունների հիման վրա Վեհափառի կենսագրությունը ներկայացնող ֆիլմը «իր լրումին հասցնելու» հավատով: «Շարունակում եմ փայփայել այն հույսը,-եզրափակում է նա,-թե ի վերջո կգա նաև այդ մի աջակցությունն էլ և Աստծո օրհնությամբ, տեսախցիկը ձեռքիս, կանցնեմ Ռումինիայի բոլոր այն վայրերով, որոնց մասին Դուք պատմել եք հիշյալ տեսագրության մեջ՝ Ձեր ծնունդից մինչև Ամենայն Հայոց կաթողիկոս ընտրվելը»:
Հուսանք՝ այս փափագը ևս կիրականանա:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։