Հակոբ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ / ՀԱԿԻՐՃՈՒԹՅՈՒՆԸ՝  ՊՈԵԶԻԱՅԻ  ԽՏԱԷՆԵՐԳԻԱ

Ծաղ­կե մկրտութ­յուն(Ինքնահայեցման փորձ)

Հրաժարվում  եմ շատը  ասելուց,

Որպեսզի գոնե սակավին հասնեմ՝

Բավարարվելով ամենապիկար իմ կարողությամբ:

Մատյան ողբերգության, Բան ԼԸ, Բ

Հակոբ Հարությունի «Ծաղկե մկրտություն» բանաստեղծությունների ժողովածուն (Եր., «Վան Արյան», 2018 թ.)  միտք – զգայական հոգեվիճակից ածանցվող իմաստահոսք է՝  մենախոսություն, որ վկայում է ես-ի ու դու-ի երկխոսությունը՝ իբրև տիեզերական աշխարհի ենթամոդուլ: Այն տեսանող ու ընկալող  գրչի հայացք է, ունակ՝ իրական ու երևակայական նյութի դիմադրությունը հաղթահարելու կամ շրջանցելու և նուրբ երանգներով վերակերտելու սովորականը արտառոցի՝ ասոցիացիաների փոխնեփոխ պատկերներով:

Հոդը՝  լեզվամտածողության տարր – արտահայտչամիջոց

Հնարավոր չէ բացառել, որ յուրաքանչյուր բանաստեղծություն ունի յուր հնչեղությունը՝ երաժշտականությունը: Յուրաքանչյուր հնչյուն ունի ձայնային տեմբր՝ բառի հնչյունաիմաստային դաշտը ամբողջական դարձնող: Ուստի ուշագրավ է ԾԱՂԿԵ ՄԿՐՏՈՒԹՅԱՆ հեղինակի լեզվամտածողությանը բնորոշ դերանվանական հոդերով ստեղծագործությունների ինտոնացիայի ու առոգանության որոշակի երանգավորումը: Հոդի կիրարկումը, ինչ խոսք, լեզվին հաղորդում է առավել ճկունություն: Հոդերով պայմանավորված՝  կլանող  ու անդրադարձ զգացողությունների ելևէջներն ապահովում են բանաստեղծական մտքի  առեղծվածային  միֆը  հնչունային ու ռիթմիկ հոգեվիճակների փոփոխությամբ.

«Ու ես քայլում եմ իմ միջով,//հոսում, ողողում փողոցայինիդ՝//խմբագրելով ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՍ,//որ նաև քոնն է»  («Ներհոսող արտահոսք», էջ 4):

Այս չորս տողերը չորս իրավիճակներ են ես-ի և դու-ի, որոնք ասես վերակերպվում, նոր շնչառություն են առնում հոդերի հաջորդական փոփոխությամբ: Որպես հետևանք՝  կայանում է մեկ ընդհանուր վիճակ-երկխոսություն, որում ոչ թե նույնանում, այլ միահյուսվում են ես-ն ու դու-ն ընդհանուր բնութագրի մեջ, որը, ինչպես հեղինակն է ասում՝  իմ արյունն է՝ կապույտ թանաքս: Բանաստեղծի համար ես-ն ու դու-ն մեկը մյուսով ներշնչվող ընդհանրություն են՝ այնպիսի գոյություն, ինչպիսին բանաստեղծի արյունն ու թանաքը միասին՝ ոչ ոքի կողմից չգրված, բայց մշտամնա պատասխանատվությամբ. «Ես երևակում եմ պարտքս քեզանով» («Հայտածում», էջ 13): Հետոն հստակ է՝ կյանքը մեկ էություն ու նպատակ ունի. «Դռանդ թակոցս գլխագրում է // օրվա ծիր գիրս, // ու ես բառ դարձած՝ իջնում եմ՝ // շուրթիդ պատրանքին պատեպատվելու….»  («Օկտավա», էջ 14):

Ժողովրդախոսակցական լեզվում դերանվանական հոդերն ստեղծում են անմիջական, անկեղծ, ձևականությունից զերծ, շփումների տանող վարակիչ մթնոլորտ, որը հանգեցնում է խոսքի հակիրճությանը՝ առանց այլևայլության ու ձգձգումի, պարզ ու շիտակ, դիտողունակ ու դիպուկ: Այս հատկորոշումները բնորոշ են նաև «Ծաղկե մկրտություն» ժողովածուին, իհարկե, գեղարվեստորեն համապատասխան և ուրույն տիրույթում: Հեղինակը քննվող բանաստեղծություններում հոդերի միջոցով խոսքը հակիրճելով նրանում կենտրոնացնում է զգայական էներգիա, որը սեղմված զսպանակ է հիշեցնում. մե՛կ աստիճանաբար բացվում ու եթերային քնարականությամբ տարրալուծվում  է երկուսի միասնությունում («Կշոյեմ երազս ձայնիդ ելևէջով, // ու լույսը կթրթռա // լերկ ծառի ճյուղին կառչած // միակ տերևի պես»  («Օրերից մի օր», էջ 50)), մե՛կ  էլ  միանգամից  արձակվում՝  թռչում  է  անդարձ.

Արևը խաղում է գըզ-գըզ մազերիս հետ//ու քարաբաղնիս ընկածիցս//այսահարի աճապարանքով// ձգումերկարացնում է ստվերը,// նետում ուսին, քաշում տանում,//տանում չտեսնվող երկիր, որտեղ նվաղում է//հեռացող ստվերաօձի ֆշշոցը՝// ծառերի սոսափյունով խլացող  («Դիվոտ  շարժում»,  էջ  45):

Հոդակիր բառը՝ որպես «Ծաղկե մկրտություն» գրքի սեղմագրության տարր, նախադասության մեջ իր տեղը չի փնտրում, այն հստակ է և ուղղորդված ու բնական, ձգողական  կամ  վանման  առանձնահատկությամբ.

Մատներս շոյում են ճակատդ,//հոնքերդ,//կառչում քո թարթիչներին// տավիղալարեր,//դու բացում ես աչքերդ,//և անհունից//եկող թե գնացող//մեղեդուց// ազատ անկում են շուրթերիդ//վարդաթերթեր://Ի՞նչ տաք է ծաղկաբույրով շնչառությունդ՝//դողը մատներիս անտաշության,//լալու  չափ  ծիծաղելի  է  նրա  քնքշությունը  («Գրգություն»,  էջ 35):

Նրա որոնումը նախադասության ասելիքի նշանակետում է՝ ես-ից  դու-ին կամ դու-ից ես-ին անցման «չեզոք գոտում»՝ աշխարհիկի կամ երկնայինի տարրալուծված տիրույթում.

Ծամկալիդ փոխարեն գրիչս//մի կողմ է հավաքում վարսերիդ ծփանքը,//բացելով պատրանքների ճամփան մարմնագույն,//ու աճպարարի ճարպկությամբ թեթև// հարդարում է երևակայությունս արևաշուրթ…//ես դեն եմ նետում կեղծամս//և… ամենևին էլ խրտվիլակ չեմ, ու զարմանալի է,//որ թևավորդ վախեցած մոտ չի գալիս,// ու դու… մեծ ու փոքր աշխարհներում թափառող//սիրահարդ ծպտյալ… չգիտես,//որ սիրում եմ գաղտնիքով բանտված  էությունդ  («Ձկնկիթե  երազ»,  էջ 76):

Ստացական հոդերը, պատկանելության իմաստ հաղորդելով, «բառ-պատկերը» վերածում են անձնապատկան հոգեվիճակի՝ այն ներկամածուկի նմանությամբ, որ, հայտնվելով կտավին, դառնում է գույն-զգացողություն. «Ժամանակի  փոշին//արդեն խեղդում է շնչառությունս//ու ինձ  գնդելով՝//խցկում քնի մեջ»  («Դեռ հիշող կա», էջ 81): Հակոբ Հարությունը բանաստեղծության մեջ նրբորեն է ընտրում տրամաբանության ու զգայականի չափաբաժինը և սյուժետային գծով հարահոսվող ասելիքի գումարային իմաստն ամփոփագրում է հոդակիր բառերով. «Ես ժամանակահոսքից ծորացող անհանգստությամբ//փորձում եմ քամել իմաստության աղը//և պարզորոշ լսում ձայնդ՝ բարի կեսօր: Մի տաք քամի սողոսկում է ներսս,//որ եկել է աշնանային հեքիաթներում մոռացված//հնաբույր հողմաղացի թևերից//ու ազնվաօծում է քեզ մոտ երկրպագելու բերող//վարդագունե տենդը» («Տևականություն», էջ 88 ), այստեղ ձայնդ, ներսս, տենդը բառերով  ձևավորվել է ասելիքի ընդհանուր հայտարարը` իմաստությունը կյանքի  միջօրեի  հասունությամբ:

Ենթատեքստը՝  որպես  խոհաշերտ

Պոեզիայի գրավչությունը նրա  արտահայտման մտազգային խտությունն է, որի բաղկացուցիչն է բանաստեղծության ենթատեքստային շերտը՝ բանաստեղծության վերձիգությանը խորքային ու բովանդակային բնույթ տվող: «Ծաղկե մկրտություն»  գրքում ստեղծագործության ենթատեքստը (հորինված իրականություն) վերաճում է ասոցիատիվ համատեքստի (հավաստի իրականության): «Երազահմայություն» բանաստեղծությունը վերոնշվածի լավագույն օրինակն է, երբ բացահայտվում է գեղարվեստական բարձրության հասցված գաղտնախոսությունը, ինչն ապրած է հոգով, ու ամենևին էական չէ, որ դա սիրո հոգեզմայլություն է, էրոտիկա թե սեքս, որովհետև գեղարվեստորեն սքողված է չգրված օրենքների տիրույթում. «Չեմ պատմելու տեսած երազս.//ո՞վ կհավատա,//որ ամբողջ գիշեր եղել եմ//քո ննջաշապիկը//ու այն էլ այնքան լայն ու մեծ,//որ նրանով շերտ առ շերտ//փաթաթվել ես դու//ու թերթ-թերթ ծրարված՝//դարձել անփուշ նազուկ վարդ» (էջ 19): Ահա «Զգայահևք» բանաստեղծությունից մի հատված, որում ես ու դու-ի հարաբերությունները ծածկագրված են աղունիկով, երկնքով, բառով, տող-ճամփաներով, որոնք տեսիլքների պես պոետական միֆից դուրս են սահեցնում սիրո պատումը. «Ծոցիցդ թռած պարող աղունիկների//երկինքը ես եմ//թափանցիկ անեզրությամբ//ճերմակ-ճերմակ գրաթղթի նման,//որ մագաղաթվել է հայացքովդ…// Պես-պես գույներն աղունիկների//բառեր են,//բառեր զնգացող երկնիս, իսկ ճախրը նրանց՝ տողեր-ճամփաներ,//որ իր նմանին խոստովանություն է,//և այդ հպումից բառ-դող է ծնվում՝//որպես ապրումիդ առհավատչյան պայծառ»: «Չերևակվող ձոր» (էջ 59) բանաստեղծության ենթատեքստը խոհաբանության բնույթ ունի՝ առաջին իսկ տողերից. «Ուսս ուսիդ հենած՝//սպասում եմ արևային անձրևի դադարին://Ասում են՝ այդ պահին//լեռներում եղնիկ է ծնվում»: Կարևոր չէ` այդպիսի բան լինո՞ւմ է, թե՞ ոչ, կարևորը հեքիաթին հավատալն է ու այն մեջդ ունենալը. մաքուր մի աշխարհ, որ ներսումդ միշտ կպահի գեղեցիկ աչքերով երեխային, ու ինչքան էլ անձրևի հոգիդ, միևնույնն է, կա ինչ-որ օդասուն  տեղ, որտեղ գեղեցիկն  է  ծնվում, երազը կարոտի  զիզի քարին կյանք է դառնում, ասել է թե՝ հոգի ու մարմին, որն արդեն էական էլ չէ գուցե, երբ բարձրում ես կարոտիդ ծնունդն  ընդունում:

«Ծաղկե մկրտություն» գրքի որոշ գործեր («Վիրակապե լռությամբ», էջ 68, «Խոստովանանք», էջ 66, «Հավատ», էջ 67, «Ընդերահման», էջ 70, «Շիլություն», էջ 73  և այլն), յուրահատուկ լինելով իրենց պատկերաշարժային մտածողությամբ, տեքստը կլիպային հարափոփոխ սիմվոլների հոսք են դարձնում ժամանակի և տարածության միջով: Այս ամենը միաժամանակ ասես խաղ լինի, որում դրվագ-դրվագ ներգրավվում է ենթատեքստը: Բանաստեղծության մեջ մտազգային էներգիան աստիճանաբար վերափոխվում  է  իմաստային  ամփոփիչ  վիճակի՝  ասելիքի.

Ու ես չգիտեմ՝ ինչպես, բարձր, շատ բարձր ծիծաղեցի,//ու այն որպես շվոդականչ//ծաղրի պես կախվեց ականջներիցս//խափշիկի պերճանքի փայլփլող օղակների նման…//Չէ՜, գիտեմ, հիմա ինչպես փակեմ աչքերս//ու ձեռքերս պարզեմ,//որ մատներիս ծայրերը հպվեն արևի այտերին,//ու նրանք սառը չմնան, արյունս էլ խաղա նրանց մեջ,//որ նրանք փնտրեն պարող շուրթերի պաղ ուրվագիծը՝//համբույրի սպասող՝//դարձնելով այն կրակե խենթ օձախաղ… («Վիրակապե լռությամբ»)

Կամ այս մեկը.

«Լռությունը սահում է//վարսերիդ զիգզագված խազի երկայնքով՝//ճակատագրի իմաստությանը հակառակ,//և հայտնությունը//պատռում է մենություն տանող//վեղարն ապաշխարանքի…  («Բացվող շնչառություն», էջ 63):

«Գրական թերթում» (2011 թ.) տպագրված «Պատկերաշարժ, զգացողություն, միտք» հոդվածում դեռևս ընդգծել ենք. «Պատկերաշարժային մտածողությունը գործողություն  է՝  տրամաբանության ու զգացումի՝ իրար լծորդվող փոխակերպումով, ինչն էլ բացահայտում է տեքստային պատկերների շարժումներում որոշակի իմաստ, ենթագիտակցական շերտերը վեր հանող՝ հանգեցնելով իրական տրամադրության ու ասելիքի»: Այս բնորոշումը  համահունչ է նաև «Ծաղկե մկրտություն» գրքին, ուստի՝ «Խոստովանանք»  բանաստեղծությունից  մեջբերենք  մի  հատված.

Աշնան ծառի պես տերև-տերև հանձնվիր//հողի գգվանքին, որից ճառագում եմ ես//կավե փխրունությամբ,// և կույսի կրծքերի պես մի՜ ցնցվիր,//որ չփլվեմ տերևներով ծածկված ճանապարհիդ՝//որպես արբեցման շառագույն խենթացում//կայծքարի տենչերով տոգորված»:

Պատկերային մտածողության դրսևորումներում հաճախ պատկերները մեկմեկու բացասում են, իսկ պատկերաշարժի դեպքում դրանք շարժվում են իրար լծորդված, և ենթատեքստի լեզուն առավել խաղարկուն է ու դյուրին վերծանելի, որովհետև բանաստեղծի հայացքը անշարժ դիտանկյունից չի նկարագրում. այն նման է շարժուն, թրթռուն  ու  ապրեցնող  հոլովակի:

Բանաստեղծության շարժուն կառուցիկությունը

Հ. Հարությունի պոեզիան աչքի է ընկնում դասական հատկանիշներով, որոնք են՝ ապրումը (մեծ մասամբ՝ վերապրումը), հուզականությունը, զգացումը, թեև այս որակումները զարգացող շարժման (գործողության) մեջ են (նույնիսկ պարբերության շրջանակում)՝ ինչ-որ իրավիճակից սկսած կամ բառ-դրվագի հենված: «Տոնահարություն»  բանաստեղծությամբ  ներկայացնենք  վերոշարադրածը.

Ննջասենյակումդ դու ես//ու չծնված տողս՝//որպես թափանցիկ գիշերաշապիկ… (իրավիճակ),//Քահ- քահ հանում ես այն՝//բագինիցդ բագին// ուխտավորի պես փնտրելով աչքերս (ապրում),//որ ասես՝//ամեն մի տոն//իր զոհն է պահանջում:/Ես հասկանում եմ քեզ//իրիկնային իմ երազում (հուզականություն),//որովհետև գիտեմ՝//ապրելու երջանկությունը// իմաստուն  մեռնողի  մեջ  է  քրքջում… (զգայականություն):

«Ներհոսք» բանաստեղծության մեկ պարբերությամբ ցույց տանք վերոնշյալ որակումների  զարգացող  շարժը.

Քեզ հետ վերքս է (բառ-դրվագ) ժպտում՝//սրտաճաք շուրթիս պես//ուշացած համբույրին սպասող (ապրում), ու հնչում են վաղնջական//իմաստությունները՝ զգայական թևերին կառչած, հանց զանգուլակներ անպատեհ պահին (հուզական)// ժամանշանին հասած//զարթուցիչի համառությամբ,//և ծնծղաներին է ամենից շատ անհրաժեշտ// վեհացումը  դիմավորելու… (զգայական):

Վերլուծվող ժողովածուի բանաստեղծությունները աչքի են ընկնում ժամանակի շարժման  ծիրով  պայմանավորված  մի կառուցիկությամբ, որտեղ զուգակցվում են  (ավելի ստույգ`  փոխպատվաստվում են)  իրական, ավանդական ազգային լեզվամտածողությունն  ու  առարկայական,  ժամանակակից,  տեսիլային  պատկերները.

Ես երկարում եմ մահճիս անկյունագծով,//որ առաստաղը ծռվի,//հայելու հայացքը թեքվի//ու այլևս ինձ չանդրադարձնի ձայնով՝//Հակոբն է, էլի՛,//որ արթնանալուց հետո //գլորվելով իջնեմ մահճիցս,//հատկապես ձախ ոտքի վրա,//ու օրը գլխիս ջարդվի ափսեի պես://Մանկությունից թռած մի մանչուկ,//«չարը խափանվեց,//չարը խափանվեց» գոռալով,//վազի անտարբերությանդ միջով,//ու ես որերորդ անգամ հասկանամ նորից՝//չսպասված բարերարներ//այս աշխարհին պետք չեն…//Ու շարունակում եմ//մահճիս անկյունագիծը մաշել//որպես սուտմեռուկ…  («Քավ  լիցի»  էջ 21):

Հեղինակի բանարվեստում ավելի քան ուշագրավ են բառի աստիճանակարգային իմաստ(ներ)ի առանձնահատկությունն  ու հանգուցակապային կիրառությունը բանաստեղծական կառույցում, որոնք դեկորատիվ բնույթ չունեն՝ կշռույթ ապահովելու իմաստով: Այն ձիգ է ու բանաստեղծաընթացքի տեկտոնիկ արխիտեկտուրայում ունի մտածողության  ուրույն  ոճ:

Բառը բանաստեղծության տրամաբանությամբ զարգանում է արտաքին (սյուժետային, նկարագրական, դրվագային)  ու ներքին (խոհափիլիսոփայական) հոսքերով, երբ հայտնվում է տեքստի մեջ իր ճիշտ տեղում, դառնում է առեղծվածային միջավայրի՝ պոեզիայի կենարարությունը պահող երակներից մեկը: Ահա թե ինչու Բան-ստեղծությունը, երբ չի սկսվում բառի ենթագիտակցական ընթերցումով, գերապատվությունը տալով զգայական ազդակներով կենտրոնանալուն, չի դառնում հոգեմտավոր, ասոցիատիվ պոեզիայի աշխարհ, որի տողերի գեղարվեստական փայլը աշնանային  ծառի  ճյուղերի  հասունացած  թավիշն  ունի.

Ակնախորշերումս քեզանից կաթած//արյան կարմիր գնդիկներն են փրփրում,// գունդուկծիկվելով դառնում հայելի՝//ծռաժառանգ սիրապարտիդ կանչը//ավետելով որպես ժպիտ,//որից ականջներս շիկանում ու այրվում են,//ապա նորից զնգում.// -Ո՞վ եմ ես… («Ծուռ  անտեր»,  էջ 5):

Ինքնադատություն

Ժողովածուի հեղինակային նորաբանությունները հաճախ դառնում են դիպվածական բառեր, որոնք, երկբաղադրիչ բառաբարդումներ լինելով, չափածո տեքստի կարճ  հատույթում միշտ չէ, որ արդարացված են, զորօրինակ՝ մտերմատաք, ծռաժառանգ, լանջաշոր, օրհնահորդոր, ինչամորթի, նազակերպ, հողակնճիռ, ձնծաղկաբույր, ձայնափշուր, ձգաքաշ, ցեխաշպար, թևաթավիշ, ավետիսաբույր, չարքազարկ, չարքահաղթ, ազնվազօծում, գաղտնաշուլալվող: Ի դեպ, համեմատաբար դիպուկ ու տեղին են այն նորաբանությունները, որ հանդես են գալիս որպես տեքստը բացող առաջին նշան՝ վերնագիր՝ «Ափսոնազերծում», «Քնքշազեկում», «Շղարշաբերկրանք», «Երազահմայություն», «Զգայահևք», «Տոնահարություն», «Կշռալծորդում», «Օդատեսիլ»,  «Առասպելահևք»,   «Ձայնամիգ»  և  այլն:

Հակոբ Հարությունի լեզվամտածողության մեջ առկա են արևելահայերենի և արևմտահայերենի լեզվական իրողությունների համադրություններ, որոնք երբեմն ստեղծում  են  ոճական  վերամբարձություն.

...Բայց ունկս կանչի հարազատ ձայնին//ու վրնջոցս քարի ներսը քաշած՝//մեկեն կճայթեն իմ իսկ քրքիջով,//որ չարը դարձի գա//դեպի խռովքը մարդկային արյան…  (Պարզաջրում,  էջ 11)

Կամ այս հատվածը «Շիլություն» բանաստեղծությունից.

…կլլում  եմ  հաբը համբերանքի…//Վեր ու վար նետված, ձգաքաշ  կոպերիս միջով// շիլությունս  ճամփա  է  բացում  ու  կանչում՝ արև»:

Հակոբ Հարությունի պոեզիան զերծ չի մնացել անտիպոեզիայի դրսևորումներից, սովորութային կենցաղի պատկերումից, բայց ինչպես քանդակագործն է օգտագործում քարի հնարավորությունները, այդպես էլ հեղինակը կարողանում է իր տեքստում ագուցել առօրյա-կենցաղային բնութագրումները, որոնք առավելապես ժողովրդական մտածողության  դրսևորման  ձևեր  են.

Սարի ծամոնը գնդել-կպցրել եմ//գրքիդ նկարում՝ ականջիդ հետև…//Անթել հեռախոսով//ու խռպոտած հևքով գժվեցնում եմ քեզ,//դու էլ թե՝ հոգեզմա՜յլ հուռթի,//քեզ լավ եմ ճանաչում («Երկինք  նետված  նամակ»,  էջ 7 )։

Կամ՝ «-Ո՞վ եմ ես…// -Դու… դու… ցավի ծնունդ,//դու ես, դու… ծուռ անտեր… («Ծուռ անտեր»,  էջ 5):

Վերջաբանը՝  նորացվող  նախաբան

Հակոբ Հարությունի «Ծաղկե մկրտություն»  գրքի առաջին բանաստեղծությունը վերնագրված է «Ներհոսող արտահոսք»,  իսկ վերջինը՝ «Տևականություն», որոնք ասես բազմակետեր լինեն, անսահմանից  բերում ու անսահմանություն են տանում բանաստեղծական ժողովածուի էազգայական կենսագրությունը ժամանակահոսքից ծորացող ներհոսող արտահոսքով, որի շարունակականությանը հավատում է բանաստեղծը  իր  կապույտ  թանաք–արյունով:

 

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։